Պար, Քուչակ, ընտանիք… Շառլի մայրը՝ նույն ինքը՝ Նարինե Գրիգորյանը «Մսյո Ազնավուր» ֆիլմում
Ռեժիսորներ Մեհդի Իդիրի և Գրան Կոր Մալյարդի «Մսյո Ազնավուր» ֆիլմն արդեն մի քանի ամիս ցուցադրվում է տարբեր երկրներում։ «Կինոմոսկվայում» երևանյան փակ պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին, այսինքն՝ ֆիլմը դիտել է այնքան մարդ, որքան տեղավորում է «Կինոմոսկվայի» կարմիր դահլիճը, և հանրային արձագանքի մասին այս պահին չենք կարող խոսել։
Սակայն փակ դիտմանը ներկա փոքրաթիվ հանդիսատեսը նոյեմբերի 17-ին դահլիճից դուրս եկավ գոհ ու հուզված։ Հանրամատչելի ֆիլմը շանսոնի արքայի, մեծ արտիստի, Մոլորակի Մարդու մասին ստացվել էր։
Kinoashkharh-ը առանձին անդրադարձել է «Մսյո Ազնավուրի» երևանյան փակ պրեմիերային, որն ուղեկցվել է ֆիլմի ստեղծագործական կազմի հետ հանդիպմամբ՝ կենտրոնանալով հատկապես գլխավոր հերոսի՝ Ազնավուրի դեկատարար Թահիր Ռահիմի կերտած կերպարի վրա։Ֆիլմում նաև հայ դերակատարներ են խաղում. Շառլ և Աիդա Ազնավուրների մորը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ռեժիսոր, Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը։ Ֆրանսիացիներն ինչպես «գտան» Նարինեին, ինչպես նա խաղաց Քնար Ազնավուրյանի դերը՝ միաձուլելով հայկական ու ֆրանսիական միաջավայրերն ու կոլորիտը, կպատմի դերասանուհին։
Վախենում էի՝ տեսնես Հայաստանում կընդունե՞ն այսպիսի Շառլի
-Սցենարը ֆրանսերեն էի կարդացել՝ թարգմանությամբ, ֆիլմն էլ ֆրանսերեն եմ տեսել։ Նկարահանման ժամանակ թեման, մանրամասները գիտեի, բայց մոնտաժից հետո սցենարում փոփոխություններ են եղել։ Ֆիլմի հեղինակները հենց սկզբից կարևորում էին, որ ընտանիքը միշտ լինի Ազնավուրի կողքին։ Շառլ Ազնավուրն ինքն էլ էր այդ հանգամանքը կարևորել, նրա համար այս սցենարն այնքանով էր արժեքավոր, որ ընտանիքի ներկայությունն իր կողքին միշտ շեշտվի։
Որպես Շառլի մայր՝ նկարահանումների ժամանակ, իհարկե, հուզմունք եմ ապրել՝ ծափահարություններ, «բրավո»-ներ, հպարտության զգացողություն…
Հայերեն թարգմանված ֆիլմը դեռ ամբողջությամբ չեմ տեսել։ Նոյեմբերի 17-ին՝ փակ պրեմիերայի ժամանակ, միայն սկզբի րոպեներին եմ դահլիճում եղել, հետո ինձ տարան ասուլիսի։ Ֆրանսիայում ֆիլմը շատ հավանեցին. ես այնտեղ մտածում էի՝ տեսնես Հայաստանում այսպիսի Շառլի կսիրե՞ն, ֆիլմը կընդունվի՞։
Շատ ուրախացա, երբ երևանյան պրեմիերայի օրը տեսա, որ շատերը սիրեցին ու ընդունեցին այսպիսի Շառլին։ Երբ մտածում ես՝ էմիգրանտի երեխա, որ «ձայն չուներ», ինչ դժվարին ճանապարհ հաղթահարեց։ Ինչպես նրա հայրը՝ տվյալ դեպքում «իմ ամուսինն» է ֆիլմում ասում՝ ուր էր, ուր հասավ. Շառլը դարձավ Ֆրանսիայի սիմվոլը։
Մտնել Շառլի մոր մաշկի տակ, զգալ նրան
-Ես Շառլի կենսագրությունը լավ գիտեմ. Համազգային թատրոնում նույն թեմայով ներկայացում ենք խաղացել։ Ռեժիսորներն էլ ուղղորդում էին, որ մորից Շառլին շատ բան է անցել։ Ֆիլմում Քնար Ազնավուրյանը որդու համար բանաստեղծություն է կարդում։ Որդին է գրում, մայրը կողքին է։ Ռեժիսորները շեշտել են մոր և որդու կապը, նաև որ այդ ամբողջ պոետականությունը մորից է փոխանցվել։ Քնարը ստեղծագործում էր. պատահական չէ, որ Շառլն էլ էր բանաստեղծություններ գրում, իր երգերի խոսքերն ինքն էր գրում, չէ՞։ Այդ շնորհքն էլ է մորից անցել։ Միշա Ազնավուրյանը արտիստիկ կերպար է եղել, բայց Քնարն էլ նաև դերասանուհի էր։ Ֆիլմում ներկայացված են ծնողների արտիստական կերպարները։
Նունե Ղարիբյանը, որը ֆիլմի հայերեն տեքստերի ու հայերեն արտասանության, ընդհանրապես ֆիլմի հայկականության պատասխանատուն էր, մի քանի բանաստեղծություն ընտրեց, որ պետք է մանուկ Շառլի համար կարդայի։ Սցենարի նախնական տարբերակում պետք է Սայաթ-Նովա կարդայի, բայց Նունե Ղարիբյանը բացատրեց, որ Քնար Բաղդասարյան-Ազնավուրյանը Արևմտյան Հայաստանից էր, չէր կարող Սայաթ-Նովա կարդալ, մանավանդ որ տեքստում օտար բառեր կան։ Իսկ նա սկզբունքորեն ուզում էր, որ հայերենը մաքրամաքուր հնչի։ Ի վերջո ընտրվեց Նահապետ Քուչակի «Ես աչք ու դու լույս, հոգի» հայրենը, որն անմիջապես ընդունվեց, բոլորը սիրեցին այն՝ թեև հայերեն չգիտեին ու չէին հասկանում։
Ոչ ոքի չէի ասել, որ ֆիլմում Քուչակ եմ կարդում։ Քանի որ ֆիլմի ցուցադրման առաջին րոպեներին դահլիճում էի, հետևում էի հանդիսատեսի արձագանքին։ Շատերն էին հաճելիորն զարմացել, այդ թվում՝ ամուսինս։ Ֆիլմի սկզբում կան նաև Հայոց ցեղասպանության կադրեր. այդտեղից է սկսվում Ազնավուրը, նա Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է։
Բանաստեղծությունը և ընդահնարպես իմ դերի ամբողջ տեքստը ֆրանսիական հեռուստատեսության համար ֆրանսերեն եմ հնչյունավորել, այսինքն՝ այն, ինչ ֆիլմում հայերեն եմ խաղում, հետո ֆրանսերեն եմ կարդացել։ Հետո եկել եմ Հայաստան, ֆրանեսերեն տեքստերը հայերեն հնչյունավորել՝ արդեն ֆիլմի հայերեն տարբերակի համար։ «Մսյո Ազնավուրի» բնօրինակի մի մասը հայերեն, մյուս մասը՝ ֆրանսերեն է։
Ինչպես ֆրանսիացիներն ինձ գտան
Ես նկարվել էի Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմում, որը Կաննում և այլ փառատոներում է ցուցադրվել։ Քասթինգի ղեկավար Դավիթ Բերտրանն ինձ տեսել էր այդ ֆիլմում։ Հետո սկսել են Շառլի մոր դերակատարուհի փնտրել. Ֆրանսահայ դերասանուհիներ են մասնակցել քասթինգին։ Բայց որոշել են Հայաստանից դերասանուհի հրավիրել, Բերտրանը հիշել է ինձ, Նորա Մարտիրոսյանի միջոցով ինձ գտել են։ Իսկ ես այդ ժամանակ Մոսկվայի Տագանկայի թատրոնում ներկայացում էի բեմադրում. պայմանագիր ունեի։ Բայց կարողացա հասցնել նաև Ֆրանսիա գնալ՝ նկարահանումների։
Թեև դպրոցում ֆրանսերեն եմ անցել, բայց Նունե Ղարիբյանն ինձ հետ պարապել է նաև ֆրանսերենի արտասանության ժամանակ։ Հայկական շեշտադրումը խնդիր չէր, որովհետև հերոսուհիս էմիգրանտ էր, իրականում չէր էլ կարող անթերի ֆրանսերեն խոսել ու արտասանել։
Ազնավուրի մոր պարը ցեղասպանությանն ապրելով հաղթածի պար է
«Эх, раз, еще раз»-ն է հնչում ֆիլմում. ի դեպ, երաժիշտները կենդանի են նվագում և հայ են։ Մայրս հայկական պարերի մասնագետ է և ինձ սովորեցրել է ճիշտ պարել։ Պարեցի «Эх, раз, еще раз»-ի տակ։ Մայրս ֆիլմը տեսնի, կուրախանա, որ իր սովորեցրածը վերջապես պետք եկավ։
Ֆրանսիացիներն էլ այնքան հիացած էին պարով, անվերջ դրա մասին էին խոսում։ Ուրախ եմ, որ այդ կտորը կա, դա շատ կարևոր ուղերձ է՝ Հայոց ցեղասպանության արհավիրքը մենք կարողացանք հաղթահարել ապրելով, պայքարելով ու պարելով։ Դրա մեջ ուժ կա, հարատևության խորհուրդ կա։ Ուրախ եմ, որ դահլիճը ճիշտ ընկալեց ու դրական արձագանքեց, հասկացավ այդ պարի իմաստը։
Երկրաշարժի ու Ցեղասպանության կադրերը սցենարում չեն եղել, դրանք հետո են ավելացվել։ Ես էլ անակնկալի եկա ու շատ ուրախացա՝ դրանք ֆիլմում տեսնելով։ Նկարահանող ռեժիսոր Մեհդի Իդիրն ալժիրցի է. նա տեսնում է, որ ցեղասպանությունները շարունակվում են նաև այսօր։
Սա շարունակվող պատմություն է՝ էմիգրանտն այսօր էլ կարող է ցեղասպանությունից, երկրաշարժից փրկվել, անասելի դժվարություններ հաղթահարել, աշխատասիրությամբ, հաստատակամությամբ բոլորին ապացուցել իր տաղանդը, իր զորությունը, դառնալ օտար մի երկրի սիմվոլ ու ամբողջ աշխարհին ստիպել ֆրանսերն երգել իր երգերը։
Ես էլի եմ ասել՝ իմ Հերոսը Շառլ Ազնավուրն է։ Նա կոտրեց բոլոր կարծրատիպերը, անհնարինը դարձրեց հնարավոր… «չունենալ ձայն» ու դառնալ մոլորակի թիվ մեկ երգիչը…
Ես տեսա, որ հենց Ֆրանսիայում էր հնարավոր դառնալ Շառլ Ազնավուր
Եկեք հիշենք, թե Ֆրանսիայում ինչքան օտարազգի միգրանտներ են կայացել, ինքնադրսևորվել ու հայտնի դարձել։ Նրանք բոլորը Ֆրանսիայի պատիվն են, այդ երկրի մշակութային արժեքը։ Ֆրանսիան տաղանդավոր մարդկանց բացահայտման հնարավորությունների երկիր է։
Նկարահանումները սկսվել են 2023-ի հունիսին. այդ ժամանակաշրջանում ապրում էի Փարիզում։ Պատուհանիցս Հաղթական կամարն էր երևում, քիչ այն կողմ՝ Էյֆելյան աշտարակը, Լուվրը։ Ինձ ապշեցրել է ֆրանսիացիների՝ միմյանց հարաբերվելու մշակույթը՝ բարև, ինչպե՞ս ես, շնորհակալություն, ցտեսություն։ Նկարահանումից առաջ տևական ժամանակ բոլորս միմյանց բարևում էինք, հետո վերջում միմյանց մեկ առ մեկ ցտեսություն ասում։ Բոլորը միմյանցով հիացած, հարգանքով, ջերմ մթնոլորտ. ու սա սովորական առօրյա էր։ Սա մշակույթ է, մարդկային հարաբերությունների մշակույթ, որ մշակում է մարդկանց։
Իսկ նկարահանման ժամանակ… առաջին անգամ էի տեսնում, որ երկու ռեժիսոր նույն ֆիլմում միաժամանակ աշխատեն։ Այդպիսի փոխադարձ հարգանք ու ներդաշնակություն…Ես վեճ, անհամաձայնություն չեմ տեսել ոչ մի օր։ Գիտեին՝ երբ աշխատել, երբ հանգստանալ։ Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված։
Սա է Ֆրանսիան, որտեղ մարդիկ սիրում են միմյանց։
Ազնավուրների ընտանիք՝ այն ժամանակ և հիմա
Աիդա Ազնավուրին տեսել եմ Ֆրանսիայում. 102 տարեկան է. եկել էր ֆիլմի պրեմիերային, վերջում ասաց՝ բրավո… Ազնավուրի դուստրը՝ Կատյան, միշտ ներկա էր նկարահանումներին, նրա ամուսինը՝ Ժան-Ռաշիդ Կալոշն է ֆիլմի պրոդյուսերը։ Ոչ մի անգամ չեն միջամտել մեր աշխատանքին։ Ոչ ոք ասած չկա՝ տատիկս կամ մայրս այսպես չի արել, այնպես է արել։ Ազնավուրի ընտանիքի կողմից եղել է բացարձակ վստահություն, ջերմ մթնոլորտ, հրաշալի վերաբերմունք ու բարձր գնահատական։ Իզուր չէ, որ Շառլը ցանկացել է, որ հենց այս կազմը նկարի իր կենսագրական ֆիլմը, որովհետև այդ կազմը հենց ընտանիք է։ Շառլը ցանկացել է, որ իր ընտանիքն անպայման ֆիլմում լինի, որ ցույց տրվի՝ նա միշտ շրջապատված է եղել իր հարազատներով։ Նա ասել է՝ ինձ Պատրիկի կողքին կթաղեք։ Նա գիտեր, որ իրեն Պանթեոն կտանեն, որ իր տեղը Պանթեոնն է, բայց ցանկացավ ընտանիքի կողքին լինել անգամ մահից հետո՝ նույն գերեզմանոցում։
Ինչո՞ւ է մարդկանց վերաբերմունքն այս ֆիլմի, Ազնավուրի կերպարի նկատմամբ այսքան ջերմ, որովհետև ճիշտ մարդիկ են նկարել ֆիլմը։ Ես տեսա, թե Ֆրանսիայում որքան են սիրում ու գնահատում Ազնավուրին։
Ես համոզվեցի, թե երբեմն որքան սխալ պատկերացումներ ենք ունենում եվրոպացիների մասին՝ իբր նրանք ընտանեկան արժեքներ չունեն։ Ճիշտ հակառակը. նկարահանումների ժամանակ երկու ռեժիսորներն իրենց առջև պահում էին իրենց զավակների լուսանկարները։ Մեհդի Իդիրի դուստրը նոր էր ծնվել։ Կինն ամեն չորեքշաբթի երեխային բերում էր նկարահանման վայր, որ նա հոր կողքին նույնպես լինի։ Ռեժիսորներն իրենք ընտանիքի մարդ էին, դրա համար էլ ֆիլմում ևս կարևորել են ընտանիքի դերը։
Թահիրն իր ապրած կյանքով հենց Ազնավուր է
Թահիր Ռահիմը Մեհդի Իդիրի ընկերն է, բայց ամենասկզբից որոշված չի եղել, որ հենց նա է խաղալու Շառլի դերը։ Թահիրն ալժիրցի էմիգրանտի որդի է։ Նրանք 10 երեխա են, ընտանիքը շատ աղքատ է եղել։ Բայց տղան աշխատել է իր վրա, անգլերեն, ֆրանսերեն սովորել, իր ջանքերի, նպատակասլացության շնորհիվ մտել մեծ կինո, նկարահանվում է Մերիլ Սթրիփի, այլ մեգաաստղերի հետ։ Նա հենց Ազնավուրն է, որ կա. նրա նման անցել է դժվարությունների միջով, նույն ճանապարհն ու խոչընդոտներն է հաղթահարել ու հասել արվեստի բարձրակետին։ Եթե նույնիսկ նա չխաղար, առանձնապես ջանք չթափեր, հենց միայն այն զգացումները, որ ունեցել է Ֆրանսիայում բարձունքների հասնելու ճանապարհին, ցույց տար ֆիլմում, հաջողելու համար այդքանն էլ բավական էր։
Քասթինգի ղեկավար Դավիթ Բերտրանն է ընտրել Թահիրին։ Երբ դերը հաստատվել է, 6 ամիս պարապել-չարչարվել է Շառլին, նրա ժեստերը ճիշտ ընդօրինակելու համար։ Ֆիլմում բացի Ազնավուրի բնօրինակ երգերից, մնացած երգերը հենց Թահիրն է երգում։ Սկզբում շատ լարված էր. գիտեր, թե ինչ ահռելի պատասխանատվություն է կրում՝ մարմնավորելով Շառլին։ Ինչպես հետո խոստովանեց՝ սկզբում ուզեցել է հրաժարվել դերից։ Բայց աստիճանաբար վարժվեց, լարվածությունն էլ անհետացավ։
Այս ֆիլմից ինձ մնացին անչափ սիրելի մարդիկ
Եվրոպական երկրներից, նաև Ֆրանսիայից համարյա ամեն օր նամակներ եմ ստանում. մարդիկ արձագանքում են ֆիլմին, իրենց կարծիքը հայտնում։
Սցենարը և ֆիլմը միմյանցից բավականին տարբեր են։ Շատ հատվածներ են կրճատվել, այդ թվում՝ Միսաք և Մելինե Մանուշյանների, բայց գիծը կա, պահպանվել է, նրանց կերպարները ֆիլմում տեսնում ենք։ Իրականում շատ ավելի երկար ենք նկարել, բայց ամբողջը ֆիլմում տեղավորել հնարավոր չէր։ Ախր այդքան հարուստ, լեցուն, խիտ կյանքի պատմությունը մի ֆիլմում ինչպե՞ս էր հնարավոր ընդգրկել։ Շառլի ծնողների տեսարարանների մի մասն ընդհանրապես չնկարավեց, որովհետև, միևնույն է, ժամանակի պատճառով դուրս էին մնալու։
Ինձ համար կարևորն այն է, որ Շառլ Ազնավուրի մասին ֆիլմ նկարվեց, ես կխաղայի այդ ֆիլմում, թե չէի խաղա՝ էական չէ։
Եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ տվեց քեզ այս ֆիլմը, կասեմ՝ մարդկանց տվեց։ Նունեի, Թահիրի, Իդիրի նման մարդ կա՞ այս աշխարհում… այնքան ջերմ հիշողություններ թողեց այս ֆիլմը. նկարահանումները, մարդկային կատարյալ հարաբերությունները։ Եվ այդ էներգիան փոխանցվեց էկրանից. ես դա զգացի։ Հանդիսատեսն էլ է զգում։
Ֆրանսիան իսկապես սիրում է հայերին
Ուզում եմ խոսել նաև «Մսյո Ազնավուր» ֆիլմին զուգահեռ մեկ այլ՝ Շառլ դը Գոլին նվիրված ֆիլմի մասին։ Երկու հզոր անհատականությունների մասին Փարիզում, կողք կողքի ֆիլմեր էին նկարվում։ Երկու ֆիլմերի վրանային ճաշարաններն իրար շատ մոտ էին, նույնիսկ մի անգամ սխալվել, Շառլ դը Գոլի ֆիլմի ճաշարանն էի մտել։
Այս հարցազրույցից առաջ հանդիպեցի Սիմոն Աբգարյանի հետ, որը խաղում է այդ ֆիլմում։ Պայմանավորվեցինք, որ Համազգային թատրոնում հաջորդ տարվա ապրիլ-մայիսին Սիմոնը բեմադրի «Պենելոպե, օ՜, Պենելեպե» իր գրած պիեսը։ Սիմոն Աբգարյանը դը Գոլի մասին ֆիլմը կբերի Հայաստան՝ ցուցադրելու։
Ֆրանսիան այսօր էլ հայերին մեծ հնարավորություն է տալիս ստեղծագործելու, ինքնադրսևորվելու։ Հովնաթան Ավետիքյանը՝ Սերժ Ավետիքյանի որդին, նույնպես խաղում է «Մսյո Ազնավուրում», մարմնավորում է Շառլի հորը՝ Միշային։ Հիմա էլ խաղում է Թամարա Ստեփանյանի ֆիլմում, որ նկարահանվում է Գյումրիում։
Եթե վերլուծենք, Ֆրանսիայից շատ մեծանուն հայ արվեստագետներ են դուրս եկել, հիմա էլ այդպիսի սերունդը կա։ Ու հարցնենք՝ եթե Վաղինակ Ազնավուրյանը Ֆրանսիայում չապրեր, Շառլ Ազնավուր կդառնա՞ր։
Զրույցը՝ Նաիրա Փայտյանի


