Շառլ Ազնավուրն իմացել է, որ իր մասին կենսագրական ֆիլմ է նկարահանվելու։ Անգամ խորհուրդներ է տվել, թե ինչպես կառուցել ֆիլմը, ինչին ուշադրություն դարձնել։ Համաձայնությունը տվել է, երբ տեսել է ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդի «Հիվանդները» ֆիլմը։ Ցանկացել է, որ հենց նրանք նկարահանեն իր պատմությունը։ Գիտեր, որ պրոդյուսերն էլ լինելու է իր դստեր՝ Կատյայի ամուսինը՝ ժան-Ռաշիդ Կալոշը։

Այսպես, Ազնավուրի ընտանիքը ստեղծագործական թիմի հետ սկսում է ֆիլմի նախապատրաստական աշխատանքը։ Ծրագրում են, որ նկարահանումներն սկսեն 2018 թվականին։ Բայց Ազնավուրը մահանում է հենց այն օրը, երբ պետք է սկսվեին  «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները։ Գլխավոր դերեկատարին ընտրելիս երկար փնտրտուքի մեջ են եղել։ Ի վերջո, կանգնել են ալժիրցի դերասան, «Սեզար» մրցանակի դափնեկիր,  «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմի թեկնածության վրա։  Ի դեպ, Ռահիմը մարմնավորել է Հայոց ցեղասպանության մասին գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Նազարեթ Մանուկյանին։ Այսինքն՝ նա երկրորդ անգամ է հայի կերպար խաղում։ Այդ առնչությամբ Թահիրն անկեղծացավ՝ այո՛, ես ինձ մի քիչ հայ եմ զգում։ Իսկ Հայաստանն ինձ Ալժիրն է հիշեցնում՝ իր մտերմիկ միջավայրով, հյուրասեր, բարի մարդկանցով ու անմիջական կենցաղավարությամբ։

«Կինոմոսկվայում» տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի մասին պատմող կենսագրական խաղարկային լիամետրաժ ֆիլմի փակ պրեմիերան, որին ներկա էր նաև ստեղծագործական կազմը՝ գլխավոր դերակատարը, պրոդյուսերները, ռեժիսորը, և, իհարկե, Ազնավուրի որդին՝ Նիկոլան, ու դուստրը՝ Կատյան։ «Մեզ համար շատ կարևոր է, որ «Մսյո Ազնավուրը» ներկայացվում է Հայաստանում։ Գիտենք, թե Ազնավուրը որքան կապված է եղել Հայաստանի հետ։ Գիտենք նաև,  որ այստեղ ֆիլմին շատ են սպասում։ Շատ կարևոր է հայ հանդիսատեսի կարծիքը»,- պրեմիերայի առիթով ասաց ռեժիսոր Մեհդի Իդիրը։ Նա նույնպես ալժիրցի է։

Մսյե Ազնավուր, պրեմիերա, Երևան, Մոսկվա կ/թ

Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստն են։ Նրանք յուրաքանչյուր մանրուք համապատասխանեցրել են Ազնավուրի կյանքում տեղի ունեցած դեպքերին, հարազատներից ճշտել, թե որ իրավիճակում Ազնավուրն ինչպես է իրեն դրսևորել, ինչպես է արձագանքել։ Բարեբախտաբար, Ազնավուրի երեխաները շատ կապված են եղել իրենց հոր հետ, ընտանեկան ջերմությամբ, պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ են վերեբերվել ֆիլմի սցենարական ու ռեժիսորական մանրամասնություններին։ «Եթե հայրս ողջ լիներ, շատ գոհ կլիներ այս ֆիլմից։ Վստահ եմ՝ եթե Թահիր Ռահիմին տեսներ մեծ էկրանին իրեն մարմնավորելիս, դարձյալ գոհ կլիներ։ Մենք իսկապես չափազանց երջանիկ ենք, որ այս ֆիլմը կա, հայրս հավանություն էր տվել այս նախագծին, անգամ կանախատեսել, որ այն մեծ հաջողություն է  ունենալու։ Ափսոս, որ չտեսավ ֆիլմը»,- ասաց Կատյա Ազնավուրը։ Նրա ամուսինը՝ ժան-Ռաշիդ Կալոշն է ստանձնել պրոդյուսերի պատասխանատվությունը։

«Մսյո Ազնավուր» ֆիլմն սկսվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ազնավուրյանների՝ Ֆրանսիայում հաստատվելու, Շառլի ու Աիդայի մանկությունից, գալիս-հասնում փառքի գագաթնակետին հասած հանճարեղ շանսոնյեի մաքառումներին, տառապանքներին ու հաղթանակներին։

«Թահիր Ռահիմն աշխարհի  լավագույն դերասաններից մեկն է, թեև նա չի սիրում, երբ իր մասին այդպես են ասում։ Նա Ազնավուրի դերում ուղղակի փայլեց»,- գլխավոր դերակատարի մասին ասաց պրոդյուսեր ժան-Ռաշիդ Կալոշը։ Ռահիմին միայն էկրանին տեսնելով՝ դժվար է պատկերացնել, թե նա որտեղից՝ ուր է հասել, իսկ երբ էկրանից դուրս՝ իրական կյանքում ես տեսնում դերասանին, նրա շարժուձևը, խոսքը, արտաքին տեսքը, համոզվում ես, որ  արել է առավելագույնը,  ոչինչ չի խնայել, կաշվից դուրս է եկել, որպեսզի միլիոնավոր մարդկանց ու հատկապես Շառլին ճանաչողներին էկրանից ապացուցի, որ ինքը Շառլն է։ Ֆիլմում տեսնում ենք մանուկ Ազնավուրին, հետո՝ երիտասարդ, վերջում՝ հասուն, ինքնահաստատված, «Օլիմպիան» ու ամբողջ աշխարհը գրաված։

Պարոն Ազնավուր, պրեմիերա,

Ովքեր կարդացել են Ազնավուրի ինքնակենսագրական գրքերը, հոդվածներն ու հարցազրույցները, պատկերացում ունեն, թե ինչ դժվարին ճանապարհ էր նա ընտրել Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ու դեռ դրանից էլ առաջ, ֆիլմում անպայմանորեն փնտրելու են իրենց ճանաչած Շառլին,  գտնելու են նրան ու վերապրելու են նրա հույզերը, տառապանքը, ցավն ու ուրախությունը։ Իսկ ովքեր ծանոթ չեն Ազնավուրի կենսագրությանը, լսել են միայն նրա երգերը, այս ֆիլմում բացահայտելու են Շառլին ու  ճանաչելու են փառքի դափնիներից հեռու մի մահկանացուի, որի ամբողջ կյանքը պայքար է եղել սկզբում սոված չմնալու, հետո՝ մերժված չլինելու համար։

Ազնավուրի դերակատար Թահիր Ռահիմը պատմեց, թե որքան երկար ու տքնաջան է պատրաստվել, որպեսզի մտնի այդ կերպարի մեջ, զգա այն ամբողջությամբ։ «Կարդացել եմ նրա երկու ինքնակենսագրական գրքերը, հարցազրույցները,  հրապարակախոսությունները, լսել բոլոր 1200 երգերը, դիտել բոլոր վավերագրական ֆիլմերը։  Մենք նաև բախտ ենք ունեցել օգտվելու նրա արխիվներից և շփվելու  հարազատների և աշխատակիցների հետ։ Ամենակարևորը՝ Ազնավուրի ընտանիքից խոր վստահություն եմ զգացել։ Որքան էլ լավ պատրաստվեի այս դերի համար, այն հաջող չէր ստացվի, եթե Ազնավուր ընտանիքն ինձ չընդուներ որպես հարազատի, այդ նույն ընտանիքի անդամի պես։ Այդ սերն ու վստահությունն ինձ հավատ են ներշնչել, ուժ են տվել, որ  կարողանամ Ազնավուրին մարմնավորել։

Բայց մինչ այս ամենը, իմ մտքով չի էլ անցել, որ այս դերի համար առաջարկ կստանամ։ Պրոդյուսերեները երկար են փնտրել գլխավոր դերակատարին, քասթինգներ անց կացրել, իսկ երբ Նիկոլա Ալտմեյերն ինձ առաջարկեց այդ դերը, ուզում էի մերժել, որովհետև չէի էլ պատկերացնում՝ ինչպես եմ մտնելու կերպարի մեջ։ Խաղալ Ազնավուր…Երբ սկսեցի ուսումնասիրել Ազնավուրի կյանքը, անհանգստությունս մի քիչ թուլացավ։ Անկեղծ ասած՝ հետո արդեն չէի կարող դիմակայել գայթակղությանը ու ամեն ինչ չանել, որպեսզի Ազնավուրի կերպարը հենց ես մարմնավորեմ»,- անկեղծացավ Ռահիմը։

Պարոն Ազնավուր, Պրեմիերա, Երևան

Ազնավուրի դուստրը՝ Կատյան, պատմեց, որ 3 տարի ամեն օր աշխատել են, մշակել ֆիլմի յուրաքանչյուր դետալ, Ռահիմը դաշնամուր է նվագել, երգել Ազնավուրի նման, ուսումնասիրել արտիստի խառնվածքը, ժեստերը բեմում ու կյանքում։ Կարծում եմ՝ հայրս կսիրեր այս ֆիլմը, եթե տեսներ այն. նկատեց Կատյան։ «Ես էլ եմ քրոջս պես հուզված, կարծում եմ՝ ֆիլմը հաջողված է։ Թահիրը կարողացել է ամբողջությամբ մարմնավորել հորս կերպարը՝ սկսած նրա երաժշտական տաղանդից, անցնելով  անձնական կյանքի տիրույթ ու բեմ։ Նկարահանումների ժամանակ, աշխատանքային ու քննարկումների բոլոր պահերին ջերմ մթնոլորտ է տիրել։ Փախհամաձայնությունը, ներդաշնակությունը, սերը օգնել են, որ ֆիլմը սկսվի ու ավարտին հասցվի։ Հիմա բոլորս վայելում ենք համատեղ աշխատանքի ու արարումի պտուղները»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։

Ազնավուրի մորը՝ Քնարին մարմնավորած Նարինե Գրիգորյանը այդ դերի համար Հայաստանից մեկնել է Ֆրանսիա՝ նկարահանումների։ Նա իր գոհունակությունը հայտնեց, որ ֆիլմի սկզբում ցուցադրվում են Հայոց ցեղասպանության վավերագրություններ. Ազնավուրյանները  ցեղասպանությունը վերապրածներ են, որ տեղափոխվել են Ֆրանսիա։ Ով չգիտե, պետք է այս ֆիլմից իմանա, որ Շառլ Ազնավուրը հայ է, և որ նրա պատմությունը մեկն է այն միլիոնավոր պատմություններից, որոնք Հայոց ցեղասպանության, հայրենազրկման, գաղթի հետևանք են։

Ֆիլմում, իհարկե, հնչում են Շառլ Ազնավուրի երգերը, ներկայացված է այդ երգերի ստեղծման պատմությունը։  Ազնավուրի կյանքում առանցքային դեր խաղացած մարդիկ նույնպես ընդգծված են։ «Մսյո Ազնավուր» ֆիլմը Շառլ Ազնավուրի մասին առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն է։ Այն  արդեն ցուցադրվում է աշխարհի մի շարք երկրներում։ Հայաստանյան կինոթատրոնների էկրաններին այն կլինի դեկտեմբերի 5-ից։

Ֆիլմը ֆրանսերեն է։  Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը։

Նաիրա Փայտյան