Մահացել է խորհրդային կինոյի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի, խորհրդային կինոյի աստղ Սվետլանա Սվետլիչնայան։ Այս մասին գրում է mamul.am-ը՝ հղում անելով РБК-ին։ Սվետլիչնայան 84 տարեկան էր։
Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է Լենինականում, ներկայիս Գյումրիում։ Նրա հայրը զինվորական էր, դրա պատճառով էլ ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։ Սվետլանան դպրոց է գնացել Ախտիրկայում՝ Սումիի մարզում։ Դպրոցն ավարտել է Կալինինգրադի մարզի Սովետսկում։
1958 թվականին Սվետլանայի հայրը գնում է թոշակի ու արդյունքում ընտանիքը հիմնավորվում է Մելիտոպոլում։ Հենց այդ թվականին էլ մոր համառության շնորհիվ Սվետլանան ընդունվում է Ս.Ա. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական կինոմատոգրաֆիայի համալսարան, Միխայիլ Ռոմի կուրսը։
Դերասանուհին խաղացել է տասնյակ ֆիլմերում։ Նրա ամենահայտնի դերերից մեկը Աննա Սերգեևնան է՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։