Հայկական երեք ֆիլմեր մրցելու են «Օսկար»-ում
Կինոարվեստի և գիտության ակադեմիան (The Academy of Motion Picture Arts and Sciences) երեկ տարածել է մամուլի հաղորդագրություն և ներկայացրել այս տարվա այն լիամետրաժ ֆիլմերը, որոնք ունեն «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգերում ընտրվելու իրավունք: Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակի հանձնման ամբողջական կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով Oscars.org/rules:
Ինչպես գրում է Kinopress-ը, այս ցանկում ընդգրկվել են Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը այժմ ցուցադրվում է կինոթատրոններում, Շողակաթ Վարդանյանի «1489», որը IDFA փառատոնի միջազգային մրցույթի «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել և հայազգի ռեժիսոր Սարին Հայրաբեդյանի «Իմ անուշ երկիր» ֆիլմը, որը Հորդանանի կողմից ներկայացվել էր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում, սակայն ադրբեջանական քաղաքական ճնշումների արդյունքում հետ է կանչվել:
Ամերիկյան կինոակադեմիայի երեկվա պարզաբանման արդյունքում պարզ է դարձել, որ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ընտրվելու իրավունք ունի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հայտնվելու համար մրցելու են Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրաբեդյանի «Իմ անուշ երկիր» ֆիլմերը: