Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրին կգլխավորի ամերիկաբնակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թոդ Հայնսը։ Այս մասին հայտնում է Բեռլինալե 75-ի մամուլի ծառայությունը։

«Թոդ Հայնսը բազմաժանր օժտված գրող և ռեժիսոր է։ 1991 թվականին ռեժիսորի դեբյուտային «Թույն» ֆիլմն արժանացել է TEDDY AWARD մրցանակին։ Եվ հենց այդ պահից սկսած Բեռլինալեն հետևում է նրա ստեղծագործական կենսագրությանը։ Մենք անչափ ուրախ ենք, որ նա միանում է Բեռլինի միջազգային 75-րդ փառատոնին որպես միջազգային ժյուրիի նախագահ», – հայտարարել է Բեռլինալեի տնօրեն Թրիշա Թաթելը:

Թոդ Հայնսը եղել է ամենահամարձակ և տարբերվող ֆիլմարտադրողներից մեկը ամերիկյան կինոյում։ Նրա ֆիլմերը սիրված են հենց կանանց ներաշխարհը խորությամբ ուսումնասիրելու իր մեծ զգայունությամբ,սեռի և ինքնության հետաքրքրաշարժ հետազոտություններով: Բարդ կերպարներ ստեղծելու նրա հմտությունը գրավել է աշխարհի լավագույն դերասաններից շատերին: Նրա ֆիլմերում բազմաշերտ կերպարներին մարմնավորել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջուլիանա Մուրը, Քեյթ Բլանշետը, Ռունի Մարան, Քեյթ Ուինսլեթը,  Նատալի Պորտմանը, Մարկ Ռուֆալոն, Քրիստիան Բեյլը և Յուան Մաքգրեգորը։ Թոդ Հայնսի ֆիլմերը և նրանց դերասանները արժանացել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների մրցանակների։