Փարիզեցիների արցախյան բացահայտումները
Փարիզում՝ նոյեմբերի 26-ի երեկոյան, Տիգրան Համասյանի համերգով կամփոփվի «Un Week-end à l’Est» փառատոնի ութերորդ հանդիպումը, որն ինչպես արդեն պատմել էինք, այս տարի նվիրված էր Հայաստանին։ Շուրջ քառասուն հանդիպումների և միջոցառումների շնորհիվ փարիզեցիներին հնարավորություն տրվեց բացահայտել մեր արվեստի տարբեր ճյուղերը, այդ թվում, բնականաբար, նաև կինոն։ Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» կինո-համերգով մեկնարկած փառատոնը հաջորդող օրերին ցուցադրեց դասականների՝ Սերգեյ Փարաջանով և Արտավազդ Փելեշյան, բայց նաև երիտասարդ սերնդի մի շարք ռեժիսորների աշխատանքներ․ Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան, Նորա Մարտիրոսյան, Թամարա Ստեփանյան, Շողակաթ Վարդանյան և Իննա Մխիթարյան։ Բոլոր ռեժիսորները ներկա էին փառատոնին՝ մասնակցելով ցուցադրություններին հաջորդող հետաքրքիր քննարկումներին։
Այս հարուստ կինո ծրագրի ղեկավարն է Սոֆի Միրուզը, ով նաև «Festival La Rochelle Cinéma» փառատոնի գեղարվեստական տնօրենն է։ Սոֆին սիրով համաձայնեց զրուցել փառատոնի մասին և ամփոփել առաջին, դեռ շատ թարմ տպավորությունները։
-Ինչպե՞ս կատարվեց այս տարվա «Un Week-end à l’Est» փառատոնի ֆիլմերի ընտրությունը:
-«Un Week-end à l’Est» փառատոնը ամեն տարի նվիրվում է արևելյան մի երկրի՝ նպատակ հետապնդելով ներկայացնել նախ այդ երկրի ժառանգության կարևորագույն ֆիլմերը, ապա նաև հրավիրել կինոյի նոր սերնդի ներկայացուցիչներին: Հայաստանին նվիրված փառատոնի այս 8-րդ հանդիպման համար, Սերգեյ Փարաջանովի ու Արտավազդ Փելեշյանի անունների ներկայությունը ակնհայտ էր, քանզի այս մեծագույն արվեստագետ-պոետների հետքը կինոյի պատմության մեջ հսկայական է։ Ինչ վերաբերում է ռեժիսորների նոր սերնդին, ինձ հատկապես հետաքրքրում էին կին վավերագրողները:
-Ամփոփելով բոլոր ցուցադրությունները, փառատոնի ո՞ր ֆիլմն ամենաշատը գնահատվեց հանրության կողմից:
-Սերգեյ Փարաջանովին նվիրված երկու ցուցադրությունները լեփ-լեցուն էին, ստիպված էինք մերժել առնվազն 20 հանդիսատեսի, քանի որ նստելու տեղ չկար։ Երկու ֆիլմերը՝ «Սայաթ-Նովան» և « Մոռացված նախնիների ստվերները» ներկայացվել էին վերականգնված տարբերակով։ «Մոռացված նախնիների ստվերները», 2023 թվականի Վենետիկի միջազգային կինոփառատոնից հետո, առաջին անգամ էր այդ տարբերակով ցուցադրվում Ֆրանսիայում։ Նաև հիանալի հոդված լույս տեսավ «Le Monde» թերթում՝ ֆիլմի նկարահանումների վերաբերյալ։ Կարծում եմ մեծագույն այս ռեժիսորի ծննդյան հարյուրամյակը բավարար չափով չնշվեց Ֆրանսիայում․ «Un Week-end à l’Est» փառատոնի և «Պոմպիդու» արվեստի կենտրոնի փարաջանովյան միջոցառումներից դուրս կազմակերպվեց նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը «Cinémathèque française»-ում: Եվ շատ հետաքրքիր է արձանագրել, որ Սերգեյ Փարաջանովի կինոն շարունակում է մնալ նույնքան տպավորիչ և գրավել նոր սերունդների ուշադրությունը, քանզի ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ երիտասարդներ։
-Փառատոնի ծրագիրը կազմելիս, դու խորապես ուսումնասիրել էիր հայ ժամանակակից կինոն։ Արդյո՞ք երիտասարդ սերնդի աշխատանքներում այսօր զգացվում է փարաջանովյան ազդեցությունը։
-Կարծում եմ, որ այսօրվա կինոգործիչները պետք է ամեն ինչ անեն հեռանալու համար հայ կինոյի Փարաջանով-Փելեշյան հսկաներից․ նրանց աշխատանքը եզակի է և անմրցակից:
-Փառատոնի ծրագրում արցախյան թեմայով ներառված էին Շողակաթ Վարդանյանի «1489» և Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերը։ Ռեժիսորները հանդիսատեսի հետ ունեցան կլոր սեղան – քննարկումներ։ Ինչ-որ դժվարությունների հանդիպեցի՞ք ։
-Բացարձակ, ոչ մի դժվարություն, ընդհակառակը, երկու ռեժիսորների հետ բանավեճերը հարուստ էին և շատ գնահատված։ Հանդիսատեսը նույնիսկ հարցրեց ինձ, թե ինչպես եմ բացահայտել «1489» ֆիլմը: Մի տղամարդ նաև խնդրեց Նորա Մարտիրոսյանին ավելին պատմել Լեռնային Ղարաբաղի մասին, քանի որ նա երբևէ չէր լսել Արցախի մասին: Սա ցույց է տալիս, որ կինոն՝ վավերագրական թե գեղարվեստական, կարող է լինել բաց պատուհան դեպի աշխարհը և աշխարհաքաղաքականությունը:
–Իսկ ի՞նչ ես կարծում, փառատոները քաղաքականացվելու իրավունք ունե՞ն։
-Փառատոնի ֆիլմերի ընտրությունը միշտ էլ քաղաքական է, քանի որ ընտրություն է կատարվել այս կամ այն աշխատանքը ծրագրավորել թե ոչ:
-Իսկ այս կամ այն ֆիլմը իր ծրագրում ներառելուց առաջ, փառատոնը պետք է հաշվի առնի նաև ռեժիսորի անձնական պատմությունը (կրոն, ազգություն, մութ անցյալ), թե՞ հնարավոր է գնահատել ֆիլմը՝ որպես ինքնուրույն ամբողջություն։
-Կարծում եմ, որ պետք է շարունակել ընտրել և ցուցադրել հակասական անձնավորությունների ֆիլմերը, եթե իհարկե դրանք գեղեցիկ ֆիլմեր են, միաժամանակ վերակոնտեքստավորելով դրանք: Ֆիլմը կոլեկտիվ աշխատանք է, և ստեղծագործական ամբողջ թիմը (դերասան-դերասանուհիներ, տեխնիկական թիմ, արտադրություն․․․) չպետք է պատժվի, քանի որ ռեժիսորը սխալներ է գործել: Բայց մյուս կողմից, ես գտնում եմ, որ ցուցադրվելու արժանի բավականաչափ հետաքրքիր ֆիլմեր և ռեժիսորներ կան, և նրանց տեղը անարժանները չպետք է գրավեն։
-Հայ կինոյի երիտասարդ սերնդի ֆիլմերից ո՞րը դարձավ անձամբ քո ամենահետաքրքիր բացահայտումը:
-Անկասկած ամենահետաքրքիրն ինձ համար կապն էր, որը հյուսվեց մասնակից մի քանի ֆիլմերի միջև, այն արձագանքը, որը մեկը կարողացավ տալ մյուսին: Օրինակ՝ Թամարա Ստեփանյանի և Իննա Մխիթարյանի վավերագրական ֆիլմերի երկխոսությունը, որը ձայն էր տալիս գյուղական միջավայրում ապրող կանանց։ Խոսքը գնում էր ավանդույթների, անցյալի, կանանց հիշողությունների, բայց նաև նրանց ցանկությունների մասին։ Այս երկու ֆիլմերի շարունակությունը կարող էր լինել Արտավազդ Փելեշյանի «Կյանքը»՝ ծննդյան հրաշքի մասին շլացնող գեղեցկությամբ այս ֆիլմը և կանանց անմոռանալի դեմքերի խոշոր պլանը:
Զրուցեց Լիլիթ Սոխակյանը
Փարիզ,2024
