Մեհդի Իդիրի և Գրանդ Կոր Մալադի «Պարոն Ազնավուր» ֆիլմը, Թահար Ռահիմի գլխավոր դերակատարմամբ,  դարձավ Ֆրանսիայի կինոթատրոնների դիտման առաջատարը՝ գրանցելով 70,052 դիտող 548 դահլիճում: Նախնական ցուցադրությունների հետ միասին այս թիվը հասել է 101,826-ի՝ ցուցադրելով ֆիլմի մեծ հաջողությունը: Այս մասին գրում է  westernarmeniatv.com-ը։

Ըստ Allociné-ի, դիտողները «Պարոն Ազնավուր» ֆիլմին տվել են բարձր գնահատական՝ 4,2/5, ինչը ևս վկայում է ֆիլմի հաջող մեկնարկի մասին: Հենց առաջին օրը գերազանցելով 100,000 դիտումը՝ «Պարոն Ազնավուր»-ը կարծես արդեն հասնում է «տարվա հիթ» ֆիլմերի շարքին:

Այս մեծ հաջողությունն արտահայտում է Շառլ Ազնավուրի բացառիկ դերը՝ որպես հայկական մշակույթի և համաշխարհային երաժշտության խորհրդանիշ։ Ազնավուրը ոչ միայն իր անհատականության, այլև իր երաժշտության միջոցով դարձել է այն ձայնը, որը միավորել է բազմաթիվ ազգեր, անցյալն ու ներկան՝ հաղորդելով համամարդկային արժեքներ։ Ֆիլմը շեշտում է նրա աներևակայելի ազդեցությունը և պատմական ժառանգությունը՝ հիշեցնելով նրա արվեստի խորությունն ու հայկական ինքնության անսահման կարևորությունը։