Շուրջ 300 ֆիլմ 45 երկրներից, 35-ից ավելի միջազգային հյուր ու մասնակից, ներկայացուցիչներ հեղինակավոր մի շարք կառույցներից՝ այդ թվում Դիսնեյից,  հետաքրքիր շնորհանդեսներ, կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր, վարպետության դասեր, հագեցած ու ընդլայնված ծրագիր՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնին։

Հոկտեմբերի 20-26-ը Երևանում արդեն 16-րդ անգամ տեղի կունենա «ՌեԱ» փառատոնը, որին ընդառաջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկայացվեցին փառատոնի այս տարվա նորություններն ու սպասվող միջոցառումները։ Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին առանձնացրեց փառատոնի երեք կարևոր բաղադրիչ, որոնք այս տարի ավելի ընդլայնված են լինելու։ Առաջինը MarAni  ֆորումը և անիմացիոն շուկան է, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-24-ը ՀԲԸՄ-ում։

«Միջազգային հյուրեր Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից խոսելու են  անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, կիսվելու են մասնագիտական կարևոր գաղտնիքներով ու գիտելիքներով։ Մեր մյուս կարևոր բաղադրիչներից մեկը CoReAct համարտադրության հարթակն է, որն առաջին անգամ անցյալ տարի իրականացրինք։ Այս տարի համարտադրության համար 17 նախագիծ կա, որոնք ներկայացվելու են արտասահմանյան մասնագետների, պրոդյուսերների, առաջատար ընկերություններից՝ Եվրիմաժ, Cartoon media, «Անսի» միջազգային կինոփառատոնի անիմացիոն շուկա, France TV և այլն։ Մեզ համար, իսկապես, մեծ ձեռքբերում է ունենալ նման հեղինակավոր կառույցներից շուրջ 13 մասնագետ»,-նշեց Վրեժ Քասունին։

Այս տարի ևս կայանալու են ReA Comics Art ցուցադրությունները: Մրցույթին ներկայացված է եղել 25 կոմիքս, որոնցից մրցութային փուլ է անցել 14-ը։ Հոկտեմբերի 23-ին նաև տեղի է ունենալու «Սասունցի Դավիթ» կոմիքս գրքի ցուցահանդեսը։ Գիրքը նախորդ տարվա հաղթող նախագծերից է, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել այս տարի գարնանը։ Այս տարի ևս կոմիքսների մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված են միջազգային մասնագետներ։

«Իմ մեծ երազանքներից մեկն է ունենալ ReA Comics մատենաշար։ Եվ ուրախությամբ հայտնում եմ, որ արդեն երկու կոմիքս գիրք ենք թարգմանել՝ «Միսաք, Մելինե և խումբ Մանուշյաններ» և «Բռնցքամարտիկը»։ Այս գրքերի շնորհանդեսը լինելու է ReA Comics Art-ի շրջանակում»,-հավելեց Քասունին։

Այս տարի փառատոնին ևս ներկայացված են հայկական արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ ՌեԱ փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը՝ մեծ էկրանին: Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ էկրանին, տեղի կունենան Դիսնեյի լեգենդար 3 ֆիլմերի բացառիկ ցուցադրություններ՝ «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․կորսված կայսրությունը»։

Միջազգային ճանաչում ունեցող անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզը՝ Դիսնեյից, ինչպես նաև Դիսնեյի ռեժիսոր Աարոն Բլեյզը ևս կժամանեն Հայաստան՝ կիսվելու իրենց գիտելիքներով։ Քըրք Ուայզը կմասնակցի փառատոնի հատուկ միջոցառումներին և կխոսի իր մասնագիտական ուղու, անիմացիայի ոլորտում ունեցած փորձի և նորարարական մոտեցումների մասին։ Ռեժիսորի մասնակցությունը փառատոնին Հայաստանի համար կարևոր մշակութային իրադարձություն է․ նրա համբավն ու ստեղծագործական տեսլականն էական ազդեցություն կունենան միջոցառման էլ ավելի բարձր որակի վրա։

ՌեԱ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանն իր խոսքում նշեց.

«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին է՝ փառատոնի գլխավոր հովանավորն է։ Պատկերապատումն արվեստի ու կինեմատոգրաֆիայի այն ճյուղն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել անիրագործելին, և դա ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է։ ՌեԱ փառատոնը ոչ միայն մշակութային, այլև կրթական բաղադրիչ ունի, ինչը մեծ կարևորություն ունի Երևանի քաղաքապետարանի համար»։

Փառատոնի աջակիցներից են «Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսը նշեց, որ ՌեԱ փառատոնը շատ կարևոր հարթակ է. այն հնարավորություն է տալիս ֆրանսիական անիմացիոն կինոն ներկայացնել այստեղ, ու նաև հայկական անիմացիոն ֆիլմերը ներկայացնել միջազգային հարթակում՝ այդ թվում Ֆրանսիայում. «Շատ կարևոր է, որ այս փառատոնի շրջանակում ձևավորվի երկխոսության հարթակ՝ հայ և արտասահմանյան ստեղծագործողների միջև։ Այս համատեքստում մեր աջակցությամբ Հայաստան կժամանեն կինոաշխարհի 20-ից ավելի մասնագետներ, որոնք կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով»,-հավելեց Դավիդ Տուղսը։

Նշենք, որ Փառատոնին ներկայացված է ֆրանսիական արտադրության «Ամենածանր բեռը» և «Հոսք» ֆիլմերը, վերջինս նաև փառատոնի բացման ֆիլմն է։

«Հ.Հովնանյան» ընտանեկան  հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշեց. «Երկու կարևոր պատճառ կա, որ մենք մեր ներդրումն ենք ունենում փառատոնի կայացման գործում։ Առաջինը, որ այն արդեն իսկ կայացած է, արդեն 16-րդ անգամ է անցկացվում։ Եվ երկրորդը, ինչը մենք շատ ենք գնահատում այս նախագծում․ այն «ցուցադրական ու ինքնանպատակ չէ», փառատոնն ունի տարբեր ձևաչափեր, որոնք ստեղծագործական նոր հնարավորություններ են ձևավորում»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը կարևորեց նման փառատոնների իրականացումը՝ ոչ միայն մշակույթի, այլև արվեստագետների ու ոլորտի ներկայացուցիչների կողմից նոր համագործակցային կապեր ստեղծելու համատեքստում։

Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության ներկայացուցչությունը, Երևանում Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

Հ․Գ․ՌեԱ փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) տարածաշրջանի ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը, ստեղծվելով 2009 թվականին, նշանավորեց Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման սկիզբը՝ այդպիսով ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։ Փառատոնը հինադրվել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու կողմից և խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն»  ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։ 

ՌեԱ փառատոնն իր հիմնադրման օրվանից ի վեր ներգրավել է ավելի քան 40,000 հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն 130 հովանավորի կողմից, հյուրընկալել է ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օր․՝ Տիցիանա Լոսկի, Ժան–Պոլ Կոման, Դեվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդին, Բիլ Փլիմփթոն և այլն) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։

Փառատոնի շրջանակում է ստեղծվել ՄարԱնի–ն (Անիմացիոն շուկա), որը բաղկացած է 3 հիմնական մասերից՝ ֆորում և ցուցահանդես, CoReAct համատեղ արտադրության հարթակ, աշխատարաններ և վարպետության դասեր։

ՌեԱ փառատոնի նպատակը Հայաստանում, Հարավային Կովկասում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։