«Էմմի» հեռուստատեսային 76-րդ մրցանակաբաշխությանը սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը «Ռիփլի» մինի սերիալի համար արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ըստ deadline.com-ի՝ մրցանակը ստանալիս Զաիլյանը նշել է, որ հիացած է Իտալիայի գեղեցիկ բնապատկերներով, որտեղ նկարահանվել է ֆիլմը: Նա շնորհակալություն է հայտնել իր դերասանական կազմին (Էնդրյու Սքոթ, Դակոտա Ֆենինգ, Էլիոթ Սամներ, Ջոնի Ֆլին), ֆիլմի ամբողջ անձնակազմին և Netflix-ին: «Իտալիայում «Ռիփլին» նկարահանելը մեծ պարգև էր: Ասես երազի լիներ: Դրանից հետո ինձ այլևս ոչինչ պետք չէր»,- ասել է ռեժիսորը։

Հարկ է նշել, որ «Ռիփլիի» սցենարը ևս Զաիլյանինն է, մինի սերիալը բաղկացած է 8 դրվագից, հիմնված է Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր միստր Ռիփլին» հոգեբանական թրիլլերի վրա։

Սերիալի դեպքերը ծավալվում են 1960-ականների Նյու Յորքում: Երիտասարդ Թոմ Ռիփլին (Էնդրյու Սքոթ) մի կերպ է ապրուստ վաստակում, և ահա նրան վարձում է մի հարուստ ամերիկացի, որ Ռիփլին մեկնի Իտալիա և փորձի համոզել իր թափառաշրջիկ որդուն վերադառնալ տուն: Թոմը տալիս է համաձայնությունը, և այդ պահից հայտնվում խաբեության, խարդախության և սպանության բարդ ոլորանում:

Նշենք, որ «Ռիփլին» ներկայացվել է 13 անվանակարգում և հաղթել չորսում՝ «Հատուկ վիզուալ էֆեկտներ մեկ դրվագում», «Լավագույն ձայնային մոնտաժ մինի սերիալում», ինչպես նաև մրցանակներ օպերատորական և ռեժիսորական աշխատանքի համար:

Աղբյուր

Դիանա Գասպարյան