Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»՝ իրականության և անցյալի խաչմերուկում
Հայկական ազգային կինոակադեմիան օրերս ամփոփելով ընտրության արդյունքները հայտնել է, որ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում Հայաստանից «Օսկար» մրցանակաբաշխությանը կառաջադրվի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» հայկական լիամետրաժ ֆիլմ (դերերում՝ Մայիս Սարգսյան, Մաքսիմ Վիտորգան, Ռուզաննա Խաչատրյան) պատմում է մի տղամարդու մասին, որը վերջերս է թոշակի անցել։ Նա երկար տարիներ ծառայել է գործարանում։ Այժմ «խորհրդային աշխատավոր տղամարդու» ապագան անորոշ է թվում, նա չի ընդունում նոր իրողությունները։ Աշխարհը փոխվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն ֆիլմի հերոսը փորձում է կառչել անցյալից:
Սա ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի վերջին գործն է՝ «Էրկեն կիշեր» ֆիլմից հետո։ «Յաշա և Լեոնիդ Բրեժնևը» վերջերս կայացած «Անահիտ» մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր» և այլ պարգևների։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ցուցադրվելուց հետո ֆիլմը տեղափոխվել է հայաստանյան մեծ էկրաններ։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» կատակերգական դրամա է, որի դեպքերը տեղի են ունենում հայկական փոքր քաղաքում՝ Երևանից ոչ հեռու։ Բաղդասարյանի ֆիլմին անդրադարձել է «International Feature»-ը (ուշադրությո՛ւն՝ տեքստում առկա են սփոյլերներ)
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» բավականին հետաքրքիր ֆիլմ է, որը պատմում է նոստալգիայի, անցյալից կառչելու մասին՝ հատկապես այնպիսի խոշոր քաղաքական և սոցիալական փոփոխության ֆոնին, ինչպիսին Խորհրդային Միության փլուզումն էր: Յաշան տառապում է՝ փորձելով ընդունել ժամանակակից աշխարհը, որը հակադարձվում է իր պաշտելի կոմունիստական գաղափարախոսությանը։ Անցյալի առաջնորդների հանդեպ ունեցած հարգանքն ու նոր հասարակարգի անընդունելիության խաչմերուկում ծնվում է աբսուրդիստական կատակերգության և երգիծանքի հզոր խառնուրդ:
Յաշային նաև համակում է ընկալման ցավը, որ ամբողջ կյանքը նվիրել է մի գործի, որն այլևս չկա։ Նա 45 տարի աշխատել է հեռավոր քաղաքի գործարանում՝ ծանր պայմաններում, առողջական վիճակն էլ վատթարանում է։ Յաշայի մարմինն ու միտքն էլ ասես խորհրդանշում են փլուզվող համակարգը։
Սակայն սա ամենը չէ․․․ Յաշան սկսում է խոսել Լեոնիդ Բրեժնևի հետ, որն արդեն մահացել է։ Յաշան կտրվել է իրականությունից։
Բրեժնևը «միֆ» է, նա դառնում է Յաշայի զրուցակիցն ու ուղեկիցը, բայց միևնույն ժամանակ խորհրդանշում է անցյալը, որից ազատվել չի կարող․․․ Սա Յաշայի ներքին պայքարի արտացոլանքն է։ Այո՛, Բրեժնևը հալյուցինացիա է, բայց այն թույլ է տալիս Յաշային բարձրաձայնել իր հիասթափությունը և հուսահատությունը։ Այս հնարքը տրագիկոմիկ շերտ է հաղորդում ֆիլմին։
Յաշայի միտքը սրընթաց մթագնում է, նրա իրականությունը պատմական հիշողության և անձնական հիասթափության մշուշում է, ինչ էլ ֆիլմը դարձնում է անսահման հուզիչ: Սա սև կատակերգություն է, բայց միաժաման ողբերգական հետազքտություն է՝ ինչպես կարող է անցյալից կառչելը կեղեքել մարդու հոգին:
Մինչ սիրող ընտանիքը փորձում է աջակցել Յաշային, նրա ներքին պայքարն ու հոգեկան բարդ վիճակը հանգեցնում են ողբերգական հետևանքների։ Ֆիլմը վարպետորեն միահյուսում է ինքնության, հիշողության և կորցրած գործին հավատարմության գաղափարները:
Աշխարհը մոռացել է Յաշայի և նրա փոքր գյուղի մասին, Յաշան էլ կամաց-կամաց ջնջվում է ու վերանում աշխարհից:
Պատրաստեց Դիանա Գասպարյանը