Վենետիկի 81-րդ կինոփառատոնը մոտեցավ ավարտին։ Ժյուրին՝ Վոլպիի Գավաթի կրկնակի դափնեկիր Իզաբել Յուպերի գլխավորությամբ, լավագույն ֆիլմ ճանաչեց Պեդրո Ալմոդովարի «Հարևան սենյակը» ֆիլմը:

«Ոսկե առյուծի» արժանացած այս գործը 23-րդն է հայտնի իսպանացի ռեժիսորի կարիերայում, բայց առաջին լիամետրաժ նախագիծը՝ անգլերեն: Ֆիլմը հիմնված է Սիգրիդ Նունյեսի «Ինչի միջով ես անցնում» վեպի վրա, այն պատմում է երկու ընկերուհիների (Ջուլիանա Մուր և Թիլդա Սուինթոն) մասին, որոնցից մեկի մոտ արգանդի վզիկի քաղցկեղ է ախտորոշվել։ Մահացողը խնդրում է մյուսին իր կողքին մնալ․․․  Լինել հարևան սենյակում, երբ ինքը էվթանազիայի միջոցով կփորձի արժանապատվորեն ավարտել կյանքը:

Ալմոդովարը Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը նվիրել է իր երկու աստղերին և հայտարարել, որ «Ոսկե առյուծը» հենց Մուրն ու Սուինթոնն են վաստակել։ Ռեժիսորն ավելի վաղ կոչ էր արել չխանգարել մարդկանց անհրաժեշտության դեպքում դիմել էվթանազիայի տարբերակին և թույլ տալ բժիշկներին այդպիսով օգնել իրենց պացիենտներին։ Ալմոդովարը նաև նշել է, որ իր ֆիլմը քաղաքական ենթատեքստ չունի, այն մարդասիրության մասին է։

Almodovar, Venetik-81, Golden Liyen

Հիշեցնենք, որ 2024 թվականի դրությամբ էվթանազիան օրինական է Եվրոպայի չորս երկրում՝ Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում և Իսպանիայում։

Euronews-ը գրում է, որ Ալմոդովարի ֆիլմն ամենայն հավանականությամբ կդառնա նաև Օսկարի ֆավորիտներից մեկը։

Գրան պրին ստացել է իտալական «Vermiglio» ֆիլմը, իսկ Ժյուրիի հատուկ մրցանակը՝ Դեա Կուլումբեգաշվիլիի «April» ֆիլմը, որն այս տարվա ամենայուրահատուկ ֆիլմերից էր: Այն պատմում է վրացական փոքր գյուղում ապրող մանկաբարձ Նինայի մասին, որի մասնագիտական և մարդկային որակները քննադատության են ենթարկվում այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ չնայած օրենսդրական արգելքին նա օգնում է կանանց ընդհատել անցանկալի հղիությունը։

venetik-81-winners

Վենետիկի կինոփառատոնում լավագույն ռեժիսորի մրցանակը շնորհվել է Բրեդի Քորբեթին «The Brutalist» ֆիլմի համար (գլխավոր դերերում՝ Էդրիեն Բրոուդի և Ֆելիսիթի Ջոնս):

3.5 ժամանոց այս ֆիլմը պատմում է Հոլոքոսթը վերապրած հունգարացի ճարտարապետ Լեսլո Տոտի մասին, որը գաղթել է ԱՄՆ։ Մի շարք կինոքննադատներ բավականին ջերմ էին ընդունել «The Brutalist»-ը՝ նույնիսկ պնդելով, որ այն պետք է ստանա փառատոնի գլխավոր մրցանակը։ Մրցանակն ընդունելուց առաջ Քորբեթը կատակել է, որ հակիրճությունը երբեք իր ուժեղ կողմը չի եղել, նա շնորհակալություն է հայտնել ժյուրիին՝ իր ֆիլմի տևողությունից չվախենալու համար։

Լավագույն դերասան է ճանաչվել Վենսան Լինդոնը` ֆրանսիական «Jouer Avec Le Feu» («Հանգիստ որդին») ֆիլմում կատարման համար: Սա պատմություն է հոր մասին, որը փորձում է հարաբերություններ կառուցել որդիների հետ։ Պարզվում է, որ նրանցից մեկն աջ ծայրահեղական գաղափարներով է տարված, ինչը բարդացնում է հայր-որդի շփումը:

Venetik, filmfestival, «Jouer Avec Le Feu»

Շատերը կանխատեսում էին, որ լավագույն դերասանի մրցանակը կստանա Դենիել Քրեյգը՝ Լուկա Գուադանյինոյի «Queer» ֆիլմում խաղի համար, սակայն Լինդոնի հանգիստ խաղն ավելի է գրավել ժյուրիի ուշադրությունը:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Նիկոլ Քիդմանը՝ «Babygirl» ֆիլմի համար։ A24-ն այն անվանում է էրոտիկ թրիլլեր։ Ֆիլմը հարուստ կնոջ մասին է, որը սիրավեպ է սկսում իր երիտասարդ աշխատակցի հետ․․․ Եվ որևէ երջանիկ ավարտ այս պատմությունն ունենալ չի կարող։

Nikol Cidman, Venetik, filmfestival

Քիդմանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ «Babygirl»-ը ֆիլմ է ազատության մասին։ Ցավոք, նա չի կարողացել անձամբ ընդունել մրցանակը։ Քիդմանը ստիպված էր հեռանալ Իտալիայից մոր մահվան մասին լուրը ստանալուց հետո։ Դերասանուհու անունից մրցանակը ստացել է ռեժիսոր Խալինա Ռեյնը և բեմից ընթերցել Քիդմանի շնորհակալական խոսքը։

Պատրաստեց Դիանա Գասպարյանը