Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. խելացի են այն ազգերը, որոնք ոչ միայն իրենց, այլև ուրիշների պատմությունից են դասեր քաղում։ Օրինակ՝ 100 տարի առաջ էլ էին թուրքերը փորձում Սյունիք մտնել. Գարեգին Նժդեհը նրանց հետ շպրտեց ու ապացուցեց, որ թուրքերը միայն ուժեղի հետ են հաշվի նստում, ուժի լեզուն են հասկանում։ 100 տարի առաջ էլ թուրքերը փորձել են Ալեքսանդրապոլ մտնել, իսկ Ալեքսանդրապոլում հայերը, իմանալով թուրքերի ցեղասպան մտադրությունների մասին, արել են նույնը, ինչ հիմա ազգի 90 տոկոսն է անում. ապրում է թմբիրի ու անհոգության մեջ՝ անտեսելով կամ չհավատալով թուրքերի նույն ցեղասպան  քաղաքականությանը։

Մեր պատմությանն առերեսվելու, այսօրվա ու երեկվա միջև աղերսներ գտնելու, այսօրվա ու երեկվա հայի կերպարների ցավալի նույնականացման փաստին առնչվելու նպատակով ու նաև պատմությունից դասեր քաղելու հորդորով մի խումբ էնտուզիաստներ փաստավավերագրական խաղարկային ֆիլմ են նկարել։

 

Պարզվում է՝ 100 տարի առաջ էլ են թուրքերը հայերին խաղաղության կեղծ պայմանագիր դեմ տվել։ Եվ ինչպես հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին է այսօր հավատում խաղաղության համաձայնագրին, այնպես էլ այն ժամանակվա հայերն են հույսեր կապել թուրքի հետ հաշտ ու խաղաղ ապրելու պատրանքներին… ու խաբվել են, մորթվել են, հող ու Հայրենիք են կորցրել: Բայց էլի  չեն խրատվել։

Եվ ուրեմն 100 տարի առաջ Ալեքսանդրապոլում տեղի ունեցած պատմական անցքերն էկրանավորելու, հանրությանը դրանց մասին տեղեկացնելու նպատակով էնտուզիաստների խումբը (ռեժիսոր, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, սցենարիստ, դերասաններ, անիմատոր,  պրոդյուսերներ) քիչ բյուջեով, բայց մեծ ասելիքով ֆիլմ նկարելու ձգտումով մեկնել է Գյումրի ու հենց այնտեղ նկարահանել ալեքսանդրապոլյան պատմական իրադարձությունների փաստավավավերագրություն։

«Կեղծ խաղաղության գինը». այսպես է կոչվում ֆիլմը… և՛ վերնագիր, և՛ պատմություն ու մեզ համար նաև կրկնվող ներկա։

Մտահղացման հեղինակը, պրոդյուսերը Հարութ Հարությունյանն է, որը ուղիղ իմաստով նաև կանգնած է այս կինոնախագծի գլխին։ Նա է իր շուրջը համախմբել երիտասարդ մասնագետներին, նրանց վարակել պատմավավերագրություն էկրանավորելու ու ամեն գնով լավ ֆիլմ ստեղծելու ցանկությամբ։ «Կեղծ խաղաղության գինը» նոր ֆիլմի առիթով՝ Kinoashkharh-ի զրույցը Հարութ Հարությունյանի հետ է։

Որոշված էր. պիտի նկարեինք ու վերջ

Ֆիլմում օգտագործել ենք խաղարկային դրվագներ, անիմացիա՝ վավերագրական պատմություն ստանալու համար։ Դեպքերը զարգանում են 1918 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ պետություն չունեինք. Սարդարապատի ճակատամարտը դեռ չէր եղել։ Ֆիլմի ամբողջ տեքստը՝ կադրում և կադրից դուրս, փաստավավերագրություն է՝ վերցված արխիվներից։ Մենք երևի մեկ-երկու նախադասություն ենք ավելացրել, ոչ ավելին։

Kexc xaxaghutyan gin, Harut Harutyunyan, Njdeh, Syuniq, Aleqsandrapol, tuqia, kino, nor documental

Քանի որ պատմական փաստերի հետ գործ ունեինք, պետք էր ամեն ինչ՝ տեղը, ժամանակը բծախնդիր ճշգրտությամբ ներկայացվեր, տեքստ-սցենարը ցույց տվեցի պատմաբան Խաչիկ Ստեփանյանին։ Նրան չէի ասել, որ ֆիլմի տեքստ է։  Կարդաց ու ասաց. «Սա կարծես ֆիլմ լինի, բայց սրա տակ ո՞նց եք մտնելու»։ Ասացի՝ ֆիլմ է ու պիտի նկարենք… արդեն նկարել ենք։

Մեր պատմության մեջ կարևոր էջեր կան, որոնք մինչև հիմա լիարժեք ուսումնասիրված ու ներկայացված չեն։  Մինչդեռ  այդ դասերով պետք է նաև սերունդներ կրթել, որպեսզի ճանաչեն սեփական ազգին, ճանաչեն թշնամուն, իմանան, թե այս կամ այն իրադարձությունն ինչ հանգամանքներում է կատարվել, ինչպես է դրան վերաբերվել ժողովուրդը։

Մենք պարտավոր ենք իմանալ մեր պատմությունը, որպեսզի  մեր սխալները սրբագրենք ու այլևս նույն սխալը չգործենք։

Այն, ինչ ներկայացնում ենք ֆիլմում, շատ նման է այսօրվա իրադարձություններին։ Գործողությունները, քաղաքական իրավիճակը, հասարակական մթնոլորտն այնքան նման են այսօրվան։ Ապշում ես՝ ո՜նց կարելի է… Ուղղակի հայելային կրկնապատկեր։ Այն ժամանակ էլ է խաղաղության պայմանագրի թեմա եղել թուրքերի հետ։ Կարսը հենց դրա պատճառով է հանձնվել, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքեն։ Շատ հետաքրքիր պատմություններ կան Շիրակի թեմի (1914-1924 թթ.) առաջնորդական փոխանորդ   Արտակ Սրբազանի հուշերում, որոնց ֆիլմում անդրադարձել ենք: Սրբազանի հուշերն  ինձ համար հայտնություն էին։

Պարտքով ենք ֆիլմը նկարել, որ հետո գումարը վերադարձնենք

Ուզում ենք տարբերվող, ասելիքով առանձնահատուկ ֆիլմ ունենալ, որը կարողանանք դրսում էլ ներկայացնել։ Հենց սկզբում այդ նպատակն էինք դրել՝ ֆիլմը ցուցադրել տարբեր երկրներում, այդ պատճառով էլ այն եռալեզու է՝ հայերենն ու ռուսերենը՝ հնչյունավորմամբ, անգլերենը՝ ենթագրերով։

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը նախ Ռուսատանում, ԱՄՆ-ում, Կանադայում, այլ երկրներում կցուցադրենք, հետո՝ Հայաստանում։ Այն նկարահանվել է մեր թիմի բյուջեով։ Բնական է, որ ուզում ենք գոնե  ծախսը հանել՝ դրսում ցուցադրելով ու տոմսերի վաճառք կազմակերպելով։ Հայաստանում ոչ մի գործարար չի ուզում պատմական, փաստավավերագրակն  ֆիլմերի վրա փող դնել։ Սերիալ,  շոու լինի՝ խնդրեմ…

Փորձեցինք գոնե Գյումրիի գործարարներին շահագրգռել, որ  հովանավորեն մեր ֆիլմը, դարձյալ չստացվեց։ Որոշեցինք սեփական ռեսուրսներով աշխատել։ Ստեղծագործական կազմին հավաքեցի ու պարզ ասացի՝ փող չունենք,  բայց պիտի այս ֆիլմը նկարենք, պարտքով փող գտնենք՝ պայմանով, որ այն վերադարձնելու ենք։ Եթե ավելին հավաքվի, հաջորդ ֆիլմի վրա կդնենք։

Բյուջեն՝ իր տեղը, բայց ամենակարևորը նույն նպատակին մղված ստեղծագործական թիմն է

Ով նայի այս ֆիլմը, վստահ եմ՝ չի հավատա, որ շատ քիչ գումար է ծախսվել, որովհետև տասնապատիկ ավելի մեծ աշխատանք է արվել, քան բյուջեն է։  Մեր թիմն իսկապես շատ լավն է՝  սրտացավ, պատասխանատվության մեծ զգացումով, նվիրումով, տաղանդավոր մարդիկ են, ու կարծում եմ՝ շատ լավ աշխատանք է ստացվել, որի արձագանքը ստանալու ենք հանդիսատեսից։ Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, որը նկարահանել է նաև «Շուշի. Ամեն» ֆիլմը։  Օպերատորներն են Մուշեղ Մամիկոնյանը և Արցախից Տիգրան Գասպարյանը։ Հնչյունային ռեժիսորը Միքայել  Սարգսյանն է, կոմպոզիտորը՝ Թաթոս Հակոբյանը, համապրոդյուսերը՝ Արմեն Անդրեասյանը։

nor documental film, Harut Harutunyan, Hayastan, Aleqsandrapol, Arpachay, Kars

Պատմական փաստերը երկար ժամանակ տարբեր արխիվներից, այդ թվում՝ ռուսական, հավաքել, ի մի է բերել  Դերենիկ Մալխասյանը։ Դրանք  սցենարի է վերածել Լևոն Գալստյանը։ Հետո Լևոնի հետ վերջնական ու ամբողջական տեսքի ենք բերել ու մտել  նկարահանման հրապարակ՝ նախապես Գյումրիում ընտրելով նկարահանման վայրերը։ Ի դեպ, պատմական միջավայրն այնտեղ բարեբախտաբար պահպանվել է։ Պայտաձև ամրոցում,  հենց սահմանի պռնկին ենք նկարահանումներ արել։

Հիմնական նկարահանումներն ավարտել ենք, հիմա հետարտադրական փուլում ենք։ Կոմպոզիտոր Թաթոսը երաժշտությունն է  գրում, անիմատորն իր աշխատանքն է անում։ Ֆիլմում խաղարկային հատվածներ կան, բայց հիմնականն անիմացիայի վրա է։ Վավերագրությունն այլ կերպ հնարավոր չէր ստանալ։ Խաղարկային կերպարներ ֆիլմում չեք տեսնի, բայց  տեքստին զուգընթաց՝ նրանք կան, օրինակ՝ գեներալ Նազարբեկյանը, զինվորականները, թուրքեր… Որպեսզի ժամանակաշրջանը, միջավայր-մթնոլորտը ճիշտ ստանանք, թատրոններից հագուստ բերեցինք, ռեժիսորը Կարսի  պատմությունը հետաքրքիր լուծումներով է  մատուցել։

Սա քաղաքական ֆիլմ  չէ, պատմական է

Կարծում եմ, որ այս պատմությունը պետք է ներկայացվի նաև Սփյուռքի դպրոցներում, որովհետև  կրթական, ուսուցողական նշանակություն ունի։ Չգիտեմ՝ այսօրվա հայաստանյան իրավիճակում դպրոցներում կհամաձայնե՞ն ցուցադրել 100 տարի առաջ տեղի ունեցածը, որ այսօրվա ճիշտ կրկնությունն ու նախադեպն է՝ կեղծ խաղաղության պայմանագիր, Կարսի հանձնում, զինված թուրքերը՝ Ալեքսանդրապոլի մատույցներում՝ Արփաչայի ափերին։ Իսկ Ալեքսանդրապոլում մարդիկ ապրում էին  այնպես, ինչպես այսօր՝ Կասկադում, երբ Տավուշում հողեր են հանձնվում, թշնամին էլ ամեն վայրկյան նոր պահանջ ու սպառնալիք է ուղարկում։ Ալեքսանդրապոլում էլ, ինչպես հիմա մեզ մոտ, ասում էին՝  Եվրոպան չի թողնի, որ թուրքը մտնի քաղաք։

exc xaxaghutyan gin, Harut Harutyunyan, Njdeh, Syuniq, Aleqsandrapol, tuqia, kino, nor documental

Երբ  թուրքերը մեկ օրով հետ են քաշվում, Ալեքսանդրապոլում ուրախանում են, թե տեսա՞ք՝ Եվրոպան թույլ չտվեց թուրքերին առաջ գալ, «Երևանում նստած մեր ներկայացուցիչները լավ աշխատեցին եվրոպացիների հետ»։  Բայց թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, այն ժամանակ էլ են նրանք ուզել այն, ինչ հիմա են ուզում։ Հիմա դրա անունը «Զանգեզուրի միջանցք» է, այն ժամանակ մեր հայրենիքից մի հսկա տարածք է եղել, որպեսզի թյուրքական ցեղերի հետ ցամաքային կապն ապահովվի։

Հետո եղավ Սարդարապատի հերոսամարտը, Առաջին Հանրապետության հռչակումը, հետո ավելի սոսկալի դեպքեր եղան 1920-ին։ Ունենք նկարահանված կադրեր հենց Ջարդի ձորում, որտեղ  1920 թվականին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորած քեմալական թուրքերի կողմից: Ֆիլմն ավարտվում է այնպես, որ տեղ ենք թողնում շարունակության՝ հաջորդ պատմական ֆիլմի համար։

Մարդու հագուկապը, տեխնոլոգիաները, միջոցներ են փոխվել, բայց մարդը չի փոխվել

Եթե կինոդահլիճում 10 հոգու կարողանանք ստիպել մտածել, ներկայի ու անցյալի միջև զուգահեռներ տանել, հաղթանակ կհամարենք։ Այսօր իրականությունը ներկայացնելու ոչ մի հնարավորություն չունենք. ինչո՞ւ է մեր հսկայական Հայրենիքից մի թզաչափ մնացել։

Այն ժամանակ Կարսի դիրքերը պաշտպանող զինվորներին կոմունիստների թռուցիկներն էին  բաժանում՝ գրված՝ «ներկայիս Թուրքիան մեր իմացած Թուրքիան չի, նրանք գալիս են մեզ օգնելու»։ Հիմա նույն ինֆորմացիան 100 տարի հետո տարածում են սմարթֆոններով։ Այն ժամանակ էլ թուրքերը Անդրկովկասյան սեյմի հետ էին կնքում  «խաղաղության պայմանագիրը»։ Հրամանը գալիս է՝ Կարսը հանձնեք, դուրս եկեք։

Հայերը Կարսում թողել են ահռելի քանակությամբ զենք՝ 3 000 թնդանոթ, 3 000 արագահարված զենք, 100 000 համազգեստ, 100 000 միավոր ուտելիք, 15-17 000 ձի, 10 000 հրացան, մեծ քանակությամբ փամփուշտ,  կառքեր, մեքենաներ, ինչպես մենք 100 տարի հետո Արցախն ու Արցախում 5 միլիարդ դոլարի զենք թողեցինք թուրքին։  

Այն ժամանակ էլ էին եվրոպացիները «մեր մեջքին կանգնած», հիմա էլ։ Այն ժամանակ ԱՆՏԱՆՏ-ն էր, հիմա՝ ՆԱՏՕ։ Ու կեղծ խաղաղության գինը եղավ Կարսի հանձնումը, հայերի կոտորածներն ու անվերջ, անվերջ կորուստները…

Սա է 100 տարի առաջվա պատմությունն ու 100 տարի հետո իրականությունը։

Զրույցը՝ Նաիրա Փայտյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12