Ջաֆար Փանահի․«Ոչ մի արջ»
Իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի անդրանիկ աշխատանքը 1995 թվականին ստեղծված «Սպիտակ փուչիկն» է: Տասներորդը և վերջինը՝ «Ոչ մի արջը», ցուցադրվեց քսանմեկերորդ «Ոսկե ծիրանի» վերջին օրը, ռեժիսորն իր երկրում անազատության մեջ մնալուց ու երկար արգելափակումից հետո հյուր էր հյուրընկալ Հայաստանում։
Քսանմեկ տարին անընդմեջը («Ոսկե ծիրանի» տարիքը) արդեն լուրջ ավանդույթ է, և մարդիկ ունեն իրենց նախասիրած փառատոնային կինոն՝ կորեական, ճապոնական, չինական, իրանական: Տարիներ են եղել, որ երկու տասնյակի հասնող թուրքական, անգամ՝ ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրվել, այս տարի կարծես՝ ոչ մի։ Իրանական ֆիլմերը մեր կինոփառատոնում միշտ յուրատեսակ են, տարբեր, սիրված, նաև հաղթող։
Ուրախալի ու տխուր էր, որ այս տարվա սպասված լավագույն ֆիլմը հայկական էր՝ Շողակաթ Վարդանյանի «1489»-ը։
1960 թվականին ծնված Փանահիի՝ «քաղաքային, արդիական և մարդկային կեցության մանրամասներով հարուստ» ֆիլմացանկին բացառիկ հմայք է տալիս այն, որ ռեժիսորի տասը ֆիլմից իննը արգելվել են երկրում, սակայն տասն էլ արժանացել են միջազգային մրցանակների։
Երևանում փառատոնային հանդիպման ժամանակ Փանահին իրեն անվանեց «սոցիալական կինոռեժիսոր», նրա կինոն ձևի լիակատար ազատության և հետհեղափոխական Իրանում հակասություններին առնչվող խնդիրների մշտական քննության միաձուլումն է։ Հանդիպմանը ներկա կինոքննադատ Անտոն Դոլինը իրանցի ռեժիսորի մասին գիրք է հեղինակել՝ «Անհնազանդության ակտ․ Ջաֆար Փանահիի ֆիլմերը»։ Կինոքննադատը ռեժիսորի հետ դեմ-դիմաց զրույցում ասաց, որ «իբրև կինոքննադատ, որի երկրում միշտ է գոյություն ունեցել գրաքննություն, իր համար շատ կարևոր է խոսել մի ռեժիսորի մասին, որը սեփական հայրենիքում մարտահրավոր է նետել գրաքննությունը»։
Փանահիի լուռ ու բարձրաձայնված արձագանքն էր՝ սա ես եմ։
Ինչո՞ւ է շարունակում Իրանում ֆիլմեր նկարել, ինչու չի հեռանում Իրանից, ինչպե՞ս է հաջողում նկարահանել նման պայմաններում հարցերի շարքին ռեժիսորը մեկ կռվան ու պատասխան ունի․ «Ես սիրում եմ Իրանը, ինձ այլ տեղում չեմ պատկերացնում»։
Փախուստ ամեն տեղից
«Ոչ մի արջ» ֆիլմում իրանական սահմանամերձ գյուղում ժամանակավոր ապաստան գտած ռեժիսորը (գյուղապետը ընկերոջ ծանոթն է) ցուցումներ է տալիս և հետևում Եվրոպա փախչելու հերթական փորձն անող զույգի մասին ֆիլմի նկարահանումներին։ Սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչպես է հաջողում նման պայմաններում ֆիլմ նկարահանել։
Փախստավայր գյուղը սահմանից կես ժամվա ճանապարհի վրա է, և վարձակալ ռեժիսորը անսպասելի ու ակամա հայտնվում է գյուղը փոթորկող պատմության կենտրոնում։ Գյուղի երիտասարդ սիրահարները պատրաստվում են փախուստի, և միայն սահմանը հատելը փրկի նրանց կյանքը։ Մահացու մեղքն ու գլխավոր խոչընդոտը հին ավանդույթը խախտելն է՝ աղջիկը համարձակվել է սիրահարվել, կամ չի ընտրել գյուղի այն երիտասարդին, ում անունով «ծննդյան պահին կտրել են պորտը»։
Եվ միակ ապացույցը, որ նրանք իսկապես միասին են, ռեժիսորի համակարգչի մեջ է, երբ պատահաբար նկարել է զույգին, միակ վկան էլ՝ տասնամյա տղեկը։ Դրամատիզմը և ճակատագրականությունը մուտք են գործում ու փոթորկում ասես դանդաղ, հազարամյա անխախտ ռիթմով ու առօրյայով ընթացող գյուղի կյանքը, ռեժիսորը դիրքավորվում է սիրո և նահապետականության վտանգավոր խաչմերուկում։ Մի կողմում զույգն է, մյուսում՝ գյուղի ազդեցիկ մեծերը գյուղապետի գլխավորությամբ և կատաղի վրեժով լցված մերժվածը։
Ֆիլմի սյուժեն զարգանում է ոչ միայն զուգահեռների, այլև հակադրության մեջ։ Ժամանակակից սրճարան, ազատ հագուկապով ու ամենուր հնչող երաժշտությամբ աղմկոտ քաղաքային միջավայր, և գերանակապ, ասես ժայռափոր տներ, տանիքներ կամ կտուրներ, որոնց վրայով քայլում են և ապրում, մարդիկ էլ դարսդարսված փեշերի ու գլխաշորերի տակ փաթաթված են այնպես, որ դժվար է տարիք ու կազմվածք զանազանել։
Փանահիի ֆիլմում յուրաքանչյուրն իր ճշմարտությունը կրող հյութեղ կերպարներ են, իր միջավայրում արդար է անգամ նախասահմանված, վրեժի մոլուցքով սիրահարը։ Երիտասարդը մահացու խոցված է, իր երջանկությունն են գողանում, աղջկա խոսք ու կարծիք, զգացմունք գոյություն չունի, գյուղապետը, հորեղբայրներն ու ազդեցիկները պիտի ապացուցեն մեղքը և վերականգնեն ավանդույթը։ Աղջիկը պատկանել է ուրիշին՝ իրեն, իր ծննդյան պահից, և ինքը մինչև երեսուն տարեկանը սպասել է, էլ ո՞վ իրեն կուզի։
Սահմանը հատող, արտասահման անցնող սիրահար զույգերի պատմությունները առանձին- առանձին են զարգանում։ Եթե առաջին՝ նկարահանվող ֆիլմի զույգի դեպքում առաջին պլանում երկուսն են, մյուսները՝ վարձակալ ընկերները, սահմանի մաքսանենգները, աղմկոտ քաղաքն ընդամենը ֆոն են, ապա երկրորդ դեպքում մեծ կտավով գյուղն է, և ողբերգական սիրահարները ֆոն են կարծես։ Գյուղի գեղեցկուհուն չենք տեսնում՝ նկատել, թե չի նկատել օբյեկտիվը, ընդամենը գիշերային մթության մեջ ռեժիսորին ուղղված հևիհև խոսքը կա․ «Մի քանի օրից հեռանալու ենք, փրկեք մեր սերն ու մեր կյանքը»։
Նկարահանվող ֆիլմի աղջիկը՝ Զարան (Մինա Քավանի) բնականից շքեղ է, երկարավարս, ժամանակակից, գաղափարական, սկզբունքային։ Զարան տասներկու տարի պայքարել է, մի քանի անգամ բերդ է նստել։ Տաղանդավոր է նաև երգի մեջ, որը մեղմաձայն ծորում է հրաժեշտի երեկոյին։ Կերպարանափոխված անգլուհու՝ իրեն չսազող գորշ կոստյումով ու տղամարդկային կարճ սանրվածքով, վերջին պահին հրաժարվում է միայնակ մեկնել։
Սիրահար Բախտիարը (Բախտիար Փանջեի) տարօրինակ երկայնահասակ է, շփոթված քայլվածքը հուշում է, որ իր հասակն անգամ չի կարողանում կառավարել բարակ ոտքերի վրա։ Ուղեկորույս՝ առանց զույգի, ինչպես Զարան է ասում՝ «կկորչի մենակ», անգամ ինսուլին ինքնուրույն չի արող սրսկվել։
Վավերագրականի ու խաղարկայինի անտեսանելի բաժանարար գիծը վերաբերում է նաև դերասանների խաղին՝ այնքան լավ են խաղում, որ թվում է թաքուն նկարել են՝ իրենց իսկ բնակավայրում և հարազատ միջավայրում։ Այդպիսին են նաև գյուղի գլխավոր կերպարները․ ռեժիսորի տանտեր Ղամբարն (Վահիդ Մոբասերի) ու գյուղապետը։ Գյուղի բարքերն էլ էկզոտիկայի և իրականի սահմանագծում են․ հյուրընկալ տանտիրուհին թոնրի մեջ կավամանով ապուր է տաքացնում՝ ինչպես հազարամյակներ առաջ։ Հնուց փորձված թուրմեր ունի, որ անհասկանալի է, դժկամությամբ թե սիրահոժար, դրանց զորությանը հավատալով խմում է փախստական, ծպտյալ, գաղտնի՝ ի լուր աշխարհի ռեժիսորը։
Ֆիլմ ֆիլմի մեջ սյուժեն՝ սիրային դրամա, սոցիալական անարդարություն,հետամնաց ավանդույթներ, փակ սահմաններ, այդ սահմանները գումար վաստակելու միջոց ու ելք՝ անելանելիությունից, զուգահեռ է զարգանում և ավարտվում համաժամանակյա ողբերգությամբ։
Գյուղի զույգը մահացու վտանգի տակ է առջևից ու հետևից, կրակոցը, որ պիտի լիներ, սահմանը հատելիս ու թիկունքից եղավ։ Զարան ինքն է վերջ դնում տասնամյակների պայքարին։
Գլխավոր ինտրիգը ռեժիսորի երդումն է, որ չի նկարել երկուսին՝ իբրև դավաճանության ապացույց։ Ֆիլմում մեկ անգամ է արջերի մասին հիշատակվում, որ դեպի երդմնարան ճանապարհին արջեր կան, ինչը հորինվածք է կամ հուշում՝ չերդվելու, վտանգավոր ճշմարտությունը մարդկանց առաջ չբացելու։
Արջի ալեգորիան խաղարկել է նաև Ջաֆար Փանահին, ասես սղելով «ոսկե» բառը։
Կյանքի այս եռանկյունում բոլորը փախստական են կամ դառնալու են՝ ռեժիսորը, զույգերը, և բոլորին միավորում է ֆիլմի հեղինակը։ Սա հետաքրքիր է և վավերագրական հավաստիության էֆեկտ է տալիս սոցիալական ռեժիսորի լավ, մինչև վերջին մանրուքը մտածված խաղարկային ֆիլմին, ուստի պատահական չեն մրցանակները։ Մի քանի տարում՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում՝ ժյուրիի հատուկ մրցանակ, «Արծաթե հայելի» մրցանակ՝ Օսլոյի «Հարավից բերված ֆիլմեր» փառատոնում, Չիկագոյի կինոփառատոնում՝ կինեմատոգրաֆիական քաջության համար մրցանակ, Լավագույն ֆիլմ՝ Իտալիայի կինոքննադատների ազգային սինդիկատի մրցանակ։
Հեղինակն արդար, չեզոք հայացք ունի կերպարների հանդեպ, միակ «զանցանքը» հումորն ու դրության աբսուրդը սրելն է, ինչը թեթևացնում է ֆիլմի սոցիալական մթնոլորտը։ Հնարավորության դեպքում պետք է դիտել Փանահիի «Ոչ մի արջը»․ բնական միջավայր ու բնական խաղ՝ ֆանտաստիկայի հասնող գունեղությամբ, էկզոտիկայի ու առօրյայի միահյուսում և բազմաճյուղ եզրահանգում։
Գայանե Մկրտչյան
թատերագետ, 2024թ․