Հայկական կինոյի 100-ամյա ընթացքի առհավատչյան արտադրված ֆիլմերն են, այն ժառանգությունը, որով հպարտորեն ներկայանում ենք համաշխարհային հարթակներում։ Սակայն այդ կինոժառանգության մասին համապարփակ տեղեկատվություն չենք ունեցել՝ հայկական առաջին ֆիլմի նկարահանումից ի վեր ինչպիսի տարեգրություն է եղել։

Այդ բացը լրացնելու նպատակով Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմվել և 2000 թվականին լույս է ընծայվել  «Հայկական կինո 1924-1999» եռալեզու առաջին կատալոգը։ Երկրորդ հրատարակությունը՝ առաջինի ավելի համալրված, լարմշակված  տարբերակով և ավելացրած մինչև 2008 թվականը նկարահանված ֆիլմերի մասին տեղեկություններով, լույս է տեսել 2009 թվականին։

 Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ու ԿԳՄՍՆ դրամաշնորհով նախագիծը շարունակվել է, և այս տարի տպագրվել է «Հայկական կինո 1924-2023» երրորդ կատալոգը։

Կինոկատալոգի համար հիմք են հանդիսացել Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Հայֆիլմի», վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիայի, «Երևան» ստուդիայի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվները, Հանրային հեռուստաընկերության,  ինչպես նաև հայկական անկախ կինոարտադրողների և կինոստուդիաների  տրամադրած
տեղեկատվությունը։

«Հայկական կինո 1924-2023» երրորդ կատալոգը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։ Տպագրվել է 500-ական օրինակով։

Kinoashkharh.am-ը Կատալոգի երրորդ վերահրատարակման ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանի հետ զրուցել է  հայկական կինոյի տարեգրությունը կազմելու, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու խնդիրների մասին։

Ֆիլմերը պետք է «անձնագիր» ունենան

Անհրաժեշտ էր յուրաքանչյուր ֆիլմի մասին ամբողջական տեղեկություն տալ՝ որ թվականին է նկարահանվել, տևողությունը,  եթե ժապավեն է՝ մետրաժը, սև-սպիտա՞կ է, թե գունավոր. տեխնիկական բոլոր հարցերի պատասխանները։ Մասամբ օգտվել ենք Դանիել Դզնունու ֆիլմոգրաֆիայից։ Ինչպես հայտնի է, նա 1960-ականների սկզբին կազմել է 1924-ից հետո՝ 35 տարվա ֆիլմերի ցանկը, ինչպես նաև հայ կինոյին վերաբերող գրքերի ու հոդվածների մատենգիտությունը։

Մեր հրատարած կատալոգում ֆիլմերը խմբավորված են ըստ տեսակների՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն, ըստ արտադրության տարիների՝ այբբենական կարգով ներկայացված են ֆիլմերի անվանումը, արտադրող ստուդիան, ժանրը, տևողությունը, նկարահանող խմբի կազմը, դերասանների ու նրանց մարմնավորած դերերի անունները, բովանդակության համառոտ ծանոթագրությունը։

Խորհրդային տարիներին նկարահանված ֆիլմերի մասին բնագրերը  մեծ մասմաբ ռուսերն են. դրանք թարգմանել ենք, մի շարք անճշտություններ կային, դրանք ենք ուսումանսիրել, հստակեցրել։ Ամենաբարդ խնդիրն անունները ճշտելն էր, որովհետև ռուսերեն գրված է անվան առաջին տառը՝ А.։ Չգիտես՝ Անո՞ւշ է, Հայկանո՞ւշ է, թե այլ անուն։ Այս խնդիրները  հատկապես առաջին կատալոգի ժամանակ առաջացան։ Հիմնական ծանրությունն ընկած էր խմբագրի՝ Միքայել Ստամբոլցյանի վրա։ Ամբողջ թիմն աշխատել է՝ հավաքագրելով տեղեկությունները՝ ըստ ֆիլմերի տեսակների՝ վավերագրական, խաղարկային, անիմացիոն։

Երկրորդ կատալոգում մենք ներկայացրինք մինչև 2009 թվականը նկարահանված ֆիլմերի ցանկը՝ սկսած դարձյալ 1924 թվականից։ Դրանք արդեն լրամշակված, ճշտված տեղեկություններ են։ Երրորդ կատալոգում ներառված է նախորդ երկուսի բովանդակությունը՝ ավելացրած 2009-2023 թթ. նկարահանված ֆիլմերի ցանկն ու տեղեկությունները։ Ինչպես գիտեք,  վերջին 10-15 տարում հաճախակի են դարձել համարտադրությունները։ Կատալոգում ներառված են նաև համարտադրությամբ նկարահանված ֆիլմերն ու դրանց մասին տեխնիկական տեղեկություններ։

Կատալոգ՝ առանց ֆիլմերի մրցանակների տեղեկության 

Իհարկե, լավ կլիներ, որ մրցանակների մասին ևս տեղեկություններ ունենայինք, բայց ոչ բոլորի  մասին  է հնարավոր այդպիսի ինֆորմացիա հավաքել։ Պետական աջակցությամբ նկարահանված ֆիլմերի մրցանակները գրանցվում են, բայց մասնավորի ուժերով նկարահանվածներինը ոչ մի տեղ չի հավաքագրվում։ Կամ պետք է բոլորի մասին տեղեկություն տայինք, կամ՝ ոչ մեկի։ Բացի այդ, մրցանակների մասին տեղեկությունները ներառելով՝ կատալոգի ծավալը անհամեմատ կմեծանար, առանց այդ էլ այն 500 էջից ավելի է։

Ցավոք, մեր պրոդյուսերները ֆիլմերի, այսպես ասած, անձնագիրը կազմելիս միշտ չէ, որ փառատոներին մասնակցելու տարեթվերը նշում են։ Պատահել է, որ պրոդյուսերն ասել է՝ ֆիլմն այսինչ փառատոնում  մրցանակ է շահել։ Մտել ենք իր նշած փառատոնի կայք. այդ ֆիլմի անունն էլ չկա, մրցանակն էլ։ Հաճախ անհասկանալի, անորոշ փառատոների անուններ են տալիս, իսկ աշխարհում հազարավոր փառատոներ կան, բայց, բնական է, որ դրանց փոքր մասն ունի  հեղինակություն ու վաստակած  անուն։

Այս ամենը  շատ տարերային բնույթ է կրում ու կանոնակարգված չէ,  մանրակրկիտ ստուգելու կարիք կա։

Պրոդյուսերները ոչ միշտ են բարեխիղճ ու հետևողական

Հեռու չգնանք. վերջին կատալոգի հրատարկության  օրինակը բավական է։ Ձևանմուշը  կազմել էինք ու տարածել  «Ոսկե  ծիրանի» կայքով, Կինոկենտրոնի միջոցով, հնարավոր տարբեր խողովակներով՝ ակնկալելով, որ պրոդյուսերներն այդ ձևանմուշը լրացնեն ու իրենց ֆիլմերի մասին անհրաժեշտ տեղեկությունները մեզ ուղարկեն։ 3 ամիս ժամանակ էինք տվել։ Պրոդյուսերների մի մասը  վրիպակներով, ոչ ամբողջական է  լրացրել կամ չի  էլ լրացրել ձևանմուշը։ Դեռ լավ է, որ ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է Կինոյի հիմնադրամի (Հայաստանի ազգային կինոկենտրոն), «Հայկ» ստուդիայի կամ Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ, ու այնտեղից հնարավոր է եղել անհրաժեշտ տեղեկություններ հավաքել ֆիլմերի մասին։ Անկախ ֆիլմարտադրողների դեպքում այդ ինֆորմացիան շատ դժվարությամբ ենք հավաքագրել։  Թվում է՝ իրենք պետք է շահագրգռված լինեն, որ իրենց ֆիլմերի մասին ինֆորմացիա տպագրվի։ Մենք արել ենք ամեն ինչ, որ հնարավորինս բոլոր ֆիլմերը, ըստ տարիների,  ներառված լինեն Կինոկատալոգում։

Կատալոգը՝ համացանցում

Հայկական կինոյի մասին ինֆորմացիայի պահանջարկն աշխարհում մեծ է։ Օրինակ՝ Եվրիմաժն ինֆորմացիա է ուզում՝ Հայաստանում տարեկան քանի՞ ֆիլմ է նկարահանվում։ Հստակ թիվ չկա, որովհետև պետական աջակցությամբ ֆիլմերի թիվը հայտնի է, բայց անկախ ֆիլմարտադրողներինը դժվար է հաշվել ու հստակ իմանալ, դա ոչ մի տեղ չի արձանագրվում։

Կարևոր է, որ այս ամբողջ տեղեկությունը անգլերեն հասնելի լինի։ Այնպիսի կայք պետք է ստեղծենք, որ Կատալոգում ներառված ինֆորմացիան մարդիկ կարողանան հեշտությամբ գտնել։ Կինոյի հիմնադրամի նորանշանակ տնօրենի հետ արդեն խոսել ենք, որ մեր կատալոգը Հայկական կինոյի ռեեստրի համար հիմք դառնա։

Պետք է մտածել՝ ինչպես շահագրգռել կամ ստիպել անկախ պրոդյուսերներին, որոնք պետությունից գումար չեն ստանում, իրենց ֆիլմերի մասին տեղեկություն և ֆիլմից մեկ օրինակ տրամադրեն պետությանը, օրինակ՝ Կինոյի հիմնադրամին։

Մտադիր ենք Կատալոգը տարածել ակադեմիական, բուհական հաստատություներում, գրադարաններում, կնվիրենք «Ոսկե ծիրանի», «Ծիրանի ծառ» փառատոների հյուրերին։ Կատալոգը  կարող է ուսումնասիրողների, հետազոտողների համար աղբյուր հանդիսանալ։ Կինոգետներն  այստեղից ինֆորմացիա վերցնելով՝ կարող են  հայ կինոյի համեմատական պատմությամբ զբաղվել, վերլուծական, կինոգիտական ու քննադատական աշխատանք կատարել։

Մենք  մեկ այլ խնդիր էլ ունենք. օտարազգի կինոգործիչները մեծապես հետքրքրված են Կինոկատալոգում ներառված հայկական ֆիլմերով և մշտապես հարց է առաջանում,  որտե՞ղ գտնել այս կամ այն ֆիլմը։ Ցավալի է, բայց մեր ամբողջ կինոժառանգությունից երևի 20-25 խաղարկային ֆիլմ է վերականգնվել։ 1924 թվականից սկսած՝ մի ամբողջ կինոժառանգություն դեռ մնում է  արխիվում՝ ժապավենների վրա։ Օրինակ՝ Համո Բեկնազարյանի «Պեպոն», որ անգնահատելի արժեք է, ցուցադրվում է  վատ որակով, չի վերականգնվել։ 2025-ին այդ ֆիլմի 90 ամյակն է, ֆիլմը վերականգնելու մտադրություն կա։ 1924-2000 թվականներին  320 ֆիլմ է նկարահանվել։ 85 տոկոսը՝ ժապավենի վրա, որոնք վերականգնված չեն ու կիրառելի չեն։ Իսկ այն, ինչ ցուցադրվում է, դարձյալ վերականգնված չէ ու վատ որակ ունեն։ Ժամանակին ժապավենով ցույց են տվել սպիտակ էկրանին ու VHS տեսախցիկով պատկերը նկարել։ Ժամանակի ընթացքում դա էլ, բնականավար, որակից ընկել է։

Հայկական կինոժառանգության 85 տոկոսը վերականգնված չէ

Մի ուրիշ ցավալի խնդիր էլ կա՝ 1960-ականներին որոշ ֆիլմեր «վերականգնվել են»։ Բայց ինչպե՞ս. նոր հնչյունավորում են արել, իսկ բնօրինակ ձայնը  ջնջել են։

Այս Կատալոգը հայ կինոյի ժառանգության պահպանման, վերականգնման մեծ աշխատանքի սկիզբնաքարն է՝ տեղեկության հավաքագրում, որը ներառում է 1924-2023 թվականներին նկարահանված ֆիլմերի ցանկն ու անհրաժեշտ ստույգ տեղեկությունները։ Այդ վայրը, հարթակն արդեն  կա. ցանկացած ոք կարող է, օրինակ՝ իմանալ, թե 2020 թվականին վավերագրական քանի ֆիլմ է նկարվել, որոնք են դրանք և այլն։ Կամ հետաքրքրում է, թե այսինչ ռեժիսորն  ինչ ֆիլմեր ունի. Կատալոգը տալիս է ամբողջական ինֆորմացիա։

Ավելացնեմ, որ նախորդ երկու հրատարակության նախաբանի հեղինակն էր պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը։ Ի հիշատակ անվանի կինոգետի՝ երրորդ կատալոգը կազմելիս որոշեցինք Սուրեն Հասմիկյանի նախաբանը վերահրատարակել։

Նաիրա Փայտյան