Այսօր՝ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է։ Ուղիղ տասը տարի առաջ արված այս զրույցը չի կորցրել իր արդիականությունը․․․
ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանը Գորիսի թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, երբ հանկարծ մի գիշերվա մեջ մտավ կինոաշխարհ. «մեղավորը» Մանարյանի եղբայրն էր` կինոռեժիսոր Արման Մանարյանը: Երբ գրեց իր առաջին` «Տժվժիկ» ֆիլմի սցենարը, միանգամից երկու ֆիլմի սցենար գրելու պատվեր էլ ստացավ. այդպես կյանքի կոչվեցին նաև «Տերն ու ծառան» ու «Դեպք ցուցահանդեսում» ֆիլմերը: Այնուհետև կինոն գրավեց Մանարյանին ու սկսեց հանդես գալ նաև որպես դերասան: «Կարինե» (1967 թ.), «Քաոս» (1973 թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.)` ֆիլմեր, որոնցում ոչ թե խաղացել, այլ, ինչպես ինքն է ասում, ձուլվել է կերպարին ու որոշ ժամանակ անգամ ապրել կերպարի կյանքով:
– Մուտքը կինո ինչպե՞ս ստացվեց, ու առհասարակ ինչի՞ց է գալիս կինոյի հանդեպ սերը:
– Կինոն հետաքրքիր արվեստ է, այն գրավում է մարդկանց: Իմ կինոաշխարհ մտնելու «մեղավորը» եղբայրս էր` Արման Մանարյանը: Արմանն ավարտել էր կոնսերվատորիան, հետո գնացել էր Մոսկվա կատարելագործվելու, բայց բանակից վերադառնալուց հետո որոշեց կինոինստիտուտում սովորել: Պետք է նախադիպլոմային աշխատանք գրեր, դասախոսը` անվանի կինոռեժիսոր Գրիգորի Ռոշալը, խորհուրդ էր տվել, որ Հայաստանում նկարահանի իր ֆիլմը: Արմանն էլ հետևել էր Ռոշալի խորհրդին ու եկել Հայաստան, բայց ինչ-որ բան չէր ստացվել, ու որոշել էր հետ վերադառնալ: Ես այդ ժամանակ Գորիսի թատրոնի գլխավոր ռեժիսորն էի: Մայրս ասել էր եղբորս, որ գա ինձ տեսնի ու նոր գնա Մոսկվա: Արմանն առավոտյան օդանավով եկավ, հանդիպեցինք, հաջորդ օրն առավոտյան պետք է մեկներ: Նա հիասթափված էր, ասաց, որ ուզում է «Տժվժիկը» կինոյի վերածել, բայց չի ստացվում: Քաղաքային գրադարանը մեր թատրոնին կից էր, և ես վերցրի «Տժվժիկը», որ այնուամենայնիվ աչքի անցկացնեմ: Երեկոյան, երբ Արմանը պառկեց քնելու, գրիչը ձեռքս առա ու առավոտյան եղբորս հանձնեցի «Տժվժիկի» սցենարը: Հետո Արմանի ընկերը` Դմիտրի Կեսայանը խնդրեց, որ իր համար գրեմ «Տերն ու ծառան», գրեթե նույն ժամանակ Ներսես Հովհաննիսյանը ցանկացավ, որ իր համար էլ ինչ-որ բան գրեմ, և ես գրեցի «Դեպք ցուցահանդեսում» ֆիլմի սցենարը: Փաստորեն կարճ ժամանակահատվածում երեք սցենարի հեղինակ դարձա:
– Այնուհետև սցենարիստից սահուն անցում արեցիք դերասանական փուլ: Երվանդ Մանարյան դերասանին հիշելիս միանգամից «Հարսնացուն հյուսիսիցն» ենք մտաբերում:
– Սկզբում նկարահանվեցի Արմանի «Կարինե» ֆիլմում, որտեղ ես խաղում եմ լուսանկարչի դերը. փոքր, բայց հաջող դեր է: Սցենար գրելը թողեցի, քանի որ բնավորության գիծ է` եթե մի քանի լավ գործ արել ես, կանգ առ: Այնուհետ Ներսեսն առաջարկեց խաղալ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում: Ներսեսը շատ խորամանկ էր, նա գիտեր` ինչ է անում, ինչի վրա է անհրաժեշտ նշան բռնել և երբ կրակել, որ անվրեպ լինի: Կերպարը, ըստ երևույթին, հաջող ստացվեց. ասում եմ` ըստ երևույթին, որովհետև այնքան հարազատ էր կերպարն ինձ, որ «ձուլվել» էի նրան: Երբ կնոջս հետ ֆիլմի պրեմիերային գնացինք, վերջում կինս ասաց, թե այս ֆիլմը ինձ մեծ համբավ է բերելու: Ես ոչինչ չասացի, դե, կին է, ամուսնուն հաճոյախոսում է, բայց հետո պարզվեց, որ դա հաճոյախոսություն չէր: Իմ դերասանական սկիզբն էր երևի պատճառը, որ ֆիլմում իմ կերպարը ստացվեց, քանի որ շատ էի հարազատացել կերպարի հետ, իսկ Ներսեսը հիանալիորեն օգտագործեց այդ հանգամանքը: Ներսեսը մեզ հետ շատ մարդկայնորեն էր աշխատում, և արդյունքում շատ հարազատ ու անբռնազբոս միջավայր ստեղծվեց, և այդ միջավայրում բոլորս հանգիստ աշխատում էինք` ինչ-որ չափով նույնիսկ չանդրադառնալով այն փաստին, որ կինո ենք նկարում: Ավելին, ես և Ջիգարխանյանն անկարգություններ էինք անում, չնայած մեծ, հասուն մարդիկ էինք: Ջիգարխանյանը սոսկալի զբաղված էր այդ տարիներին, գալիս էր շատ հոգնած և մի քիչ ջրիկանում էր հայկական միջավայրում: Անհամանում էինք, հիմար կատակներ անում, Ներսեսի հոգին ուտում, բայց նա էլ հանդուրժում էր, որովհետև այդ բոլորի արդյունքը եղավ այն, ինչ տեսնում եք ֆիլմում. ոչ մի տեղ չի զգացվում, որ այդ մարդիկ դերասաններ են և կատարում են ռեժիսորի պահանջները:
– Հին կինոները ինչո՞ւ չեն հնանում, ի՞նչն է հին կինոների հաջողության գրավականը:
– Չէի ասի` բոլորը, բայց մեծ մասամբ, այո, հին կինոները հաջող են, և դա ստեղծագործողի և հասարակության փոխհարաբերության արդյունք է: Ստեղծագործողը մտածում է ոչ թե իր մասին, այլ այն ամենի, ինչ հանձնում է դիտողին: Սա շատ կարևոր հանգամանք է, երբ դու մի բան ես անում ոչ քեզ ցույց տալու համար: Մենք հիանալի ֆիլմեր ունենք, բայց երբ դիտում ես, զգում ես` ինչ-որ պատնեշ կա քո և ֆիլմի միջև, ինչ-որ բան քոնը չէ, քեզնից հեռու է, մտացածին է մտածողությունը, հոգեբանությունը, մոտեցումը, խնդիրների լուծման եղանակը: Ֆիլմը պետք է անմիջական կապ ստեղծի կյանքի և հանդիսատեսի միջև, այդ դեպքում ֆիլմի կյանքն էլ է երկար լինում: Ես, օրինակ, խուսափել եմ շատ ֆիլմերում նկարահանվելուց, թեև հրավերներ եղել են: Վախեցել եմ, որ կարող եմ անել մի բան, որը հանկարծ այն արդյունքը չտա, ինչը բոլորն ինձնից սպասում են:
– Կինոյին վերագրվող դերը մեր օրերում մի տեսակ չի՞ փոխվել:
– Իհարկե, փոխվել է, հեռուստատեսությունը շատ բան փոխեց. ժամանակները փոխվում են, այդպես է: Նստում ես տանը և ամբողջ աշխարհի անցուդարձից տեղյակ ես, կարծես քեզ զգում ես գործընթացներին մասնակից: Եթե ստեղծագործող ես, առավել ևս: Երբ հեռուստատեսությամբ տեսնում ես աշխարհի որ ծայրում ինչ է կատարվում, ակամա զուգահեռներ ես անցկացնում քո միջավայրի հետ, որոնք հետո իրենց ազդեցությունն են թողնում քո ստեղծագործության վրա: Մյուս կողմից` մենք չենք կարողանում ազատ մուտք գործել դրսի աշխարհ, նրանք մտածողության ուրիշ ճանապարհներով են գալիս ու ինչ-որ կետի հասնում, մենք` ուրիշ: Շնորհալի մարդը մարգագետնում հազիվ նշմարվող ծաղիկ է դարձել, բայց այդ ծաղիկը միշտ կա:
– Խմբագիր երևույթը ինչո՞ւ վերացավ կինոյից, արդյոք ներկայիս ֆիլմերում խմբագրի կարիք չկա՞:
– Խմբագիրը կինոյից հեռացավ հասարակարգի փոփոխման հետևանքով, և խմբագրի բացակայությունը կարծես կինոմտածողությունը քաղցկեղով ախտահարեց, որովհետև խմբագիրը շատ լուրջ օղակ էր: Սա վստահորեն եմ ասում, որովհետև ես կինոյի բոլոր աստիճաններով անցած մարդ եմ. էնպես, թեկուզ հետաքրքրությունից դրդված: Թող մեծամտություն չթվա ասածս, թե կինոաշխարհում ամեն ինչ տեսել եմ, բայց տեսել եմ: Ամենահետաքրքիր և պատասխանատու աշխատանքը ես համարում եմ խմբագրինը: Խմբագրի կարիք հիմա էլ ունենք, բայց նրան այդ տեղը չեն տալիս, քանի որ հասարակությունը պահանջկոտ չէ, իսկ խորհրդային իշխանության օրոք, ի դեմս խորհրդային իշխանության, կար պահանջկոտ հասարակություն: Այդ պահանջկոտությունը երբեմն ծայրահեղության էր հասնում, բայց մարդիկ պատասխանատվության մեծ զգացում ունեին: Շատ կարևոր է` ինչ եմ ասում ես, ինչ եմ ցուցադրում ու սովորեցնում, իսկ հիմա ժամը, որն իրենց է տրված, ընդամենը սպառում են: Այնուամենայնիվ, պատասխանատուն մնում է պատասխանատու, ստեղծագործողը` ստեղծագործող, պարզապես նրան համատարած գորշ տարածքում տեսնելը մի քիչ դժվար է:
– Մեր օրերում կլինե՞ն ֆիլմեր, որոնք 50 տարի հետո կմնան պատմության մեջ:
– Դժվար է ասել, որովհետև չգիտենք` տարիներ հետո ինչ ժամանակներ են լինելու, մենք պարզապես մեր ժամանակի տերն ենք, մեր ժամանակում ենք ապրում ու ստեղծագործում` ըստ ժամանակի տված հնարավորությունների: Եթե մեր ստեղծագործություններից մեկը մի քիչ երկար կյանք է ունենում, ուրեմն մոտ է մարդկային տարրական մտածողությանը: Ի վերջո, մարդիկ փոխադարձ հարաբերությունների մեջ անկեղծության կարիք ունեն, իսկ հին ֆիլմերում մարդիկ անկեղծ էին, անկեղծ էին անգամ իրենց խաղի մեջ:
– Այդ ի՞նչն էր պակաս կինոյում, որ թատրոնը, այնուամենայնիվ, տարավ Ձեզ իր աշխարհ:
– (Ծիծաղում է) Այ, այո, ես թատրոնի մարդ եմ: Երբ թատրոնում դուրս ես գալիս բեմ, գիտես, որ դու և հանդիսատեսը մենակ եք, խմբագրել, ուղղել, շինել ու սազացնել չկա, բեմ բարձրացար` պետք է աշխատես մինչև բեմից կիջնես: Կինոյում այդպես չէ, կադրը քանիցս փոխվելու հնարավորություն ունի. դու գիտես, որ քո արած աշխատանքն ավարտուն վիճակով չի հասնում հանդիսատեսին, ինչ-որ աստիճանի վրայով պիտի անցնի: Թատրոնը մարդկության հետ, մարդկային հարաբերությունների արդյունքում ծնված երևույթ է:
Հարցազրույցը՝ Կարինե Հարությունյանի



