Հիշատակի օր | Ազատ Գասպարյան 

Պարադոքս է. մեր կողքին ապրող անհատականությունների, տաղանդավոր մարդկանց արժեքը լրիվ չենք գիտակցում: Երես ենք առնում նրանց հասանելի լինելուց: Իսկ երբ, մանավանդ անսպասելի, հեռանում են կյանքից ու մեզնից, տարտամ ու անբացատրելի մի զգացողությամբ ենք համակվում: Ու անմիջապես զգում ենք մահից հետո տիրող դատարկությունը, անգամ մեղքի զգացում ենք ունենում.  Ինչո՞ւ շիփ-շիտակ չկանգնեցի նրա առաջ, չնայեցի աչքերի մեջ ու չասացի. «Դուք տաղանդավոր եք, անհատականություն, որ լցնում է մեր քաղաքը, մեր իրականությունն ու մեզ: Դուք մաս ունեք այս քաղաքի կոլորիտից, ինչ լավ է, որ Դուք կաք ու ես Ձեր ժամանակակիցն եմ»: Չենք ասում ու հետո զղջում ենք:

Արդեն սովորական էր դարձել քաղաքի այս կամ այն հատվածում` փողոցն անցնելիս, խանութում, սրճարանում, իսկ ավելի հաճախ` հանդիսությունների ու  միջոցառումների ժամանակ տեսնել Ազատ Գասպարյանին: Իր կրակոտ խառնվածքով, կենսախնդությամբ, կատակներով ու անբռնազբոս կեցվածքով անմիջապես ուշադրություն էր գրավում: Պարզ, անմիջական ու հասանելի. երբեք իրեն չէր պատնեշում մյուսներից, չէր քաշում պաշտոնական սահմանագծեր, լարվածություն չէր ստեղծում:

Եթե Ազատ Գասպարյանը ներկա էր երեկոյին, ուրեմն հանդիսությունը վարելու պարտականությունը նրանն էր, թեկուզ` հանպատրաստից: Չուներ բարդույթներ, չէր սպասի, որ խնդրեն ու համոզեն իրեն: Այնքան ասելիք ուներ, մանավանդ` հայկական պոեզիայի խորունկ էջերից մեջբերումներ անելու այնքան մեծ փափագ: Մի տեսակ սովորել էինք, որ Եղիշե Չարենցի հոբելյաններին, պոետի հետ կապված ցանկացած ցերեկույթի տեսնելու ենք Ազատ Գասպարյանին, լսելու նրա ինքնաբուխ, բոցավառ ելույթները: Դրանք առիթներ էին, որ արտիստն օգտագործում էր մեկ անգամ ևս արտահայտելու իր անհագ հիացումն ու անսպառ նվիրումը մեծ պոետին: Սովորել էինք լսել չարենցյան տողերն Ազատ Գասպարյանի ձայնով, առոգանությամբ ու մատուցմամբ:

Չարենցի ու Ազատ Գասպարյանի բարեկամությունը սկսվել է Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմից, երբ նա մարմնավորեց Չարենցին: Բանաստեղծի կերպարին ոչ մի ռեժիսոր այլևս չանդրադարձավ, և Ազատ Գասպարյանի Չարենցը մնաց միակն ու խորհրդանշականը: Հետո նա մեծ պոետին մարմնավորեց  նաև հեռուստաթատրոնում` «Երկիր Նաիրի» բեմադրության մեջ:

Հայկական կինոյի դասական էկրանավորումներում Ազատ Գասպարյանի խաղացած դերերը տարբեր են, բայց կրում են նրա խառնվածքի, երիտասարդական ավյունի, ներքին կրակի դրոշմը: Նրա կերպավորած քահանան ուրիշ է` տարբեր հայ կրոնավորի ծանր ու ազդեցիկ կերպարից: Ուրիշ կերպ է մատուցում նաև սովետական միլիցիոներին: Տեսակի ամբողջ խտությամբ են ներկայանում նրա մարմնավորած կուսակցական ակտիվիստն ու ստալինյան հավատաքննիչը:

Դավիթ Մուրադյան (կինոգետ) – Ազատը սովորական մարդկանց պես փողոցով քայլում էր, ապրում իր ժողովրդի կյանքով ու հոգսերով: Ու թվում էր` ի՞նչ է եղել որ: Նա մեզ այդպես էր սովորեցրել իրեն ընդունել: Դա հենց սովորական մարդու լիրիկական էպոսն է: Արտիստ` պարզ, անպաճույճ մարդ:  Ազատ Գասպարյանին դիտելով, «Երջանկության մեխանիկա» ֆիլմի Ռուբենի կերպարից սկսած մինչև «Մեր մանկության տանգոյի» միլիցիոներ Մեսրոպն  ու «Ուրախ ավտոբուսի» Գառնիկը, համոզվում ենք, որ այս արտիստն այդպես էլ չխաղաց, այլ ուղղակի ապրեց այդ դերերը:

Մի անգամ միայն մի դեր խաղաց, որ ամբողջովին իր դեմ էր` 1937 թվականի դահճամարդը` «Կարոտ»  ֆիլմում: Այդ դերն  ապտակ էր այդ ժամանակներին ու այդ մարդակերպ գազաններին: Նա ապտակեց: Իսկ այն հերոսը, որ ուներ իր մեջ, Չարենցով արտահայտեց: Չարենցն  ամբողջ կյանքի առանցքն էր: Հարաշալի էր Չարենց արտասանում: Հիմա մենք մեծ պոետի բանաստեղծությունները նախ և առաջ Ազատի ձայնով ենք պատկերացնում: Կարդում ենք Չարենց, ու Ազատի ձայնն է հնչում մեր ականջներում: Այդպես է լինելու երկար ժամանակ: Սերունդներն էլ նրան այդպես են ճանաչելու և ընկալելու: Չարենցին Ազատ Գասպարյանով են ճանաչելու:

Ազատ Գասպարյանը մեր կինոյի ամենահավաստի դերասաններից էր: Էությամբ թատրոնի արտիստ էր և կինոյում թատերական էր մինչև այն աստիճան, երբ կինոն արվեստ է ու չի դառնում կյանքի ստրուկը: Որովհետև կյանքի մեխանիկական շարունակությունը կինոն ստրկացնում  ու արժեզրկում է, դարձնում այն կյանքի կցորդը, կյանքի կրկնօրինակն ու նույնական  պատճենը: Եվ միայն արտիստի ոգին է, որ կյանքի ճշմարտությունը դարձնում է ավելի ճշմարտացի:

Ազատ Գասպարյանը ժողովրդական արտիստ էր ու իր կեցվածքով ու նկարագրով հավատարիմ էր այդ կոչմանը: Եթե ժողովրդական, ուրեմն` ժողովրդի մեջ ու ժողովրդի հետ: Խառն ու խրթին մեր ժամանակներում բարոյական  սկզբունքներն անձնական շահին զոհաբերող մարդկային տեսակին երբեք մոտ չգնաց ու իրեն էլ մոտ չթողեց: Ապրեց` ամենուր արվեստ փնտրելով: Եթե չէր գտնում, իր արվեստն էր ներարկում խոպան հոգիներում, որ բոլոն զգան արվեստի համն ու հոտը, արվեստի ուժն ու զորությունը, արվեստի արժեքը:

 Նաիրա ՓԱՅՏՅԱՆ