Քևին Սփեյսիից ապագայի մասին փիլիսոփայական մտքեր չսպասեք, նրա համար այս վայրկյանին  հաջորդող պահն արդեն իսկ ապագա է։ Ավելի շատ կուզենար անցյալ գնալ, որպեսզի որոշ հարցեր ավելի լավ հասկանա։  Քաղաքականության հետ գործ չունի։ Թրամփ-Բայդեն ընտրապայքարով եթե հետաքրքրվում էլ է, այնուամենայնիվ, դրան վերաբերող հարցերի չի պատասխանում։

Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուս» «Էմմի», «Թոնի» մրցանակակիր ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ փառատոնի պատվավոր հյուրն է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար նա արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակի։

Սկանդալային կերպար Սփեյսին առաջին անգամ է եկել Հայաստան։ Ի դեպ, Կինոյի տանը նրա հետ հանդիպումը ի սկզբանե պետք է տեղի ունենար Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Սակայն հանդիպումից 2 օր առաջ «Ոսկե ծիրանի» ղեկավարությունը հայտնեց, որ ՀԿ-ը ճնշումներ են գործադրել, և Ամերիկյան համալսարանը չեղարրկել է հանդիպումը։ Այդ ՀԿ-ների ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Կինոյի տան դիմաց՝ «Սեռական ոտնձգություններ անողի տեղը բանտն է, ոչ թե բեմը» և նմանատիպ  վերտառություններով  պաստառներով։ Նրանք պահանջում էին Քևին Սփեյսիի հետ հանդիպելուց առաջ մտածել՝  բռնաբարության, սեռական ոտնձգության, մանկապղծության հոդվածներով դատարան մտած Սփեյսին արժանի՞ է մեծարման ու ծափերի։

Իսկ մեկ այլ իրականությունում հանրությունը գրոհել էր Կինոյի տան բոլոր մուտքերը, որպեսզի տեսնի ու լսի հոլիվուդյան աստղին։ Կինոյի տան մեծ դահլիճի անգամ հատակն էր զբաղված։ Երիտասարդներն ուղղակի նստել էին հատակին, բազրիքներին, որտեղ պատահի. միայն թե ներկա լինեն հանդիպմանը։

Դատելով էկրանին ցուցադրվող կինոկոլաժի արձագանքից՝ հանդիսատեսը քաջատեղյակ էր Քևին Սփեյսիի կինոկարիերային ու բոլոր դերերին։ Դահլիճում հավաքվել էին կինոմաններ, կինոգետներ ու հատկապես Սփեյսիի կինոարվեստի երկրպագուներ, որոնց վերջապես բախտ էր վիճակվել սիրելի կինոդերասանին տեսնել էկրանից դուրս՝ իրական կյանքում։

Սփեյսին արագ ինտեգրվեց նոր միջավայրին, անկեղծացավ, հումերներ արեց, սեղանին դրված ջուրը խմեց՝ ափսոսալով, որ ջուր է, օղի չէ։ Շտապեց զգուշացնել, որ կատակում է։ Էկրանին նրա խաղացած տարբեր դերերից հավաքված կոլաժը դիտելուց հետո Սփեյսին արձագանքեց. «Շատ հուզիչ էր, հավատացեք, շատ զգացված  եմ, որ այս տեսնյութը ցույց տվեցիք։ Իրականում այդ հատվածներն իմ փորձառությունն ու անցած ճանապարհն են։ Ես իսկապես երջանիկ, օրհնված  մարդ եմ, բախտս բերել է, որ կարող եմ պատմություններ պատմել ու այդ պատմությունները ներկայացնել ձեզ։ Կարծում եք քի՞չ մարդիկ կան, որ պատմություններ գիտեն. ոչ, նրանք շատ են, բայց հանդիսատես չունեն։

Շատ կարևոր է, թե ով է գրողն ու ինչ է գրել,  որակն է կարևոր, գրածի որակը։ Որ գրողը կարողանա լավ դերասան կերտել։ Դա անընդհատ գործընթաց է, որովհետև  երբ ես կարդում եմ սցենարը առաջին անգամ, այն ինձ իսկապես խելքահան է անում։ Դերասանի աշխատանքը գրված սցենարին ծառայելն է։ Ես պետք է շղարշը բացեմ, մաքրեմ, հետազոտեմ, հասկանամ, թե որոնք են գաղափարները։ Ի՞նչ է ուզել գրողը, որ հանդիսատեսն զգա։ Սցենարիստն էլ պետք է դերասան կերտի»։

Հետո Սփեյսին խոսց թատրոնից ու կինոյից, դրանք համադրեց՝ դերասանի պրիզմայով անցկացնելով։ Կոնկրետ դեպքում՝ իր։

«Թատրոն, թե կինո. ես կասեմ` երկուսն էլ։ Երկուսում էլ խաղում եմ։ Բայց թատրոնը մարդկանց զվարճացնելու, այդ պահին նրանց զբաղեցնելու համար է։ Թատրոնի համար պիտի ազդեցիկ ձայն ունենաս, որ մարդիկ քեզ լսեն։ Որ երբ դահլիճում խոսես, բոլորը շրջվեն ու հարցնեն՝ ո՞վ էր, այդ ու՞ւմ ձայնն էր։  Թատրոնում դու կարող ես ավելի լավը լինել։ Ի վերջո, թատրոնում դու անում ես այն, ինչն այդ պահին զգում ես, հաջորդ պահին նույնն անելիս կարող է այլ զգացողություն ունենաս։ Սա մի պահ է, որ դերասանի հետ տեղի է ունենում հենց բեմի վրա, կապ չունի Ռիչարդ 3-րդ ես խաղում, թե մի ուրիշ բան։

Իսկ կինոն… կինոն բոլորովին ուրիշ է։ Կինոյում մեկ անգամ է ֆիքսվում խաղդ, պիտի հաջողես, երկրորդ շանս չունես։ Կինոյում պիտի հավաքվես, այստեղ հանդիսատեսի հետ խաղ, փոխհարաբերություն չկա։ Դու ուղղակի այսինչ մարդն ես, այսինչ կերպարը, այսինչ դերում»,-թատրոնի և կինոյի մեթոդաբանության տարբերության մասին  դիտարկումներ արեց Սփեյսին։

Տաղա՞նդ, թե հմտությւոններ ու տեխնիկա։ Այս հարցին  անվանի դերասանը սեփական փորձառության վրա հիմնվելով պատասխանեց։ Կան դերասաններ, որ ամեն ինչ ունեն՝ տաղանդ, հմտություններ, տեխնիկա, բայց նրանք էլ են, չէ՞ վրիպում, վատ խաղում։

Հիշեց, որ մի անգամ մեկն իրեն ասել է՝ ես Ձեր բոլոր ֆիլմերը տեսել եմ։

Ես ապշեցի ու հարցրի՝ ի՜նչ եք ասում, մի՞թե բոլորը… Նկատի ունեի, որ իմ վատ ֆիլմերն է՞լ է տեսել։

Դերասանի հմտությունների, ճարտար խաղի վերաբերյալ ոչ անվերապահ նրա կարծիքը երևաց այս պատմության մեջ։ Ջեք Լեմոնը կինոյում ստանում է իր առաջին դերը։ Ջուդի Հոլիդեյի հետ էր խաղալու։  Նկարահանվում է  առաջին տեսարանը։ Ջոնը մոտենում է  Լեմոնին ու ասում՝ Ջեք, մի քիչ պակասեցրու։ Ջեքը պակասեցնում է։ Ջոնը նորից է մոտենում՝ Ջեք, մի քիչ էլ պակասեցրու, պակասեցրու, պակասեցրու։

Ջեքը զարմանում է՝ ախր ինչքա՞ն պակասեցնեմ, էսպես որ գնա, տակը բան չի մնա, չեմ խաղա։

Այ հենց դա էլ ուզում եմ. ասում է Ջոնը,- որ չխաղաս։

Քևին Սփեյսին պատմեց, թե ինչպես է դեր ստացել Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմում։

Նախորդ ֆիլմից հետո դերի առաջարկ չուներ։ Գնացել է Նյու Յորք՝ մոր մոտ՝ Սուրբ Ծննդյան տոնը նշելու։

«Զանգ եկավ։ Վերցրի։

-Ես Դևիդն եմ, Դուք, հավանաբար, Սփեյսին եք։

-Այո, իսկ ի՞նչ կա։

-Ձեզ համար դեր ունեմ,- լսեցի։

Այդ պահին նայեցի հայելու մեջ։ Օ՜ Աստված իմ, մազերս նոր եմ կտրել։ Ինչպե՞ս եմ նկարվելու կտրած մազերով։

Դևիդին ասացի, որ մազերս կտրել եմ, նա էլ պատասխանեց՝ քաչալացիր, ես էլ կքաչալանամ։

Այդպես ես ստացա իմ դերը «Յոթ» ֆիլմում»։

Նա պատմեց նաև ռեժիսորական աշխատանքի, այդ մասնագիտության մասին։ Կան ռեժիսորներ, որ ամեն ինչ նկարում են՝ երկար-բարակ, տարբեր անկյուններից, հետո են միայն մաղում-թափում ու թողնում այն, ինչ իրենց է պետք։ Այսինքն՝ նկարահանման ժամանակ իրենք էլ չեն իմանում՝ ինչ են ուզում, նրանց գործում հստակություն չկա։

Կան ռեժիսորներ, որ հենց սկզբից պատկերացնում են՝ ինչ են ուզում։

«Բայց վերջնարդյունքից  դժվար է  կռահել՝ որ ռեժիսորն ինչպես է աշխատել։ Հաճախ շատ դժվար է լինում ռեժիսորին համոզել, նա չի հավատում խոսքիդ, խաղիդ։ Եղել է դեպք, երբ նույն նախադասությունը 16  դուբլ եմ արել, մինչև ռեժիսորը համոզվի ու հավանի»,– պատմեց Սփեյսին։

Նրա համոզմամբ՝ հետկուլիսային իրադարձությունները, ճիշտ է, կարևոր են, դրանց շրջափուլերում է  ստեղծվում կինոն, բայց էկրանն, ի վերջո, ավելի հետաքրքիր է, որովհետև այն ցուցադրում է  դերասանի ամբողջ փորձառությունը։

Նաիրա Փայտյան