Կինոյի տան մեծ դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, երգիչ, պրոդյուսեր Միքայել Պողոսյանի հոբելյանի «Ամեն ինչ ճիշտ է» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությանը, ի թիվս այլ արվեստագետների, ներկա էր նաև ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Ֆիլմն առաջին անգամ  հանդիսատեսին է ներկայացվել Միացյալ Նահանգներում: 

«Սա ինձ համար իմ գործունեության, ստեղծագործական ճանապարհի հաշվետվությունն է», – ցուցադրությանն ընդառաջ kinoashkharh-ի հետ զրույցում նշում է Միքայել Պողոսյանը, հավելում՝ «Ամեն ինչ ճիշտ է» կինոնկարը անթոլոգիա է անցած ստեղծագործական ճանապարհի, հիշողությունների մասին՝ 1985 թվականից մինչև այսօր:

-Ինչի՞ մասին է այսօրվա միջոցառումը։ Ինչի՞ մասին է «Ամեն ինչ ճիշտ է» ֆիլմը:

-Այդպես լինում է, երբ մարդ հասնում է իրադարձության, որը կոչվում է հոբելյան։ Ես հասա փաստորեն։ Այդ պահին, իհարկե, Միացյալ Նահանգներում էի, այնտեղ նշեցինք։ Ես իմ «Երևանիադա» ֆիլմի պրեմիերան արեցի: Հետո արդեն այս ֆիլմի պրեմիերան եղավ, որը ներկայացրի Լոս Անջելեսի  իմ հանդիսատեսին, որովհետև սա ինձ համար իմ գործունեության, ստեղծագործական ճանապարհի հաշվետվությունն է։ Այս ֆիլմն ասես իմ բոլոր ֆիլմերի անթոլոգիան լինի. որոշ ֆիլմեր, ներկայացումներ, երգերիս մեծամասնությունը, իհարկե, չեն ընդգրկվել, որովհետև արդեն 1 ժամ 50 րոպե է ֆիլմը: Այնպես որ, սա հաշվետվություն է իմ հանդիսատեսի առաջ: Ես սովոր եմ,  իմ հոբելյանները երբեք չեմ նշել: Առանձին փոքր միջոցառումներ եղել են, բայց առաջին անգամ եմ դուրս գալիս պրոֆսիոնալ բեմ հանդիսատեսի առաջ որպես հոբելյար: Ինձ համար սա շատ կարևոր օր է ու փորձել եմ այսօր հրավիրել Երևանը։

-Նոր նախագծերի սպասե՞նք, գուցե ինչ-որ նախագծի վրա եք այժմ աշխատում։

-Եկեք դեռ չխոսենք այդ մասին: Ես կենտրոնացած եմ այսօրվա վրա։ Աստված առաջ: Իհարկե, առանց նոր մտքերի, նախագծերի անիմաստ է դառնում այս ճամփան, որը բռնել եմ: Այնպես որ, ես միշտ արթուն եմ, զգոն եմ։

-Ի՞նչն եք ամենից շատ կարոտում կինոյում:

-Կարոտում եմ այն տղաներին, աղջիկներին, իմ կոլեգաներին, որոնք այլևս չկան։ Վերջերս Սուրեն Բաբայանը հեռացավ կյանքից։ Իմ խաղընկերներին եմ կարոտում առաջին հերթին։ Ֆիլմեր կան, որ նայելիս հուզմունքը խեղդում է ինձ… Վիգենը չկա, Կարենը Ջանգիրովը չկա: Բայց սա է կյանքի օրենքը:

-Թվում է՝ այսօր տեխնիկապես զարգացած ենք այնքան, որ շատ հեշտ կարող ենք ստեղծագործել, ֆիլմեր նկարել: Բայց տարիներ առաջ, համենայն դեպս Հայաստանում, ավելի ծանրակշիռ կինո էր կերտվում…

-Սերնդափոխություն՝ մեկ: Նաև, այնպիսի ռեժիսորներ, ինչպիսին Վիգեն Չալդրանյանն է, 8 տարի չի նկարել: Այսօր ֆիլմ նկարելը հեշտացել է տեխնիկապես։ Եվ դժբախտաբար ամեն երկրորդը ուզում է նկարել և նկարում է։ Բայց նրանց միտումը կապված է հանդիսատեսի հետ, թե ինչքան հանդիսատես «կլցվի»։ Իսկ եթե խոսքը լուրջ կինոյի մասին է, այդտեղ ահագին խնդիրներ կան, որոնք միշտ են եղել։ Օրինակ, իմ ամենալուրջ խնդիրը սցենարիստների պակասն է, որովհետև երբ պրոյեկտ եմ սկսում, գաղափարը կա, բայց չկա այն մարդը, որի հետ կարող ես գոնե համահեղինակ դառնալ և գրել սցենար: Այդ ասպարեզն այստեղ անտեսված է ու զարգացած չէ: Այդ մեծ թերությունը միշտ եղել է հայկական կինոյի առանցքում: Լավագույն դեպքում, ռեժիսորներն իրենց սցենարի հիմքի վրա են ինչ-որ բաներ ստեղծում: Ցավոք, չես կարող ինչ-որ մեկին հրավիրել, թեման տալ և ստանալ արդյունք, որը քեզ կբավարարի:

-Կրթությա՞ն բացն է, թե հետաքրքրված չեն:

-Չէ, հիմա լավ վերելք կա կինոյի ոլորտում, հատկապես երիտասարդության շրջանում: Լավ գործեր են նկարում՝ կոտրելով կարծրատիպերը: Կա մի սերունդ, որը սիրում է կինոն և սկսում է հասկանալ, թե ինչ է կինոն: Նոր որակ է ի հայտ գալիս: Հուսով եմ՝ այդ ամենի մեջ ի հայտ կգան նաև սցենարիստներ, մտածողներ, որոնք կանդրադառնան ոչ միայն ժամանակակից թեմաներին, այլև կարևոր, խորաթափանց, հայրենանվեր… Գուցե ամպագոռգոռ եմ խոսում, բայց չի կարելի անտեսել այսօրը, մեր վիճակը: Մեր արվեստագետները պետք է շատ լուրջ նայեն իրականությանը: Պատմությունը ցույց է տալիս, որ ամենադժվար պահերին են ստեղծվել լավագույն ֆիլմերը:

-Կարծիք կա, որ հայկական կինոն ռեֆլեքսիվ չէ ու չի խոսում մեր երկրում տեղի ունեցողի մասին։ Վերջերս ռեժիսոր, սցենարիստ Մարինա Ռազբեժկինայի հետ էի զրուցում, ու կարծիք հայտնեց, որ հետխորհրդային ժամանակակից կինոն շատ քիչ է խոսում ներքին խնդիրների մասին, փորձում է եվրոպական արժեքներով ու ոճով առաջնորդվել:

-Եթե իմ վերջին տարիների կինոները նայեք՝ «Հայ հայը», «Երևանիադան», կհասկանաք, որ ես հենց այսօրվա մասին եմ խոսում, այսօրվա սուր հարցերն եմ բարձրացնում: Ամենամեծ խնդիրն այն է, որ մեկը մյուսի ֆիլմերը չի նայում, նույնիսկ տենդենց կա «կինոշնիկների» մեջ, ասում են՝ «մենք կինո չենք սիրում նայել»: Դա ես ցավով եմ ասում: Հայկական կինոն զարգանում է՝ լավ կամ վատ, բայց զարգանում է:

-Վերջին հայկական ժամանակակից ֆիլմերից կառանձնացնեք, որ հավանել եք ու խորհուրդ կտաք դիտել։

-Ես քանի որ ակադեմիայի խորհրդի անդամ եմ, «Անահիտ» մրցանակաբաշխության շրջանակում ահագին ֆիլմեր նայեցի: Ինձ, միանշանակ, դուր եկավ Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, «Ամերիկացին» դե վաղուց եմ տեսել: «Անքնություն» ֆիլմում ինձ շատ դուր եկավ Սամվել Թադևոսյանի դերասանական մոտեցումը: Կարճամետրաժ ֆիլմերի ցանկում էլ լավ գործեր կային… Այնպես չէ, որ դոփում ենք տեղում: Ամենակարևորը՝ պետք է հետաքրքրվենք մեկս մյուսով: Ամեն մեկս մտել է իր բնի մեջ, ու մեզ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում: Մինչդեռ այդպես չէ:

-Իրականում ամեն ինչ ճի՞շտ է։

-Կան ճշմարտություններ, որոնց հետևից դու գնում ես… Իմ ֆիլմի անվանումը գլոբալ թեմաների հետ չի կապված: Քրիս Մանարյանը գրել է մի երգ, որը կոչվում է «Ամեն ինչ ճիշտ է»: Ասես իմ անցած ճանապարհը լիներ երգի միջոցով, դերասանի ճանապարհը: Այդ տեսահոլովակի ընթացքում տարբեր բաներ են տեղի ունենում, հիշողություններ են… Եվ մի ճամպրուկ կա, որն անընդհատ լցվում է՝ դերերով, մրցանակներով: Վերջում վերցնում եմ ճամպրուկը, որ քայեմ, ճամպրուկը բացվում է՝ լրիվ դատարկ: Այսինքն՝ ամեն ինչ ճիշտ է, դու հետդ ոչինչ չես տանում:

-Դովլաթովի «Ճամպրուկն» է…

-Այո՛, Դովլաթովի «Ճամպրուկը»…

Դիանա Գասպարյան