Հայաստանի կինոյի հիմնադրամը «Հայֆիլմի» իրավահաջորդն է, իսկ «Հայֆիլմը» 100-ամյա կինոարտադրողի համբավ ունի։ Դա ոչ միայն մեծ պատիվ է ինձ համար, այլև մեծ պատասխանատվություն. ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի ու Հայաստանի կինոյի հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց կառույցի նորանշանակ տնօրեն  Դավիթ Բանուչյանը։

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսին  ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերակազմակերպվեց ու դարձավ   Հայաստանի կինոյի հիմնադրամ։  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիմնադրամի աշխատակիցներին  ներկայացրեց հաստատության նոր ղեկավարին՝ Դավիթ Բանուչյանին։

Շնորհավորելով նրան նոր պաշտոնում՝ նախարարը նշեց, որ կինոյի կառավարման, ռազմավարության մշակման հիմնադրամն աշխատել է նաև շատ դժվարին ժամանակներում։ Հայ կինոյի 100-ամյա փորձառության, կենսագրության, ավանդույթների պահպանումը խիստ կարևոր է և մեծ պատասխանատվություն է լինել այդպիսի կառույցի ղեկավար։

«Վստահ եմ, որ այդ աշխատանքը հաջողությամբ կկատերեք և նոր արդյունքներ կգրանցեք. դա թիմային ջանքեր է պահանջում։ Ցավոք, այսօր այստեղ չէ Շուշանիկ Միրզախանյանը։ Կուզեի իր կատարած աշխատանքի համար նրան  ևս շնորհակալություն հայտնել։

Իրականում  մեր ակնկալիքները կինոյի ոլորտից շատ մեծ են։ Վերջին տարիներին օրենսդրական փոփոխությունները կարծես թե զարգացման նոր հեռանկարներ են բացում։ Մենք ձեզ հետ հիմա շատ կարևոր փուլում ենք, ենթաօրենսդրական մի քանի ակտեր գտնվում են քննարկման, շրջանառության տարբեր փուլերում։ Դրանք մեծացնելու են ձեր աշխատանքի ծավալն ու գործառույթները։ Այդ իմաստով հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի ժամանակահատվածը վերագնահատելու և հասկանալու, թե առաջիկայում ավելի առաջնահերթ ինչ  քայլը պետք է անել, օրենսդարական նոր պայմաններում թիրխային ինչպիսի՞ արդյունքներ պետք է գրանցել։

Մենք ուզում ենք, որ Հայաստանում կիոարտադրության զարգացման  ներուժն ամբողջությամբ իրացվի։ Ձեզ բացատրելու կարիք չկա, դուք ինքներդ էլ գիտեք, թե մենք ինչպիսի կինոժառանգություն, կինոարտադրության խթանման համար ինչ  ներուժ ունենք։ Միասին պետք է ճանապարհ հարթենք այդ ներուժն իրացնելու համար։ Մեր կարևոր անելիքը ոլորտին աջակցելն է, նաև ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը։ Մեծ աշխատանք այդ ուղղությամբ արվել է, բայց պետք է հասկանալ, թե ինչ նոր պայմանների կարիք ունենք, է՛լ ինչպիսի հնարավորություններ կան»,- Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարի ու աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ Ակադեմիական քաղաքի շրջանակում  հատուկ ուշադրություն են դարձնում նաև այն հանգամանքին, որ այն պլանավորվում է  կառուցել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում։ Քաղաքի գլխավոր հատակագծում առանձին հատված է «Հայֆիլմը», որը նախատեսվում է  դարձնել հենց կինոարտադրության  տարածք։

«Մենք պետք է հայ կինոյի ավանդույթները, հնարավորությունները, փորձառությունը պահպանեք ու զարգացնենք, դրանք վերափոխելով՝ ստանանք ժամանակակից կինոարտադրության նպաստավոր պայմաններ։ Բազմաթիվ կարծիքներ կան, որ դա հնարավոր է։ Դրան է ավելանում կինոկրթության որակի բարձրացումը։ Այս ամենի համատեքստում կարծում եմ, որ հիմնադրամի դերը առանցքային է, որովհետև այն ազգային կառույց է և պետք է այս օրակարգերը համակարգի ու առաջ տանի։

Լավագույն գաղափարները խրախուսելու, մեր տաղանդավոր կինոռեժիսորներին ու մյուս մասնագետներին քաջալերելու մեխանիզմներ պետք է մշակենք։ Այդտեղ ևս հիմնադրամի դերը շատ մեծ է։ Ի գործ, պարոն Բանուչյան։ Հուսով եմ, որ առջևում դժվարությունները հաղթահարելու, հաջողությունների հասնելու տարիներն են»,- հավելեց նախարարը։