Գյումրիում՝ հուլիսի 4-ին, ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի ունեցավաշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը»  նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել էր շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» կինոնկարները։

Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով:

Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված մի շարք կինոֆիլմերի ազդագրերի եզակի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրությունը գործելու է մինչև ս.թ. հուլիսի 25-ը: