Ինչպե՞ս է, որ դերասանը դառնում է ավելին, քան դերասան, միավորելով ահելին ու ջահելին, բոլոր նրանց, ովքեր երդվյալ արվեստասերներ են, և նրանց, ովքեր այդպիսին չեն ամենևին: Ինչպե՞ս է, որ նրան հավասարաչափ սիրում են բաց երկնքի տակ գիշերող հովիվներն ու մայրաքաղաքային ինտելեկտուալները, ուսանողներն ու բանվորները, հայաստանցին ու դրսեցին …
Այս հարցերը ոչ թե պատասխաններ որոնելու համար տանք, այլ՝ մտորելու: Չփորձենք վերծանել առեղծվածը, մանավանդ՝ եթե այն գեղեցիկ է: Որովհետև արվեստում կա մի սահման, որից այն կողմ տրամաբանությունը սայթաքում է: Ուրիշ օրենքներ են գործում, որոնք ֆրանսիացի նշանավոր փիլիսոփան ձևակերպել է ընդամենը երկու բառով՝ «սրտի բանականություն»:
Ահա մի դերասան, ում հարազատ էին համարում ամենքը՝ ընտանիքի անդամի պես: Իզուր չէ, որ նրան անվանում էին «տխուր աչքերով կատակերգակ»: Այս իմաստով նրա մարդկային ու գեղարվեստական էությունը մի խորքային կապ ուներ ժողովրդական հեքիաթների և նույնիսկ էպոսի պերսոնաժների հետ: Հատկապես իր մալյանական ֆիլմերում Ֆրունզիկ Մկրտչյանը բերում էր հայկական ազգային բնավորության ամենաինքնատիպ բացահայտումներից մեկը, որ երբևիցե ունեցել է մեր կինոն: Այս գիծը նա շարունակել է իր եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում՝ հյուսելով սովորական հայ մարդու իր լեգենդը, որն ավելի համոզիչ ու ճշմարտացի է դառնում մեզ համար, քան մեր իսկ իմացած իրականությունը:
Այդպես է: Մենք հաճախ չենք նկատում մեզ, քանի դեռ չի եկել իսկական դերասանը: Բայց մի օր մենք տեսնում ենք նրան ու հայտնաբերում մեր գաղտնագրված Ես – ը: Դա քչերին է հաջողվում: Այդ քչերից մեկը Հրաչյա Ներսիսյանն էր՝ իդեալի բարձրության խորհրդանիշը: Մյուսը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, կյանքի աղն ու ժողովրդական տարերքը:
Դավիթ Մուրադյան
«Գրական թերթր»,  2005թ. հուլիս