«1489». երբ բորենին գալիս է ու մտնում քո կյանքի մեջ
Հայր- Անջատել է հեռախոսը ախ, ա՛խ։
Մայր- Կգա, կտեսնեք, սոված չլինի անտառում…Տառապում եմ՝ գերի չլինի…
Քույր- Անցյալով ես խոսում…
2020 թվականի պատերազմից մեկ շաբաթ անց կապն ընդհատվում է 21-ամյա զինվորի՝ Կոնսերվատորիայի ուսանող, դաշնակահար, կոմպոզիտոր Սողոմոն Վարդանյանի հետ։
«Սողոմոն Վարդանյան․․․Հայրանո՞ւնը։ Կամոյի։ Վիրավորների, զոհվածների ցանկում չկա»․ սա հեռախոսով պատերազմում եղբորը փնտրող քրոջ, շքեղավարս Շողակաթի՝ աննկատելի գոհ, նախնական հուզական արձագանքն է։ Իր նկարած վավերագրական ֆիլմի առաջին կադրերն են։
Երեք ամիս հեռախոսով նկարել է մեծ սպասումին ընտանիքի արձագանքը, սկզբնապես նպատակ չունենալով ֆիլմ նկարել․ «Ես պրոֆեսիոնալ դաշնակահարուհի էի։ Թեև միշտ էլ սիրել եմ կինոն։ Բայց այո՛, եթե կատարվածը հաշվի առնենք, կարելի է ասել, որ այս ֆիլմը եկավ ինձ մոտ։ Պարզապես չգիտեի ուրիշ ինչ անել։ Փորձում էինք եղբորս գտնել կամ էլ առնվազն նրա մասին որևէ լուր ստանալ, բայց զուր էր։ Վիշտը դեռ անծանոթ էր ինձ, պարզապես հետևում էի իմ զգացմունքներին։ Նույնը կարելի է ասել ֆիլմի ստեղծման մասին։ Առաջ երբեք չէի նկարել ու չգիտեի ինչ անել, բայց ուղեղս պարզապես եռում էր»։
Նկարահանումների ինչ որ պահի Շողակաթը կտրում-սափրում է գեղեցիկ գանգուրները, որն էլ ֆիլմի ազդեցիկ պատկերներից է։ Հայր ու դուստր Սողոմոնի նկարի առջև են, Շողակաթը «հայրիկ, նայի՛ր» ասելով դանդաղ իջեցնում է գլխարկը։ Նույնացել է եղբոր հետ, գեղեցիկ պարմանի է՝ Սողոմոնի երկվորյակը, և այդ տեսարանը «1489» ֆիլմի այցեքարտն է։
Ռեժիսորը հանդիպումներին պատմում է , որ այդ պատկերը անակնկալ է եղել նաև իր համար, ինքն էլ այդ տեսարանում է պարզել, թե որքան նման է եղբորը․ «Երբ տեսախցիկը շրջեցի իմ կողմը, ես էլ տեսա պատի լուսանկարի նմանությունը»։
Սողոմոնի առաջին կենդանի մուտքը ֆիլմ։ Գորիս, Քարահունջ, արձակուրդի մեջ գտնվող զինվոր Սողոմոնը, ծառայակցի հետ լսում են արվեստագետ հայրիկի էպոսային մեկնությունը՝ քառսուն ճյուղ ծամ Դեղձունը՝ արևի խորհրդանիշն է։ Կամո Վարդանյանն այդ պահին երջանիկ էր իր որդու ու ընկերոջ համար, իր հայրենիքով, իր մասնագիտությամբ, երբ խաչքարի ասեղնագործ զարդանախշերը, քարի հանգույցները շոյելով, առնչակցվում էր հին վարպետների հետ։
Սողոմոնի ներկայությամբ կադրերը ժլատ են, մեծ ցանկություն կար ֆիլմում շատ տեսնելու կենդանի Սողոմոնին, լսել նվագը։ Բայց ռեժիսոր քույրը երկու տարի մտածելուց հետո ֆիլմի վերջնական տարբերակում հեռացրել էր Սողոմոն կոմպոզիտորի հեղինակային կատարումը, որպեսզի լինի բոլորինը։
«Իմ ամբողջ կյանքում ամեն ինչ արել եմ, որ երեխեքիս համար լավ լինի լավ մարդ դառնան, մեկ էլ բորենին գալիս ու մտնում է կյանքիդ մեջ․․․մարդը պետք է ապրի հանուն հայրենիքի, ոչ թե․․․»,- չգիտես ում է դիմում հայրը։
«Սողոմոնը տարածքից դուրս է եկել», «Սողոմոնին Հադրութում են տեսել» զինվորակաների խոսքերը չեն բավարարում քանդակագործ Կամոյին․
-Նկարներով բացատրեք, հասկանամ, Ջաբրայիլում էիք, ստեղից դուրս եկաք, հետո․․․
-Հա, դրսում էինք, կրակում էին, մի վիրավոր զինվոր կար, ծանր էր, չէինք կարողանում տանել, Սողոմոնը հետ գնաց, բլուր էր․․․
-Նկարի բլուրը։
-Ներսում էլի վիրավորներ կային, կրակում էին, չէինք կարողանում դուրս գալ։ Որ կողմ է գնացել, էլ չեմ տեսել․․․
2020 թվականի Ամանորին Կամոն բերում է հսկա եղևնին և մոտեցնում պատուհանին․ «Սողոմոն, քաշի տար»։ Սողոմոնը լուսամուտից ներս է մտցնում տոնածառը, դուստրը նկատում է, որ հայրն ամեն տարի ավելի մեծն է առնում։
2021 թվականի Նոր տարվա գիշերը երեքով են, սեղանին միրգ ու գինի, կանգնած են դիմավորում, ձեռքները խաչած կրծքներին։
Մայր – Տեր մեր պաշտելի Հիսուս, բեր մեր Սողոմոնին։
Հայր – Սողոմոն ջան, Սողոմոն ջան․․․
Բացում են տուփը, որում անցյալ տարվա ցանկություններն են ամփոփված։ Էկրանին Սողոմոնի ձեռագիրն է․«Բարով գնամ ու հաջող հետ դառնամ․․․Ես գնում եմ ճիշտ մարդ դառնամ»։
Շողակաթը, թուղթը ձեռքին, մեղմաձայն լալիս է։
Սողոմոնին՝ Ջաբրայիլի ու Հադրութի միջև գտնելուն մնացել էր 16 օր։ Զինվորի մասունքները՝ սարսափելի Ջաբրայիլի և եդեմական Հադրութի միջև մի տարածքում․․․
-Որ օրն են գտել․․․
-Հունվարի 16-ին։
-Սողոմոնի ծննդյան օրը․․․
1489-ը, ըստ Գրիգորյան օրացույցի, «ոչ նահանջ տարի է, սկսում է երեքշաբթի օրը»։ 1489-ը այսուհետ նաև հայրենիքի զինվորի մասունքներին տրված համարն է։
«1489» ֆիլմը 2023 թվականին Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի, և ժյուրիի մեկնաբանմամբ․ «Սա կինոյի անմոռանալի, սիրո դրսևորման օրինակ է՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, մեզ բոլորիս թույլ է տալիս առերեսվել նրան, ինչը կնախընտրեինք չտեսնել»։
Հետաքրքիր է Շողակաթ Վարդանյանի արձագանքը հայ կինոյի համար աննախադեպ այս մրցանակին՝ «Ինձ թվաց Հայաստանն է բեմի վրա»։
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը «1489»-ի երևանյան պրեմիերայի ժամանակ կարծիք հայտնեց, թե ֆիլմը ոչ թե պատերազմի մասին է, այլ ինքը պատերազմն է։
Ինչ տեսարաններ կնախընտրեր չտեսնել հայ հանդիսականը։
Առաջինը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության գիշերվա տեսարանը, երբ Շողակաթը մտնում է ծնողների ննջասենյակ՝ տեղեկացնելու։ Դստեր հեռախոսի տեսախցիկը ֆիքսել է, որ սպասող ծնողները ոչ թե ապրում կամ քնում են, այլ քարացել են ժամանակի մեջ, ամեն մեկն առանձին-առանձին, կոլոլվել-անհետացել են բրդե ծածկոցների տակ, գլուխները վերմակների տակից չեն հանում անգամ դստեր հետ խոսելու համար։ Լուռ ու տարակուսած են արձագանքում․
– Բա Շուշի՞ն․․․
– Արցախը տվեցին․․․
Կիսամութ ննջարանում ամուսինները աննկատ միմյանց ձեռք են բռնում, համարյա բռունցքվելու պես, ասես կոմիտասյան պատգամի պես․«Սիրեցեք իրար, շատ սիրեք, որ ապրեք»։
Քույր- Մի քիչ էլ իմ մասին մտածեք։
Մտածում են, հաշվի են առնում, հիշում են, որ իր տարիքում արդեն ամուսացած էին։ Երբ քույրը քաջություն ունի նկարելու, քույրերը պետք է դիտեն։ 90-ականների մայրերը անդեմ են, անանուն, լռեցված ձայնով։ Նրանք իրենց վիշտը կրեցին այնպես, ինչպես աղքատը (Հայնրիխ Բյոլ)։
-Մամ, պիտի գնամ ֆիլմ նայեմ զինվորի մասին, ոչ թե 90 թվի, 20 թվի պատերազմի ժամանակ է զոհվել։ Ասում են նայելուց բոլորը լացում են։
-Կիլան, բա ինչ կանեն․․․
Կլացեն, ուրիշ ինչ կարող են անել։ Լացի բարբառային, իր չտեսած հին երկրի բառով է ասում, հազիվ նկատելի խոնավացած, անարցունք հայացքով։
Ինչ տեսարաններ կնախընտրեր չտեսնել հայ հանդիսականը։
Մի տեսարան աղետ էր, մարմնացյալ սարսափ էր, դժոխքի դուռ, անբառ, աննկարագրելի։
Մի երկար տեսարան՝ հավերժական կյանքին պատրաստելը, առօրեականությամբ էր սարսափելի։ Երկար, լուռ տեսարան էր, հոր ու ազգականների, աշխատակցուհիների աչքի առաջ, սովոր- մեխանիկական շարժումներով, ամրակներով կափարիչ ֆիքսելը, որն ավարտվեց տարածվող, պարուրող դրոշն ամրացնելով։
Վերջ, ամփոփված է, այլևս նրան ոչ մի կարգի վտանգ չի սպառնում։
Լռություն, մթություն, ֆիլմի վերջը․․
Մարդը պետք է ապրի՛ հանուն հայրենիքի, և հայրենիքի դրոշը պետք է վերևներում ծածանվի, և երբեք՝ տարածվի։
Գայանե Մկրտչյան
թատերագետ, 2024