Տասնամյակներ առաջ 1965 թվականին American International Pictures ընկերությունը 66 000 դոլարով ձեռք է բերում ճապոնական երկու անհասկանալի լրտեսական արկածային ֆիլմ՝ Սենկիչի Տանիգուտիի «Միջազգային գաղտնի ոստիկանություն. բոլոր բանալիների բանալին» (Kokusai himitsu keisatsu: Kagi no kagi, 国際秘密警察 鍵の鍵, International Secret Police: Key of Keys) կամ պարզապես` «Բոլոր բանալիների բանալին» և «Միջազգային գաղտնի ոստիկանություն. Վառոդի տակառ» (Kokusai himitsu keisatsu: Kayaku no taru, 国際秘密警察:火薬の樽, International Secret Police: Keg of Gunpowder), որոնք հանդիսանում էին «Միջազգային գաղտնի ոստիկանության շարքի» 3-րդ («Վառոդի տակառ») և 4-րդ («Բանալիների բանալի») մասերը։ Նույն ընկերության կողմից այս ֆիլմերը որակվեցին որպես «Ջեյմս Բոնդի երրորդ կարգի կլոն»։ Եվ, ժամանակին հասկանալով, որ այդ ֆիլմերը շատ խճճված են ամերիկյան հանդիսատեսի համար, որոշում կայացվեց այն մի կերպ փրկել, և այդ յուրօրինակ գործը հանձնարարվեց հենց Վուդի Ալենին։ Այդ օրերին դեռևս երիտասարդ Վուդի Ալենը արդեն մեծ համբավ էր վայելում հումորային ասպարեզում իր ելույթների և, իհարկե, անսպասելիորեն հաջողված և էկրան բարձրացած գրոտեսկային` «Ի՞նչ նոր բան կա, Փիսիկ» (1965) կատակերգական կինոնկարի շնորհիվ։

Վուդի Ալենը մինչ օրս գոհ չի իր առաջին այդ տեսակ փորձից, ինչի շնորհիվ էլ հենց այդ ֆիլմից հետո նա իր համար կարևոր որոշում կայացրեց, որ այսուհետ ինքը կգրի սցենար, ինքը հանդես կգա որպես ռեժիսոր, ինքն էլ կկատարի այնտեղ գլխավոր դերը։ Սակայն այդ ժամանակ Վուդի Ալենը դեռևս ո՛չ ֆինանսական միջոցներ ուներ, ո՛չ էլ հնարավորություն՝ լիարժեք ֆիլմ նկարահանելու, ուստի, նա հանդես եկավ շատ ինքնատիպ և սրամիտ կերպով։ Այսպիսով, Վուդի Ալենը իր անկասկած յուրահատուկ հումորով, սրամտությամբ  և անսահման երևակայությամբ անցավ գործի։ Եվ «Բոլոր բանալիների բանալի» ճապոնական կինոնկարը վերահնչյունավորելով, ինչպես նաև ավելացնելով որոշ դրվագներ «Վառոդի տակառ» ֆիլմից, Ալենը այն վերածեց յուրօրինակ կատակերգության՝ «Ի՞նչ է պատահել, վագրաշուշա՛ն» մանրակրկիտ պարոդիա կինոնկարի։ Այդպիսով, Ալլենը ֆիլմի ժանրը վերածեց կոմեդիայի և վերոհիշյալ «անհասկանալի» ֆիլմը դարձրեց «հասկանալի»։

Վուդի Ալեն, ֆիլմ,whats-up-tiger-lily

Ճապոնական «Բոլոր բանալիների բանալի» ֆիլմը, որը հանդիսանում էր հիմնական այս ֆիլմը ստեղծելու համար, պատմում է լրտեսների կողմից գաղտնի միկրոֆիլմի որոնման մասին։ Վուդի Ալենը իր գրած տեքստի միջոցով հերոսների բավականին լուրջ ու բովանդակալից գործողությունները վերածեց կլոունադայի։ Նա ստիպում է իր հերոսներին դուրս տալ աներևակայելի անհեթեթություններ, ինչն անհավանական ծիծաղելի է հնչում, քանի որ հերոսները մշտապես գտնվում են լրտեսական վտանգի տակ: Եվ արդյունքում այս ամենը վերածվում է կատակաբանության ու ֆարսի։

Փաստորեն, առաջին անգամ ռեժիսորի բազկաթոռին նստած Վուդի Ալենը ստանձնեց ստեղծել այդ ժամանակներում հայտնի ժանրի՝ լրտեսական ֆիլմերի պարոդիա։ Բայց նրան պարոդիայի սովորական մեթոդը ձանձրալի և կանխատեսելի թվաց, ուստի և վերցվեց ճապոնական, այդ ժամանակի համար նոր լրտեսական կինոնկար և դրա կրկնօրինակման համար գրվեց միանգամայն այլ, անհեթեթ սցենար: Եվ Սենկիչի Տանիգուտիի լուրջ դետեկտիվը վերածվեց Վուդի Ալենի ֆարսային կատակերգության։ Այս քայլն իրեն լիովին արդարացրեց՝ նկատվեց կրկնօրինակողի անհատականությունը, և մարդիկ սկսեցին հետաքրքրվել նրանով։

Ալլենը այնպես վերաձայնագրեց, որի ընթացքում յուրովի վերաշարադրեց լրտեսների մասին ճապոնական պատմությունը։ Արդյունքը եղավ դետեկտիվ կատակերգություն՝ եզակի հավկիթով աղցանի բաղադրատոմսի գողության մասին, որը մի շարք պատճառներով կարող էր անկախություն տալ փոքրասիական մի ինչ-որ երկրի: Վուդի Ալենը փորձեր և տարբեր խենթություններ էր իրեն թույլ տալիս, տրվելով իր տարերքին, որոնում ձևեր, և փոխելով բովանդակությունը, նա ստիպեց լրտեսներին և միջազգային ահաբեկիչներին լուրջ և կենտրոնացած ընկնել աղցանի բաղադրատոմսի հետևից, ճապոնացի լրտեսին տվեց հրեական՝ Մոսկովից ազգանուն, շքեղ ճապոնուհիներին վերածեց ֆուտբոլային թիմի, ստիպեց ֆիլմի հերոսներին ձևացնել իբր իրենք ամերիկյան կինոյի աստղեր են, սիրային տեսարանի նախերգանք զրույցը վերածեց Ամերիկայի նախագահների անունների թվարկման, իսկ կադրի մեջ երկու պատահական անցորդի ռեժիսորը իր սրամտությամբ վերածում է պրոդյուսերների, որոնք պարտադրել են, որ իրենք պետք է կադրի մեջ լինեն հենց այդ պահին․․․

Ալլենի մոտ դա պարզապես փայլուն ստացվեց, որովհետև նրա հեղինակային անհեթեթությունը կինոնկարի վերախմբագրման համատեքստում նույնիսկ տրամաբանական է ստացվում։ Ըստ այդմ, չկա ավելի զվարճալի բան, քան կանոններով գործող ապուշը։

«… Վագրաշուշանն» ավելի շատ պարոդիա է, ֆարս, ծաղրանկար ոչ թե որոշակի ֆիլմի, այլ ընդհանրապես բոլոր լրտեսական սպառողական կինոարտադրանքների, որոնք միշտ առատ են: Ըստ էության, «Ի՞նչ է պատահել, վագրաշուշանն»  ամենևին էլ ֆիլմ չէ, այլ մեծ խարդախություն, միևնույն ժամանակ, մաքուր կատակ ոչ միայն ֆիլմերի, այլև կինոդիտողի հասցեին։ Ավելի ճիշտ, դա կինոֆալսիֆիկացիա է, որի ստեղծման ընթացքում Ալենն այնպես է հմտանում, որ հետագայում ստեղծում է իր վիթխարի կինոնկար-կեղծիքը՝ «Զելիգը», որտեղ կինոյի և իրականության սահմանը գրեթե անհնար է շոշափել: Պատահական չէ, որ հանդիսատեսի որոշ շրջանակներում այդ ֆիլմը իսկապես դիտվել և ընկալվել է իբրև վավերագրական։

Վերադառնալով «Վագրաշուշանին»` նշենք, որ ֆիլմի սյուժեն զարգանում է լրտեսական մարտաֆիլմի բոլոր սկզբունքներով՝ անդիմադրելի հմայքով հերոս՝ գործակալ Ֆիլ Մոսկովից՝ իհարկե գեղեցիկ աղջիկներ և վտանգավոր առաքելություն։ Բայց որպեսզի հանդիսատեսը չձանձրանա, նրանց երկխոսությունները սկսեցին բոլորովին այլ կերպ բացահայտել հերոսների կերպարները՝ օրինակելի գործակալին դարձնելով սրիկա և խարդախ, իսկ մարդկության փրկության մեծ նպատակը վերածելով, ինչպես արդեն նշվել է, եզակի աղցանի բաղադրատոմսի որոնումների։ Այնուամենայնիվ, այդ խճճված սյուժեին հետևելը գրեթե անհնար, հետևաբար անշնորհակալ գործ է, քանի որ Ալենը մկրատեց օրիգինալ ֆիլմը և նորից վերադասավորեց, օգտագործելով դրվագներ վերոհիշյալ «Վառոդի տակառ» կինոնկարից, և խմբագրեց այնպես, որ այս խառնաշփոթից դժվար է գլուխ հանել: Չնայած որ մինչ այդ էլ ճապոնական բնօրինակը գրեթե անհնար էր հասկանալի անվանել: Հետևաբար, այս լրտեսական արկածներին շատ ավելի հաճելի կլինի հետևել Ալենի անուղղակի կատակերգական ադապտացիայում, նրա մշտական հումորի շնորհիվ։

Թեև կինոգետ Ջեյ Լեյդան իր «Ֆիլմերից` ֆիլմեր» աշխատության մեջ խոսում է խրոնիկալ դոկումենտալ ֆիլմերից վերամոնտաժելու շնորհիվ ֆիլմ ստանալու մասին, այդուհանդերձ, իր դիտարկումները որոշ առումով կարելի է վերագրել նաև այս կինոնկարին։ Լեյդան համոզված է, որ մոնտաժային կինոժապավենը կարող է դառնալ համարժեք ինքնուրույն արվեստի գործ, նույնիսկ կինոյի կլասիկա, ինչպես ցանկացած այլ կինոժապավեն (Տե՛ս Дж. Лейда. Из фильмов – фильмы. Перевод с англ. Соколовой Д., М., 1966, с. 4)։

Ի վերջո Վուդի Ալենն էլ է ֆիլմից, ֆիլմ ստեղծել, ինչպես արդեն նշեցինք ամբողջովին վերախմբավորելով բնօրինակ ֆիլմը, օգտագործելով որոշ դրվագներ «Վառոդի տակառ» ֆիլմից, որի արդյունքը լիովին տարբերվող, հիրավի դասական համարվող ինքնուրույն ֆիլմ է։ Պատկերաշարհի հաջորդականությունը և տևողությունը նույնպես աննշան փոփոխությունների են ենթարկվել, Ի վերջո Վուդի Ալենը իր թեթև ձեռքով երկու մոտ 90 րոպե տևողությամբ կինոնկարներից վերամոնտաժելով ստացել է 80 րոպեանոց բավականին ինքնատիպ կինոնկար: Հետապնդումների և ծեծկռտուքների տեսարանների բազմազանության համար մեզ ցույց են տալիս երեկոներ ամերիկյան ակումբում կամ ֆիլմի հետ բացարձակապես կապ չունեցող դրվագներ, ինչը վկայում է, որ ռեժիսորը ֆիլմն ամբողջովին վերցրել է իր հսկողության տակ և ազատորեն հասցեագրում է այն արդեն այլ տեսակ հանդիսատեսի: Չնայաց որ նշեցինք որ Վուդի Ալենի ֆիլմը ստացվել էր 80 ր, ի սկզբանե նա ստեղծել էր 60 ր տևողությամբ ֆիլմը, մնացածը ավելացվել էր մինչև ֆիլմի էկրան բարձրանալը ընկերության կողմից, ինչից Վուդի Ալենը գոհ չեր մնացել, որն էլ դրդեց նրան հետագա կինոնկարներում ամբողջովին ֆիլմարտադրությունը մինչև էկրան բարձրանալը պահել իր ձեռքի տակ։

Երաժշտական նվագակցությունը ներկայացված է «The Lovin’ Spoonful»-ի կենդանի կատարումների տեսքով, որը մեզ մի քանի րոպեով տեղափոխում է Ճապոնիայից ամերիկյան ակումբ։ Խումբը նվագում է գրավիչ ռոքնռոլ՝ փոխանցելով 60-ականների ոգին։ Այդ երաժշտական ընդմիջումները յուրովի հարստացնում, երանգավորում են, մի տեսակ հանգստացնում են հանդիսատեսին էկրանին տեղի ունեցող անդադար հումորից և անհեթեթությունից:

Վերնագիրն ինքնին հուշում է, որ Վուդի Ալենը երբեք չի վախեցել տարօրինակ թվալուց և սխալ ընկալվելուց։ Նա համարձակորեն սկսեց ստեղծել նոր կերպարներ, նոր ժանր և իր ստեղծագործություններով կրթել նոր հանդիսատես։ Թե ինչու է ֆիլմը կոչվում այսպես՝ հստակ պատասխան չկա։ Հավանաբար, այն կարող էր ամեն կերպ անվանվել։ Կարևորը թերևս ոճն է, մատուցման եղանակը։ Միևնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ Վուդի Ալնն ինքն իրեն է հեգնում և նույինսկ ծաղրում, քանի որ «Ի՞նչ է պատահել, վագրաշուշան» կինոնկարի վերնագիրը փոքր ինչ հիշեցնում է Ալենի նախորդ աշխատանքի՝ «Ի՞նչ նոր բան կա, Փիսիկ» կինոնկարի վերնագիրը։ Ֆիլմն ունեցել է ևս մեկ հավելյալ վերնագիր՝ «Վուդի Ալենի առաջին խենթությունը» որն իսկապես շատ ավելի է համապատասխանում այս ֆիլմին։ Եվ չնայած մեր օրերում կան բազմաթիվ նմանատիպ վերաձայնագրում պարոդիաներ՝ «Ի՞նչ է պատահել, Վագրաշուշան» կինոնկարը իր գեղարվեստական հնարամտությամբ և որակով մնում է եզակին և նույնիսկ անկրկնելին։

Դեռևս անցյալ դարի 60-ականներին նա փաստորեն հեռացավ կինոստեղծման ավանդական եղանակներից՝ ստեղծելով բոլորովին նոր և անսպասելի մի ոճ։ Բայց, իհարկե, այս ֆիլմը ուղղված էր նեղ հանդիսատեսին, որը հոգնել էր կանխատեսելի ավարտով, սովորական լրտեսական պատմություններից։

Այսպիսով, ունենալով սրամիտ ու խարիզմատիկ դրամատուրգի որոշակի համբավ, մեր երիտասարդ նյույորքցի մտավորականը իր կինոկարիերայի սկզբնական փուլում բոլորովին նոր, բոլորովին այլ կերպ ընկալվող մոտեցումներով աչքի ընկավ։ Հետևաբար, ամենևին էլ զարմանալի չէ, որ ճապոնական քրեական այդ երկու Ջեյմս Բոնդի երրորդ կարգի կլոն թրիլլերները՝ դարձան նրա մոտեցումների «զոհը», կարելի է ասել նույնիսկ «մահապատժի ենթարկվածները»։ Հիրավի, հենց այդպիսին էր ճապոնական բնօրինակը: Ամբողջովին կլիշեավորված լրտեսական երրորդ կարգի թրիլլեր, որի նման հարյուրավոր ֆիլմեր էին նկարահանվում այդ տարիներին, որտեղ Ջեյմս Բոնդ հիշեցնող խիզախ հերոսը փրկում է ինչ-որ գաղտնի ծածկագիր: Ֆիլմը հստակ նկարահանվել է լուրջ լրտեսական թրիլլերների քաջ հայտնի նշաններով, ինչի մասին են վկայում վերոհիշյալ գլխավոր հերոս Ֆիլ Մոսկովիցի ծուռ ժպիտը (ինչպես հայտնի է, որքան ծուռ է ժպիտը, այնքան ավելի գրավիչ է հերոսը) և կիսամերկ գեղեցկուհիների առատությունը։ Ֆիլմը լի է քսաներորդ դարի լրտեսական կինոնկարների սուր պարոդիայի պահերով, կլիշեներով և շտամպերով, ինչպես գործակալ 007-ը, բայց դրանք ծաղրվում և ընդգծվում են այնքան պրոֆեսիոնալ, հստակ և նուրբ, որ այս բոլոր բացասական ատրիբուտները կարծես լավ քողարկված առավելություններ լինեն, որը երկու կողմերի համար էլ շահեկան է։ Ստացվում է կրկնակի պարոդիա՝ ագրեսիվ ճապոնացի գանգստերները զավեշտական տեսք ունեն, իսկ Ալլենի անհեթեթ, սրամիտ կատակները ամեն ինչ վերածում են ֆարսի։

Ֆիլմի շատ պահեր, երկխոսություններ, հիանալի վերագրված սցենար, ինչպես նաև խարիզմատիկ կերպարները ոչ մեկ անգամ, որ կստիպեն ձեզ ժպտալ կամ նույնիսկ ծիծաղել: Բայց կան որոշ պահեր, որոնց մասին արժե մի քանի բառով անդրադառնալ։ Նախ, սա յուրատեսակ «ներածությունն» է, որտեղ ճապոնացի գանգստերների խումբը փորձ է անում երկու հետախույզների դեմ, ինչը հանկարծ իր տեղը զիջում է երիտասարդ, գեղեցիկ աղջկան խելագար կլանի առաջնորդի և մի խումբ կամակատարների ճիրաններից փրկելու տեսարանին, իհարկե, դրան հաջորդում է ծեծկռտուքը, որն իսկապես նկարահանված է քունգ ֆուի մասին լավագույն հոնկոնգյան ֆիլմերի ոգով: Դրամատիկական ու սասպենսային առումով այս 2 տեսարանները գրեթե չեն զիջում ժանրի վարպետներին։ Երկրորդը, դա խուզարկու Ֆիլ Մոսկովիցի և գոյություն չունեցող, բայց իսկապես հնչող երկրի Բարձրագույն տիրակալի միջև երկխոսության, իր անհեթեթության մեջ ուղղակի փայլուն տեսարանն է, որտեղ տիրակալը խնդրում է դետեկտիվին օգնել իրեն գտնել այդ եզակի աղցանը պատրաստելու գաղտնի և խնամքով պահպանված բաղադրատոմսը։ Պահպանելով այս եզակի բաղադրատոմսը, որը ստեղծվել է աշխարհի լավագույն աղցան արտադրողի կողմից, գլխավոր հակարակորդը թույլ չի տալիս այս փոքրիկ, բայց շատ հպարտ երկրին իր տեղը գրավել աշխարհաքարտեզի վրա: «Ինձ մի հարցրեք, թե ինչու ձվի աղցան` ես բավարար հեղինակություն չունեմ»,- այս արտահայտությունը կարելի էր ներառել վերջաբանում, կարգախոսում, քանի որ հենց այս արտահայտությունում է ինքնին ֆիլմը: Նրա ամբողջ աբսուրդն ու կատակերգությունը։ Եվ երրորդ, հատկապես հիշարժան՝ մուլտիպլիկացիոն միջոցներով ստեղծված հաճելի ակնոցավոր տղամարդու հետաքրքրաշարժ ճամփորդությունը ֆիլմի լուսագրերին զուգընթաց, որտեղ արդեն իսկ ուրվագծվում է ռեժիսորի հետագա alter ego կոմիկական դիմակը։

Արդարության համար պետք է նշել, որ բնօրինակ ճապոնական «Բոլոր բանալիների բանալին» ֆիլմը նույնպես գովելի դրական բաղադրիչներ ունի, բացի վերոհիշյալ բացող տեսարանից, որի արժանիքը իհարկե Սենկիչի Տանիգուտիինն է: Դրա մեծ մասը պայմանավորված է հիմնական դերասանական կազմի դիպուկ քասթինգով: Արևելյան դերասանները խաղում են բավականին ալիքի վրա՝ երբեմն վատ խաղը փոխհատուցելով տպավորիչ խարիզմայով և հմայքով: Յուրաքանչյուր կերպար եզակի է և լավ գրված՝ անհաջող հետախույզ Տացույա Միհաշի (Ֆիլ Մոսկովից ըստ Ալենի), հիմար, բայց հմայիչ և ճակատագրական գեղեցկուհիներ Ակիկո Վակաբայաշի և Միե Համա, վերանվանված վերոհիշյալ վարպետի կողմից՝ Սուկի Յակի և Տերի Յակի։

Ինքը՝ Ալլենը, բացի ֆիլմի ռեպլիկները Լուիզա Լասսերի հետ միասին վերահչյունավորելուց, նաև անձամբ է հայտնվում այս ծաղրի մեջ։ Այդ ժամանակ դեռ չկար փոքրիկ, ակնոցավոր հրեա մտավորականի, Մանհեթենի երգչի, նուրբ երգիծաբանի և փայլուն սադրիչի կերպարի այդ զավեշտական դիմակը։ Ալենը հայտնվում է որպես հենց ինքը՝ Վուդի Ալեն, և անկեղծորեն խոսում է այն մասին, թե ինչու է նկարահանել այդպիսի ֆիլմ և ինչու: Իսկ ֆիլմի վերջում էլ նա խոստանում է, որ շուտով անպայման իրական ֆիլմ կնկարահանի, և այն կպարունակի այն ամենը, ինչ կար այս մեկում, միայն արդեն լիովին իրը։

Արդեն 70-ականների սկզբին քննադատները գրում էին Ալենի մասին որպես կինոֆենոմեն և դերասան և ռեժիսորին անվանում էին սերնդի մեծագույն արտիստ։ Եվ բոլորը կմոռանան, որ 1966 թվականին նա վերահնչյունավորեց մի հիմար ճապոնական մարտաֆիլմ՝ հանդիսատեսին պարգեւելով մաքուր, անբարդույթ, բացարձակապես ֆիզիոլոգիական ծիծաղի շատ հաճելի պահեր։ Ֆիլմի հումորը երբեմն չափազանց սուր է, բայց այն լիովին համապատասխանում է յուրաքանչյուր իրավիճակին: Ֆիլմը լի է բառախաղերով և կատակներով, որոնք հիմնված են Արևելքի մասին կարծրատիպերի վրա: Հստակ լսելի է սարկազմը, որը մերկացնում է դերասանների պահի տակ գերխաղը։

Այսպիսով, Վուդի Ալենը, այնուամենայնիվ, ճիշտ էր՝ իր ռեժիսորական ինտուիցիայով զգալով, թե ինչպիսի ծիծաղ է հարկավոր հանրությանը, և ընդլայնելով իր գեղարվեստական անհատականության հնարավորությունները նման օրիգինալ ֆիլմով։ Նա խելացի և զվարճալի ձևով նկարահանեց իր առաջին գրեթե ամբողջովին ինքնուրույն ֆիլմը՝ խնայելով ողջ դերասանական կազմի ու անձնակազմի վրա:

Նրա ապագա իսկապես փայլուն ֆիլմերի հաղթանակների ֆոնին, «Ինչ է պատահել, վագրաշուշան» կամ «Վուդի Ալենի առաջին խենթությունը» զվարճալի փորձ է, որի հիման վրա այժմ շատ մարդիկ են սնվում, ինչը արժեքավոր է միայն պարզապես իր գոյությամբ։ Մի կողմից սա զվարճալի կատակերգություն է, բայց մյուս կողմից՝ առաջին ամբողջովին անկախ ֆիլմն է անձամբ Վուդի Ալենից, և հենց այստեղ է կայանում դրա շատ ավելի նշանակալի արժեքը։

«Ի՞նչ է պատահել, վագրաշուշանը» բավականին պարզ, ոչ բարդ կինոնկար է, ուստի գրել դրա մասին ճիշտ է շատ ավելի պարզ և ոչ առանց հեգնանքի: Կարիք չկա այստեղ նկարագրել բոլոր վառ ու զավեշտալի պահերը՝ ֆիլմը պարզապես փայլում է դրանցով: Այս ֆիլմի բառացիորեն ամեն պահ, յուրաքանչյուր տեսարան բխում է կաուստիկ հեգնանքից և բառախաղերից: Այն լի է արևելյան ֆիլմերի մանր դետալներով և կլիշեներով, որոնք որսալուց հետո գիտակից հանդիսատեսը կամ արևելյան ամեն բան հավանող մարդը ակամայից կժպտա:

Ահա այս կարգի ազնիվ խարդախությամբ էլ սկսում է նոր կինոյի դարաշրջանը տաղանդավոր ու ինքնատիպ ռեժիսորից, որը մինչ օրս էլ շարունակում է զարմացնել դիտողին, ստիպում զգալ նորովի և անկեղծորեն սիրել կինեմատոգրաֆը։ Իր ռեժիսորական դեբյուտով Վուդի Ալենը սահմանեց իր հետագա կինոկենսագրության երանգն ու ընթացքը, որը մեկից ավելի անգամ կփոխվի և կզարգանա, բայց կպահպանի հենց այդ սարկազմը, կաուստիկ հեգնանքը և ծաղրը հասարակության և անհատի ազատության կարծրատիպերին:

Չնայած, որ հենց ինքը Ալենը այս ֆիլմը, ինչ որ չափով արդար, որպես իր կես ֆիլմ է համարում։ Այդուհանդերձ իր առաջին այդ ֆիլմը, որն ուրվագծում է հանճարի հետագա ֆիլմ ուղին, միևնույն է իր արժանի ամբողջական տեղն է զբաղեցնում անվանի ռեժիսորի ֆիլմագրությունում։

Արման Գրիգորյան