ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 2 նամականիշի մարման արարողությունը։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել փոխվարչապետ Արայիկ Հարությունյանը, որը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ նրան հոբելյանի և նամականիշի մարման առիթով։

«320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը: Նամականիշերի վրա նաև առկա են «Սերգեյ Փարաջանով» և «հայ կինոռեժիսոր» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով»,– ասված է հաղորդագրությունում:

Նամականիշերի վրա տեղադրված է ՅՈւՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ օրացույցում: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 30 000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: