Հիշո՞ւմ եք, «Մերոնք» շարքի պատմվածքներից մեկում Սերգեյ Դովլաթովը խոսում է Պետրոս Առաջինի մասին պատմող գեղարվեստական ֆիլմում իր մասնակցության մասին։ Իրականում հենց ինքը փորձեց խաղալ կայսրին, բայց գաղափարը մի քանի նկարահանման օրից այն կողմ չանցավ։

Սակայն այսօր կխոսենք գրողի ստեղծագործությունների էկրանավորման մասին։

 «Ուղիղ գծով» (1992թ. )  Սերգեյ Չլյանց

Ռուսաստանում առաջինը էկրան բարձրացավ Դովլաթովի բանակային հուշերի ժողովածուն՝ «Զոնա»-ն։ Հարբելու և կանոնակարգի խախտման համար գլխավոր հերոսին ժամանակավոր կալանքի վայր պետք է ուղեկցի նրա լավագույն ընկեր Ֆիդելը։ Ամբողջ ֆիլմը ճանապարհորդություն է A կետից B կետ, որի ընթացքում շատ անհավանական իրադարձություններ են տեղի ունենում։ Ֆիլմը նկարահանված է անկեղծ և սրտանց, այն ծառայեց, որպես Դովլաթովի արձակի հանրահռչակում, իսկ 90-ականներին Դովլաթովին ընթերցողը նոր էր բացահայտում։

«Խիստ ռեժիմի կատակերգություն» (1992թ.)՝ Վլադիմիր Ստունդեննիկով և Միխայիլ Գրիգորև

Մեկ այլ ֆիլմ՝ նկարահանված «Զոնա» ժողովածույի պատմվածքներից մեկի հիման վրա, որտեղ բանտարկյալները փորձում են բեմադրել «Կրեմլի աստղերը» պիեսը՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրվա համար։ Ֆիլմը բավական ազատորեն մեկնաբանում է Դովլաթովի պատմությունը՝ շեշտը դնելով այն հատվածի վրա, թե ինչպես են կալանավորները փորձում մարմնավորել կուսակցության առաջնորդների կերպարները։ Ֆիլմը, որպես ինքնուրույն ստեղծագործություն վատը չէ, ոչ թե ինչպես կինոադապտացիա։ Ֆիլմի հիմնական նպատակն է ծաղրել խորհրդային համակարգը։ Արժե այս ֆիլմը դիտել գոնե հանուն Վիկտոր Սուխուրուկովի, որն արժանացել է մի քանի կինոմրցանակների։

«Գեղեցիկ դարաշրջանի վերջը» (2015)՝ Ստանիսլավ Գովորուխին

Գովորուխինին ոչ միայն հաջողվեց բավական ստացված ֆիլմ ստեղծել, այլև՝ հրաշալիորեն փոխանցել ժամանակի ոգին։ Իսկ սև ու սպիտակ պատկերը միայն ուրույն նրբություն և հմայք է հաղորդում ֆիլմին։  Սա ֆիլմ-հիշողություն է խրուշչովյան հալոցքի ավարտի մասին, որին ականատես է եղել ռեժիսորը։ Ֆիլմի համն ու հոտը թեթևությունն է և փառավոր ժամանակների կարոտը։

«Պատուհասը» (2018)՝ Աննա Մատիսոն

Ֆիլմի գործողությունները տեղափոխովում են մեր օրեր, գլխավոր հերոսն այլև գրող չէ, այլ անհայտ երաժիշտ, ում մարմնավորել է Սերգեյ Բեզրուկովը։ Հերոսի խնդիրները նույնն են, ինչ Դովլաթովինը՝ ամուսնալուծություն, հարբեցողություն, ստեղծագործական դադար, պարտքեր։ Բացի սրանից, և գործողության վայրից գիրքն ու ֆիլմն այլ ընդհանրություններ չունեն, ուստի Դովլաթովի գործերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս պարզապես շրջանցել այս ֆիլմը։

Դովլաթով (2018)՝ Ալեքսեյ Գերման-կրտսեր

Այս ֆիլմը գրողի ստեղծագործությունների հիման վրա չի նկարահանված, այլ փորձ է ներկայացնել Դովլաթովի կյանքի մեկ շաբաթվա մասին։ Սակայն, ֆիլմն անտեսել պարզապես չի կարելի։ Չնայած այն հանգամանքին, որ սյուժեն սկզբից մինչև վերջ հորինված է, հեռուսատադիտողին մինչև ֆիլմի ավարտվելը չի լքում իրականության զգացողությունը։ Հերմանին հաջողվել է վերստեղծել, թեթև, մշտական աբսուրդի մթնոլորտ, որը առկա է հեղինակի բոլոր ստեղծագործություններում։ Միևնույն ժամանակ հիանալի ներկայացված է Դովլաթովը՝ տխուր սարկազմով։ Ոչ թե իրադարձությունների գլխավոր մասնակիցը, այլ՝ ավելի շուտ վկա, որ անաչառ ձևով արձագանքում է իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ իսկ պատճառով մշտապես սխալ ընկալված գրահրատարակիչների և խորհրդային խմբագիրների կողմից։

Պատրաստեց  Աշխեն Քեշիշյանը