Հունիսի 7-ին մեկնարկեց «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի չափազանց հետաքրքիր ու գրավիչ նյութ է առաջարկում կինոսիրողներին: Բացումը տեղի  ունեցավ Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը: Փառատոնային ցուցադրությունները կշարունակվեն Արվեստի բաց հարթակում հունիսի 8-15-ը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 510 ֆիլմ, որոնցից 150-ը ընտրվել են մրցույթային ծրագրի համար: Մասնակիցները ներկայացնում են 17 երկիր՝ Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն և Ֆրանսիա: Սա մեծ հնարավորություն է իմանալու տարբեր մշակույթների և կինեմատոգրաֆիական ավանդույթների մասին:

Այս տարվա փառատոնի անվանակարգերն են՝

-Մէկ կադր Մէկ րոպե – 112 ֆիլմ, որոնցից 100-ը կներկայացնեն Հայաստանը,

-Կարճ ֆիլմեր – 27 ֆիլմ, որոնցից 6-ը կներկայացնեն Հայաստանը,

-Կինո առանց սահմանի – 11 ֆիլմ, որոնցից 4-ը կներկայացնի Հայաստանը:

Փառատոնի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՄԷԿ ԿԱԴՐ-ն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն: Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «Մէկ կադր – մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»: Ներկայացվում են հատուկ ծրագրեր: