Տարիներ առաջ էր: Քայլում էի Պարադիզ փողոցի երկայնքով: Նախ աջ մայթով, դեպի վերջ: Հետո ձախով, դեպի սկիզբ: Մարսել:

Այդ փողոցում անցել է Վերնոյի մանկությունը: Իր սքանչելի հուշավեպում, որը նաև անեղծ ու շողարձակ գրականություն է, հենց այս փողոցն է նկարագրված: «Մայրիկ» ֆիլմում՝ նույնպես:

Իսկ Վերնոյին Երևանում չէի տեսել: Իր այցելության օրերին Հայաստանում չէի, ցավոք: Բայց միշտ այն զգացողությունն եմ ունեցել, որ նրա հետ շփումը գրեթե սարոյանական տպավորություն էր թողնելու: Եվ փորձում էի իր մանկության փողոցում գտնել նրան:

Էլի տարիներ անցան, և այս երևակայական որոնման մասին պատմեցի որդուն՝ Պատրիկին, ով Հայաստան էր հասել … մոտոցիկլետով: Նա վերականգնել էր իր բուն ազգանունը՝ Մալաքյան: Հանդիպեց մեր ուսանողների հետ: Ասում էր՝ հայրս միայն ինձ չի պատկանում, նա իր ժողովրդինն է: Դա հենց այն օրերն էին, երբ Վերնոյի անվան փողոց բացեցինք՝ Թատերականին կից, և  թաքուն բաղձանք ունեի, որ մեր հասցեն դառնա:

Վերնոյը մեկն էր հայկական պատասխանը տվողներից: Բայց այնպես, որ լսեն նաև ոչ հայերը: Երբ նա՝ փոքրահասակ, ծնողների հետ, հասնում է ֆրանսիա, սահմանակետի պաշտոնյան, մուտքի թղթեր լրացնելիս, «քաղաքացիություն» սյունակում գրում է՝ «անհայրենիք»: Այդ գրառումը նստվածք է թողել երեխայի հոգում: Դառնալով լայնորեն ճանաչված կինոռեժիսոր, նա բարձրաձայնել է իր ինքնությունը, ազգային հիշողությունն ու ելից արմատը՝ հենց որպես Հայրենիք:

Գրող` Դավիթ Մուրադյան