Օրեր առաջ Կաննի միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց Էրիկ Ռոշայի և Գաբրիելա Կարնեյրո դա Կունյայի «Երկնքի անկումը» վավերագրական ​​լիամետրաժ ֆիլմը։ Հեղինակների ներշնչանքի աղբյուրը աշխարհի մեծագույն առաջնորդներից մեկի, Բրազիլիայի բնիկ Յանոմամի ժողովրդի շաման Դավի Կոպենավայի և ֆրանսիացի մարդաբան Բրյուս Ալբերտի համանուն գիրքն էր։ Սակայն գիրքը ֆիլմի վերածելու փոխարեն ռեժիսորները ստեղծել են գրական ստեղծագործության նոր կինեմատոգրաֆիկ գլուխ՝ հիմնվելով գրքի հեղինակների հետ 2017 թվականից հաստատված կապի և փոխադարձ վստահության վրա։

«Երկնքի անկումը» ֆիլմի բոլոր նկարահանումները կատարվել են Վատորիկե խոշոր համայնքային տանը, որտեղ ապրում են գրքի հեղինակ Դավի Կոպենավան և նրա ընտանիքը։ Յանոմամիների այս բնակավայրը գտնվում է Բրազիլիայի և Վենեսուելայի միջև, այն արևադարձային անտառների ամենամեծ և ամենակարևոր տարածքներից  մեկն է աշխարհում: Բրազիլիայում ներկայում ապրում է շուրջ 30 հազար յանոմամի, այսինքն ավելի քան 300 համայնք, որոնք  հանքագործների զանգվածային ներխուժման հետևանքով բախվում են ծանր հումանիտար ճգնաժամի։ Ներխուժողները  փնտրում են օգտակար հանածոներ, հիմնականում՝ ոսկի և կազիտիտ: Վերջին տարիներին նրանց թիվը հասել է 20 հազարի՝ խթանելով բռնություն, մարմնավաճառություն, անօրինական անտառահատումներ, ջրի և ձկների աղտոտում սնդիկով և բազմաթիվ մահացու հիվանդություններ, այդ թվում՝ մալարիա, որի պատճառով մահանում են մինչև 5 տարեկան հարյուրավոր երեխաներ։

Էրիկ Ռոշայ

2023 թվականի սկզբից  յանոմամիների անհանգստացնող պատկերները շրջանառվում են ազգային և միջազգային լրատվամիջոցներում՝ աշխարհին բացահայտելով բնիկ ժողովուրդների սանիտարական և հումանիտար ճգնաժամի ծանրությունը։ «Երկնքի անկումը» ֆիլմի հեղինակները, սակայն, նպատակ չէին հետապնդում վերարտադրել նույն լրատվամիջոցների պատկերները, որոնք արդեն մեծ մասշտաբով տարածվել են, այլ ավելի շուտ առաջին պլան բերել յանոմամիների գեղեցկությունը, քաջությունը և կենսունակությունը:

Ֆիլմի պատմողական առանցքը Ռեահուի կոչվող հուղարկավորման ծեսն է, յանոմամիների ամենակարևոր արարողությունը, որը համախմբում է հանգուցյալի հարյուրավոր հարազատների՝ նպատակ ունենալով վերացնել մահացածի բոլոր հետքերը և այդպիսով մոռացության մատնել դրանք: Ռեահուի խնջույքը հրավեր է մուտք գործելու  Յանոմամի տիեզերագիտություն՝ Քսապիրի ոգիների աշխարհ: Ըստ յանոմամիների, այս աշխարհի շնորհիվ են նրանք խորը երազներ տեսնում: Շաման Դավի Կոպենավան գրքում և ֆիլմում բացատրում  է, որ ոչ բնիկ՝ սպիտակ մարդկանց ողբերգությունը նրանում է, որ չնայած շատ քնելուն, մենք տեսնում ենք երազներ միայն մեր մասին՝ չկարողանալով անցնել մեր եսի սահմանները:

Գաբրիելա Կարնեյրո

Եվ այն, ինչ այսպես կոչված «զարգացած» երկրներում ապրող սպիտակ մարդիկ անվանում են կլիմայական աղետ, իրականում աշխարհի վրեժն է՝ առևտրական մարդկանց կողմից իրականացված բոլոր բնաջնջումների և չարիքների համար: Զայրացած Քսապիրի ոգիները վրեժ են լուծում իրենց հայրերին՝ շամաններին կործանելու համար: Եվ այստեղ գալիս է ֆիլմի գլխավոր կինեմատոգրաֆիական հարցը՝ «երբ երկինքն ընկնում է, ի՞նչ պատկերներ և ձայներ են հնարավոր․․․»։

Այս հարցի պատասխանի համար ռեժիսորներն իրենց ֆիլմում երկխոսության են հրավիրում աշխարհի մեկ ուրիշ ռեժիսորի աշխատանք՝ Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը։

«Էրիկը միշտ եղել է Փելեշյանի ստեղծագործության մեծ երկրպագուն,Կաննի փառատոնի շրջանակներում մեր ունեցած զրույցում բացատրում են ռեժիսորներ Գաբրիելա Կարնեյրո դա Կունյան և Էրիկ Ռոշան։ – Իրականում կարելի է ասել, որ Փելեշյանի վստահությունը պատկերի, հնչյունի և մոնտաժի նկատմամբ խորապես ոգեշնչել է Էրիկի աշխատանքը։ Պատահական չէ, որ վերջինիս սկզբնական մասնագիտացումը մոնտաժն է, մասնավորապես արխիվային կադրերի մոնտաժը։ Փելեշյանի աշխատանքի հետ Էրիկն ինձ ծանոթացրեց գրեթե 12 տարի առաջ։ Ավելի ուշ, երբ մենք երազում էինք և ստեղծում «Երկնքի անկումը», մենք տեսանք վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմը։ Երկուսիս մեջ անմիջապես ստեղծվեց տպավորություն, որ «Բնությունը» կարող էր նաև լինել «Երկնքի անկումը», ասես մեր պատկերացրածի մի մասն արդեն արվել էր պարոն Փելեշյանի կողմից։ Մեզ թվում էր, թե նա կարդացել է Դավի Կոպենավայի գիրքը, ասես մեծ շամանի երազները նաև վարպետի երազներն էին։ Եվ քանի որ Փելեշյանը միշտ շատ մեծ ազդեցություն է ունեցել մեր աշխատանքների վրա, անհնար է նկարագրել մեր ուրախությունը՝ ներառելու նրա սև ու սպիտակ պատկերները մեր աշխատանքում, ստեղծելու երկխոսություն երկու ֆիլմերի միջև»:

-Հեղինակներն ասում են, որ որպես ստեղծագործող մարդիկ՝  հասկանում են Դավի Կոպենավայի կոչը, և ցանկանում են ստեղծել կինո, որը կկարողանա երազել իր սահմաններից դուրս։ Չէ՞ որ կինոն կոչում ունի լինել ոչ միայն ճիչ, այլև երգ, որը խախտում է լռությունը՝ փորձելով տարածել աշխարհի չորս անկյուններում յանոմամիների գեղագիտական ուժը, բայց և նախազգուշացնող մարգարեությունը. «Անտառը դեռ ողջ է։ Այն կմահանա միայն այնժամ, երբ սպիտակները համառեն շարունակել ոչնչացումը: … Իսկ հետո մենք էլ կմահանանք, մեկս մյուսի հետևից, թե՛ սպիտակները, թե՛ մենք։ Բոլոր շամաններն ի վերջո կմահանան և չեն կարողանա այլևս պահել երկինքը… Եվ այդժամ երկինքը կփլուզվի...»։ 

Լիլիթ Սոխակյան

Փարիզ,2024թ