Ազգային կինոկենտրոնը կվերակազմակերպվի Հայաստանի կինոյի հիմնադրամի
Մայիսի 2-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը։ Այս մասին գրում է kinopress.am-ը՝ հղում անելով՝ ՀՀ Կառավարությանը։
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացմանն ուղղված գործընթացները, այդ թվում կինոռեեստորի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանըև այլն։
1) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը.
2) կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծմանն աջակցությունը.
3) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը.
4) ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման ու պահպանման աջակցությունը.
5) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը.
6) համատեղ կինոարտադրության խթանումը.
7) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը.
8) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը.
9) միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարներին աջակցությունը.
10) կինոարտադրության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին տեղական և միջազգային շուկաներին ինտեգրման աջակցության իրականացումը.
11) կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը.
12) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Դավիթ Բանուչյանը։
Որոշման նախագծի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից: Որոշման ընդունումից հետո մեկնարկելու է հիմնադրամի գրանցման աշխատանքները և գույքի հանձնման-ընդունման գործընթացը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը արդեն հաստատել է համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը, վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը, կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր հանել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը և ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները։