Որքան էլ ջանքեր ներդնեն կինոռեժիսորները էկրանավորելու գրական հանճարեղ ստեղծագործությունները՝ կարծիքները միշտ  հակասական են լինում, երբեմն՝ խիստ քննադատական։ Գրական ստեղծագործություն էկրանավորելը մեծ համարձակություն է պահանջում, քանի որ լավագույն ընթերցողն իր երևակայության աշխարհում նաև գրական գործի լավագույն ռեժիսորն  է՝ քմահաճ և  միշտ  խստապահանջ։

 2024 թվականի ամենաքննարկվող ֆիլմը շարունակում է մնալ Միխայիլ Լոկշինի «Վարպետն ու Մարգարիտան» (Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի հիման վրա նկարահանած): Կինոքննարկման հարթակներում Բուլգակովի գլուխգործոցի նոր էկրանավորման քննարկումները հատկապես թեժանում են, երբ կինոսերները սկսում են ֆիլմը համեմատել Վլադիմիր Բորդկոյի սերիալի հետ։ Սովորաբար վեպի խորությունը, միստիկան, հերոսների զգացմունքայնությունը, Բուլգակովի անկրկնելի հումորը հաղթում է հօգուտ Բորդկոյի սերիալի, սակայն պետք է խոստովանել, որ Լոկշինի ֆիլմում Եվգենի Ցիգանովի Վարպետը և Աուգուստ Դիլի Վոլանդը պարզապես անզուգական են և ոչ միայն չեն զիջում Ալեքսանդր Գալիբի Վարպետին և  Օլեգ Բասիլաշվիլի Վոլանդին, այլև՝ նույնիսկ գերազանցում են։

Ֆիլմի գրաֆիկական աշխատանքը գովեստների է արժանի, սակայն աչքահաճո գրավիչ տեսարանները պետք է որ չնսեմացնեին վեպի իմաստի ընկալման փոխանցումը, այլապես Լոկշինի «Վարպետն ու Մարգարիտան» գրական շեդևրից տեղ-տեղ վերածվում է հոլիվուդյան սովորական ֆանտաստիկայի։ Օրինակ, հանրահայտ կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին նախընտրեց մնալ ընթերցողի դերում և չդիտել ֆիլմը։ Նա հայտարարեց, որ այլևս չի կարողանում նայել վեպի էկրանավորումը՝ հավելելով, որ այն ինչ երևում է էկրանին հաճախ շատ հեռու է Բուլգակովի տեքստից. «Ռեժիսորի նկատմամբ անձնական վերաբերմունքը միշտ պրոյեկտվում է նրա գործի վրա ու դրանից պրծում չկա»,-ասել է նա։

Վարպետին ու Մարգարիտային խաղացին իրական ամուսիններ

Եվգենի Ցիգանովն այս ֆիլմում խաղաց կնոջ՝ դերասանուհի Յուլիա Սնիգիրի հետ։ Հարցին, թե այժմ որքանո՞վ է ակտուալ վեպը, դերասանը պատասխանել է. «Բուլգակովը դեռ ծիծաղեցնում է։ Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մի բան դեռ «կպնում» է մեզ։ Բոլգակովիզմը, որքան ես եմ ընկալում ծիծաղելիի և վայրենության համադրություն է»։

 Յուլիա Սնիգիրը՝ Մոսկվայի վրա մերկ թռչող Մարգարիտան, կարծում է, որ ֆիլմը միևնույնն է քննադատության է արժանանալու. «Ամեն ինչի համար, նույնիսկ, որ կատուն այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ և դա նորմալ է, հնարավոր չէ վերարտադրել այն ինչը նկարել է երևակայությունը։ Հնարավոր չէ բոլորին գոհացնել, սակայն Միշա Լոկշինը չի էլ փորձել դա անել, քանի որ նա, իմ կարծիքով ազնիվ ռեժիսոր է։ Մեկ էլ մի խորհուրդ կցանկանայի տալ ֆիլմը դիտողներին, «Վարպետը և Մարգարիտան» մեծ էկրանների ֆիլմ է, եթե դուք որոշել եք փոքր էկրանով նայել, ապա ավելի լավ է աուդիոգիրքը լսեք, դա ավելի արդյունավետ կլինի»։

Անկրկնելի Վոլանդը

 Ազգությամբ գերմանացի դերասան Աուգուստ Դիլը կիսվում է իր տպավորություններով. «Առաջին անգամ «Վարպետն ու Մարգարիտան» ես կարդացի, երբ 18-20 տարեկան էի։ Այդ ժամանակ մեր դպրոցում «Վարպետը և Մարգարիտան» վեպի իսկական ֆան-ակումբ կար։ Դա մի վեպ էր, որը շատերը կապում էին թմրանյութերի, սատանիզմի, առհասարակ այն ամենի հետ ինչով զբաղվում են դեռահասները։ Այդ ժամանակ ես իսկապես չհասկացա վեպը։ Այն ինձ չափազանց հոգեմետ թվաց, չափազանց ծանրակշիռ։ Այն ժամանակ ես հիվանդացել էի Դոստոևսկիով և այլ գրականություն ինձ հետաքրքիր չէր։ Ավելի ուշ ես վերընթերցեցի վեպը Ալեքսանդր Նեցբերգի նոր թարգմանությամբ և միանգամայն հիացած էի։ Ոչ միայն պատումից, այլև՝ առաջին հերթին Բուլգակովի լեզվից։ Այն անհավանական հումորով է, պոետիկ, հանդուգն։

Իհարկե՛, Վոլանդն է եղել իմ սիրելի կերպարը։ Բայց  կարծում եմ ես միակը չեմ, նա բոլորին է դուր գալիս։ Փաստացի Վարպետը կարևոր է, բայց նա շատ քիչ է վեպում։ Մյուս բոլոր կերպարները բարդ փազլ են, որոնց ի վերջո միավորում է Վոլանդը։

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքի ընթացքում ես սատանայի տարբեր կերպարներ ուսումնասիրեցի։ Նա շատ տարբեր է։ Մեֆիստոֆելը, սատանան, Լյուցիֆերը…այս բոլոր անունները մենք հանդիպում ենք նաև Բուլգակովի մոտ։  Ես որոշեցի, որ իմ Վոլանդը կլինի թեթև, առանց տարիքի ջենտլմեն, ով մարդկությանը նայում է ինչպես օտարերկրացի զբոսաշրջիկ։ Նա հետաքրքրասեր է, երբեք չի ձանձրանում, չնայած որ 800 կամ 1000  տարի շարունակ նա մասնակցում է նույն խաղին»։

Միխայիլ Լոկշին

 Ես չորս տարի անընդմեջ աշխատել եմ այս ֆիլմի վրա։ Գործնականում ոչ մի ուրիշ բան չեմ արել։ Բազմաթիվ դժվարություններ եղան, հատկապես վերջին երկու տարում, երբ սկսվեց լայնածավալ պատերազմը։ Ես գիտեմ, որ ինչ-որ բաներ ուզում էի անել այլ կերպ, բայց տարբեր պատճառներով չստացվեց։ Ամեն ինչ բարդացավ պատերազմի սկսվելուց հետո։ Բայց, ընդհանուր առմամբ ես իհարկե գոհ եմ։ Մինչ պատերազմի սկսվելը ես մեծ ազատություն ունեի, հետո նույնիսկ գրաքննության փորձեր եղան։ Արդյունքում քրտնաջան աշխատանքի և հրաշքի շնորհիվ ֆիլմում գրեթե գրաքննություն չկա, կամ՝ նվազագույն չափով։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը