Մարգարիտա Բարսկայայի մասին նախընտրել են լռել՝ յոթանասուն երկար ու ձիգ տարիներ։ Ո՛չ տարբեր ստեղծագործական միությունները, ո՛չ կինոֆոնդերը եւ ոչ էլ իշխանությունները չեն հիշատակել մանկական կինոյի հիմնադիրներից մեկին։ Նույնիսկ չնայելով այն հանգամանքին, որ նրա կինոնկարները մաս են կազմել կինոարվեստի Ոսկե ֆոնդի, իսկ «Պատռված կոշիկները», որտեղ Բարսկայան հանդես է գալիս որպես ռեժիսոր եւ սցենարիստ, հանդիսանում է համաշխարհային կինոարվեստի նշանակալի հանգրվաններից մեկը, նրան նախընտրել են մոռացության տալ։

«Ուղեգիր դեպի կյանք» (1931 թ․), «Պատռված կոշիկներ» (1933 թ․)։ Այս կինոնկարների նշանակությունը եւ հատկապես «Պատռված կոշիկները» հնչուն մանկական կինոարվեստում այն նույն նշանակությունն ունեին, ինչ «Կարմիր սատանայի ճտերը» մանկական համր կինոյում։ Դա նույնքան որակյալ եւ լուրջ թռիչք էր։

Իսկ ո՞վ էր Մարգարիտա Ալեքսանդրովնա Բարսկայան (1903-1939):

Նախքան Մարգարիտա Բարսկայայի մասին պատմելը, նախ հարկ է ուշադրություն հատկացնել նրա մորը՝ Եվգենյա Միխայլովնային։ Նա հիմնարար ազդեցություն էր ունեցել Մարայի՝ Մարգարիտայի, որպես անհատականության, ձեւավորման վրա։

Ընտանիքը

Հայրը՝ Միխայիլ Բարսկին, շուտ է հեռացել ընտանիքից եւ դրա համար էլ Մարգարիտան նրան չի սիրել։ Այնքան չսիրված է եղել հայրը նրա կողմից, որ երբ անձնագիր է ստացել, հայրանունը «Միխայլովնայից» փոխել է «Ալեքսանդրովնայի»։

Միակ հիշողությունը հոր մասին հենց Մարգարիտան է պահպանել։ Նա միայն մեկ անգամ է այցելել նրան, այն էլ արդեն հասուն տարիքում։ Նա հիշել է հորը փոշիներ հավաքելու համար նախատեսված փետրափայտով, որով նա սրբել է զենքերի հավաքածուի փոշին։ Եւս մեկ հիշատակություն էլ կա հոր մասին, որը սակայն անձնական մի բան է․«Նա այնպիսի բանաստեղծություններ է գրում, որոնք ես նրան ներել չեմ կարող։ Եթե այդ բանաստեղծությունները չլինեին, ես գուցե իմ մեջ ուժ գտնեի նրա հանդեպ ավելի լավ վերաբերմունք ունենալու»։

Մայրը՝ Մարիա Մոիսեևնա Բարսկայան ծնվել էր Բելառուսի Օրշե բնակավայրում, աստվածավախ հրեայի ընտանիքում։ 18 տարեկանում հայտարարում է ծնողներին, որ այլեւս սինագոգ չի հաճախելու, քանի որ Աստծուն չի հավատում։ Ծնողները պայման են դնում՝ կամ կմտքափոխվի, կամ կհրաժարվեն նրանից։

Մարիան հավաքում է ունեցած չունեցածն ու տեղափոխվում Բաքու՝ ազգականների մոտ։ Բաքվում շատ ազգականներ ուներ եւ նրանք ունեւոր մարդիկ էին։ Աղջկան շատ լավ են ընդունում, սովորեցնում աշխարհիկ վարքուբարք, օգնում իր արհեստանոցը բացել։ Շուտով «Լուվր» գլխարկների արհեստանոցը դառնում է ամենահայտնին Բաքվում։

«Չունենալով որեւէ գեղարվեստական կրթություն, բայց ունենալով ի ծնե ճաշակի զգացողություն, նա հորինում էր գլխարկների ձեւեր եւ հայտնի էր, որ «Լուվր» արհեստանոցից դուրս եկած երկու միանման գլխարկներ Բաքվում չկային։ Եթե բաքվեցի նորաձեւ կինը ֆայտոնով գնում էր եւ ծնկներին դրված էր ունենում «Լուվր» գրությամբ տուփ, դա նշանակում էր, որ կինը ունեւոր է եւ ճաշակով»,- հիշում է թոռը՝ Դմտրի Բարկսին։

Քույրերը Աննան՝ ծնվել էր 1905 թվականին, իսկ  Եվգենյան՝ 1907-ին:

Քույրերի մասին քիչ բան է հայտնի։ Արդեն հայտնի Դմիտրի Բարսկին միջնեկ քրոջ որդին էր։ Կրտսեր քույրը երեխաներ չուներ։

Մանկության տարիները

Մարգարիտա Բարսկայան ծնվել է 1903 թվականի հունիսի 19-ին։ Ընտանիքը եղել է բավականին ունեւոր եւ բարեկեցիկ։ Փոքր հասակում սիրել է գտնվել արհեստանոցում, տարատեսակ գունագեղ նյութերի շրջապատում, փորձել արդեն պատրաստի գլխարկները։ Ամեն բան փոխվել է, երբ մայրը հղի է եղել կրտսեր քրոջով, իսկ հայրը հեռացել է գլխարկ կարող ավագ վարպետուհու հետ։ Մեծ սկանդալ է լինում։ Դրանից հետո դավաճանները վռնդվում են մոր կողմից։ Վրա են հասնում դժվար ժամանակները։ Քիչ էր, թե արհեստանոցը զրկվում է հիմնական դերձակուհուց, հայտնաբերվում է նաեւ, որ կրտսեր քույրն ուներ առողջական խնդիրներ։ Նյութական միջոցները սկսում են չհերիքել։ Քանի որ բաժանության նախաձեռնողը մայրն էր, հայրը ազատվել է դուստրերի պահելու համար նպաստի վճարումից։ Այդ ժամանակ Մարգարիտան դեռ հինգ տարեկան էր։

Նոր կյանքը

Երբ ընտանիքի վիճակը դառնում է չափազանց ծանր, մայրը որոշում է վարձակալության տալ արհեստանոցի վերեւի սենյակները։ Դրանցում հաստատվում են շրջիկ թատրոնների դերասանները։ Փոքրիկ Մարգարիտան հայտնվում է բոհեմական աշխարհի լիովին այլ միջավայրում։ Երբ լրանում է նրա վեց տարին, աղջկան նկատում է Բաքվում գտնվող Վերա Կոմիսարժեւսկայան։ Նա աղջկան իր հետ թատրոն է տանում եւ բեմ հանում ներկայացումներից մեկում որպես իր դուստր։ Մարան տեքստ չուներ, սակայն հիացնում է հանդիսականներին։

Քանի դեռ գտնվում էր Բաքվում, Կոմիսարժեւսկայան զբաղվում է Մարգարիտայով եւ հեռանալիս ասում մորը․ «Մի օր այս փոքրիկ աղջիկը կարող է դառնալ մեծ արտիստուհի»։ Այդ պահից սկսած Մարգարիտան հիվանդանում է բեմով։

Թատրոնը

13 տարեկանում նա արդեն Բաքվի բեմի փոքրիկ աստղն էր։ Նրան հաճախ էին հրավիրում ամենատարբեր ներկայացումների։ Բացի դերասանական հմտություններից, Մարգարիտան նաեւ գրագետ էր, կարողանում էր հիանալի պարել եւ դաշնամուր նվագել։

1921 թվականին նա արդեն տասնութ տարեկան էր։ Այդ ժամանակ էլ Բաքվում բացվում է Ադրբեջանի առաջին դրամատիկական ստուդիան։ Մարան դառնում է վերջինիս առաջին տարեշրջանի ուսանող։ Ուսման ավարտին աղջիկը մի քանի առաջարկներ է ստանում, սակայն ընտրում է մի փոքր անսովոր «Կարմիր լամպ» շրջիկ-փորձարարական թատրոն-ստուդիան։

«Դերերի մեծամասնությունը, որոնք ես խաղացել եմ, եղել են երեխաների դերեր եւ արդեն այդ ժամանակ սկսված սիստեմատիկ դիտարկումներս երեխաների հանդեպ, հիմք դրեց այն հետաքրքրությանը, որը հետագայում հորդեց, երբ գիտակցաբար ցանկացա աշխատել հենց մանկական կինոարվեստում։ Թատրոնի հետ անցնելով մի շարք խոշոր քաղաքներով, եւ աշխատելով այնտեղ մի տարուց մի փոքր ավելի, ես կարծում էի, որ թատրոնի կայուն կամ անփոփոխ խաղացանկը չի տալիս ինձ հնարավորություն աճելու եւ զարգանալու համար»,- գրում է Մ․Բարսկայան իր հուշերում։

Մարգարիտան տեղափոխվում է Օդեսայի պետական դրամատիկական թատրոն եւ միանգամից նրա մասին սկսում է խոսել ողջ թատերական Օդեսան։ Նրա մարմնավորած արքայադուստր Տուրանդոտը առաջացնում է հանդիսականների եւ մասնագետների հիացմունքը։

«Հիանալի զույգ են անխոս՝ Բարսկայան եւ Նազարովը։ Դա պիեսի լավագույն դրվագներից է»,- տեղի մամուլում կարդում ենք Բարսկայայի մասին (Мал Д. «Принцесса Турандот» — бенефис Л.Ф. Лазарева // Вечерние известия (Одесса). 1924. № 200. 12 ян)

Սակայն Բարսկայան Օդեսայում նույնիսկ սեզոնը չի ավարտում։ Նրա ճակատագրում նոր շրջադարձ է։ Նրան հրավիրում են կինոարվեստ եւ ծանոթանում է Պյոտր Իվանովիչ Չարդինինի հետ, որը համր կինոյի դասական էր։ Վերջինս դառնում է նրա ամուսինը։

Մարա Բարսկայայի հասուն կյանքը

Չնայած շատ բան էր հասցրել տեսնել, սակայն այդ ժամանակ դեռ քսան տարեկան էր։ Նա վառ արտիստուհի էր, ում սիրում էր հանդիսատեսը, սակայն ըստ էության մնացել էր այն նույն բաքվեցի աղջնակը՝ գլխարկների արհեստանոց խանութից։

Ամուսինը

Պյոտր Չարդինինին կարելի է համարել համր կինոյի նահապետ։ Այն ժամանակ, երբ հանդիպում է Բարսկայային, նա արդեն նկարահանել էր ավելի քան հարյուր կինոնկար։ Չարդինինը հիսուն տարեկան էր, Մարան` քսան, սակայն սիրահարվում է կենդանի դասականին մինչեւ ականջների ծայրը։

Մորն ուղարկելով ապագա ամուսնու լուսանկարը, դարձերեսին գրում է հետեւյալ հիացական տողերը․ «Մայրիկ այստեղ նա չափազանց նման է։ Միայն պատկերացրու, ալեխառն մազեր, սեւ հոնքեր եւ ինչպես ծովը՝ կապույտ աչքեր, որոնք չափազանց կենսալից են ու աշխույժ, երբեմն ասես անհանգիստ գայլուկ լինեն։ Ահա եւ ողջ դիմանկարը»։

Շուտով ամուսնանում են։ Սակայն ամուսինների հարաբերությունները այնքան էլ սովորական հունով չեն դասավորվում։ Երկուսն էլ չափազանց վառ անհատականություններ էին, որպեսզի կարողանային տեղավորվել խորհրդային պատկերացմամբ՝ հասարակության բջիջ հանդիսացող ընտանիքի սահմաններում։

Դատելով ամեն ինչից, նման ազատ հարաբերությունների նախաձեռնողը Չարդինինն էր, ով առաջին հանդիպումներից մեկում, իր մասին պատմելու փոխարեն ցույց էր տվել լուսանկարը, որի դարձերեսին գրված էր․ «Չարդինին, զբաղվում է գեղանկարչությամբ։ Աշխատանքային պահ Յալթայում՝ 1922 թվական։ Ներկայացվել է ինձ որպես անձը հաստատող փաստաթուղթ, մեր ծանոթությունից ոչ շատ անց՝ 23-ին»։

Այս տարօրինակ զույգը վայելում էր մեկմեկու հանդեպ տածած սերը։ Ընդ որում, մեկի համար դա ավելի շատ ֆիզիկական սեր էր մյուսի համար՝ հոգեւոր։

Չարդինինը չէր հագենում իր երիտասարդ կնոջ գեղեցկությամբ եւ շարունակ նկարահանում էր նրան անլուրջ տեսարաններում, օդալիսկի եւ հարճի կերպարներում։ Բարսկայան ձգտում էր դեպի նրա գիտելիքը եւ փորձը, սովորում էր մոնտաժ եւ ռեժիսուրա, յուրացնում էր դերասանների հետ աշխատելու գաղտնիքները։

Նրանց հարաբերությունների մակարդակը հասկանալու համար, թե նրանից մեկը մյուսին որքան է զարմացրել, բավական է նայել Չարդինինի «Բոտանիչիոյի Դեկամերոնը»։ Դա Բոկաչոյի ոճով ոճավորված նկարների ալբոմ էր՝ կից տպագիր տեքստով, որտեղ յուրաքանչյուր նովելը Մարգարիտայի մասին էր՝ բնորոշիչ լուսանկարներով։

Հինգ տարի անց, սակայն Մարայի եւ Չարդինինի միջեւ բոցառվառվող կրակը սկսում է հանգել։ Հարաբերությունները դառնում են ավելի միագիծ, ինչը Բարսկայայի բնավորությանը չէր համապատասխանում։ Պատահական չէ, որ «Բաքվի քամին» պատմվածքը գրելուց հետո, կենսագիրները հաճախ են նրան համեմատում տարերքի հետ։

Այդ ժամանակ Չարդինինն արդեն որպես ուսուցիչ, նրան ոչ մի նոր բան տալ չէր կարող։ Մարգարիտան հեռանում է, իսկ Չարդինինը մնում է, որպեսզի տառապի։

«Ես նման եմ կոտրված ջութակով երաժշտի։ Այլեւս չեմ կարող նվագել։ Կարող եմ միայն արտասվել»,- գրել է Չարդինինն այն ժամանակ, երբ նրանք բաժանվել են։ Մարա Բարսկայան իր օրագրում պատմում է, թե ինչպես է տուն եկել ու տեսել ամուսնուն քնած, կողքին՝ կիսադատարկ գինու շիշ եւ այդ գրությամբ թուղթ։ Չնայած այն բանին, որ Չարդինինը երբեք չի ներել Մարային, որ բաժանվել է ու նույնիսկ ստիպել է, որ վերադարձնի բոլոր նվերները, Բարսկայան նրան մշտապես հիշում էր քնքշանքով։

Հաճախ է հիշել նրան իր օրագրերում, նույնիսկ՝ բաժանումից հետո։ Իսկ արդեն լինելով հանրահայտ դեմք, Չարդինինի՝ 34 թվականին մահվանից հետո, գրում է․

«Որքան լավ էր, որ ես ապրեցի նրա հետ վեց տարի, չնայած այն ողջ վշտին, որ կար։ Ես այնուհանդերձ, պարտական եմ նրան շատ բանով, այդ թվում նաեւ մարդկանց հանդեպ ունեցած համբերատարությամբ։ Ծեր մոհիկան, այլեւս նմանները չկան։ Կյանքի վեցերորդ տասնամյակում կարողանալ նվաճել իմ նման «սուր փշեր» ունեցող աղջկա սիրտը, եւ ամուսնանալ նրա հետ, ապա տանջել այն աստիճան, որ նրանից փախչեմ ․․․ ու մինչեւ մահվան ժամը գրպանում պահել այն հեռագիրը, որտեղ ես նրան անվանել եմ ուսուցիչ»։

Բարսկայան եւ Գրիբերգը

Ալեքսանդր Գրիբերգը կինոօպերատոր էր, ռուսական եւ խորհրդային լուսանկարչության դասական, կայսերական լուսանկարչական ընկերության անդամ, բավականին նշանավոր մարդ։ Մասնակցել էր Առաջին աշխարհամարտին, երեք տարի գտնվել գերմանական գերության մեջ, դասավանդել ԳՏԿ-ում, աշխատել Պետկինոյում։ Այնպիսի կարեւոր գործերով էր զբաղվում, ինչպիսիք են Լենինի ու Ստալինի դիմանկարների մեծացումը՝ Կարմիր հրապարակում դնելու համար։ 1936 թվականին հինգ տարով դատապարտվում է «նյու» ոճի լուսանկարների համար։

Գրիբերգի հետ Մարգարիտան ծանոթանում է Չարդինինի հետ միաժամանակ։ Քսանականների սկզբներին դա օդեսայական բոհեմական շրջանակ էր։ Այն ժամանակ նրանք բարեկամանում են։

ՌԴ Լուսանկարիչների միության արխիվներում պահպանվել են այդ առաջին լուսանկարները, որոնք թվագրված են 1921 թվականով, երբ Մարան դեռեւս հանդիսանում էր շրջիկ թատրոնի դերասանուհի։ Այսինքն այդ լուսանկարներն արվել էին Մարայի, Գրիբերգի ու Չարդինինի ծանոթության ժամանակ։

Գրիբերգն այդ ժամանակ երեսունհինգ տարեկան էր։ Դատելով լուսանկարներից, նա հիացած է եղել Մարգարիտայով։ Նրանց բարեկամությունը տեւել է մինչեւ Ալեքսանդրի ձերբակալությունը։ Իսկ երբ նա արդեն հինգ տարի անց դուրս է գալիս բանտից, Մարգարիտան այլեւս ողջ չէր։

Ամենայն հավանականությամբ, նրանց միջեւ ինչ որ ավելին կար, քան պարզապես բարեկամությունը։ Սակայն այդ մասին հստակ տեղեկություններ չկային։ Գրիբերգը երջանիկ ամուսնացած մարդ էր, իսկ Մարգոն, այն շրջանում, երբ ակտիվորեն որպես բնորդ հանդես էր գալիս նրա մոտ՝ «նյու» ոճի լուսանկարների համար, սիրահարված էր Չարդինինին։

Ամենայն հավանականությամբ կարելի է ասել միայն, որ Մարգարիտա Բարսկայան դարձել էր Ալեքսանդր Գրիբերգի մուսան։ Մյուս կողմից, ամուսնալուծությունից հետո, Մարգարիտան դադարում է լուսանկարվել նմանատիպ ֆոտոսեսիաներում։ Եվ այդ պատճառով անորոշ է մնում, թե ինչ դերակատարություն է ունեցել Չարդինինը այդ տարօրինակ զբաղմունքի մեջ, այն դեպքում, երբ արտիստուհին արդեն բավականին ճանաչված էր։

Կինոն

Բարսկայայի առաջին ծանոթությունը կինոարվեստի հետ եղել է քսանամյա հասակում, Օդեսայում։ Նրան հրավիրում են Համաուկրաինական լուսանկարչա-կինո վարչություն։Երկակի տպավորություններ է ունենում աշխատանքից։ Մի կողմից նրան դուր էր գալիս նկարահանումների մթնոլորտը, մյուս կողմից կարծում էր, որ առանց ձայնի ձայնագրման հնարավորության կինոն կիսաֆաբրիկատ է։

Նախքան Չարդինինի հետ ամուսնալուծությունը, 1929 թվականին, Մարգարիտան դեռ նկարահանվում էր ուկրաինական կինոստուդիաներում։ Սակայն նրան հատկապես դուր էր գալիս ռեժիսորի ասիստենտի աշխատանքը։

Ինքնուրույն կինո նկարահանելու որոշումը ամուսնու հետ բաժանման հիմնական պատճառներից էր։ Մարան մեկնում է Մոսկվա՝ մանկական կինո նկարահանելու, գաղափար, որով նա արդեն չափազանց շատ էր տարվել։ Սակայն պարզվում է, որ նման կինո սկզբունքորեն գոյություն չունի եւ չկա կազմակերպություն, որը նման հարցով կարողանար զբաղվել։

Մարան քսանյոթ տարեկան էր, երիտասարդ, ակտիվ ու անվախ։ Հանրահայտ անձի հովանու ներքո ապրելով վերջին յոթ տարիները, նա դեռ չէր բախվել արտաքին աշխարհի դաժանության հետ։ Սակայն դեռեւս հաջողությունը նրա կողմն էր։ 1930 թվականին Բարսկայան նկարահանում է դպրոցականների համար նախատեսված հացի մասին «Ով է ավելի կարեւոր, ինչն է ավելի անհրաժեշտ» կինոնկարը՝ Լուսավորության ժողկոմատի պատվերով։ Սա ԽՍՀՄ առաջին լիամետրաժ կինոնկարն էր, որ նախատեսված էր երեխաների համար։

Երիտասարդ ռեժիսորը դառնում  է հայտնի անձ կինոարվեստի շրջանակներում։ Նրան արդեն գովաբանում են քննադատները՝ անիմացիայի տարրեր կիրառելու համար, պաշտոնյաները՝ քաղաքական ճիշտ լուսավորչական աշխատանքի համար, մամուլը՝ պարզության եւ հասանելիության համար։

Ստեղծված իրավիճակից օգտվելով, Մարգարիտան փորձում է ստեղծել մանկական կինոստուդիա եւ նկարահանել երեխաների համար նախատեսված լիամետրաժ խաղարկային կինո։

 «Պատռված կոշիկները » (1933)

1931 թվականին նրան հաջողվում է թույլտվություն ստանալ կինոնկարի համար, սակայն այստեղ էլ այլ հարց է առաջանում․ Կինոլորտի ներկայացուցիչները նրան սկսում են ընկալել որպես երիտասարդ դուրսպրծուկ։ Սակայն նորարարությունները, որոնք նա կատարել էր, ընդ որում՝ դրանցից մի քանիսն էլ համաշխարհային առումով էին նորարարություն, ապշեցնում են։

«Պատռված կոշիկները», որի սցենարի հեղինակն ինքն էր, շատ դժվարությամբ է նկարահանվում։ Ձգձգվում են նկարահանման աշխատանքները երկու տարի, որն այդ ժամանակներում չլսված բան էր։ Պաշտոնյաները երկու անգամ դադարեցնում են նկարահանումները, Բարսկայային 16 նկատողություն հայտարարում, սպառնում են նրան ազատել աշխատանքից։ Նա, սակայն,  շարունակում է աշխատել չնայած ոչ մի բանի։

Կինոնկարը նվիրված է հիպոթետիկ եվրոպական երկրում երեխաների կյանքի պայմաններին, որտեղ իշխում էր ֆաշիզմը։ Բացի մեծահասակներից, նկարահանմանը մասնակցել են նաեւ 150 փոքրիկ դերասաններ, որոնցից ամենափոքր մեկ ու կես տարեկան էր, իսկ ամենամեծը՝ դեռահասային տարիքի։

1933 թվականին «Պատռված կոշիկները» վերջապես էկրան է բարձրանում։ Դա իսկական սենսացիա էր։ Այն ուրախությամբ է ընդունվում ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաեւ ողջ աշխարհում։ Եվրոպացիներն ու ամերիկացիները հիացած էին։ Կինոնկարն անվանում էին «իրական» ու «կենդանի», հայտարարում, որ «ազնիվ խաղարկային կինոյի» օրինակ է։

Երեսնամյա Մարգարիտա Բարսկայան դառնում է մանկական կինոարվեստի գլխավոր դեմքը։

Խորհրդային քննադատությունը նրա կինոնկարը համեմատում է «Պոտյոմկին զրահանավի» եւ «Դեպի կյանք ուղեգրի» հետ։

Ռոլանը, Գորկին, Բարբյուսը գրում են նրա կինոնկարի մասին հիացմունքով։ Մարային հետապնդում են լրագրողները, իսկ հրատարակիչները խնդրում են, որ գիրք գրի»։ «Նյու Յորք թայմսի» թղթակիցը նրա համար ժամանում է Մոսկվա, որպեսզի հարցազրույց վերցնի.

«Եթե ես լինեի շքանշաններ տվողը, ես այս կինոնկարին շքանշան կտայի։ Ես այ այսպիսի շքանշան կտայի (ձեռքերը բացում է կես մետր լայնությամբ) ես (շարժում է անում, ասես ծանրություն է բարձրացնում), մի հինգ ֆունտանոց շքանշանը չէի ափսոսի։ Իսկ ինչպես եք արել դուք, որ փոքրիկ տղան ցուցափեղկի առաջ էմոցիաների նման գամմա է արտահայտում, որոնք հասանելի են միայն մեծահասակ դերասանին» ( Մաքսիմ Գորկու ելույթից)։

Սակայն այդ հաղթանակն էլ դառնում է ապագա ողբերգության նախակարապետը։

Կինոնկարի խորհրդատուն Կարլ Ռադեկն էր, միջազգային կոմունիստական շարժման նշանավոր ներկայացուցիչը, որը նաեւ խորհրդային քաղաքական գործիչ էր, լրագրող, գրականագետ, հրապարակախոս, գրաքննադատ ու դիվանագետ։

Երբ երեք տարի անց Ներքին գործերի ժողկոմատը ձերբակալում է Ռադեկին, Մարգարիտան միակն է լինում, որ հրաժարվում է նրա դեմ ցուցմունք տալ։ Նա պետք է միայն ստորագրեր թուղթը, որ Ռադեկը նկարահանումներին խոչընդոտել է, սակայն պնդում է իրենը։

«Նա թշնամի չէ։ Եթե իմանայի, որ թշնամի է, անձամբ կգնդակահարեի նրան»,- հայտարարում է նա։

Նրա հանդեպ դատաստան են տեսնում։

Երիտասարդ, տաղանդավոր կինը բազմաթիվ նախանձողներ ուներ, իսկ ժամանակները ծանր էին։ Նույնիսկ նրանք, ովքեր հիանում էին նրանով, վախենում են ի պաշտպանություն նրա խոսել։ Իրավիճակը խորանում է նրանով, որ նոր կինոնկարը, որի նկարահանումները ավարտում է 1936 թվականին, խորհրդային թափառաշրջիկ երեխաների մասին էր։

«Հայր և որդի» (1936)

Կինոնկարը պատմում է դեռահաս որդու եւ հոր կոնֆլիկտի մասին, ով բարձր պաշտոն ունեցող մարդ էր։

Հայրը, որ այդ ժամանակ շքանշանակիր էր, շատ ժամանակ է հատկացնում աշխատանքին, դրա համար էլ որդու համար ժամանակ չի մնում։ Եւ որդին վատ շրջապատ է ընկնում, հայտնվելով թափառաշրջիկ երեխաների եւ խուլիգանների միջավայրում։ Երբ  թույլատրվում է սկսել ֆիլմի նկարահանումները, արդեն արշավ էր ընթանում ընդդեմ շրջմոլիկության, սակայն 1936 թվականին երկիրն արդեն այլ խնդիրների մեջ էր․ սկսվել էր «ժողովրդի թշնամիների» դեմ պայքարը։

Ռադեկին զրպարտելուց հրաժարվելը եւ կինոնկարը, որի վրա «զրպարտչագիր» գրելը շատ հեշտ էր, որպես խորհրդային իրականությունը արատավորող ժապավեն, համընկնում է ժամանակի մեջ և սկսվում են Բարսկայայի դեմ հալածանքները։

Քիչ է, որ նրա կինոնկարը չեն թույլատրում էկրան բարձրանա, իսկ նրան էլ հեռացնում են աշխատանքից, միաժամանակ նաեւ ցանկացած կարիերիստ մեկը օգտվում է առիթից, որպեսզի նրա վրա կեղտ շպրտի։ Մամուլում, ժողովների ժամանակ, տարբեր մակարդակի աշխատասենյակներ էր նա գնում, որպեսզի թույլ տան աշխատի մասնագիտությամբ։ Մարգարիտան չէր կարող ապրել առանց կինոյի, առանց իր մանկական կինոյի ստուդիայի, որը նրան հաջողվել էր ստեղծել։ Սակայն ինչ որ բան փոխելու բոլոր փորձերը բախվում են հաստաբեստ պատի։

Այլ ելք չտեսնելով, Մարգարիտան նամակ է գրում Ստալինին.

«Ոչ մի բանով հնարավոր չէ նկարագրել երկու տարվա դանդաղ կտտանքները։ Հղում տալ մամուլին, որը ընդունել է ինձ որպես ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ արտասահմանում մանկական կինոյի ստեղծողի, այլեւս չեմ կարող։ Ես մի ամբողջ սայլ նման թուղթ ունեմ՝ եւ մեր եւ արտասահմանյան։ Եւ ես այդ թղթերը իմ գլխին կոտրում եմ ոչ պակաս հաջողությամբ, քան եթե գլխով քարին հարվածեի»։

1938 թվականն էր։ Վերջին հույսը։

Եւս մեկ նամակ է գրվել Առաջնորդին, որտեղ նա գանգատվում է, որ առաջին նամակը տեղ չի հասել, իսկ Ստալինի քարտուղարությունում նրա հետ խոսում են որպես «օրենքից դուրս» գտնվող մարդու։ Սակայն սա արդեն տառապանք էր։ 1939 թվականի հուլիսի 23-ին, հերթական ժողովներից մեկի ժամանակ, որի ընթացքում կինո արդյունաբերության ներկայացուցիչները քննարկում են նրա հարցը, նա աստիճաններից նետվում է։ Այդ ժամանակ դեռ 36 տարեկան էր։

Ոչ ոք չէր համարձակվում մահախոսական գրել։

 Աղբյուր

Արամ Յանին