Մենք սիրում էինք ծիծաղել, երգել, պարել և արտասվել

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,

Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:
Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ։

Իսկ աչքերը նորածին Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը բացեց Փարիզում, 1924 թվականի մայիսի 22-ին։ Եվ միայն, քանի որ մանկաբարձուհու համար դժվար էր արտաբերել Շահնուր անունը, երեխային անվանում է Շառլ։

Հայկական ծագմամբ ֆրանսիացի շանսոնյե, երգահան, գրող, դերասան Շառլ Ազնավուրը,  համաշխարհային մասշտաբի լեգենդը անգնահատելի հետք  թողեց մշակույթի զարգացման գործում։Ազնավուրի պապը՝ Միսակ Ազնավուրյանը Նիկոլայ արքայի խոհարարն էր, հարկադիր արտագաղթից հետո, նա Փարիզի Շամպոլյոն փողոցում բացում է իր ռեստորանը։  Ծնողները՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիա գաղթած էրզրումից Միշան և Իզմիրցի Քնարը արտիստներ էին։

Միշա Ազնավուրը Փարիզում «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան էր բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը։ Այսպիսի բոհեմական մթնոլորտում մեծացող փոքրիկ Շառլին այլ բան չէր մնում, քան երազել մեծ բեմերի մասին։

«Զուսպ, քաշված, համեստ էր մեր ընտանիքը։ Հավասար չափով զգայուն էր և՛ հումորի, և՛ դժբախտության նկատմամբ։ Մենք սիրում էինք ծիծաղել, երգել, պարել և արտասվել»։

Ազնավուրի մանկության ամենաքաղցր հուշերը կապված են քրոջ՝ Աիդայի հետ. «Հեռավոր տարիներիս հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս՝ Աիդայի կերպարն է ուրվագծվում։ Թեպետ նա ինձանից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես։ Նրա նվիրական իղձը ինձ չաղացնելն էր։ Այնինչ բավականին թմբլիկ էի։ Վկա՝ այդ շրջանի լուսանկարը։ Գունատ, բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով այդ երիտասարդը ես եմ»։

Առաջին քայլերը երգարվեստում

1941 թվականին Շառլ Ազնավուրը հանդիպում է ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահար Պիեռ Ռոշին։ Նրանք միասին ստեղծում են հայտնի դուետը,  բազմաթիվ համերգներ են ունենում միասին, սակայն մեծ հաջողությունների չեն հասնում։

1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանանում է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

Ֆրանսիան ազնավուրացված է

Փոքրամարմին, հայկական ընդգծված քթով,  ոչ Ապոլոնի տեսքով երիտասարդ Ազնավուրը թավշյա ձայնով և տիեզերական մոգականությամբ շտապում էր գրավել Փարիզի ու աշխարհի ամենահեղինակավոր բեմերը։

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։

Այս համերգից հետո Ազնավուրի հաջողությունն անկասելի էր։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին՝ Նյու-Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրեց գրել 1300 երգ, ձայնագրել 180 միլիոն սկավառակ, նկարահանվել տասնյակ ֆիլմերում։ Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև «Թեհրան-43» սովետական ֆիլմում:

Նա հայ էր և ֆրանսիացի

Ամբողջ կյանքում, թե՛ իր գործունեությամբ, թե՛ տված հարցազրույցներում Շառլ Ազնավուրը մշտապես բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Ազնավուրը ընդհատում է հյուրախաղերը և շտապ գալիս Գյումրի՝ դժբախտության պահին հայ ժոողովրդի ու Հայաստանի կողքին լինելու համար։ Փարիզում ստեղծում է բարեգործական հիմնադրամ, ֆրանսիացի նշանավոր երգիչների հետ երգում «Քեզ համար Հայաստան» երգը…

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսափից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո –
Քեզ համար, Հայաստան:

Ֆիլմեր

1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի  «Օրֆեյի պատգամը» (1960), Ֆրանսուա Տրյուֆոի «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), Ֆոլքեր Շլյոնդորֆի « Երկաթյան թմբուկը» (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

Ֆիլմում Ազնավուրի դեբյուտը եղավ 1960 թվականին Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» կրիմինալ մելոդրամայում։ Նա խաղում էր դաշնակահար Էդուարդ Սարոյանի դերը։

Ազնավուրին, որպես արտիստ անմիջապես նկատեց եւ գնահատեց ֆրանսիացի մեծանուն դերասան Ժան Գաբենը․«Նրա տաղանդը հիպնոսացնում է ֆրանսիացիներին, Ազնավուրը ավելին է քան դերասանը, Ազնավուրը թատրոն է»։

Ազնավուրը հումորով էր խոսում իր դերերի մասին․ «Խաղալ ինձ առաջարկում են ընկերներս, երբ ցանկանում են փող խնայել աստղերի վրա»։ Եվ իհարկե «պատահական» էր, որ Ազնավուրի բոլոր ընկերները Եվրոպական կինոյի խոշոր դեմքեր էին՝ Ժան Կոկտոն, Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը։ Հարցազրույցներից մեկում Ազնավուրն ասել է․«Հնարավոր է ես վատ դերասան չեմ, բայց որպես երգիչ, իմ կարծիքով ավելի լավն եմ»։

Կինոյում ունեցած վաստակի համար Ազնավուրը արժանացել է Պատվավոր Սեզարի, ինչպես նաեւ Կաննի 30-րդ կինոփառատոնի Պատվավոր մրցանակի։

Ցավն անակնկալ, որ կոչվում է Սեր

Պետք էր, որ մի օր

Ցավն ինձ այցելեր,

Ցավն անակնկալ,

Որ կոչվում է Սեր։

«Ինձ միշտ ձգել են կործանիչ սերերը, իրենց ճանապարհին ամեն ինչ ավերող փոթորիկները, անհաստատ, հաճախակի որոտներով լի երջանկությունները, որոնք բնաջնջելով ամեն ինչ ի վերջո դառնում են թանաք, ապա՝ ակոսներ ձայնապնակների վրա։ Ոչ մի սեր չեմ ապրել առանց խզարումների, ոռնոցների,սպառնալիքների ու հաշտությունների»։

Թեև բավական համեստ տեսքի, Ազնավուրը երբեք կանանց ուշադրության պակաս չի ունեցել, կամ իր բնատուր հմայքի, կամ էլ՝ կովկասյան խառնվածքի շնորհիվ։ Այնուամենայնիվ, կանայք ովքեր հետք են թողել նրա կյանքում այնքան էլ շատ չեն եղել՝ երեք կին և ճակատագրական Էդիթ Պիաֆը։

Հայկական քթով Շառլը և Ֆրանսիացի Փոքրիկ Ճնճղուկը

Շառլի համար ճակատագրական է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի  Էդիթ Պիաֆի  հետ հանդիպումը։ Ազնավուրը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին, նրա ճակատագրով վերջին կինը այդպես էլ մնաց ստվերում, լրագրողների հետաքրքրասիրությունից  ու տեսախցիկներից հեռու։ Սակայն, Փոքրիկ Ճնճղուկի  նկատմամբ Ազնավուրի հատուկ վերաբերմունքի մասին գիտեին բոլորը։

 «Մեր պատմությունը սկսվեց վալսով՝ 1946 թվականին։ Մենք այն հակառակ ուղղությամբ պարեցինք։ Իսկ դրանից հետո այլևս չբաժանվեցինք  միմյանցից։ Մեր սերն արտահայտվեց մեր ընկերության մեջ» (հարցազրույցներից մեկում ասել է Ազնավուրը):

Ութ տարի շարունակ Ազնավուրը կատարեց երգչուհու բոլոր քմահաճույքները, և հենց Պիաֆի խորհրդով  Ազնավուրը բաժանվեց իր կեռ հայկական քթից։  «Նա ամեն դեպքում ինձնից ֆրանսիացի սարքեց»,-ասել է Ազնավուրը։

Ազնավուրը տարիներ շարունակ ենթարկվեց նրա հրահանգներին, քարշ տվեց ճամպրուկները հյուրախաղեր գնալիս, նրա վարորդն էր նաև, մոտ քսան անգամ կարող էր գնալ Պիաֆի հետ նրա սիրելի ֆիլմը դիտելու, լսելու սիրեկանների մասին բոլոր պատմությունները։ Բայց որ ամենակարևորն է՝ Պիաֆին նվիրեց այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Il pleut», «Le bleu de tes yeux»։

«Մենք թերևս կծերանանք և միասին կմեռնենք», -հաճախ Ազնավուրին ասում էր Պիաֆը։ Ազնավուրն այս խոսքերին ուշադրություն չէր դարձնում և ի պատասխան ժպտում էր։ Սակայն մի օր մտածեց և հասկացավ, որ կցանկանար ապրել իր կյանքով ոչ թե հետևել Պիաֆի ճակատագրին՝ որքան էլ որ այն վառ էր։ Այսպիսով, մի օր Ազնավուրը հավաքում է  իրերը և գնում…իր սեփական կյանքն ապրելու։ Եվ ամեն դեպքում Ազնավուրն ամբողջ կյանքում երախտապարտ եղավ Պիաֆին։ «Մեզ կապում էր ընկերական սիրահարվածությունը։ Նա բարի սիրտ ուներ, բայց՝ դժվար բնավորություն։ Նա կախարդուհու պես գրավում էր, սակայն նրա սիրեկանը ես երբեք չեմ եղել»,-Պիաֆի մահանալուց տարիներ անց կգրի Ազնավուրը։

 Ազնավուրի վերջին սերը

 Առաջին երկու ամուսնություններից, Պիաֆի կողքին լինելու ութ խելահեղ տարիներից հետո խաղաղությունը պետք է գար Ուլլայի հետ։ Պիաֆի մահից մեկ տարի անց Ազնավուրը հանգստանում էր Սեն-Տրոպեում, երբ հանդիպեց գեղեցկուհի շիկահեր Ուլլային։ Նրանք ամուսնանում են և տեղափոխվում Շվեցարիա։ Շուտով ծնվում են նրանց երեք երեխաները՝ Կատյան, Միշան և Նիկոլայը։

«Երգի վերածեցի կյանքս, սերերս, հույսերս, տենչանքներս, իսկ Ուլլայի մասին ոչինչ չգրեցի, բացի մի քանի տողից.

 Դու ապրում ես միշտ քո լռության մեջ,

Աստված գիտի, թե ինչ ես խորհում դու։

Աստված, ,անշուշտ, բայց դու հատկապես դու,

Մտածում ես գեթ փոքր իմ մասին։

 Այստեղ երևակայությունս կանգ առան ու դա բնական է, քանի որ ես կարողացել եմ գրել միայն հիասթափություններիս ու խզումներիս մասին»։

Ուլլայի հետ Ազնավուրն ապրեց մինչև կյանքի վերջ։ Եվ այլևս ոչնչի համար չզղջաց…

Քանզի Ֆրանսիայում բանաստեղծները երբեք չեն մահանում

2018թ. hոկտեմբերի 5-ին Փարիզում կայացած Շառլ Ազնավուրին «Ազգային տուրքի արարողության» ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իր ելույթում ասաց. «Ես վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ սիրո թախիծը, բաժանման ցավը, անորոշ լուսաբացների, սկզբնավորման բերկրանքը, լավագույն ապագայի հույսը ճանաչող միլիոնավոր տղամարդիկ ու կանայք հանկարծ իրենց հիշողության մի անկյունում կլսեն, թե ինչպես է ծնվում հեռավոր մեղեդին եւ ճշմարիտ բառերը, որոնք այդ անզուգական բանաստեղծը փորագրել է ապրելու դժվարին արվեստը դյուրացնելու համար: Եվ յուրաքանչյուրի սրտում նա կշարունակի իր ճամփան քայլելով, ուղիղ կեցվածքով, մեկ ձեռքը գրպանում պահած, մեզ ծանոթ իր կիսաժպիտներով:

Այդ ժամանակ նա մեզ հետ հպարտորեն կհատի այդ դարի շեմը, որն այստեղ նա չկարողացավ մինչեւ վերջ իրականացնել, որպեսզի այլեւս երբեք մեզ չլքի: Քանզի Ֆրանսիայում բանաստեղծները երբեք չեն մահանում»։

Աշխեն Քեշիշյան