Ես առաջին անգամ Մալյանին տեսել եմ, չիմանալով, որ Մալյանն է և ընդհանրապես չիմանալով՝ ինչ է նշանակում Մալյան, որովհետև 15 տարեկան էի: Մինչն 15 տարեկանը մի քանի ֆիլմեր էի կրկնօրինակել՝ երեխաների դերեր: Եվ ինձ բերեցին, որ «Եռանկյունին» ֆիլմի երեխա հերոսին ձայնագրեմ, ուրիշներն էլ էին փորձում: Չեղավ, չհաստատվեց իմ այդ հնարավոր ներկայությունը «Եռանկյունին» ֆիլմում, որովհետև ձայնս արդեն կոպտացել էր: Հետո ես իմացա, որ հենց դա Հենրիկ Մալյանն էր: Էնպես որ «Եռանկյունին» ֆիլմի ձայնագրման շրջանում մի անգամ այդպես կյանքը ինձ հանդիպեցրել է Մալյանի հետ, բայց երևի երբեք պատահական բաներ չեն լինում, երևի փոքր հասակում ճակատագիրը ապագա կյանքի նշաններ է ուղարկում մարդուն և այդ ուղարկված նշաններից մեկն էլ այդ հանդիպումն էր, որով­հետև ես Հայֆիլմում աշխատեցի գրեթե 20 տարի և Հայֆիլմի այդ աշխատանքային տարիների լավագույն շրջանում ամենօր տեսնում էի Հենրիկ Մալյանին:

Մոսկվայում էի՝ գործուղում էր հերթական: Հյուրանոցում ապրում էի 2 տեղանոց սենյակում, բայց մենակ: Ապրեցի մի 2-3 օր, հետո երբ ուշ երեկոյան վերադարձա հյուրանոց, մոտեցա հարկի հերթապահին, որ բանալին վերցնեմ, իմացա, որ սենյակում նոր բնակիչ է տեղափոխվել: Գնացի, դուռը թակեցի, որովհետն գիտեմ՝ արդեն մարդ կա, և ներսից ռուսերեն, բայց Մալյանի ձայնով ասացին մտեք: Մտա, տեսնեմ Մալյանն է: Բոլորովին պատահական, Մոսկվա քաղաքում, երկու հայ մարդ՝ իրար ճանաչող, հայտնվում են նույն հյուրանոցի նույն սենյակում… երեք օր այդ հյուրանոցում մենք միասին էինք ու դրանք հրաշալի օրեր էին, մանավանդ իրիկնային զրույցները Մալյանի հետ մինչն գիշերվա մեկը, երկուսը: Այդ ժամանակ «Կտոր մը երկինք» ֆիլմի աշխատանքները պիտի սկսեր և հենց այդ հարցերով էր եկել Մոսկվա: Զրուցում էինք Թոթովենցից, Խարբերդից և քանի որ իմ ընտանիքը Խարբերդից էր, պատմեցի այն ամենը, ինչ մնացել էր իմ հիշողության մեջ, այն ամենը, ինչ հորիցս էի լսել: Լավ էր լսում, ժպտում պայծառ… հարցրեց, իսկ կարող է հին ֆոտոներ կան տանը, և իրոք, մեր տանը մի քանի հին լուսանկարներ կային Խարբերդից 1908, 1912 թթ.-ից: Նրան հետաքրքրում էր, թե այդ ժամանակ ինչպես են Խարբերդում հագնվել երեխաները, տիկինները, տղամարդիկ: Եվ «Կտոր մը երկինք» ֆիլմում Մհեր Մկրտչյանը հագնված է ճիշտ այնպես, ինչպես իմ պապը, Սոֆիկո Ճիաուրելին՝ ինչպես իմ տատը, և երեխաները՝ ինչպես հայրս, հորեղբայրներս, հորաքույրս: Դարձյալ անսպասելի ճակատագրական նշան՝ այդ մեր հին ընտանեկան լուսանկարները, Խարբերդի պատմությունը եկավ միահյուսվեց Մալյանի այդ ֆիլմին և ես ինքս իմ մեջ հպարտ եմ, որ Մալյանի ֆիլմում այդպիսի մի փոքրիկ, համեստ ներկայություն ունեցա և կարևորը իր այդ հարցն էր՝ իսկ ձեր տանը կա՞ն արդյոք հին լուսանկարներ… Նա ուզում է կյանքի հավաստիություն: Մի բան, որ ինքը բերեց կինո, որովհետն հայկական կինոն կորցրել էր կյանքի ճշգրիտ զգացողությունը, որը վերադարձավ «Եռանկյունին» ֆիլմով:

60-ական թվականների հայկական կինոյին Մալյանը տվեց նոր և ճշմարիտ հայկական ինքնագիտակցություն: Մենք սկսեցինք մեզ չափել, մեզ հասկանալ, մեզ տեսնել, ճանաչել ըստ Մալյանական կինոյի: «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը» և «Հայրիկ» ֆիլմերը Մալյանական կենսափիլիսոփայության, գեղարվեստական աշխարհայացքի, ազգ և հայրենիք հասկացողության Մալյանական ընկալումն է, բայց շատ մարդկայնացված: Դրա համար յուրաքանչյուր հայ, որ նայում է «Եռանկյունին», թվում է, թե ապրում է այդ ֆիլմի մեջ, տեղափոխվում է այդ ֆիլմի մեջ, ենթա­գիտակցորեն սկսում է այնտեղ գոյություն ունենալ: Նույնը «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն է: Մեկ էլ քեզ թվում է, որ դու ներսում ես, այդ ֆիլմն էլ քո ներսում է: Ու արդեն քանի տարի է ժողովուրդն ինքն իրեն ճանաչելու համար, ինքը իր հետ հանդիպելու համար նայում է Մալյանի կինոն:

Ֆրունզիկ Մկրտչյանի լավագույն դերերը, որտեղ նա ստեղծում է հայ մարդու իր կենսափիլիսոփայությունը, կապվում են Մալյանի անվան հետ, Ազատ Շերենցի հայտնությունը, Սոս Սարգսյան կինոֆենոմենը նախնառաջ կայացավ Հենրիկ Մալյանի ֆիլմերում:

Յուրաքանչյուր արվեստագետի գործ ըստ էության իր ինքնադիմանկարն է: Իրականության մեջ ինքը էդպիսին էր՝ հումորի զգացում ուներ, նուրբ, բազմածալ, խոսքը լավն էր, բարի մարդ էր, բայց մեջը տխրություն ուներ, ոնց որ էս աշխարհից միշտ նեղացած, հայ էր… բայց համ նեղացած էր, համ ներողամիտ… ներողամիտ էր նեղացած…

Դրա համար Սարոյան էր սիրում, Թումանյան էր սիրում: Սարոյան էր ուզում նկարել, չհասցրեց՝ «Իմ անունն Արամ է»… ներքին խորը կապեր կային հայի այդ տեսակի և Մալյանի միջն՝ Սարոյան-Մալյան…

Մալյանական հումորը անցնում է ֆիլմից ֆիլմ և միշտ ուղեկցում է:

Ամեն մի իսկական արվեստագետ իր տեղը իր հետ բերում է է իր հետ տանում: Երբեք հնարավոր չի այդ բացը լրացնել: Մալյանը ինքն է բերել իր Մալյանական գեղարվեստական ես-ը, ինքն էլ իր հետ տարել է: Անշուշտ այդ տեղի պակասությունը կա և ապրեցնող կինեմատոգրաֆի կարիքն եմ զգում, այ հենց դա այդ բաց մնացած տեղն է: Անիմաստ է այսօր նկարել Մալյանի պես, որովհետև դա իր կինոն է, իրեն է պատկանում, որնէ մեկը, ով փորձի նմանվել, կհայտնվի ստվերում: Թող իրենց կինոն անեն, բայց որի նշանակությունը մեր կյանքում լինի Մալյանական: Այդ ժամանակ Հենրիկ Մալյանը վերևից կժպտա:

Գրող,կինոգետ Դավիթ Մուրադյան