Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմն  արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մարցանակին, որի համար պայքարում էին ևս  22 ֆիլմեր: Այս մասին գրում է Variety-ին։

«Անորան» բուռն սիրավեպ է Բրուկլինի էրոտիկ պարուհու  (Mikey Madison /Մայքի Մեդիսոն) և ռուս օլիգարխի հարուստ որդու միջև (Mark Eydelshteyn/Մարկ Էյդելշտեյն)։ Բեյքերը առաջին ամերիկացի կինոռեժիսորն է, որը Թերենս Մալիկից հետո (2011թ,«Կենաց ծառը») արժանանում է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակին։

«Անորան» Բեյքերի երրորդ ֆիլմն է, որի դեբյուտը կայացել է Կաննում՝ «Ֆլորիդայի նախագիծ»-ից և «Կարմիր հրթիռ»-ից հետո: Մրցանակը Բեյքերը ստացավ «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայից։  Միաժամանակ Կոպպոլան  «Ոսկե արմավենու ճյուղ» է հանձնել նաև իր ընկերոջը՝ լեգենդար Ջորջ Լուկասին, որին ռեժիսորն անվանել է իր «հարազատ փոքր եղբայր»։

Բեյքերը մրցանակը նվիրել է «սեքս ինդուստրիայի բոլոր աշխատողներին՝ անցյալի, ներկայի և ապագայի»։ Բեյքերն իր խոսքում շեշտել է հետևյալը․ «աշխարհին պետք է հիշեցնել, որ տանը ֆիլմ դիտելը, հեռախոսի մեջ պտտվելը, էլ. նամակները ստուգելը և կիսով չափ ուշադրություն դարձնելը պարզապես միջոց չէ։ Կինոթատրոնում ուրիշների հետ ֆիլմ դիտելը ընդհանուր մեծ փորձառություններից մեկն է: Մենք կիսում ենք ծիծաղը, վիշտը, զայրույթը, վախը և հուսով ենք, որ կատարսիս ենք ունենում մեր ընկերների և անծանոթների հետ: Այսպիսով, ես ասում եմ, որ կինոյի ապագան այնտեղ է, որտեղ այն սկսվել է՝ կինոդահլիճում»:

Կաննի 77-րդ ամենամյա կինոփառատոնի  հաղթողները․

  • «Ոսկե արմավենու ճյուղ»՝ «Անորա»,
  • Գրան պրի՝ «Այն ամենը, ինչ մենք պատկերացնում ենք որպես լույս»,
  • Ժյուրիի մրցանակ՝ «Էմիլիա Պերես»,
  • Լավագույն ռեժիսոր՝ Միգել Գոմես (Grand Tour),
  • Լավագույն սցենար՝ Coralie Fargeat (The Substance),
  • Հատուկ մրցանակ՝ Մոհամմադ Ռասուլոֆ («Սրբազան թզի սերմը»),
  • Լավագույն դերասանուհիներ՝ Ադրիանա Պազ, Զոի Սալդանյա, Կարլա Սոֆիա Գասկոն, Սելենա Գոմես (Էմիլիա Պերես),
  • Լավագույն դերասան՝ Ջեսսի Պլեմոնս (Kinds of Kindness),
  • «Ոսկե տեսախցիկ» լավագույն առաջին ֆիլմի համար՝ «Արմանդ»,
  • Camera d’Or Special Mention՝ «Mongrel»,
  • FIPRESCI մրցանակ՝ «Սրբազան թզի սերմը»,
  • «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար՝  «Մարդը,ով չէր կարող լռել»,
  • Պատվավոր Արմավենու ճյուղ՝ Ջորջ Լուկաս։