Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»։ Մրցանակի համար պայքարում էին 22 ֆիլմ:

«Անորայի» պրեմիերան կայացել է մայիսի 21ին։ Բեյքերի ֆիլմի հիմնական դերասանական կազմում ներգրավված էին նաև հայազգի երկու դերասաններ՝ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Ցուցադրությունից հետո «Անորան» 7.5 րոպեանոց հոտնկայս ծափահարության է արժանացել: Այն զվարճալի, բայց հուզիչ դրամա է սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցող Անորայի մասին, որը սիրահարվում է ռուս օլիգարխի որդուն։

Ինդի-ռեժիսոր, Կաննում շատ սիրված Շոն Բեյքերը պրեմիերայից հետո  շնորհակալություն է հայտնել կինոփառատոնին իր երազանքներն իրականություն դարձնելու և «Անորան» աշխարհի «լավագույն կինոէկրանին» ցուցադրելու համար: «Անորան» ծափահարությունների է արժանացել ոչ  միայն ցուցադրությունից հետո: Variety -ին գրում է, որ երկու ժամ տևած կինոդիտման ընթացքում հանդիսատեսը բազմիցս ծափահարել է ռեժիսորին և ֆիլմի կազմին:

Ամերիկյան գիշերային ակումբներից մեկում որպես պարուհի աշխատող 23-ամյա Անորային մարմնավորում է Մայքի Մեդիսոնը (“Better Things”, “OnceUpon a Time in Hollywood”)։ Նրա կյանքը փոխվում է ռուս օլիգարխի որդի Վանյային (Մարկ Էյդելշտեյն) հանդիպելուց և նրա հետ մեկ շաբաթով Վեգաս մեկնելուց հետո: Ի դեպ, Վեգասում նրանք ամուսնանում են: Սակայն Վանյայի ծնողներն իմանում են այդ մասին, ռուս գանգստերների ուղարկում, որ նրանք ստիպեն երիտասարդներին չեղարկել ամուսնությունը:

Մեդիսոնի և Էյդելշտեյնի խաղն «Անորայում» հիասքանչ է ու աչքի ընկնող, ռեժիսորը զուգորդում է սրամիտ երկխոսությունները և բազմաթիվ բաց տեսարանները, համեմում դրանք նոր ծնվող սիրո անհարմար զգացումով:

Վերջին տարիներին Բեյքերը Կաննի կինոփառատոնի «մշտական հաճախորդներից» է դարձել: Նրա «Ֆլորիդա» նախագիծը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննում 2017 թվականին, այնուհետև ամերիկացի ռեժիսորը Ֆրանսիա է վերադարձել 2021 թվականին՝ «Կարմիր հրթիռ» ֆիլմով: Հատկանշական է, որ Կաննում ցուցադրվելուց հետո «Ֆլորիդա» նախագիծը» ձեռք է բերել A24 հեղինակավոր ընկերությունը, իսկ Ուիլեմ Դեֆոն նոմինացվել է «Օսկարի»: «Կարմիր հրթիռն» էլ A24-ի հետ գործակցությամբ արժանացել է մի շարք մրցանակների և նոմինացիաների:

«Անորա» նախագծի շրջանակում, սակայն, Բեյքերը գործակցել է Neon ինդի-ստուդիայի հետ, որը զբաղվել է նաև «Անկման անատոմիա» և «Մակաբույծներ» ֆիլմերով:

Դիանա Գասպարյան