Կանն այս տարի պատվելու է ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփին․ դերասանուհին ոչ միայն Կաննի 77-րդ  կինոփառատոնի բացման պատվավոր հյուրն է լինելու, այլև  նրան  շնորհվելու է փառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։

Ժաննա Մորոյից, Քեթրին Դընյովից, Ժան-Պիեռ Լեոյից, Ջեյն Ֆոնդայից, Անյես Վարդայից, Ֆորեսթ Ուիթաքերից, Ջոդի Ֆոսթերից հետո Մերիլ Սթրիփին ևս կշնորհվի փառատոնի պատվավոր արմավենու ճյուղը։ 1989 թվականին  «Ճիչ խավարում» ֆիլմում խաղացած կերպարի համար Մերիլ Սթրիփն  արժանացել էր  Կաննի փառատոնի լավագույն դերասանուհի մրցանակին։ Ահա, 35 տարի անց ամերիկացի դերասանուհին վերդառնում է Կանն։ 74-ամյա Սթրիփը երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։

«Ինձ համար անսահման պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը: Կաննում մրցանակ շահելը արվեստագետների միջազգային հանրության համար միշտ եղել է կինոարվեստի ամենաբարձր նվաճումը: Կանգնել նրանց ստվերում, ովքեր նախկինում մեծարվել են, հավասարապես խոնարհեցնող և հուզիչ է: Ես անհամբեր սպասում եմ, որ կգամ Ֆրանսիա՝ այս մայիսին անձամբ շնորհակալություն հայտնելու բոլորին»,- գրել է դերասանուհին:

Նա նաեւ արժանացել է «Էմմի» եւ ԲԱՖՏԱ մրցանակների, «Սեզարի» և թվով ինը՝ «Ոսկե գլոբուսների»։ Սթրիփի դեբյուտը եղել է 1977 թվականին։ Մինչ այժմ հանդես է եկել յոթանասունից ավելի կինոնկարներում, այդ թվում՝ «Եղջերուների որսորդը», «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Սոֆիի ընտրությունը» և այլն։ Հիշեցնենք, որ Կաննի 77-րդ կինոփառատոնը կանցկացվի այս տարվա ապրիլի 14-25-ին։ Ժյուրին կնախագահի Գրետա Գերվիգը։