Հոլիվուդյան կինոռեժիսորները պատրաստ են բոլոր հայտնի գրական բեսթսելերները շահութաբեր ֆիլմերի վերածել, սակայն շատ համաշխարհային գլուխգործոցներ այդպես էլ մեծ էկրան չբարձրացան, դրանց թվում 20-րդ դարի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»։  

«100 տարվա մենություն» գիրքը լույս է տեսել 1967 թվականին 8000 օրինակով և անմիջապես դարձել բեսթսելլեր։ Այսօր վեպը թարգմանվել է 35 լեզուներով և վաճառվել 30 միլիոն անգամ։ Մարկեսի համար սա պարզապես գիրք չէր, այլ՝ խաղադրույք՝ կյանքի գնով։ Հանուն այս վեպի նա թողեց աշխատանքը, իսկ կինը գրավ դրեց և վաճառեց իր ունեցվածքի մեծ մասը։ Բարեբախտաբար գիրքը համաշխարհային հռչակ ձեռք բերեց։ Կինոարտադրողների կողմից մեկը մյուսից վեպը էկրանավորելու շահավետ առաջարկներ եղան, սակայն Մարկեսը դեմ էր, նա կարծում էր, որ երկու ժամանոց ֆիլմը չէր կարող փոխանցել իր վեպը իմաստը։ Հետաքրքիր է, որ Մարկեսը ոչ թե դեմ էր, այլ՝ ռեժիսորների առջև անհնարին պայմաններ էր դնում։

Եկե՞լ է ժամանակը…

Այսօր, երկար ու տպավորիչ սերիալների ժամանակներում «100 տարվա մենության» էկրանավորումը կարծես թե այդքան էլ վատ միտք չի թվում։ Պրոդյուսերները ունեն գրեթե բոլոր հնարավորությունները՝ բավարարելու Մարկեսի պահանջները։ Ըստ էության, մեծ գրողի որդիները եկել են նույն եզրակացությանը։ 2019 թվականին նրանք ֆիլմը էկրանավորելու իրավունքները տվեցին Netflix-ին։ Կինոընկերությունն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց բավարարել Մարկեսի ցանկությունը և ֆիլմը նկարահանել իսպաներեն։ Ֆիլմի պրոդյուսերները կլինեն Գարսիա եղբայրները։ Ցավոք, համաճարակը նույնպես ժամանակավորապես կանգնեցրեց ֆիլմի ստեղծման պրոցեսը։ Եվ մինչև Մարկեսի երկրպագուները սպասում և հավատում էին, որ իրենց սիրելի գրական ստեղծագործությունն անպայման մի օր մեծ էկրան կբարձրանա, Netflix -ը օրեր առաջ տարածեց երկար սպասված ֆիլմի թրեյլերը։ 

Գայթակղիչ նորություն ոչ միայն գրականության սիրահարների, այլև՝ ռեժիսորների համար

«Կհանդիպենք օգոստոսին» վեպը  Գաբրիել Գարսիա Մարկեսի վերջին, կարճ՝ ընդամենը 122 էջանոց վեպն է։ Այն պատմում է Անա Մագդալենա Բախ անունով միջին տարիքի կնոջ մասին, որն ամուսնացած է արդեն 27 տարի, ունի երջանիկ ընտանեկան կյանք։ Եվ բացարձակապես պատճառ չունի փախչելու ո՛չ իր կառուցած կյանքից, ո՛չ էլ առավել ևս ինքն իրենից։ Սակայն, ամեն օգոսոտոս ամսին նա գնում է կղզի՝ այցելելու մոր գերեզմանին, և հանկարծ, ընդամենը մեկ պատահական կրքի գիշերը փոխում է կնոջ կյանքը՝ դարձնելով նրան ուրիշ մարդ։

2024 թվականի մարտի 6-ին գրողի 97-ամյակի առթիվ, աշխարհի մի շարք երկրներում լույս տեսավ Մարկեսի վերջին վեպը։ Հայաստանը ևս անմասն չմնաց գրական այդ մեծ իրադարձությանը։ Գաբրիել Գարսիա Մարկեսը երկար ու տքնաջան աշխատեց այս գրքի վրա, բայց ստիպված էր ընդհատել, երբ նրա մոտ հիշողության կորստի նշաններ հայտնվեցին։ Իր մահից մի քանի տարի առաջ Մարկեսը որոշեց ընդհանրապես հրաժարվել գիրքը հրատարակելու մտքից՝ հայտարարելով, որ «այս գիրքը չի աշխատում, մենք պետք է ոչնչացնենք այն»։ Այնուամենայնիվ, գրողի որդիները՝ Ռոդրիգոն և Գոնսալոն, որոշեցին վեպը փրկել Օսթինի` Տեխասի համալսարանի արխիվից և հրապարակել Մարկեսի մահվան տասներորդ տարելիցին։

«Իմ վարկածն այն է, որ երբ նա ասաց, թե վեպը չի աշխատում,  արդեն կորցրել էր առողջ դատելու ունակությունը։ Այո, գուցե այս վեպը այնքան հղկված չէ, որքան նրա մյուս վեպերը, սակայն, այն նաև բառերի անիմաստ խառնաշփոթ չէ»,-ասել է Ռոդրիգո Գարսիան։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը

«Կինոաշխարհը» առաջարկում է նաև ընթերցել այս հոդվածը, որը պատմում է Մարկեսի գործերի հիման վրա նկարահանված 6 ֆիլմի մասին։