Հակադրելով «Երիտասարդություն (Գարուն)» և «Միահյուսման կղզի» ֆիլմերը

Անձնական փորձառություն

Կինոփառատոների ժամանակ հանդիսատեսը հաճախ մի ցուցադրությունից մյուսն է շտապում՝ հուսալով որսալ տարվա ամենադիտարժան ֆիլմերը: 2024 թվականի Լյուքսեմբուրգի կինոփառատոնում այդ շտապողականության արանքում հասցրեցի դիտել երկու ֆիլմ, որոնք գրավեցին իմ ուշադրությունը տարբերվող կինոմտածողությամբ: Դրանք դիտելիս վստահ չէի՝ ինձ դո՞ւր է գալիս որպես հանդիսատես դահլիճում ներկա լինելը, թե չէ: Մտածում էի՝ ինչո՞ւ է պետք դրանք դիտել, բայց միաժամանակ անկարող էի դուրս գալ դահլիճից. ինչ-որ բան ստիպում էր մինչև վերջ դիտել: Երկու ֆիլմերի վերջին տեսարաններում միայն գիտակցեցի, որ դրանք փոխել էին իրականության իմ ընկալումը։ Թերևս հենց այդ թաքնված փոխակերպումներն էին դարձնում կինոդիտումները հետաքրքիր հանդիսատեսի համար: Ի դեպ, երկու դեպքում էլ դահլիճը լեփ-լեցուն էր։ Այս կինոարարներն ինձ ստիպեցին մտածել այն մասին, թե արդյո՞ք դասական կինոստեղծման ձևը արդիական է նոր դարաշրջանի տեխնոլոգիաների կողքին։ Հենց այս հարցն էլ կդիտարկենք այս հոդվածում:

Պարզ կառուցվածք, բարդ մտահղացում

Չինացի կինոռեժիսոր Վանգ Բինգի «Երիտասարդություն (Գարուն)» պոետիկ վավերագրական ֆիլմ-դիտարկումը նկարահանվել է 2014-2019 թվականներին: 212 րոպե տևողությամբ այս աշխատանքը պարզապես ցույց է տալիս հագուստի արտադրությունում աշխատող երիտասարդների առօրյան։ Որքան պարզ է պատկերային շարահյուսությունն ու կառուցվածքը, այդքան էլ բարդ է դրա հիմքում ընկած գաղափարը:

Դիտարկման մեթոդով և առանց ավելորդ միջամտության երկար կադրերը մոնտաժելու միջոցով ռեժիսորը հստակորեն հասնում է իր նպատակին՝ հանդիսատեսին դարձնել այս մարդկանցից մեկը։ Գործարանների տարածքը, որը չի համապատասխանում արևմտյան քաղաքակրթության մեջ ընդունված չափանիշներին (գործարար էթիկա, առողջ ապրելակերպ, անձնական բարեկեցություն), դառնում է կյանքի լաբորատորիա: Այսինքն՝ թեև երիտասարդները այստեղ գալիս են փող կուտակելու, կառուցելու իրենց ապագան, բայց նաև կուտակում են կենսափորձ, գիտելիք, ծանոթություններ։ Կինոդիտողի վերաբերմունքի այդ փոխակերպումն անտեսանելի է. պարզ չէ, թե երբ է այն սկսվում, պարզապես ֆիլմից հետո զգայական ազդեցությունը մնում է դիտողի անգիտակցական մակարդակում: Հավանաբար դա է պատճառը, որ Լյուքսեմբուրգի կինոփառատոնի պաստառներին Վանգ Բինգը ներկայացված է որպես Չինաստանի կինոդիտարկման պոետ (China’s poet of observation):

«Երիտասարդություն (Գարուն)»  ֆիլմում կա ևս մեկ հակասական տարր երիտասարդների երազանքների մասին։ Աղջիկներից մեկն ասում է իր գործընկերոջը, որ  իր ընտանիքն ակնկալում է իրենից ամուսնանալ հարուստ ընտանիքի տղայի հետ՝ տնտեսական դժվարություններից դուրս գալու համար: Դրանից ելնելով էլ աղջիկն ասում է տղային, որ իրենք չեն կարող անձնական հարաբերություն կառուցել միասին։ Այսպիսի խոսակցությունները, որոնք հայտնվում են ֆիլմի տարբեր հատվածներում, կարծես թե պարզապես պարզ ու անկեղծ զրույցներ են, ոչ ավելին։ Այնինչ իրականում դրանք հուզական հողմաղաց են ստեղծում։ Մասնավորապես, կինոդիտողը իրարամերժ տեղեկույթ է ստանում և շփոթության մեջ է ընկնում՝ արդյո՞ք այս մարդիկ երջանիկ են, նրանց երազանքներն իրականանալու հնարավորություն ունե՞ն այդ պայմաններում, ո՞րն է նրանց կյանքի նպատակը։ Հետագայում այս մտքերն ու զգացողությունները անցնում են այլ մակարդակի՝ մեծ հաշվով ի՞նչ տարբերություն կա այդ հերոսների և մեր՝ կինոդիտողների կյանքի միջև. արդյո՞ք մենք՝ կինոդիտողներս, երջանիկ ենք, որո՞նք էին մեր երազանքները և ինչ եղավ դրանց հետ, ի վերջո՝ ո՞րն է մե՛ր կյանքի նպատակը։

Արդյո՞ք պոետիկ վավերագրական կինոն դեռ ակտուալ է

Իրական կյանքը պարզ ձևով նկարելու ու ներկայացնելու հաշվին զգայական այդպիսի ազդեցթյան հասնելն այն կետն է, որպեղ «Երիտասարդություն (Գարուն)» երկարաշունչ գործը հակասում է Լյուքսեմբուրգի կինոփառատոնում ներկայացված մեկ այլ՝ «Միահյուսման կղզի» վավերագրական ֆիլմի մեթոդներին: Ընդհանրապես, վավերագրական կինոյի ամենաէական առաքելություններից մեկը մարդու հոգին փաստաթղթավորելը կամ վավերագրելն է՝ պատկերելով (էկրանի վրա նյութականացնելով) հերոսների զգացմունքները: Երկու ֆիլմերի հեղինակներն էլ կարողացել են հասնել այդ կետին խիստ տարբեր գեղարվեստական և տեխնիկական միջոցներով։

«Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմում, որը Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների համատեղ արտադրանք է, կերպարները տեսախցիկի առջև ֆիզիկապես են հայտնվում, ինչը կարող է դրդել «իրենց իսկ դերը խաղալու», այլ կերպ ասած՝ ջանքեր գործադրելու բնական երևալու համար։ Էկիեմ Բարբիերի, Գիլհեմ Կաուսի և Քվենտին Լ’Հելգուակի «Միահյուսման կղզին» ֆիլմում հերոսները, կարծես թե ավելի ապահով են արտահայտում իրենց մտքերն ու զգացմունքները, հույզերն ու համոզմունքները։ Սրա պատճառներից մեկը ֆիզիկապես անտեսանելի լինելն է, մյուսը այն, որ նրանք տեսախցիկ չեն տեսնում տեսագրման ընթացքում: Խաղի միջավայրում՝ վիրտուալ աշխարհում, որտեղ նկարահանվում է գրեթե ամբողջ ֆիլմը, նրանց թույլատրվում է անել այն, ինչ ցանկանում են, այնպես որ, նրանք չեն պատժվի իրենց արածի համար:

Վերոնշյալ տեսակետից ֆրանսիական այս ֆիլմ-փորձարկումը կարևոր դեր ունի վավերագրական կինոյի պատմության մեջ։ Մասնավորապես, այն ցուցադրում է անկեղծ ու բաց զրույց կորզելու նոր մեթոդ՝ բացառելով հերոսների մոտ տեսախցիկի անընդհատ ներկայությունը։ Հետաքրքիր է, որ ֆրանսիացի կինոգործիչների նույն թիմը՝ Էկիեմ Բարբիեն, Գիլհեմ Կաուսը և Քվենտին Լ’Հելգուակը 2018 թվականին նկարահանել է 34 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Marlowe Drive», որն ամբողջությամբ նկարահանվել է GTA V խաղում՝ օգտագործելով դիտման տարբեր անկյուններ ընտրելու խաղի ընձեռած հնարավորությունը։ Սա կարող է լինել պատճառներից մեկը, թե ինչպես է նկարահանող խումբը վիրտուալ միջավայրում այդքան պրոֆեսիոնալ գործում: Նկարահանողների հմտության պատճառաբանություններից մեկն այն է, որ անձնակազմը 963 ժամ է անցկացրել DayZ խաղի միջավայրում, որում տեղի են ունենում բոլոր գործողությունները:

Թեև հերոսների դիմաց տեսախցիկի ֆիզիկական ներկայությունը հիշյալ 2 ֆիլմերում անվանում ենք հակասական կետ, բայց երկուսն էլ արժեքավոր են նրանով, թե ի վերջո ինչի են հասնում։ «Միահյուսման կղզում» կերպարները թափանցիկ են՝ չեն թաքցնում իրենց դատողություններն ու տեսակետները (նույնիսկ եթե դրանք իրական կյանքում կհանգեցնեին իրավական հետևանքների)։ Իսկ «Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմում հեռուստադիտողը պետք է կրկնակի մտածի, թե արդյոք ինչ-որ բան կա՞ թաքնված կերպարների այդ պարզ գործողությունների հետևում:

Երկու ֆիլմերում էլ գլխավոր հերոսները ընդհանրացված կերպարներ են։ Մի դեպքում դա Չինաստանի տեքստիլ արդյունաբերության կենտրոններից մեկում՝ Ժիլիում աշխատող երիտասարդն է, իսկ մյուս դեպքում՝ քաղաքակիրթ աշխարհի բնակիչը, որը փորձում է իր երևակայած կատարյալ կյանքն իրականություն դարձնել վիրտուալ աշխարհում: Երկու դեպքում էլ գործ ունենք կայուն (ստատիկ) կերպարների հետ։ Այլ կերպ ասած, հեղինակների նպատակը ոչ թե հերոսների փոփոխությունը ցուցադրելն է, այլ այնպես անելը, որ հանդիսատեսը զգա նրանց միջավայրն ու իրականությունը:

Քանի որ խոսեցինք «Միահյուսման կղզի» ֆիլմի տեխնիկական իրագործման մասին, կարևոր է ուշադրություն դարձնել նաև «Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմի նկարահանման յուրահատուկ ձևին։ Լյուքսեմբուրգի կինոփառատոնի ցուցադրությանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Վանգ Բինգը տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանել է շատ փոքրիկ տեսախցիկով։ Նույն այդ տեսախցիկով նաև ձայնագրությունն է արվել։ Սա վավերագրական ֆիլմի համար արժեքավոր գործոն է, որը նպատակ ունի հասնելու մի արդյունքի, որը հանդիպեցինք «Միահյուսման կղզին» ֆիլմում։ Այն է՝ նվազագույնի հասցնել զգացողությունը, որ ինչ-որ մեկը հետևում է քեզ, որպեսզի հետո ուրիշներին պատմի քո պատմությունը և ցույց տա քո գործողությունները:

Պատմություններ սոցիալական փոխկապակցվածությունների մասին

Երկու ֆիլմերն էլ մարդկանց մասին են, ովքեր փորձում են իրենց կյանքն ապրել իրենց ուզածի պես: Տարբերությունն այն է, որ «Երիտասարդության (Գարուն)» կինոնկարի դեպքում երիտասարդ հերոսները որոշակի հույսեր են կապում իրենց ապագայի հետ և աշխատում են գումար հավաքել այդ ձգտումների համար։ «Միահյուսման կղզի» վավերագրության հերոսները ավելի մեծահասակ են և հույս չունեն ապագայում՝ իրենց իրական կյանքում, դրական փոփոխություն ունենալու։ Այդ իսկ պատճառով վերջիններս հանգրվանում են վիրտուալ աշխարհում: Կերպարային այս բնութագրերը կարելի է ինչ-որ տեղ համարել մեկը մյուսի շարունակությունը. պայծառ երազանքներ ունեցող երիտասարդները, սովորաբար, չեն կարողանում երազանքներն իրականացնել և փախչելու ուղիներ են գտնում ՝ գոյատևելու այն իրականության մեջ, որի մասին չեն երազել։

Վավերագրական կինոարտադրության էթիկական շերտերը

Քննարկվող երկու ֆիլմերում էլ կարող ենք տեսնել էթիկական վերապահումներ, որոնք, որպես կանոն, պետք է կարևոր լինեն ցանկացած վավերագրողի համար: «Միահյուսման կղզի» անիմացիոն ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես է նկարահանող խումբը, հանդիպելով նոր մարդկանց, թույլտվություն խնդրում ձայնագրելու և ձայնագրությունը (մասնավորապես խաղացողների իրական ձայները) օգտագործելու իրենց վավերագրական ֆիլմում։ «Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմում կարելի է նկատել, որ տեսախցիկը չի փորձել թաքնվել, դրա ներկայությունը հերոսների կյանքում ակնհայտ է և՛ անձնական, և՛ գործնական տեսարաններում։

Միևնույն ժամանակ տեսախցիկի ակնհայտ առկայությունը կարող է դիտողին ապակողմնորոշել նաև արժանահավատության տեսանկյունից։ Դժվար է հավատալ, որ ֆիլմը իսկական վավերագրական է․ պրոտագոնիստները շատ բաց են տեսախցիկի դիմաց, որն անընդհատ ներկա է իրադարձությունների կենտրոնում: Այս մտայնությունը ցրվում է, երբ իմանում ենք, որ որ ֆիլմը նկարահանվել է շուրջ 5 տարվա ընթացքում՝ 2014-ից մինչև 2019-ը։ Ընդհանրապես, տևական նկարահանումների մեթոդն ունակ է հասնելու այնպիսի արդյունքի, երբ մարդիկ ընտելանում են տեսախցիկի ներկայությանը և դադարում են հատուկ դրա համար գործողություններ անել։

Ֆիլմի տևողությունը և զգայական ազդեցությունը

Ֆիլմերի տևողությունը կարելի է դիտարկել էթիկական քննարկման համատեքստում, քանի որ այն վերաբերում է մեր օրերի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկին` կինոդիտողի ժամանակին։ Տևողությունը կարող է նաև ազդեցություն ունենալ հերոսների հետ նույնականացման ու ապրումակցման գործընթացներում: «Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմի դեպքում 212 րոպե տևողությունը կարող է երկար, ստատիկ և կրկնողվող գործողություններով լի թվալ։ Մյուս կողմից, մենք խոսում ենք բանաստեղծական վավերագրական ֆիլմի մասին, ինչը նշանակում է, որ տևողությունը քննարկման ենթակա չէ․ այնպես, ինչպես չենք կարող ասել, որ Դանթե Ալիգիերիի կամ Հոմերոսի ստեղծագործությունները կարող են ավելի կարճ լինել: «Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմի վերջում հասկանալի է դառնում աշխատանքային երկար ու կրկնվող տեսարանների պատճառաբանվածությունը։ 3 ժամ ինդուստրիալ միջավայրի մասը դառնալուց հետո հերոսներից մեկը վերադառնում է իր գյուղական բնակավայրը։ Կինոդիտողի համար այդ միջավայրը կարծես անհարմար ու օտար է դարձել․ նա ևս ձուլվել է այն մթնոլորտին, որ դիտում էր անընդմեջ։ Փաստորեն, երկարատև դիտարկման մեթոդն ու քիչ միջամտություններով մոնտաժն աշխատում է ըստ նպատակի։

Շարունակելով տևողության և էմոցիոնալ ազդեցության թեման՝ հարկ է նշել, որ «Միահյուսման կղզին» ենթագիտակցական համարժեք ազդեցության հասնում է 2 անգամ կարճ ժամանակում՝ 96 րոպեում։ Մասնավորապես, վիրտուալ իրականության մեջ նկարահանված երկչափ (2D) ֆիլմի վերջում էկրանին հայտնվում են իրական միջավայրից մի քանի կադրեր․ դրանք դիտողին տարօրինակ են թվում։ Այս հնարքով հեղինակները կինոդիտողին ստիպում են զգալ, թե ինչ են զգում խաղացողները խաղն անջատելուց հետո. նրանք վերադարձել են օտար աշխարհ, որն այնքան էլ հարմարավետ և հյուրընկալ չէ, որքան վիրտուալը:

Եզրակացություն. մտորումներ վավերագրական կինոյի կերպարանափոխությունների վերաբերյալ

Լյուքսեմբուրգի 15-րդ կինոփառատոնի ծրագրում «Երիտասարդություն (Գարուն)» և «Միահյուսման կղզի» ֆիլմերի համադրումը հնարավորություն տվեց վերագնահատելու վավերագրական կինոյի բազմազանությունն ու ստեղծագործական հարստությունը: Այս ֆիլմերը, ի թիվս փառատոնում ներկայացված այլ վավերագրական գործերի, հիշեցնում են, որ չնայած մարդկային զգացմունքների և մտքերի փաստագրման տեխնոլոգիական նոր հնարավորություններին՝ ավանդական վավերագրական մեթոդները շարունակում են մնալ խիստ արդիական: Վերոհիշյալ երկու ֆիլմերում պատումի ինքնատիպ մեթոդների առկայությունն ընդգծում է վավերագրական կինոյի արտահայտչականության բազմազանությունը։ Մի կողմից «Երիտասարդություն (Գարուն)» ֆիլմը կինոդիտողին ներքաշում է առավոտից գիշեր աշխատող երիտասարդների առօրյա կյանք՝ առաջացնելով հասարակական նորմերի և անձնական նկրտումների վերաիմաստավորման խոհեր, մյուս կողմից, «Միահյուսման կղզին» ցուցադրում է հերոսների չխմբագրված մտքերն ու հույզերը վիրտուալ իրականության միջոցով՝ առաջարկելով վավերագրության այլընտրանքային, բայց նույնքան ազդեցիկ հնարավորություն: Այսպիսով, կարելի է ասել, որ Լյուքսեմբուրգի կինոփառատոնն օգնում է հանդիսատեսին ընդունել կինեմատոգրաֆիական արտահատչամիջոցների բազմազանությունը՝ հատկապես ի ցույց դնելով զարգացող կինոլանդշաֆտում վավերագրական ֆիլմերի զգայական ազդեցության և աշխարհճանաչման հարուստ հնարավորությունները։

Սեգ Կիրակոսյան