«Քեռի Վալյա». այս անունը թանկ ու հարազատ է եղել 1970-80-ականներին ու դրանից հետո էլ, մինչև հիմա էլ, երբ Վալենտին Պոդպոմոգովը 26 տարի է՝ չկա։ Նա Երևանի  գույներից մեկն էր, քաղաքային կոլորիտի երանգը՝ իր կերպարով, բերետով, մեծ ակնոցով, նիհար ու վտիտ կազմվածքով, նուրբ հումորով, վարակիչ ծիծաղով, անթերի ռուսերենով ու ռուսական առոգանությամբ հայերենով։ Նրան կես դարից ավելի ճանաչել է երևանյան մտավորականությունն ու արվեստի աշխարհը, ոչ միայն ճանաչել, այլև ընկերացել, հյուրընկալվել, վայելել մարդ-տոնախմբության ջերմությունը։

Ապրիլի 29-ին լրացավ գեղանկարիչ, մուլտիպլիկատոր, նկարիչ-ձևավորող, բեմադրող-նկարիչ  Վալենտին Պոդպոմոգովի 100 ամյակը։ «Վալյան սիրում էր նշել իր ծննդյան օրերը, որովհետև այն առիթ էր ընկերների, ծանոթ-անծանոթների հետ հավաքվելու, ուտելու և ավելի շատ խմելու, կատակներ անելու և բոլորի օրը տոն դարձնելու, պարզապես լավ երեկո անց կացնելու  համար»,-հիշում է Ասյա Պոդպոմոգավան՝ Վալենտին Պոդպոմոգովի կյանքի վերջին 8 տարիների կողակիցը, որն ամուսնուց շատ երիտասարդ էր ու  դեռ աղջնակ՝ սիրահարվել էր նրան ու որոշել դառնալ նրա կինը։

Երբ Վալենտին Գեորգիևիչին հարցրել են՝ քանի՞ անգամ եք ամուսնացել, իրեն հատուկ հումորով պատասխանել է՝ ես իմ ամուսնությունները հաշվում եմ զոքանչներիս թվով։ Իսկ նրանց հաշվելով՝ ստացվում է 4։

Հոբելյանական երեկոն նաև հարգանքի տուրք էր  անվանի արվեստագետի հիշատակին, շատերի համար՝ նրա հետ ապրածը վերապրելու, վերհուշն արթնացնելու և Պոդպոմոգովի հետ անցկացրած ամեն պահը մտովի նորոգելու առիթ։

1980-90-ականների սերունդն այսօր էլ հիշում է Կամերային թատրոնի հենց մուտքի մոտ նստած Дед-ին։ Նրան այդպես էին դիմում դերասանները։ Дед-ը Պոդպոմոգովն էր, նույն ինքը՝ «Քեռի Վալյան», որն իր ձեռքերով էր պատրաստում ներկայացումների դեկորները, արտասահմանից բերած կաշվե նոր ձեռնոցը տեղում կտրտում ու հագցնում «Համլետի» միջի ուրվականին, հետո կնոջ՝ Էմմայի հետ հրճվում, որ թանկանոց ձեռնոցը «փչացրեց» ու դարձրեց  բեմական կերպարի ձևավորման մի մաս։

Արա Երնջակյան՝ Կամերային թատրոնի հիմնադիր-ղեկավար-«Եթե տարբեր մարդկանց հարցնեք՝ ով է Վալենտին Պոդպոմոգովը, մեկը կասի՝ տաղանդավոր գեղանկարիչ էր, մյուսը՝ հայկական մուտիպլիկացիայի հիմնադիրներից է, երրորդը կպատասխանի՝ կինոյի և թատրոնի ձևավորող-նկարիչ էր, մեկ ուրիշը՝ դերասան։ Ինձ համար Վալենտին Գեորգիևիչը տոն էր՝ մարդ-տոն։

Բախտ եմ ունեցել նրան ճանաչելու դեռ 1970-ականներին, երբ Պոլիտեխնիկի ուսանողական ԿՎՆ-ի թիմում  մրցում էինք Սիմֆերոպոլի թիմի հետ, իսկ Պոդպոմոգովը ժյուրիի կազմում էր։ Այդ ժամանակներից մենք ընկերացանք, նա դարձավ Կամերային թատրոնի համար շատ հարազատ մարդ, թատրոնի ընտանիքի անդամը։ Նրա 60 ամյակը  Կամերայինում ենք նշել, հատուկ ներկայացում էինք պատրաստել՝ նվիրված նրա 9 կտավներին։ Եթե չլինեին Վալենտին Գեորգիևիչն ու նրա կինը՝ Էմմա Տիգրանովնան, Կամերային թատրոնը հաստատ չէր լինի։ Այն, ինչ արել են նրանք մեզ համար, անգանահատելի է»։

Վալենտին Պոդպոմոգովն աշխատել է մոտ 10 մուլտֆիլմերում և 20 գեղարվեստական ֆիլմերում՝ որպես նկարիչ-ձևավորող։ Այդ ֆիլմերից են՝ «Ճանապարհ դեպի կրկես», «Առաջին սիրո երգը»,  «01-99», «Մորգանի խնամին», «Կարինե»։

Շատերի համար հայտնություն դարձավ Պոդպոմոգով դերասանը։

Նա էպիզոդիկ, բայց հիշվող ու տպավորող դերեր է խաղացել «Կարինեում»՝ խաղամոլ, «Մորգանի խնամին» ֆիլմում՝ Մորգան,  «Մարդը Օլիմպոսից»՝ զայրացած հարևան, «Տղամարդիկում»՝ բազմազավակ հայր։

Դավիթ Մուրադյան՝ կինոգետ-«Պոդպոմոգովն, այո, մի քանի մարդ էր՝ գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմերի վարպետ,  ֆիլմերի  բեմադրող-նկարիչ, թատերական նկարիչ։ Նա գունագեղ, հետաքրքիր ամբողջություն էր։ Կենցաղում էլ էր ստեղծագործող,  արտիստ էր ամբողջ էությամբ։ Նա իր ընկերոջ՝ Ռաֆայել Բաբայանի հետ վերակենդանացրեց հայկական մուլտիպլիկացիան։ Նրանցով  սկիզբ առավ հայկական անիմացիոն արվեստի ազգային դպրոցը։ Խորհրդային Միությունում Հայաստանի մուլտիպլիկացիան ազգային դեմք ու կերպ ունեցավ։

Ռաֆայել Բաբայանը  պատմում էր, որ Պոդպոմոգովի հետ որպես զբոսաշրջիկ՝ գնացել են Իսպանիա, նստած են եղել մի ռեստորանում, գարեջուր են պատվիրել։ Պոդպոմոգովը նկատել է, որ այդ ռեստորանը ապակե լայն պատ ունի։ Քանի որ նկարիչ էր, իր հետ միշտ ունեցել է նկարչական պարագաներ։ Վեր է կացել ու ռեստորանի ապակե պատին՝ դրսի կողմից մի մեծ աքաղաղ է նկարել՝ երկարաճիտ կոշիկներով, ձեռքին էլ գարեջրի հսկա գավաթ՝ թափվող փրփուրով։ Իսպանացիները հավաքվել են անմիջապես, տեսել նրա նկարածն ու ծափահարել։ Ռեստորանի տերը քիչ հետո սեղանին է դրել նկարչի «հոնորարը»՝ ապակե պատի վրա իր նկարած գավաթի պես հսկա գավաթ՝ գարեջրով։

Այս փոքրիկ դրվագում երևում է Պոդպոմոգովի բնավորությունը, խառնվածքը, էությունը, տաղանդը, հումորը: Ինքն ու Երևանը մի ամբողջություն էին։ Այդ նույն Երևանի բնակիչներից շատերը չկան, Պոդպոգովն էլ չկա, բայց նա հաղթահարեց ժամանակը, ու տեսեք, հասել է այստեղ, այս դահլիճ, որտեղ նշում ենք նրա 100 ամյակը»։

Վալենտին Պոդպոմոգովի՝ ֆիլմերի և ներկայացումների համար արված նկարչական ձևավորումներն առանձին կտավներ են։ Եթե թեմատիկ շարքից ցանկացած նկար հանենք, այն կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն՝ իր ամբողջականությամբ ու ավարտուն ասելիքով։ Իսկ գեղանկարչական գործերը խոր փիլիսոփայություն ու գաղափարներ են արծարծում։ Կյանքում այդքան հումորով ու թեթև մարդը գեղարվեստում մեծ ցավ ու ողբերգություն էր վրձնում՝ Հայոց ցեղասպանություն, աստվածաշնչյան թեմաներ։

 Արարատ Աղասյան՝ արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր- «Վալենտին Պոդպոմոգովը մասնագիտական, ակադեմիական կրթություն չի ստացել, անգամ  գեղարվեստի նախնական ուսուցում չի անցել։ Սկսել է նկարել 50 տարեկանում։ Նրան կարելի է դասել ինքնուս նկարիչների շարքին։ Բայց նրա գործերը նայողը կարող է վստահ ասել, որ հեղինակը  մասնագիտական լուրջ կրթություն է ստացել։ Նա թույլ գործ չունի, բոլոր ստեղծագործությունները միավորում է ներքին դրամատիզմը, ողբերգական հնչեղությունը։ Պոդպոմոգովի ամենահայտնի գործերից մեկը «Ռեքվիեմն» է, մյուսը՝ Կոմիտասի պորտրետը, չնայած այն դիմանկար չէ, այն մեծ ենթատեքստ ու գաղափար ունի՝ Հայոց ցեղասպանությունը տեսած Կոմիտասի ձեռքի լույսը խորհրդանշում է նրա ներսի լույսը, այն, որ Կոմիտասը մաքրեց հայոց երգն ու հավերժացրեց այն։ Կոմիտասի ձեռքի լույսը հայ ժողովրդի մաքառումի, վերածնվելու խորհրդանիշն է։ Իսկ աստվածաշնչյան թեմաներից Պոդպոմոգովն  ընտրել է ամենաբարդը՝ Քրիստոսի խաչելությունը՝ նորից տարբեր իմաստներ ու խորհուրդներ դնելով։

Պոդպոմոգովը մտել է 20-րդ դարի կերպարվեստի պատմության մեջ, անհնար է այդ ճանապարհի մասին խոսել՝ առանց նրան անդրադառնալու»։

Սերգեյ Փարաջանովն ու Վալենտին Պոդպոմոգովը մտերիմ ընկերներ են եղել։ Փարաջանովը Պոդպոմոգովին առաջարկել է «Նռան գոյնը» ֆիլմի նկարիչը լինել։

Պոդպոմոգովն ասել է. «Սերգեյ, ես քեզ չափից շատ եմ սիրում, որպեսզի քեզ հետ աշխատեմ։ Նկարահանման հրապարակում դու ոտնձգություններ ես կատարելու, իսկ ես ոտնձգություններ տանել չեմ կարող։ Իմ ձեռքի տակ բահ կլինի ու ես դրանով կսպանեմ քեզ։ Բայց քանի որ հանճարի եմ սպանելու, ուրեմն ես հետո ինձ էլ կսպանեմ։ Արդյունքում ոչ ես կլինեմ, ոչ դու, ու ամենակարևորը՝ չի լինի ֆիլմը»։ Այդպես Պոդպոմոգովը մերժել է Փարաջանովի առաջարկը։

Ի դեպ, Պոդպոմոգովին գեղարվեստով զբաղվելու, նկարելու խորհուրդ է տվել արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

Նա առանձնահատուկ վերլուծության էր ենթարկում Պոդպոմոգովի ստեղծագործությունները։ «Անդրանիկի կերպարը, Իգիթյանի կարծիքով, յուրահատուկ է. ոչ ոք չէր կարող Պոդպոմոգովի նման Անդրանիկ նկարել, ոչ մի տեղ այդպիսի Անդրանիկ չես հանդիպի, ինչպես չես հանդիպի նրա նկարած Կոմիտասի պես Կոմիտաս»,-ասում էր Հենրիկ Իգիթյանը։

Պոդպոմոգովը, ինչպես նշեցինք, նաև մուլտիպլիկատոր էր։

Ռոբերտ Ամիրխանյան՝ կոմպոզիտոր-«Այդ զարմանալի  էներգետիկայով մարդու հետ հանդիպել եմ 1966 թվականին։ Նա ինձ առաջարկեց իր «Մի կաթիլ մեղր» մուլտֆիլմի համար երաժշտություն գրել։ Ես ֆիլմերի երաժշտություն գրելու փորձ չունեի։ Պոդպոմոգովն ինձ այնպիսի ճանապարհով տարավ, որի իներցիան հիմա էլ է շարունակվում։ Առաջարկեց «Մի կաթիլ մեղրի» երաժշտությունը կառուցել ֆիլմի մոնտաժային պատկերի վրա՝ սիմֆոնիկ նվագախմբի համար ամբողջական կոմպոզիցիա։ Երաժշտությունը գրեցի, այն տևում էր այնքան, որքան ֆիլմը՝ 10։30 րոպե։ ՕհանԴուրյանն էր  դիրիժորը, նվագախումբը պատրստ էր ձայնագրվելու։ Բայց Օհան Դուրյանը երաժշտությունը տեղ-տեղ դանդաղեցրեց, ու ստացվեց 15 րոպեանոց երաժշտություն։ Ստիպված եղա այն կրճատել, դարձնել 10։30։

Սա մեր համատեղ առաջին աշխատանքն էր։ Հաջորդը «Ջութակը ջունգլիներում» մուլտֆիլմն էր։ Հետո Վալյան առաջարկեց մյուսը՝ «Շերտավոր վագրեր» ֆիլմի երաժշտությունը գրել, հետո՝ «Պույ-պույ մուկիկինը»։

Վալենտին Պոդպոմոգովը երևույթ էր, ֆենոմեն, որ ծնվում են 100 տարին մեկ։ Նախորդ հարյուրամյակում «Քեռի Վալյա» ունեցանք, սպասենք հաջորդ 100 ամյակին։

Պատրաստեց Նաիրա Փայտյանը