Կինոն միավորում է թե՛ տարածական, թե՛ ժամանակային և թե՛ տարածաժամանակային արվեստների գեղարվեստական հնարավորությունները՝ հանդիսանալով արվեստի նոր սինթետիկ ձև, որի պատկերները, գործելով տարածության և ժամանակի կոորդինատներում, ստեղծում են կյանքի յուրահատուկ գեղարվեստական մոդել՝ իր ողջ բազմազանությամբ։ Իսկ կինոդրամատուրգիան մարդու և աշխարհի հետ երկխոսելու առանձնահատուկ մտածողության արդյունք է, երևույթների խտացվածության բացահայտում, հետևողական քննություն մարդկային կյանքի և էկրանային արվեստի միջակայքում։ Ի՞նչն է այսօր կարևոր, որտեղից ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ է մարդը երբեմն ձանձրանում ապրելուց և ինչո՞ւ է մարդուն հետաքրքրում մյուսների կյանքը։ Փորձենք գտնել այս հարցերի պատասխանները։

Նախ, ժամանակակից կինոարտադրության զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները հիմնականում դիտվում են հասարակական և միջմշակութային փոխներթափանցումների համապատկերում։ Կինոարվեստն իր գեղագիտական տիրույթները դարձնում է անսահման, անընդգրկելի ու մտքի ձեռնածությունների հանդեպ անձեռնմխելի։ Մեր վերլուծական մոտեցումը թույլ է տալիս մի քանի ընդգծում անել։ Այն, որ այսօր մարդկային կեցության տարատեսակ մանրամասներ կինոյում դառնում են համատեքստային երևույթ, միանշանակ է։ Այլ հարց է մարդու էությունը, մարդկային փոխհարաբերությունները, անհատի խնդիրները, ճշմարիտ արժեքները, պատերազմները, սոցիալական և հոգեբանական ընկալումները համընդհանուր ներկայացնելն ու ցույց տալը գեղարվեստական մակարդակում։ Շատ հաճախ այն արտաքին ազդակներով կատարվող անխուսափելի վերուվարումներով ու ժամանակի մեջ «ծաղկում» ապրող կոշտ դրսևորումներով է ընթանում, որը պարզապես ստեղծագործական մտքի արդյունք է։

Այս համատեքստում անդրադառնանք ժամանակակից երիտասարդական կինոյին, որի բարձրակետին հասնելու ճանապարհը քննարկելի է բոլոր առումներով, բայց նաև փաստ է` ժամանակի հետ ապրում է, ժամանակի մեջ նոր տարածքներ բացում, նաև ժամանակն է առաջ ու հետ անում։ Այսօր մեր կողքին ապրում են երիտասարդ ռեժիսորներ, որոնց ստեղծագործական ընթացքին հետևելը հետաքրքրություն է առաջացնում։ Բայց միշտ չէ, որ նրանց արտադրած ֆիլմերի դրամատուրգիան ճիշտ կառուցվածք է ունենում և կարողանում է համոզիչ լինել։

Հայկական կարճամետրաժներ

Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարը (սցենարը՝ Հ.Մովսիսյանի, Ա. Կարապետյանի) կառուցված է իրական պատմության հիմքում․ Արցախում ապրող տղան, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ վարելով հոր ավտոմեքենան, 250 կմ ճանապարհ է անցնում՝ փրկելով ոչ միայն իր ընտանիքը, այլև մի քանի մարդկանց կյանքեր։ Սյուժեն մանրամասն ներկայացնելու նպատակ չունենալով՝ միանգամից նշեմ, որ սցենարն այնպիսի ճշգրտությամբ է կառուցված, որ մի քանի րոպեների  ընթացքում ռեժիսորը կարողացել է ցույց տալ ոչ միայն պատերազմի սև դեմքը, այլև համամարդկային շատ կարևոր որակներ։ Դրամատուրգիական գիծը պահպանելուն օգնել են իրավիճակի ճիշտ գնահատումն ու վերարտադրումը էկրանային տարածքում։

Հայկական կարճամետրաժներ

Մյուս ֆիլմը, որն իր կառուցվածքով թույլ է տալիս եզրակացություններ անել, Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» հոգևոր-երաժշտական ֆիլմն է։ Այս ֆիլմին կարող ենք բնորոշել հոգու և մտքի միաձույլ աշխատանքի խտացում։ Ֆիլմի հիմքում Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերն են (սցենարի համահեղինակ և Նարեկացու տաղերի մենակատար՝ Վահե Բեգոյան)։ Գրաբար յոթ տաղերն արտասանվում են նաև աշխարհաբար։ Բացի Նարեկացու հինգ տաղերից, ֆիլմում ներառված են միջնադարյան ևս երկու տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագդաղենին», որոնց հեղինակը հայտնի չէ, գրի են առնվել Կոմիտաս վարդապետի կողմից։ Ֆիլմի սյուժեն կառուցված է տաղերի իմաստային ընթացքով։ Հատկանշական փաստ է, որ նկարահանումները յոթ խորհրդանշական, միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ համարվող վանքերում են տեղի ունեցել, որն էլ ֆիլմի ներքին բովանդակությունն ավելի խորացնելու հնարավորություն է տվել։ Այս ֆիլմը հայի առաքինի էության մասին է, ինքնամաքրվելու և առ Աստված ընթանալու ուղին է ցույց տալիս։

Հայկական կարճամետրաժներ

«Ես Արցախ եմ ծնվել, մեծացել, բայց այդպես էլ չիմացա՝ որտեղ են այդ դրախտի դարպասները». Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը (սցենարը՝ Ա. Եղիազարյանի, Մ. Մալխասյանի), որը նկարահանվել է 2019 թվականին, ժամանակակից կինոարտադրության կարևորագույն և արժեքավոր նմուշներից է։ Մի քանի տարի առաջ, երբ Ջիվանի հետ Ստեփանակերտում խոսում էինք կինոարտադրության մասին, այսպիսի կարևոր ընդգծումներ արեց զրուցակիցս․ «Ինձ համար ամենակարևորն անկեղծությունն ու անկեղծ ֆիլմն է: Կապ չունի, թե տվյալ ֆիլմը որ ժամանակի մասին է: Պետք է պատմել մի պատմություն, որը մենք դեռ չենք տեսել, չենք լսել, որ նրա մեջ ազնվություն և անաչառություն  լինի: Ժամանակի հարցը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե դու ցանկանում ես անել այդ ամենը»։ Կրկին համոզվեցի, որ Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի հիմք հանդիսացող անկեղծ պատմություններն ինչպիսի ռեժիսորական անկեղծության են հանդիպում։ Նախ այն, որ ֆիլմի գլխավոր հերոսը հայ չէ, այլ գերմանացի լրագրող, ինքնին անակնկալների առիթ է ստեղծում։ Եվ այդ լրագրողի՝ Արցախում մասնագիտական գործունեություն ծավալելու ամբողջ ընթացքը հագեցած է անսպասելի շրջադարձներով՝ սեր, սիրած աղջկա հորը գերեվարության մեջ թողնելը գյուղում, մարտադաշտում արված լուսանկարների յուրացում և այսպես… Բոլոր իրադարձությունները շատ նրբորեն պահում են ֆիլմի դինամիկան ու ընթացքն ավելի շեշտադրում։

Հայկական կարճամետրաժներ

Համբարձում Համբարձումյանի  «Կորեական դելիկատես»  պատմվածքը հայ ժամանակակից արձակի ինքնատիպ օրինակներից է։ Պատմվածքի էկրանավորումը, այն էլ հեղինակի անմիջական մասնակցությամբ (սցենարի հեղինակը, ռեժիսորը և պրոդյուսերը Համբարձում Համբարձումյանն է), թույլ է տվել հեղինակային կինոյի օրենքների ներսում նոր սահմաններ ուրվագծել` գեղարվեստականի և ոչ գեղարվեստականի միաձուլումով։ Պատմվածքի դրամատուրգիական գիծը ֆիլմում պահպանվել է։ Սակայն ֆիլմը երբեմն ռիթմից դուրս է գալիս, ինչն էլ, կարծում ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ կինոն ավելի կոնկրետ ընկալում ու շեշտվածություն է պահանջում, քան գրականությունը, որն ավելի մեծ տեղ է հատկացնում երևակայությանն ու հեղինակային բազմատեսակ մեկնաբանություններին։ Կորեայում շան մսի՝ դելիկատես համարվելը, Գազանի ոգևորությունն ու գլխավոր հերոսի՝ փոքրիկ տղայի հոր գաղտագողի քայլերը առատ նյութ են դարձել ռեժիսոր-սցենարիստի համար՝ արտահայտելու այն, ինչ իրականում կարող էր լինել։ Բայց նման դեպքերում հաճախ հոգեբանական խնդիրներն են ֆիլմը դարձնում ավելի շահեկան։ Բուն գրական տեքստում մենք նկատում ենք կերպարների ազդեցիկությունը, բայց ֆիլմում դրանք չեն հասել ավարտունության։

Ժամանակակից հայ կինոաշխարհում գրականություն-կինո համագործակցության օրինակ է ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը՝ ըստ Նարինե Աբգարյանի համանուն վեպի (սցենարը՝ Ա․ Սիմոնյանի, Հ․ Օրդյանի, սցենարի խմբագիր՝ Ս․ Նալբդանյան)։

Հայկական կաւճամետրաժներ

Տավուշի հեռավոր գյուղերից մեկում ապրող ընտանիքի պատմությունը ինչպես վեպում, այնպես էլ ֆիլմում կարևոր ուղերձներ է պարունակում։ Հերոսները ճակատագրի հետ առերեսված մարդիկ են, որոնք չեն կորցնում իրենց հույսը, չեն դադարում սիրել ու ապրել այն ցավի մեջ, որ իրենց է բաժին հասել։ «Զուլալին» միայնության ցավը սիրով հաղթահարող մարդկային պատմություն է, որն ինքնին հարցեր է առաջացնում, ինքն էլ դառնում պատասխանողը․ որտե՞ղ է թաքնվում հիշողությունը, իհարկե՝ կյանքի մեջ։ Այդ հիշողության մեջ է նաև հավերժության ուժը։ Սա, գուցե, դառը սթափության արդյունք է։

Բուն գրական հիմքում մարդկային-անձնական արժեքային խտացումներ կան, որոնք էլ օգնում են ապրումակցման գործընթացին։

Հատկանշական փաստ է, որ «Զուլալին» ֆիլմի երաժշտությունը հեղինակել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Հայ կինոյի պատմության էջերում մաեստրոյի կինոերաժշտությանը հանդիպում ենք Ս․ Փարաջանովի «Նռան գույնը», Հ․ Մալյանի «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», Ա․ Մկրտչյանի «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերում։

Հայկական կարճամետրաժներ

Ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին» վավերագրական-խաղարկային ֆիլմն արտացոլում է առօրյա կյանքում հաճախ հանդիպող բախումն անձնական երազանքին։ Լինելով միաժամանակ նաև սցենարի հեղինակներ՝ ռեժիսորները կարողացել են ցույց տալ մարդկային երազանքը՝ զերծ մնալով երազանքը շահարկելուց։ Դրամատուրգիական գիծն այնպես է կառուցված, որ երբեմն թվում է՝ այն խորհրդածություն է կյանքի մասին։ Հեղինակները կարևոր կետ են գտել և էկրանի օգնությամբ «ապացուցել»՝ երազանքը մարդունն է, և այն հնարավոր է հենց երազանք էլ մնա։ Գուցե անկատարությունն է երազանքի գրավականը։

Հիվանդանոցի վերելակավարը, գյուղացին, «Սիպտոմ» խմբի աղջիկները և հինգերորդ երազողը, որոնց դիտողը կարող է նույնականացնել կա՛մ երազանքի հետ, կա՛մ պարզապես ինքն իր հետ, ընդարձակում են մեր սպասումները։ Իսկ ձին, որն ըստ ժողովրդական հավատալիքների՝ երազատու կենդանի է, կարծես մարդուն ստիպում է իր արյան մեջ հույս ու հավատ գաղտնագրել և երազել։

Հեղինակները մեկ այլ կարևոր կետի նույնպես ուշադրություն են դարձրել։ Յուրաքանչյուր հերոս իր երազանքներում ազատ ու անկաշկանդ է։ Բայց, այդուհանդերձ, նաև կարևոր անդրադարձ-հուշում կա այսօրվա հասարակության ընկալումների մասին։

Շուրջ հինգ տարի նկարահանված այս ֆիլմի ընթացքը բուռն է, հիմնական կոնֆլիկտը մարդու և երազանքի զուգահեռումներն են։

Հայկական կարճամետրաժ

Գեղարվեստական մտածողության առանձնահատկություններով մեր տեսադաշտում հայտնվեց նաև ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը (սցենարը՝ Ա․ Չիլինգարյանի, Գ․ Մաշկարյանի)։

90-ականների Հայաստանում սիրո պատմությունը դարձել է այս ֆիլմի՝ սոցիալական դրամայի հիմքը։ Դրամատուրգիան շեշտակի սկզբունքներով է կառուցված։ Նպատակը ներդաշնակելն է գլխավոր հերոսի՝ Արսենի բանակային անցյալից անցումը քաղաքացիական կյանքին։ Հետևանքների անցումն այստեղ կարևոր շրջափուլ հանդիսանալով՝ ֆիլմի գրեթե բոլոր տեսարանները հարստացնում են վերապրումի օրգանական ընթացքով։

Հայկական կարճամետրաժներ

Ժամանակակից հասարակության լայն շրջանում ընտանիքի դերի ու նշանակության մասին կինոլեզվի արտահայտչամիջոցներին դիմելով կինոքննադատ և ռեժիսոր Րաֆիի Մովսիսյանը նկարահանեց «Ժամանում» կարճամետրաժ ֆիլմը։ Լինելով միաժամանակ ֆիլմի սցենարի հեղինակը՝ Րաֆֆին որդեգրել է կինոյին բնորոշ ազնվության ճանապարհը։ Ազնիվ պատմությունը էսթետիկա է հաղորդում ամբողջ կինոնկարին։

Արտագնա աշխատանքի մեկնած տղամարդը Ամանորը նշելու նպատակով վերադառնալով հայրենի գյուղ՝ համոզվում է, որ արդեն իր ընտանիքում այն տեղն ու դերը չունի, ինչպես նախկինում էր։ Հեղինակը կարողացել է հստակ կերպարագծումներ կատարել, ինչն էլ սյուժեի ամբողջականությունն ավելի շոշափելի է դարձնում՝ նոր լույսի ներքո ցույց տալով մերօրյա իրականությունը։

Հայկական կարճամետրաժներ

2019 թվականին նկարահանված «Նոր տարվա գոճի» կարճամետրաժը երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի աշխատանքն է (սցենարը՝ Է․ Բաղդասարյանի)։ Սցենարի հիմքում ԴԱՀԿ աշխատող, ցինիզմով տառապող մի երիտասարդ կերպար է։ Սա, ըստ մեր դիտարկումների, հավաքական կերպար է։ Դրամատուրգիական գիծն ընթանում է քաղաքական և սոցիալական երգիծանքի բացահայտ տարրերով։ Իրականությունը ներսուդուրս անելով՝ այս ֆիլմի համար ներքին խնդիր է դառնում մարդու ներքին տեսադաշտը՝ հոգևոր տարածքը, որը հաճախ հանգամանքների պարտադրմամբ և մարդու ցանկությամբ է մեղքով պատվում։

Այս ֆիլմի դեպքում կարևոր է նշել նաև հեղինակների՝ ժամանակի ճիշտ գիտակցումը, քանի որ կենսական ճշմարտության մասին պատմելն առանց ժամանակի գիտակցության ուղղակի ապարդյուն կլիներ։

Հայկական կարճամետրաժներ

Վահան Սեթոյանի «Մանանա» ֆիլմը, որի սցենարի հեղինակը նույնպես ռեժիսորն է, կառուցված է կնոջ՝ դեպի ազատությունն ընթացող ճանապարհային սխեմայով։ Շահ-Աբասի հարեմից դեպի լքված գյուղ, ապա բնակության հաստատումը գյուղում, եկեղեցու կառուցումը, ապրելու դրդապատճառներին առնչվելը հետաքրքիր կոմպոզիցիոն լուծման են հանգեցնում։ Այս ֆիլմում չկա խոսք, կա հոգեվիճակ, որը մեծ մասամբ արտահայտվում է պլաստիկայով։ Սյուժետային իրավիճակը «Մանանա» ֆիլմի դեպքում ամուր հիմքերի վրա է կառուցված։

Այսօր կինոաշխարհում ազատության և խաղաղության գաղափարներ արտահայտող բազմաթիվ ֆիլմեր կան, որոնցից շատերը այլ տեսանկյունից են մեկնաբանում այդ ամենը։ «Մանանան» իր ընդհանուր տրամադրությամբ և տրամաբանությամբ լավագույն օրինակներից է։

Կինոն երևույթների էական կողմերը նորովի մեկնաբանելու բացառիկ հնարավորություն ունի։ Ապրումները, խռովքը, անթաքույց հեգնանքը, կարճ տևող, բայց երկար թվացող երջանկությունը, ձեռքբերումներն ու կորուստները էկրանային տարածքում պահանջում են շատ նուրբ մոտեցում։ Այդ մոտեցման անհրաժեշտությունն է միշտ մեզ կանգնեցնում, որ դրական և բացասական տարաբաժանումների չդիմենք՝ լինի կերպարների թե բուն տեսարանների համատեքստում։ Պետք է դիտարկել դրանց խորքը, տարատեսակ մանրամասնություններ՝ խոսքից մինչև գործողության վերջնակետ։ Այս առումով մեծ կարևորություն ունեն ժամանակն ու այդ ժամանակի ճիշտ կառավարումը։ Դու պետք է քո կերտած ժամանակի մեջ մնաս։

Այն ֆիլմերը, որոնց հաջորդիվ անդրադառնալու ենք, ևս ժամանակակից կինոարտադրության հետաքրքիր օրինակներ են։

Երբ դիտեցի ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Աշնան արև» ֆիլմը, որի հիմքում Տոնինո Գուերայի «Ռուս պարուհին» պոետիկական պատմվածքն է, միանգամից ցանկություն առաջացավ հաղորդակից դառնալու նաև ռեժիսորի մյուս ֆիլմերին։ Պատճառը, կարծում եմ, էկրանային կարճ ժամանակում դիպուկությունն էր։

Հայկական կարճամետրաժաներ

Ահա արդեն Դ․ Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմը (սցենարը՝ Դ․ Կարդումյանի, Վ․ Դանիելյանի), որտեղ դրամատուրգիական գծին զուգակցվում են պոետիկական շեշտադրումները՝ ռոմանտիկ դրամային ինքնահատուկ տարրերով, պարզապես մակերեսային սիրո պատմություն չէ, այլ խորքային կապերի բացահայտմանը բեկումնային մոտեցում։ Ինքնանպատակ չեն նաև ֆիլմում օգտագործված Հասմիկ Սիմոնյանի որոշ բանաստեղծությունները, որոնք նոր գույներ են հաղորդում։

Այս ֆիլմն իր ամբողջ դրամատուրգիայով փաստում է, որ Դ․ Կարդումյանը հեղինակային էգոն չկորցնող ստեղծագործող է։ 

Մյուս կարճամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Տոմբեն» (սցենարը՝ Դ․ Կարդումյանի, Վ․ Մարտիրոսյանի), ի զարմանս ինձ, թեմատիկ ցատկից բացի, բացահայտեց նաև Դ․ Կարդումյանի՝ սոցիալական ծանր խնդիրներին անդրադառնալու ինքնատիպ մոտեցումը։ Ճակատագիրը, կյանքի հրակայուն վառարանի մեջ մարդու ներքին հակադրությունները, մարտահրավերները՝ համապատասխան կշռույթներով, երևույթի իրական կողմերը ներկայացնելու տրամաբանական համակցվածությամբ, դարձել են այս դրամայի նպատակին հասնելու միջոցները։

Հայկական կարճամետրաժներ

Ռեժիսոր Վահան Գրիգորյանի «Ցեխը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի դրամատուրգիան կառուցված է եռաչափ՝ ժամանակ, տարածություն, խորություն։ Զավեշտալի տարրերով հարուստ այս ֆիլմը մարդկային կյանքի թաքնված իրականությունը՝ հավատի ամենատարբեր դրսևորումներով, բացահայտ կերպով ի ցույց է դնում։

Գլխավոր հերոսի կինը, տանը տեսնելով ցեխոտ ոտնահետքեր և սագի փետուրներ, կարծում է, որ իրենց տուն հրեշտակ է մտել։ Սակայն իրականությունն այլ է․ ամուսինն է ցեխոտ ոտքերով մտել՝ տուն ներխուժած սագին բռնելու։ Այս պատմությունը բավականին հետաքրքիր զարգացում է ունենում, նույնքան դինամիկ, սուր ավարտ։

Հնարավոր է պատկերացում կազմվի, թե սա սովորական գյուղական պատմություն է, և ասելիքը զուտ այդքանով կարող է սահմանափակվել։ Սակայն հարկ է նշել, որ այս ֆիլմը խոսում է ավելի մեծ խնդիրների մասին ու դրանցից ելք գտնելու «ազդանշաններ» է փնտրում։

Հայկական կարճամետրաժներ

Երիտասարդ ռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Իմ սև սիրտը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի դրամատուրգիան ևս տպավորիչ է։ Ֆինանսական խնդիրներ ունեցող Պողոսը սրտատրոփ սպասում է հոր 100 ամյակի լրանալուն, որպեսզի պետությունից ստանա ավտոմեքենա, վաճառի և մարի վարկերը։ Ծննդյան օրը Վաչագան պապը մահանում է, սակայն նրանք ամեն ինչ մտածել են, որ ստանան մեքենան։ Մահացած պապիկին կոստյում են հագցնում, նստում տոնական սեղանի շուրջ։ Նախարարության ներկայացուցիչը հյուրընկալվելով իմանում է, որ պապը մահացած է, սակայն, որոշում է բանալիները հանձնել Պողոսին։ Բայց «ուրախությունը» երկար չի տևում։ Մի քանի օրից հայտնում են, որ Վաչագան պապը ուրիշին է թողել իր ժառանգությունը։

Հայկական կարճամետրաժներ

Դանիել Հարությունյանի «Սիմոր» ֆիլմի սցենարը գրվել է Սելինջերի ստեղծագործությունների մոտիվներով։ Սցենարի հիմքում մի պոետի կյանքի ընթացքն է․ նա պատերազմից վերադառնալուց հետո ինքնասպանություն է գործում։ Իսկ նրա փոքր եղբայրը, չկարողանալով մոռանալ այդ ցավոտ ընթացքը, ծեր տարիքում սկսում է գիրք գրել նրա մասին։ Այստեղ կարծես կա գտնված միջոցը, որը դարձյալ չի ձգտում ավարտունության հասնել։

Հայկական կարճամետրաժներ

Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» ֆիլմի (սցենարը՝ Ա․ Տրոցկայա-Գերզոնի) ամբողջ դրամատուրգիան, մեր կարծիքով, կառուցված է մարդու ներքին վճիռների կարևորության հիմքում։ Ծնողազուրկ ուսանող քրոջ և եղբոր կյանքի պատմության մի դժվարին փուլ ներկայացնող այս ֆիլմում նաև բարոյական վճիռների կարևորությունն է ընդգծված։ Բացի այդ, սա խոսում է ժամանակի տագնապների մասին, որոնք հաջողությամբ են արձանագրել ռեժիսորն ու սցենարիստը։

Վովա Արզումնայան