ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի և շանսոնիեի հոբելյանները կարևորվում են նրանց արվեստի արժևորման, միջազգայնացման և ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից:

Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը և ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաև գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային և կրթական ծրագրեր, Հայաստանում և արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ և ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:

 Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի և մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երևանում և ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում: