Սովետահայ ականավոր գրող Ակսել Բակունցը չէր կարող անմասն մնալ նորաստեղծ հայկական կինոարվեստի ստեղծագործական կյանքին: 1930-1936 թվականներին նա սերտորեն կապվում է Հայ կինոյի հետ և իր գրած սցենարներով նպաստում նրա աճինԴեռևս 1929 թ Հայ կինոյի արդեն անուն հանած ռեժիսոր Պատվական Բարխուդարյանը ստեղծագործական ընդհանուր լեզու է գտնում Բակունցի հետ և նրանց համատեղ աշխատանքի արդյունք է լինում «Սև թևի տակ» («Ազդանշանը ջրվեժի մոտ») գեղարվեստական ֆիլմը, որը էկրան է բարձրանում հաջորդ տարին:

Ակսել Բակունցը սիրում էր պրպտել արխիվային մատերիալները՝ որոնելով փաստական տվյալներ հայ ժողովրդի մերձավոր ռևոլյուցիոն անցյալի վերաբերյալ: 1935 թ․ լույս է տեսնում Բակունցի «Կյորես» երգիծական գրվածքը, որտեղ նա վարպետորեն պատկերում է հին Գորիսը իր բնորոշ կենցաղով ու նիստ ու կացով:

Այդ օրերին Հայ կինոյի առաջ ամենայն սրությամբ դրված էր պատմա-ռևոլյուցիոն թեմատիկայով լիարյուն ֆիլմ արտադրելու հրամայական խնդիրը: Նա պարտավորվում է գրել իր «Զանգեզուր» սցենարը: Այս սցենարը գրելու պրոցեսում Բակունցը ստեղծագործական խոր ապրումների մեջ էր: Նա աչքի առաջ ուներ Զանգեզուրի ռեալ մարդկանց։ Եվ երբ սցենարը ամբողջովին պատրաստն էր, այն ենթարկվեց կինոաշխատողների բազմակողմանի քննարկմանը և արժանացավ ընդհանուրի բարձր գնահատականին:

ՀԿՊ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի բնակարանում հեղինակը կարդաց իր սցենարը հրավիրված պատասխանատու ընկերների շրջանում: Սցենարը այստեղ ևս դրական գնահատական ստացավ և միաժամանակ արվեցին որոշ ուղղումներ, որոնցով և զբաղվեց Բակունցը հետագա ամիսներին և ապա մեկնեց Մոսկվա, որպեսզի սցենարի վերջնական մշակմանը մասնակցի նաև ֆիլմի բեմադրող ռեժիսորը՝ Համո Բեկնազարյանը:

Համո Բեկնազարյանն այս մասին  գրում է իր «Հուշեր» հայտնի գրքում․

«Ես պայմանավորվեցի տաղանդավոր գրող Ակսել Բակունցի հետ  «Զանգեզուրի»  սցենարը գրելու մասին։ Շատ արագ կերպով ավարտելով լիբրետոյի վրա կատարվելիք աշխատանքը, Բակունցը այն ուղարկեց կոնսուլտացիայի և հաստատման: Ես բազմաթիվ անգամ ցանկություն հայտնեցի ծանոթանալու այդ լիբրետոյին, բայց ամեն անգամ Բակունցը պատասխանում էր, որ շատ շուտով այն կհաստատվի և դրանից հետո մենք անմիջապես կսկսենք աշխատանքը սցենարի վրա: Մենք այդպես էլ չտեսանք սցենարի հաստատումը:

Մի քանի ամիս անց, միանգամայն անսպասելի, ոնց որ գլխիդ խփեն, մեզ հասավ Հայաստանի ԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ողբերգական մահվան գույժը: Ոչ ոք չգիտեր տեղի ունեցածի մանրամասնությունները: Ասում էին, որ իբր Խանջյանը ինքնասպանություն է գործել, որովհետև «խճճվել է հակասովետական կապերի մեջ…»: Այդ ամենը գիտակցության մեջ չէր տեղավորվում…

… Հոկտեմբերին ես գործով շտապ մեկնեցի Մոսկվա: Մենք Բակունցի հետ պայմանավորվեցինք, որ հենց որ լիբրետոն հաստատվի, նա նույնպես անմիջապես կթռչի Մոսկվա: Մոտ երկու շաբաթ անց առավոտյան ինձ արթնացրեց հեռախոսի զանգը: Բակունցն էր խոսում: Ես շատ ուրախացա.

– Ուրեմն ամեն ինչ կարգի՞ն է, հավանությունը ստացվա՞ծ է:

– Այո… Այսինքն… Դե ես Ձեզ ամեն ինչ կբացատրեմ հանդիպելուց…

Նա տատամսում էր, ինչ-որ բան մինչև վերջ չէր ասում: Անհագստացած, ես նրան խնդրեցի իսկույն գալ ինձ մոտ, որպեսզի անմիջապես մեքենայով մեկնենք իմ ամառանոցը, որը գտնվում էր Վնուկովոյում, Մոսկվայից քսան կիլոմետր հեռավորության վրա: Դա, չգիտես ինչու, Բակունցին հարմար չէր թվում: Վերցնելով ամառանոցի հասցեն, նա խոստացավ ժամը մոտ տասներկուսին գալ այնտեղ:

Ես ամառանոց եկա առավոտյան ժամը տասին: Առմուտքի մոտ նկատեցի մի անծանոթ սև մեքենա: Դեռ իմ մեքենայից դուրս չէի եկել, երբ քաղաքացիական հագուստով երեք անծանոթ մարդ իմ ճանապարհը կտրեցին:

– Դուք Բակու՞նցն եք,- հարցրեց նրանցից մեկը:

Ես նրանց բացատրեցի, թե ով եմ, փաստաթղթերս ներկայացրի:

– Իսկ որտե՞ղ է Բակունցը:

Ես ասացի, որ նրան սպասում եմ ժամը տասներկուսին: Դրանից հետո նրանք վերադարձան մեքենայի մոտ, բայց չմեկնեցին, այլ մեքենան կանգնեցրին առմուտքից հեռու, թփուտների ետևում և սկսեցին այնտեղից հետևել գծանցին: Պարզ էր, թե ինչու էին նրանք սպասում գրողին:

Եկավ ժամը տասներկուսը, մեկը, երկուսը: Բակունցը չէր գալիս: Ես ուզում էի հուսալ, որ նա այլևս չի գա: Չէ՞ որ կարող էր մոլորված լինել, իմ տունը չգտնել: Վերջապես կարող էր և մնացած լինել անհետաձգելի գործերով:

Բակունց այդպես էլ չեկավ, իսկ անծանոթ մեքենան մնաց մինչև երեկոյան ժամը վեցը: Ես մի քանի օր մնացի ամառանոցում:

Չեմ հիշում, Մոսկվա վերադառնալուց հետո երկրորդ, թե՞ երրորդ օրն ինձ զանգահարեց իմ բարեկամը: Ես հարցրի նրան՝ արդյոք չգիտե՞, թե ինչ է պատահել Բակունցի հետ: Զրուցակիցս ընկճված մի վայրկյան լսեց, հետո անխռով տոնով սկսեց պատմել ինչ-որ մանրուքների մասին: Ես որոշեցի, որ նա իմ հարցը չհասկացավ և կրկնեցի այն: Զրուցակիսց կրկին մի վայրկյան լռեց, կարծես սայթաքեց, իսկ հետո խոսակցությունը շարունակեց նախկին չարագուշակ-անխռով տոնով…

Եվ ես հասկացա. Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել: Ըստ երեևույթին նրան ձերբակալել են, իսկ զրուցակիցս չի ուզում այդ մասին խոսել, որովհետև սենյակում մենակ չէ:

Անցավ ևս մեկ շաբաթ, և ինձ ծանուցագրով կանչեցին Լյուբյանկայի վրա գտնվող հռչակավոր շենքը:

Այն առանձնասենյակում, ուր ես պետք է ներկայանայի, ինձ դիմավորեց մի ոչ-երիտասարդ գեր կին: Առաջարկելով իրեն հետևել, նա ինձ տարավ ինչ-որ անվերջանալի միջանցքներով: Մենք մի հարկ բարձրացանք, հետո իջանք, հետո նորից բարձրացանք:

– Այստեղ դուք պետք է սպասեք:

Նայում եմ շուրջս-լուսամուտ, նրա մոտ դրված մի նստարան, որի վրա նստած է մաշված գլխարկով մի մարդ: Հենց որ ես նայում եմ նստարանին, նա սկսում է կարծես բարձրաձայն խորհել.

– Այդպես… լավ գործ է… այստեղ որ ընկա, պրծավ… այժմ մեզ կենդանի բաց չեն թողնի… ազնիվ մարդկանց քշում են նկուղները… անխիղճ, անիծված մարդիկ:

Ես լուռ եմ, իսկ նա շարունակում է.

– Ահա առավոտվանից նստած եմ այստեղ և ինչո՞ւ համար: Ես ազնիվ մեխանիկ եմ: Բայց մեկ է, կտանեն կնստեցնեն, ես նրանց գիտեմ… – Սովորական դեդեկտիվային նկարից վերցրած և բավականին միջակ ռեժիսյորի բեմադրած այդ էժանագին տեսարանը ինձ ձանձրացրեց և ես խիստ տոնով ասացի.

– Լսեք, ի՞նչ եք նվնվում: Եթե դուք ազնիվ մարդ եք, ձեզ կհարցաքննեն և բաց կթողնեն: Այստեղ ազնիվ մարդկանց չեն պահում:

Բայց նա համառորեն շարունակում էր շաղակրատել նույն թեմայի շուրջը:

… Շուտով եկավ գեր կինը և ինձ տարավ նույն անվերջանալի միջանցքներով ու սանդուղքներով: Վերջապես ինձ տարավ քննիչի մոտ: Վերջինս ինձ առաջարկեց նստել և սկսեց խոսել այն մասին, որ ինձ գիտե կինոնկարներից, որպես սովետական ազնիվ մարդու, միանգամայն վստահում է ինձ և միայն ուզում է Բակունցի մասին որոշ մանրամասնություններ իմանալ:

Ես պատասխանեցի, որ Բակունցին գիտեմ միայն նրա ստեղծագործությամբ, գնահատում եմ նրան որպես լավ գրողի, պատրաստվում էի նրա հետ միասին պատմա-հեղափոխական թեմայով սցենար գրել՝ Զանգեզուրի լեռներում ամրացած դաշնակցականների վերջին օրերի մասի: Քննիչն ինձ ընդհատեց:

Գլխի գցող հարցերով նա փորձում էր ինձնից խոսք պոկել այն մասին, որ իր սցենարում Բակունցը մտադիր էր արդարացնել, նույնիսկ մեծարել դաշնակցականներին: Ես ասացի, որ լիբրետոն դեռ չեմ կարդացել, իսկ անձնական զրույցներում Բակունցը դաշնակների մասին խոսում էր մեծագույն արհամարանքով: Դրանից հետո քննիչը սկսեց ինձ համոզել, որ ես սխալվում եմ, որ ես բավականաչափ զգոնություն չեմ ցուցաբերել, որ Բակունցը մերկացված է որպես արտասահմանյան հետախուզության դրածո և եթե ես հիշողություններս քրքրեմ, չեմ կարող համապատասխան ապացույցներ չգտնել…

– Ես գիտեմ մտահղացումը,-համառորեն կրկնում էի ես: – Կա նաև Բակունցի լիբրետոն, որը կարող են ուղարկել այստեղ: Այդ դեպքում հեշտությամբ կարելի է համոզվել՝ ես ճշմարտությո՞ւնն եմ ասում, թե փաստերն աղավաղում եմ…

Քառասուն րոպե տևած հարցաքննությունից հետո ինձ բաց թողեցին…

Բակունցի օգնությունը ստանալու հույսից այժմ ստիպված էի հրաժարվել: Վերադառնալով Հայաստան, ես անմիջապես մեկնեցի Զանգեզուր՝ նյութեր հավաքելու ինձ հետաքրքրող մարդկանց ու իրադարձությունների, հատկապես դաշնակցականների դեմ ուղղված պարտիզանական շարժման մասին:

Պարզվեց, որ նյութերը չափազանց շատ են ու բազմազան: … Աշխատանքը հաջողությամբ էր գնում: Նրա մեջ մենք կարծես փրկություն էինք գտնում ժամանակի ողբերգական կոնֆլիկտներից, այն տանջող հակասություններից, որոնց հանդիպում էինք յուրաքանչյուր քայլափոխին…:

Ըստ Դանիել Դզնունու, Բակունցի սցենարի տարբերակը չի պահպանվել, այլապես այն կարող էր իր արժանի տեղը գրավել գրողի երկերի ժողովածուում, մանավանդ որ վերջինս հայ կինոյի համար սցենար գրելը համարում էր մեր գրողների, և առաջին հերթին, իր պարտականությունը: Ֆիլմի լուսագրերում, իհարկե, գրված չէ Ակսել Բակունցի անունը, սակայն ֆիլմի սցենարի նոր տարբերակում պահպանվել են որոշ էպիզոդներ (Սպարապետի օրհնությունը և եկեղեցում թռուցիկներ տարածելը, Մակիչի և իր մոր մասնակցությամբ տեսարանները, պարտիզաններին վերաբերող հատվածները, ռազմական գործողությունները, սպիտակ սավաններով քողարկված «հանդի» միջով առաջ շարժվող զինվորները), որոշ էպիզոդներ հանվել են և մի շարք ուրիշներ են ավելացվել (բանտի տեսարաններ, Սամվելի դավաճանությունը, ֆիլմի ֆինալը և այլն):

Աղբյուրները․

  1. Համո Բեկնազարյան՝ «Հուշեր դերասանի և ռեժիսորի»,
  2. Դանիել Դզնունի՝ «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության»։

«Կինոաշխարհ»