Կարճամետրաժ վավերագրական «Վերջին արհեստանոցը» կինոնկարը նախօրեին արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին իր կատեգորիայում։ Այն պատմում է էմիգրանտ Սթիվ կամ Ստեփան Բազմանյանի մասին, որ դաշնամուր լարող վարպետ է, եւ այժմ ապրում է Կալիֆորնիայում։

Այդ քառասուն րոպեանոց կինոնկարում, որ նկարահանվել է ամերիկացիներ Քրիս Բաուերի եւ Բեն Պրաուդֆուտի կողմից, դրվագներ են ներառվել Բաքվում հայերի 90 թվականի ջարդերից։ Միացյալ Նահանգներում Բաղմանների փախստական ընտանիքը երկրորդ հայրենիքն է ձեռք բերել։

Արհեստանոցը, որտեղ Սթիվն աշխատում է որպես ադմինիստրատոր եւ դաշնամուր լարող, Լոս Անջելեսի քաղաքային վարչության պատվերով ապահովում է քաղաքի երաժշտական դպրոցների աշակերտների երաժշտական գործիքների անվճար նորոգումը։ Բաղմանյանը պատասխանատու է այն բանի համար, որ երեխաների համար նախատեսված բոլոր գործիքները լինեն որակով եւ ժամանակին նորոգված։

Վերջին արհեստանոցը

Բաքվում մի ժամանակ ամեն բան լավ էր։ Սթիվն իր պատմությունն է պատմում տեսախցիկի առաջ, սակայն տարիների հետ ամեն բան փոխվեց հայերի համար ոչ լավ ձեւով։ Հայերին սկսում են հալածել, իսկ հետո՝ առհասարակ վռնդում են հարազատ քաղաքից։ Մարդիկ թողնում էին ամեն բան, որպեսզի փրկեին իրենց կյանքը եւ հեռանում էին՝ թողնելով հարազատ տները, նախնիների գերեզմանները։

«Ես ոչ մի տեղ չեմ գնա, քանի որ ոչ մի վատ բան չեմ արել։ Մենք ապրում ենք Խորհրդային Միությունում եւ մեր կառավարությունը երբեք նման բան թույլ չի տա»,- ասում է Ստեփանի հայրը, երբ կոտորածներն Ադրբեջանում դեռ նոր էին սկսվում։ Սակայն, նրան գազանաբար սպանում են հենց աշխատանքի ժամանակ։ Իր որդուն, որը ծնվել է Ամերիկայում, Սթիվը Բաղմանը տվել է Սամսոն անունն ի պատիվ՝ զոհված հոր։ Նրանք թողել են ամեն բան, նույնիսկ սիրելի կիթառն ու ընտանեկան ֆոտոալբոմը։ Բարեկամ ադրբեջանցիները օգնում են Ստեփանին, նրա մորը եւ եղբորը հասնել մինչեւ օդանավակայան։

Տարիներ անց, ընտանիքը հայտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ Ստեփանը դառնում է Սթիվ, փոխում բազմաթիվ մասնագիտություններ եւ մի գեղեցիկ օր, ավարտելով հատուկ դասընթացը, դառնում է դաշնամուրների վերանորոգող եւ լարող։ Լոսում՝ այդպես են հայերն անվանում «հրեշտակների քաղաքը», Բաղմանյանը սկսում է նորոգել այնպիսի հայտնի եւ աշխարհահռչակ արտադրողների ստեղնավոր երաժշտական գործիքներ, ինչպիսիք են՝ Yamaha-ն, Baldwin-ը, Steinway-ը։ Ամեն բան իր տեղն է ընկնում այդ ահռելի մեգապոլիսում։ Ամեն բան «ՕԿ» է դառնում։

Դեռեւս Բաքվում, երբ երիտասարդ էր, շատ էր սիրում երաժշտություն։ Իսկ հետո՝ կոտորածից ու գաղթից հետո, Ստեփանի մոտ երաժշտության հանդեպ հետաքրքրությունը կորում է։ Ոչինչ այլեւս չի կարողանում լսել։ «Սակայն կյանքն ինձ նրա մոտ վերադարձրեց։ Տեսնում եք, թե ինչպես է ամեն բան դասավորվում։ Անել այնպես, որ երեխաները առանց երաժշտության, առանց իրենց գործիքների չմնան. դա իրոք հիանալի կոչում է»,- ասում է Սթիվը՝ տխուր ժպտալով։

Ստացվում է, որ «Վերջին արհեստանոցը» ներկայացնում է դիտողին երաժշտությունը որպես սթրեսի դեմ հուսալի դեղամիջոց, որը ամոքում է հոգեկան տրավմաները եւ օգնում գոյատեւել։ Թերեւս սա էլ համոզել է ակադեմիկոսներին տալ իրենց ձայնը Բաուերի եւ Պրաուդֆուտի կինոնկարին։

Հիշեցնենք, որ բացի նախկին բաքվեցի Բաղմանյանից, այդ օսկարակիր կարճամետրաժ կինոնկարում, որը բաղկացած է չորս դրվագներից, գլխավոր դերերը մարմնավորել են՝ Դանա Աթկինսոնը, Դուան Մայքլսը եւ Պետի Մորենոն։

Հ․Գ․ Մեկնաբանություններում ես հիշում եմ իմ համադասարանցի ընկերոջը, որի ճակատագիրը շատ նման է կարճամետրաժ կինոնկարի հերոսի ճակատագրին։

Ալեքսանդր Գերոնյան

Թարգմանությունը՝ Արամ Յանինի