Օրերս հայաստանցի հանդիսատեսի լայն շրջանակները հնարավորություն ունեցան դիտելու ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» (Aurora’s Sunrise) անիմացիոն-վավերագրական ֆիլմը` 2022-ին Հայաստանից  «Օսկարի» ներկայացված աշխատանքը։ Մի ֆիլմ (այդ բառի շատ տարբերվող իմաստով), որ մինչ այս ցուցադրվել է տասնյակ փառատոներում ու նաև տպավորիչ քանակի էլ մրցանակների արժանացել։ Վերջինը` Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոն և ֆորումում (FIFDH)։

Սա վերջին շրջանի կինոաշխատանքների միտումին լրիվ համահունչ է, երբ հայկական (տվյալ դեպքում` հայ-գերմանա-լիտվական) համատեղ արտադրությունը հայաստանցի հանդիսատեսը ամենավերջինն է տեսնում (եթե, իհարկե, տեսնում է), քանի որ ֆիլմ ստեղծողները ստիպված են իրենց աշխատանքները նախ ներկայացնել արտասահմանցի հանդիսատեսի ու քննադատների դատին` հիմնականում հեղինակավոր փառատոների ձևաչափում։ Ու անգամ եթե ֆիլմը հաջողություն է ունենում, ապա դա ամենևին չի նշանակում որ հայաստանցի հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա կիսել այդ հաջողությունը։ Ուրախալի է, որ «Ավրորան» այդ առումով հաճելի բացառություն է։ Եվ ոչ միայն այդ առումով։ Ի դեպ, փոքր-ինչ առաջ ընկնելով` Հայոց ցեղասպանության թեմայով ուրույն այս աշխատանքը 2024-ի ապրիլին կցուցադրվի նաև հայկական հեռուստատեսությամբ։

Տողերիս հեղինակը բոլոր շանսերն ուներ չտեսնելու այս աշխատանքը, քանի որ`

-թվում է` Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հոլիվուդյան սենսացիա Ավրորայի՝ Արշալույս Մարդիգանյանի-Մարտիկանյանի, պատմությանը առավել քան ծանոթ էի (ու նոր՝հետաքրքիր որևէ բան ակնկալելու պատճառ չունեի)․

-մտածում ես` դե ի՞նչ պիտի լինի հայկական անիմացիան ու ոնց պիտի էլի անիմացիայով անդրադառնան այդքան նուրբ ու կարևոր մի թեմայի,

-և ի վերջո` դրա շանսերը շատ քիչ էին, անգամ երբ վերջապես ֆիլմը ցուցադրում են նաև Հայաստանում («Ոսկե ծիրանից» կամ այլ սահմանափակ հարթակներից դուրս), ստեղծվեց մի իրավիճակ, երբ տեղում հայտնի դարձավ, որ ցուցադրությանը ներկա են լինելու «անվանի մտավորականներ», որոնք հայտնի են իրենց մեղմ ասած կրավորական պահվածքով մեր երկրի համար դժվարին այս օրերին և դրանց հետ անգամ տարածք կիսելը անջնջելի խայտառակություն կլիներ ցանկացած գիտակից մարդու համար։ Այս ֆոնին ոչինչ չէր մնում, քան պարզապես լքել ցուցադրության վայրը, բայց պարզվեց որ այդ «մտավորականները» չեն գալու և հանգիստ կարելի էր վայելել «Ավրորան»)։

Վայելել`  շատ մանրակրկիտ ու ճաշակով արված աշխատանք։ Ի վերջո ֆիլմի վրա հեղինակները (որոնց բոլորի թվում 6 րոպե տևողությամբ տիտրեր են) աշխատել են 10 տարի։ Նկարահանման եզրափակիչ մասը համընկել է 44-օրյայի շրջանին և հետնոյեմբերյոթյան մղձավանջին։ Ի դեպ, 44-օրյայում զոհվել է նաև նկարահանող խմբի անդամներից մեկը, իսկ մյուսները պարզապես հոգեպես ի վիճակի չեն եղել ավարտին հասցնել գործը (և այստեղ օգնության են հասել եվրոպացի գործընկերները` ցուցաբերելով ամենայն ըմբռնում և աջակցություն

Վայելելուց բացի «Ավրորան», անպայմանորեն, նաև հուզեց։ Ոչ այն իմաստով, ինչ նկատի է ունենում ռաբիս հանդիսատեսը` օրինակ ասելով. «Նենց լավ կինո էր՝ էնքան եմ լացել»… (սա մի տեսակ շատ տխուր չափանիշ է դարձել մեր իրականության մեջ

Արշալույս-Ավրորա Մարդիգանյանի պատմությունը իսկապես չի կարող չդիպչել, չհուզել, նախ՝ որ ինքնին բացառիկ պատմություն է,և հեղինակներն էլ կարողացել էին բացառիկ պատմությունը ըստ արժանվույն ներկայացնել։ Ավելին,անիմացիայից պատումը ոչ մի գրամ չէր տուժել (ինչի մտավախությունն ի սկզբանե ունեի), դեռ` ընդհակառակը։ Դա թույլ էր տվել շատ նրբանկատորեն ներկայացնել ասենք Ցեղասպանության շրջանում հայ կանանց կրած սեռական բռնությունների թեման։ Առհասարակ աշխատանքը արված է ամերիկյան-արևմտյան storytelling-ի լավագույն ավանդույթներով. տեսապատումը սահուն է, մի շնչով նայվող, շահարկված են մեծ անուններ (Անդրանիկից մինչև Չառլի Չապլին ու Ռոքֆելլեր, որ այս կամ այն կերպ ազդել են Արշալույս-Ավրորայի ճակատագրի վրա), ինքնին շատ ծանր պատմությունը ներկայացված է արևմտյան թեթևությամբ, բայց ոչ ի վնաս մնաացած այլ կողմերի, անգամ happy end-ի մասին են հոգ տարել։

Այսուհանդերձ հեղինակները կարողացել են նաև ազնիվ աշխատանք անել։ Այն աստիճանի, որ ցուցադրվում է, թե ինչպես են Արշալույս-Ավրորային ժամանակին ոչ պակաս շահագործել նաև ամերիկացիները` նրան ըստ էության դարձնելով կոտորվող արևմտահայերի համար միլիոնավոր դոլարների հավաքագրման «մեքենայի» (այս առումով Ավրորայի դերը դժվար է թերագնահատել), ապա «դեն նետել» նրան, երբ աղջկա հոգեկան ու ֆիզիկական առողջությունն արդեն տեղի էր տվել։

Ժամանակակից զուգահեռով` Ավրորան հիշեցնում է  Հյուսիսային Կորեայից կամ իսլամիստների գերությունից փախած հայտնի հերոսուհիներին, ովքեր տարիներով արևմտյան հարթակներում խոսում են` ներկայացնելով իրենց ու իրենց համայնքների ողբերգությունները։

Այս կինոդիտման կարևոր առանձնահատկությունն էր նաև ռեժիսորի հետ հարցուպատասխանի հնարավորությունը ֆիլմի ավարտին` և ոչ միայն հեղինակի իր գործին տեր լինելու առումով, այլև` կարևոր պարզաբանումների։ Օրինակ՝ ֆիլմում առնվազն, 3 դրվագում հայերեն տարբերակում հնչում է «ցեղասպանություն» բառը, իսկ նույնի համար անգլերեն ենթագրերում գործածվում  «exile» («աքսոր») եզրույթը։ Թվում է` սա միտումնավոր մեղմասացություն է, ինչը ամենևին ֆիլմի օգտին չէ։ Սակայն հեղինակը պարզաբանեց, որ ընդամենը կիրառվել է այն բառապաշարը, որը Ավրորայի ողբերգության շրջանում (1915-1920-ականներ) գոյություն է ունեցել` ցանկանալով անգամ այդ կերպ հնարավորինս հավատարիմ մնալ սկզբնաղբյուրներին։

Ռեժիսոր՝ Իննա Սահակյանը

Ընդհանուր առմամբ` այս աշխատանքի հեղինակները շատ պատվով են կատարել իրենք իրենց առաջ դրված այդ դժվարին առաջադրանքը։ Ամբողջ պատումը կառուցված է արդեն տարեց Արշալույս Մարտիկանյանի 3 հարցազրույցները և Ավրորայի պատմությունը 105 տարի առաջ Հոլիվուդին ու աշխարհին բառացիորեն ցույց տված «Հոշոտված Հայաստան- Հոգիների աճուրդ» (Ravished Armenia / Auction of Souls) ֆիլմից փրկված 18 րոպեները ի մի բերելով։ Եվ դա արված է մեծ վարպետությամբ` իրարից տասնամյակների տարբերությամբ այդ վավերագրումները շատ կուռ են փոխկապակցվել (բրավո սցենարիստին), շատ եհտաքրքիր կերպով լրացնում են միմյանց, պատումի էստաֆետը փոխանցելով իրական Արշալույսից՝ 1919-ի «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմի հերոսուհի Ավրորային, նրանից էլ` իր անիմացիոն «ռեինկարնացիային»։ Եվ այդպես բազմաթիվ անգամներ ու խառը հերթականությամբ։ Իսկ այս ամենը «շաղախված է» ճաշակով ու որակյալ անիմացիայով։ Ֆանտաստիկ են անգամ դետալները (հոգուստի, ինտերիերների, միջավայրերի), որ որսացել են ֆիլմը ստեղծողները և արտացոլել անգամ այնտեղ, որտեղ դա առաջին հայացքից վճռորոշ նշանակություն չունի.այդ շարքից է օրինակ անիմացված Ավրորայի մազերի չքնաղ ժապավենը, որ կարծես առկա է 1919-ի ֆիլմում և անգամ արդեն զառամյալ իրական Արշալույսի գլխին` իր հարցազրույցներում։

Ի դեպ, ինքը` Ավրորա Մարդիգանյանը, ուշադիր ու բծախնդիր հանդիսատեսին հընթացս նաև մի շարք հետաքրքիր բացահայտումներ է անում (օրինակ, թե ինչպես է ինքը պայքարել հոլիվուդյան ստուդիայի հետ ցեղասպանվող հայերի հագուկապը առավելագույն ճշգրտությամբ ներկայացնելու համար, կամ որ ֆիլմից հայտնի և Հայոց ցեղասպանության համատեքստում օգտագործվող մերկ ու խաչված հայուհիների մղձավանջային պատկերները իր փորձառությանը չեն վերաբերվում՝ հոլիվուդյան կինոգործիչների ֆանտազիայի արգասիք են և այլն)։ Առանձին հիշատակման են արժանի ֆիլմի մոնտաժը, հնչյունավորումը (հենց արևմտահայերենով) և երաժշտությունը։

Ավրորայի իրական «նախատիպը»՝ Անժելիկա Հակոբյանը

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում էր, որ անիմացիոն Արշալույս-Ավրորան իրականում նկարված է իսկական «բնորդից»` ի դեմս դերասանուհի Անժելիկա Հակոբյանի։ Ընդ որում` ոչ միայն պարզապես օգտագործվել է դերասանուհու լուսանկարը, ինչպես կարելի է կարծել, այլ այս աշխատանքով իր դեբյուտը նշանավորած դերասանուհին բոլոր դրվագների համար համապատասխան հույզեր է խաղացել, որոնք միայն հետո վեր են ածվել անիմացիայի։ Մի շատ կարևոր ու դիտարժան անիմացիայի, որն առաջիկայում բազմազանություն կմտցնի Ապրիլ 24-ին ցուցադրվող ու վաղուց գրեթե «չթարմացվող» հեռուստամթերքի շարքում։

Իսկ այս քննախոսականը, հուսամ, փոքր-ինչ ավելի պատրաստված հանդիսատես կապահովի այդ առաջիկա պրեմիերային։ Դժվար է գերագնահատել նաև, թե ինչ` առավել կարևոր ներգործություն կարող է ունենալ այս կամ նմանատիպ աշխատանքները` օրինակ այնպիսի ռեժիսորների վրա, որոնք առաջարկում են  «մոռանալ ցեղասպանությունը»։

Գրախոսությունը՝ Դավիթ Պ. Վարդազարյանի

Հայաստանի Կինոգետների և կինոլրագրողների

ասոցիացիայի անդամ