Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ցանկանում է Հայաստանում տեսնել կինոյի «նոր ալիք» ու նոր կինոգործիչների: Նա նաև հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպություններն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանին ու նոր նախագծեր կյանքի կկոչեն այնտեղ: Դոհայում՝ Qumra նախաձեռնության շրջանակում վարպետության դասից հետո, Էգոյանը ScreenDaily-ին տված հարցազրույցում նշում է, որ Հայաստանը հարուստ կինոպատմություն ունեցող «տոկուն ու համառ երկիր է»:

«Ինչ-որ պահի կինոգործիչների մի խումբ է ի հայտ գալիս, նրանց հեշտ է դասակարգել ըստ ալիքների կամ դպրոցների: Հուսով եմ, Հայաստանում էլ դա տեղի կունենա», – նշել է Էգոյանը։ «Ես իսկապես ուզում եմ խրախուսել բոլոր նրանց, ովքեր հետարտադրական փուլում են, դիտարկել Հայաստանում աշխատելու հեռանկարը: Երևանը մրցունակ շուկա ունի ու բարձր որակ կարող է ապահովել», – ասում է Էգոյանը:

Որպես օրինակ ռեժիսորը հիշատակել է Մայքլ Գուրջյանի «Ամերիկացին»՝ հայկական առաջին ֆիլմը, որն ընդգրկվել էր «Օսկար- 2024» մրցանակաբաշխության կարճ ցուցակի երկրորդ փուլ:

Էգոյանը նշել է , որ այս տարվա հուլիսին ներկա է լինելու Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

«Հայաստանում հնարավոր է ֆիլմեր նկարահանել, ես դրական եմ տրամադրված այդ հարցում», – ասել է Էգոյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ Հանրապետությունում «քաղաքական անկայուն իրավիճակ» է ստեղծվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Էգոյանի խոսքով, կարևոր է, որ միջազգային հանրությունը տեղեկացված լինի Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և չմոռանա մեր երկրի մասին նույնիսկ աշխարհի տարբեր անկյուններում ավելի մեծ հակամարտությունների ֆոնին:

«Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են համաշխարհային զարգացումների մասին, ես պատասխանում եմ․ «իսկ գիտե՞ք, որ տասնյակ հազարավոր (150 հազար) հայերի էթնիկ զտման են ենթարկել»: Ոչ ոք չի լսել դրա մասին, իսկ պատմության այդ էջը պակաս դրամատիկ չէ», – ասում է Էգոյանը:

Դոհայում կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը խոսել է նաև արհեստական բանակության մասին. «Չեմ կարծում, թե արհեստական բանականությունը երբևէ կարող է մեծ ազդեցություն ունենալ իմ գործունեության ու ֆիլմերի վրա: Գուցե մի օր փորձեմ՝ զուտ զվարճանալու համար, բայց համոզված եմ՝ այն չի կարող արտացոլել իմ մտքերի ինքնատիպությունը», – համոզմունք է հայտնել Էգոյանը:

Էգոյանի վերջին «Յոթ շղարշ» ֆիլմը ներկայացվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, ինչպես նաև Բեռլինալեում: «Յոթ շղարշ» ֆիլմում Էգոյանը ներկայացնում է օպերայի կուլիսային պատմությունները և երիտասարդ ռեժիսորի (Ամանդա Սեյֆրիդ) կյանքը՝ վերաիմաստավորելով Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերան: Այս ֆիլմը ստեղծելիս նա ոգեշնչվել է կանադական օպերայում ռեժիսորական փորձառությունից։ Screen-ի հետ զրույցում ռեժիսորը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել՝ ինչ նախագծի վրա է աշխատելու առաջիկայում: Դոհայում վարպետության դասի ժամանակ Էգոյանը հայտնել է, որ սիրահարված է Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերային: Կինոռեժիսորը  հույս է հայտնել, որ մի օր մյուզիքլ կնկարի:

«Օպերան ինձ ստիպում է ավելի մոտ լինել աշխարհին», –  ասում է Էգոյանը:

Պատրաստեց Դիանա Գասպարյանը