Տորոնտոյի Սինեմատեկը սույն թվականի փետրվարին իր հարգանքի տուրքն է մատուցում Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին․անցկացվելու է ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ Ծրագրի հատուկ «հյուրն» է Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ» ֆիլմը։  

1976 թվականին հիմնադրված Տորոնտոյի TIFF միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival) համարվում է աշխարհի կարևորագույն փառատոններից մեկը։ Այն անց է կացվում ամեն տարի սեպտեմբեր ամսին, հավաքելով իր շուրջ ավելի քան 700 000 հանդիսատես։ Փառատոնի հիմնադրումից մի քանի տարի անց՝ 1990 թվականին,  ստեղծվում է նաև TIFF Սինեմատեկը՝  նպատակ հետապնդելով փառատոնի օրերից դուրս, շարունակել մնալ քաղաքի բոլոր սինե-միջոցառումների էպիկենտրոնը։ Ֆիլմերի պրեմիերաներ, հազվագյուտ արխիվային նյութերի վերականգնում, քննարկումներ, կոնֆերանսներ, և իհարկե՝ հետահայաց ցուցադրություններ։ Ինչպես նշվում է TIFF Սինեմատեկի պաշտոնական էջում՝ փետրվարյան ծրագիրը նվիրվում է կինոյի պատմության հսկաների ժառանգությանը։ Այդ հսկաների պատվավոր շարքում է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, որի ծննդյան հարյուրամյա տարեդարձը նշվում է աշխարհի չորս անկյուններում։

«Կինոյի տաճարում կան պատկերներ, լույս և իրականություն։ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն էր», – Փարաջանովի մասին Ջան-Լյուկ Գոդարի այս  խոսքերով Դորոթե Լիչը, հետահայաց ցուցադրության համադրողը, հրավիրում է հանդիսատեսին բացահայտելու կամ վերանայելու Սերգեյ Փարաջանովի  մի շարք ֆիլմեր՝ «Աշուղ Ղարիբը» և «Հակոբ Հովնաթանյան», «Մոռացված նախնիների ստվերները», «Կիևի որմնանկարներ», «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով»։ Դե, իսկ փերտրվարի 4-ին կինոսեր հանրությանը սպասվում է Փարաջանով-Փելեշյան ֆիլմերի երկխոսություն՝ «Տարվա եղանակներ» և «Նռան գույնը»։ Արտավազդ Փելեշյանը միակ ռեժիսորն է, որին կազմակերպիչներն ի սկզբանե ծրագրել էին հրավիրել Փարաջանովյան միջոցառմանը։ Այս հատուկ երեկոն կազմակերպվել է Փարիզի Կարտիե հիմնադրամի հետ համագործակցությամբ, որի ջանքերով դեռևս տարիներ առաջ ստեղծվել է Արտավազդ Փելեշյանին նվիրված ամենամեծ և հարուստ առցանց կայքէջ/ արխիվային ցուցահանդեսը։   

Որակելով «Տարվա եղանակները» որպես՝ «Հարուստ և բանաստեղծական էսսե մարդու և բնության հարաբերությունների մասին», TIFF Սինեմատեկը հրավիրում է փետրվարի չորսին ներկա գտնվել Փարաջանով-Փելեշյան սինե-զրույցին, հիշեցնելով՝ որ Արտավազդ Փելեշյանն այն ռեժիսորն է, որին Սերգեյ Փարաջանովն անվանում էր «կինոաշխարհի մի քանի իրական (authentic) հանճարներից մեկը»։

Լիլիթ Սոխակյան 

Փարիզ-Տորոնտո, 2024թ․