1925 թ․ գարունը Երևանում շատ կարճատև էր: Սակայն արվեստի աշխատողների համար այդ գարունը շատ հուզիչ էր և անմոռաց: Պետական թատրոնի դերասանները և ինտելիգենցիայի այլ ներկայացուցիչներ հավաքվել էին կայարանում և անհամբեր սպասում էին գնացքի ժամանելուն: Վերջապես կառամատույքում դանդաղորեն կանգ առավ վագոնների շարանը: Ներկաներն արագ մոտեցան այն վագոնին, որի դռան մեջ երևաց պարթև հասակով, ուրախության արցունքներն աչքերում Հովհաննես Աբելյանը:

Երկար բացակայությունից հետո, նա նորից վերադառնում էր իր հայրենիքը՝ ծանր տարիներ արտասահմանում դեգերելուց հետո: Նա գրկախառնվում է իր վաղեմի խաղընկերների՝ Արուս Ոսկանյանի, Հասմիկի, Միքայել Մանվելյանի, Օնիկ Ստեփանյանի և ուրիշների հետ: Ուրախության արցունքներ, ողջագուրանքներ․․․ Հայ բեմի աննկուն կաղնի Աբելյանին կայարանում բարի գալուստ է մաղթում Սովետական Հայաստանի կառավարության ներկայացուցիչ՝ ժողկոմխորհի քարտուղար Գագիկ Պարզյանը: Բոլորը կարքերով շարժվում են դեպի Պետական թատրոնի շենքը: Այստեղ արդեն հավաքվել են թատրոնի ողջ կոլեկտիվը և Երևանի հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ: Աբելյանի երևալը բեմի վրա ներկաները դիմավորում են որոտընդոստ ծափահարություններով: Ողջույնի և բարի գալուստի սրտաբուխ խոսքերին պատասխանում է հուզված մեծ արտիստը: Նա ասում է․«Ես նորից իմ հայրենիքում եմ, իմ ժողովրդի հետ: Ես զգում եմ ինձ կապված ձեզ հետ ամուր և անքակտելի շղթայով, բայց այդ շղթայի օղակները ոսկուց են և թանկ են ինձ համար: Իմ ուժերի ներածին չափ ես կաշխատեմ օգտակար լինել մեր նոր, խորհրդային հայ թատրոնի բարգավաճման և հարատև ծաղկման գործին․․․»։ Եվ դեռ երկար հնչում են ծափահարություններն ու ուրախության բացականչությունները․․․

․․․Եկան և օգոստոսյան շոգերը: Օրը երեկոյանում է: Սպանդարյան և Տերյան փողոցների անկյունների միահարկանի շենքերից մեկի առաջ խռնված են դերասաններ, սիրողներ, պատանիներ և դեռատի աղջիկներ, հասակավոր մարդիկ, ծերունիներ: Տիրում է աշխույժ խոսակցություն, բոլորը սպասում են, որ նորաստեղծ «Պետլուսկինոյի» գրասենյակի դռները բացվեն և իրենց ներս հրավիրեն․ այնտեղ պիտի պարզվի, թե ով նրանցից կարժանանա մասնակցելու հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի՝ «Նամուսի» նկարահանումներին:

Փողոցի ծայրին երևում է բոլորի համար ցանկալի և սիրելի Հովհաննես Աբելյանը: Ծանրաքայլ առաջ է շարժվում մշտադալար կաղնին՝ կարմիր մեխակը մերակին, երջանիկ, ժպտերես: Բարձրաձայն և զվարթ բարևում է իր խաղընկերներին, որոնք շրջապատում են նրան և հայտնում իրենց տարակուսանքը դերաբաշխման նկատմամբ:

-Ես կխոսեմ ձեր մասին, դա իհարկե ռեժիսորից է կախված, բայց ես կմիջնորդեմ, որ մեր անդրանիկ ֆիլմում զբաղվեն հայոց թատրոնի լավագույն ուժերը,-ասում է նա ու մտնում  գրասենյակ:

Այստեղ սեղանի առաջ նստած են «Պետլուսկինոյի» գեղարվեստական խորհրդի նախագահ, լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը, ռեժիսոր Համո Բեկնազարյանը և հայկական կինեմատոգրաֆիայի ղեկավար աշխատողները: Սրտակից զրույց է սկսվում, որի հիմնական նյութը վերաբերում է իրեն՝ Աբելյանին:

-«Երկար թափառեցի իմ հայրենիքից դուրս – ասում է Աբելյանը: – Իմ ժողովրդի կարոտը միշտ էլ կրծել է իմ հոգին և ես ձգտել եմ վերադառնալ հայրենիք: Արտասահմանում այնքան էլ չի գնահատվում իսկական դրամատիկ արվեստը: Իմ Օթելլոյին, Կորրադոյին, Էլիզբարյանին կամ Բարխուդարյանին դիտելու համար ավելի քիչ հասարակություն էր հավաքվում, քան Ղազոյի «Արշին մալ ալան»-ին: Այսօր ես երջանիկ եմ, որ նորից իմ հայրենիքում եմ, որտեղ մեր արվեստը արժանացել է ամենաբարձր գնահատության»:

Ա․Մռավյանը հայտնում է իր գոհունակությունը, որ մեր աշխատավորները հնարավորություն կունենան նորից հափշտակվելու հայ մեծ դերասանի վարպետական խաղով: Իսկ Հ․Բեկնազարյանը ասում է, որ ինքը տեսել է Աբելյանի Բարխուդարին բեմի վրա և առանց որևէ «փորձարկման» կուզենար տեսնել նրան «Նամուս» ֆիլմում:

Ապա Աբելյանը կատարում է իր խոստումը դրսում սպասող դերասաններին՝ միջնորդելու նրանց մասին:

․․․Եվ ահա առաջին անգամ կադրերի նկարահանումը: Հին Երևանի «Ֆանտազիա» բաղնիքի դռանը մեծ բազմություն է խռնվել: «Կինո են նկարում․․․ «Նամուս» են հանում․․․ Աբելյանն է նկարվում»,- լսվում է այս ու այն կողմից:

Ահա և ինքը Աբելյանը: Նա կանգնած է ապարատի առաջ շամախեցի դերձակ Բարխուդարի զգեստով, բարձրադիր մորթե գլխարկով, սրածայր հողաթափերով, սարսափի արտահայտությունը փարթամ ընչացքներով դեմքին, սաստիկ հուզված: Ռեժիսորի ազդանշանով, նա արագ մոտենում է բաղնիսի դռանը և երբ բաղնիսից ճիչ ու աղաղակով դուրս են թափվում սարսափահար կիսամերկ կանայք, Բարխուդարը առաջ է շարժվում: Նա որոնում է կնոջն ու փոքրիկ Սուսանին, մոտենում է մերթ սրան, մերթ նրան, սակայն ապարդյուն, նա չի գտնում իր հարազատներին ու հուսահատ քայլերն ուղղում այլ կողմ՝ շարունակելով իր որոնումները․․․ Հաջորդ օրը արդեն Շիլալիում նկարահանվող Շեմախի երկրաշարժի տեսարանում մենք նորից տեսնում ենք Բարխուդար- Աբելյանին իր կնոջ՝ Գյուլնազ- Մայսուրյանի հետ: Նրանք են մոտենում և Սեյրանի ծնողները՝ Հայրապետ-Ավետիսյանը և Մարիամ-Հասմիկ Հակոբյանը և բոլորը միասին գտնում են գետին տապալված մի դռնակի տակ կուլ եկած փոքրիկ Սուսանին և Սեյրանին՝  գրկելով նրանց դուրս են բերում փոշու և ավերակների միջից:

Երեկոյան Աբելյանը կառքով հյուրանոց էր վերադառնում Հ․ Բեկնազարյանի հետ: Դիմելով ռեժիսորին նա ասում է «Էհ, Համո ջան, այս էլ եղավ, այսօր իմ դերասանական կյանքի նոր էջն է բացվում, այսօր ես հանդես եկա ինձ համար անծանոթ նոր արվեստի բնագավառում: Ես շատ էի հուզված: Դու մի մոռանա, որ բեմում մենք՝ դերասաններս, աստիճանաբար ենք մտնում դերի մեջ, իսկ դու ինձանից պահանջում ես միանգամից տալ Բարխուդարի հուզմունքն ու սարսափը՝ իր մինուճար աղջկա բախտի համար: Մենք դրան սովոր չենք: Դա մեզ համար դժվար է»: Ռեժիսորը հանգստացնում է նրան՝ հավաստիացնելով, որ նկարահանումը հաջող է:

․․․Աբելյանը մեկնում է Թիֆլիս՝ մասնակցելու պավիլյոնային նկարահանումներին այդ («Հայկինոն» դեռևս չուներ իր ատելյեն): Վրաստանի «Գոսկինոպրոմի » տերիտորիայում, Քուռ գետի ափին տեղի է ունենում այն տեսարանի նկարահանումը, երբ Բարխուդարը տեսնելով Սեյրանի ու Սուսանի համբուրվելը պետք է ապտակի աղջկան: Նկարահանումը երկար է տևում: Ընդմիջումներին Աբելյանը պատմում է արտասահմանում թատերական արվեստի դրության մասին: Նա հորդորում է այն ժամանակ դեռևս երիտասարդ դերասաններ Հրաչյա Ներսիսյանին,Ավետ Ավետիսյանին, Համբարձում Խաչանյանին, Մկրտիչ Գարագաշին, Սամվել Մկրտչյանին և ուրիշներին սիրել արվեստը ամբողջ էությամբ նվիրվել թատրոնին՝ «պաշտել այն որպես սրբության սրբոց»:

Հովհաննես Աբելյան-Բարխուդար Նամուսում

Փորձերի ժամանակ Հ․ Բեկնազարյանը զգուշացնում է Աբելյանին, որ կինոյում ամեն ինչ բնական պետք է լինի․ եթե հարկավոր է լավ լինել, ապա արտասուք պիտի երևա, թեկուզ դրա համար անհրաժեշտ լինի դիմել սոխի օգնությանը, իսկ եթե մեկին պիտի խփել, ապա այդ պիտի անել բնական կերպով: Աբելյանը «հաշվի է առնում» ռեժիսորի այդ ցուցմունքը, և երբ պատշգամբ դուրս գալով նկատում է Սեյրանին և Սուսանին համբուրվելիս, նա մի այնպիսի թափով է ապտակում Սուսանին, որ անհրաժեշտություն է զգացվում բուժօգնություն ցույց տալու «տուժածին»: Թեպետ նկարահանումը շատ «բնական» էր, բայց դրանից հետո դերակատար Մարիա Շահուբաթյանը մի քանի օր ստիպված եղավ մնալ տանը: Հ․ Աբելյանը շատ էր մտատանջվում Շահուբաթյանի վիճակով և ամեն օր ծաղկեփունջն ու քաղցրավենիքի տուփը ձեռքին այցելում էր նրան ու հանցավորի պես ասում․ «Մեղավորը մեր Համոն է, նա էր պահանջում, որ բնական լինի, դե ես էլ ոգևորվեցի: Դու ինձ ների, սիրելի Մանյա, համ էլ, աղջիկս, հաշվի առ, որ դու առաջին անգամ ես ոտք դնում դերասանական արվեստի բնագավառը: Թող իմ այդ ապտակը լինի իմ օրհնությունը քեզ, ինչպես այդ անում էին առաջ մեր համքարություններում, երբ «ուստի» ապտակով աշակերտին «վարպետի» կոչում էին տալիս»: Այսպես կատակում ու մխիթարում էր վարպետը սկսնակ դերասանուհուն:

«Խոսք կապի» տեսարանից հետո Աբելյանը կադր կադրի ետևից կերտում էր բեմում իր իսկ  ստեղծած կերպարի կինոյի տարբերակը՝ միս ու մարմին տալով նրան:

Հաջողությամբ անցկացրեց Աբելյանը իր դերի հետ կապված ֆիլմի մնացած դրվագները՝  Հ․Խաչանյանի, Ն․Մանուչարյանի, Ա․Ավետիսյանի և մյուս դերակատարների հետ մինչև ֆիլմի ֆինալային տեսարանը: Սուսանի և Սեյրանի դիակների շուրջը խմբված ու ողբացող Բարխուդարն ու Գյուլնազը, Հայրապետն ու Մարիամը, Ռուստամն ու Սմբատը թողնում են ցնցող տպավորություն․ դա կարծես «Նամուսի» ադաթին նվիրված ներդաշնակ մի ռեքվիեմ էր, որտեղ առաջին ջութակը մեծատաղանդ Հովհաննես Աբելյանն էր:

«Նամուսի» նկարահանումներն արդեն ավարտված էին, երբ Ալ․Շիրվանզադեն վերադարձավ արտասահմանից: Թբիլիսիում նրան ցույց տրվեց պատրաստի ֆիլմը: Նա գոհ մնաց և իր գնահատությունը հայտնեց գրավոր, որտեղ առանձնապես շեշտել էր Աբելյանի Բարխուդարը և Հրաչյա Ներսիսյանի՝ Ռուստամը: Այդ պահին  ստուդիայում էր գտնվում նաև Աբելյանը: Հ․Բեկնազարյանի խնդրանքով նկարահանվեցին կինոժապավենի վրա հայ դրամատուրգիայի ցայտուն կերպարներ կերտող երկու կարկառուն դեմքեր՝ Շիրվանզադեն և Աբելյանը: Այդ կադրը երկար ժամանակ ցուցադրվում էր էկրանի վրա որպես «Նամուս» ֆիլմի սկզբնանկար:

… Անցան տարիներ: Հովհաննես Աբելյանին Հայաստանի Կենտգործկոմը պարգևատրեց Աշխատանքի շքանշանով: Այդ հանդեսին որ կայացավ Պետական թատրոնում ինձ վիճակվեց բախտը ամրացնելու հայ բեմի մեծ վարպետի կրծքին այդ շքանշանը: Իր շնորհակալական խոսքում Աբելյանը ասաց․ «Անչափ գոհ եմ, որ երկար ընդմիջումից հետո ես նորից ծառայում եմ իմ ժողովրդին մայր հայրենիքի բեմի վրա: Մինչև վերջին շունչս ես կաշխատեմ արդարացնել այս բարձր պարգևը»: Եվ իրոք, նա շատ անգամներ հանդես եկավ Երևանի, Լենինականի, Կիրովականի, Թբիլիսիի և Բաքվի բեմերում, ամենուրեք գեղարվեստական բարձր հաճույք պատճառելով այդ քաղաքների աշխատավորներին և միշտ մնալով իր ստեղծած ուրույն արվեստի բարձունքներում:

…1935 թ․ պարտիան և կառավարությունը Երևանում նշեցին հայ բեմի մի այլ ակնառու գործչի, անզուգական Հասմիկի բեմական գործունեության 30-ամյակը: Հայկինոն հենց հոբելյանական հանդեսում ցուցադրեց Հասմիկին նվիրված «Հասմիկ» կինոակնարկը, որը ջերմորեն ընդունվեց մեր հասարակայնության կողմից: Մի քանի օրից հետո հանդիպելով ինձ փողոցում, Աբելյանը հայտնեց իր գոհունակությունը այդ ֆիլմից և միաժամանակ ասաց․ «Շատ լավ եք արել, որ Հասմիկի մասին նկար եք հանել․ լավ կլինի, որ այդպիսի ֆիլմեր հանեք մեր այլ աչքի ընկնող արտիստների մասին»: Ես հայտնեցի Աբելյանին, որ Հայկինոն պլանավորել է նման ֆիլմեր հանել նաև իր մասին, ինչպես Վահրամ Փափազյանի և Արուս Ոսկանյանի մասին: «Այդ լավ է, բայց տես, չուշանաս հա՜», – ու ժպտադեմ դանդաղորեն հեռացավ:

Չանցավ մեկ շաբաթ, երբ հայտնի դարձավ Աբելյանի անկողին ընկնելը: Շտապեցինք նրա բնակարանը: Նա մեզ դիմավորեց դարձյալ ժպտալով և ապա ավելացրեց․ «Որ ասում էի կուշանաս․․․»։  «Ի՞նչ եք ասում, Հովհաննես Արտեմիչ, մենք դեռ կնկարենք ակնարկ ձեր մասին, դուք դեռ պետք է մասնակցեք մեր նոր ֆիլմերում, և մենք կթողնենք սերունդների համար ձեր վարպետության առանձին դրվագները բեմի վրա», – շտապեցի հանգստացնել տիտան-վարպետին: Նա լոկ ժպտաց՝ դառնորեն․․․

Եվ ի մեծ դժբախտություն հայ արվեստի, Աբելյանի մասին հանված նկարը․․․ լոկ նրա վերջին հուղարկավորության պատկերահանում էր հայկական կինո-խրոնիկայի հերթական ժուռնալում: Հ․Աբելյանը մի դեր միայն խաղաց հայկական կինոարվեստում, բայց և այնպես նրա կերտած Բարխուդարը իր արժանի տեղը գրավեց հայ կինոկերպարների պատկերասրահում:

Դանիել Դզնունի