Բեկնազարյանի վրացական շրջանը-4

Քալանթարի հանգամանալից համեմատական ուսումնասիրությունը հիշատակելուց հետո, արդ ներկայացնենք ֆիլմի վերաբերյալ մեր դիտարկումները: Ի դեպ, կինոժապավենի լուսագրերում «Նաթելա» վերտառության տակ գրված է նաև` «Ութու Միկավա», իսկ վերջինս գլխավոր հերոսուհու եղբայրն է, ինչպես վերը նշել էինք: Եվ ֆիլմի վերջում հենց նա է դառնում ժողովրդական ապստամբության առաջնորդ: Հիշեցնենք, որ Բեկնազարյանի առաջին ֆիլմը ևս կարծես երկու վերնագիր ուներ. «Հայրասպանը. Անարգանքի սյան մոտ»:

«Նաթելայ»-ում առկա են թե՛ «արևելյան էկզոտիկայի» ոգով նկարված, թե՛ ռեալիստական լեզվով վերարտադրված, իրական կյանքին հավատարիմ տեսարաններ: Համեմատելով` կարող ենք ասել, որ թեև ռեժիսորի առաջին ֆիլմում նույնպես դրանք առկա էին, սակայն այստեղ հավաստիությամբ աչքի ընկնող տեսարանները գերակշռող են: Ճիշտ է, հատկապես, արևելյան շուկայի և հարեմի դրվագներում Բեկնազարյանն իրոք տուրք է մատուցել այն շրջանում ավանդական դարձած դեկորատիվ «օրիենտալիզմին», բայց շատ այլ դրվագներում ցուցաբերել է բեմադրական ապշեցուցիչ ճշտություն: Եվ անհամատեղելիի այս զարմանալի համադրումը հետագայում արմատացավ նրա ոճի մեջ` դառնալով բեկնազարյանական ռեալիզմի հեղինակային տարբերանշան և ռեժիսորական ինքնատիպ ձեռագրի հիմնական առանձնահատկություն:

Բեկնազարյանի վրացական շրջանը

Անհամատեղելի տարրերի կամ ոճերի ներդաշնակ համադրումը, «գոյակցությունը» արտահայտված է նաև ողբերգական այս պատմության մեջ կատակերգական մի կերպարի ներգրավմամբ: Խոսքը դարբին Միկավայի օգնական Խիթիի մասին է, որի կերպարն ստեղծել է վրացական թատրոնի դերասան Ալեքսանդր Ժորժոլիանին: Երկու ընկերների` Միկավայի և Ջոնդոյի միօրինակ աշխատանքի մեջ էկրանին իր կոմիզմով աշխուժություն և զավեշտ է մտցնում անփույթ ու վախկոտ, բայց միևնույն ժամանակ, բարեսիրտ ու նվիրված Խիթին: Իբրև հայեցող` նա գլխավոր հերոսների և՛ երջանիկ օրերի, և՛ նրանց գլխին թափվող դժբախտությունների մշտական վկան է:

Փոքր-ինչ առաջ անցնելով` նշենք, որ Բեկնազարյանը նույնատիպ կատակերգական կերպար է ներմուծում և իր առաջին հայկական ֆիլմի` «Նամուսի» մեջ, որը նկարել է «Նաթելան» տակավին չավարտած: Ինչպես հայտնի է, Շիրվանզադեի դրամատիկ գործի մեջ չի եղել, Բեկնազարյանի կողմից է հորինվել զավեշտալի, ծույլ ծառայի` Բադալի կերպարը, որը կատակերգական երանգներ էր մտցնում ողբերգական այդ պատմության մեջ` ինչ-որ տեղ համակշռելով հանդիսատեսի հուզական ապրումները: Եվ դա գերազանցապես հաջողվել է մեր անզուգական կատակերգու Համբարձում Խաչանյանի խաղի շնորհիվ նաև:

Այսպիսով, Բեկնազարյանը բավական վաղ էր յուրացրել, որ մի կողմից` կինոն իրականության լեզվով խոսող արվեստ է, մյուս կողմից` հանդիսանք: Արվեստի և հանդիսանքի համատեղումը նույնպես մտնում էր անհամատեղելիի` բեկնազարյանական համադրումների ստեղծագործական ծրագրի մեջ: Իսկ ֆիլմից` ֆիլմ որոշ կրկնվող թեմաներ, մոտիվներ կամ կերպարներ ու տեսարաններ տեղափոխելը հեղինակային կինոյին բնորոշ հատկանիշներից է արդեն, որ փաստորեն հատուկ է եղել Բեկնազարյանին, թեև այն շրջանում դեռևս հայտնի չէր` ձևակերպված չէր ինքնին այդ հասկացությունը:

Ինչ վերաբերում է զուտ ռեժիսորական լուծումներին, ապա համեմատելով նույն տարիներին աշխարհում նկարված հայտնի մի շարք ֆիլմերի հետ, կարող ենք ասել, որ եթե առաջին ֆիլմում հատկապես բռնությունները պատկերելիս նկատելի էր գույների որոշ խտացում, առկա էին փոքր-ինչ անվարժ տեսարաններ, ապա «Նաթելայում», չնայած ակնհայտ «օրիենտալիզմին» և տարաշխարհիկությանը, միաժամանակ, դրսևորվեցին Բեկնազարյանի բեմադրական այնպիսի կարողություններ, որոնք թույլ են տալիս նրան դասել իր ժամանակի ամենակայացած և հմուտ ռեժիսորների շարքը:

Ֆիլմն սկսվում է ստվերախաղի ազդեցիկ տեսարանով` քարքարոտ, անջրդի վայրում մուրճերը ձեռքին աշխատում են ճորտ գյուղացիները: Այնուհետև ստվերից անցում է կատարվում սուր իրականությանը. նրանց դաժանորեն վերահսկում են իշխանուհու մտրակավոր վերակացուները` շտապեցնելով, որ պալատն օր առաջ կառուցված լինի:

Ֆիլմում հմտորեն են բեմադրված զանգվածային տեսարանները: Տպավորիչ է կաշեի կիրառումը, հատկապես, ծաղկած ծառերի ֆոնին Նատո Վաչնաձե-Նաթելայի գեղեցիկ խոշոր պլանները, որոնք ողողված են ռոմանտիկ լույսով և պոեզիայով: Զուգահեռ մոնտաժն օգտագործված է բացառիկ վարպետությամբ և ռիթմի հիանալի զգացումով: Այսպես, քաջ Միկավային շղթայակապ զնդան տանելու հրաման տված անողոք իշխանուհին` շրջապատված իր նաժիշտներով` զուգվում, զարդարվում է: Դրան զուգահեռ, դեպի Մինգրելիա է սլանում Օմեր փաշայի հեծելազորը: Իսկ պալատում հանդիսավոր ընդունելություն է` խնջույք: Հյուրերը և պալատականները պարում են: Ռիթմիկ, զուգահեռ մոնտաժով հերթագայվում են տարբեր տեղերում ընթացող համաժամանակյա գործողություններ` կովկասյան շարժումներով պարող տղամարդկանց ոտքերը և սրընթաց ձիերի սմբակները: Մեծ վարպետությամբ է ցույց տրված հատկապես զորաշարժը. էկրանային տարածությունն այնպես է կազմակերպված, ասես, բաժանված է ըստ ուժագծերի մի քանի հարկի` մակարդակի: Հակառակորդների շարժումը և բախումները այդ տարբեր մակարդակներում այնպես հմտորեն են ուղղորդված նկարահանման հրապարակում, որ ոչ միայն քաոսի տպավորություն չեն թողնում, այլև ընդհակառակը, կարծես ենթարկվում են ինչ-որ արտասովոր «ռազմական խորեոգրաֆիայի» օրենքների:

Կինոկարիերան որպես դերասան սկսած Բեկնազարյանը տակավին իր առաջին ռեժիսորական աշխատանքում էր դրսևորել դերակատարների ճիշտ ընտրություն անելու և նրանց հետ աշխատելու իր յուրահատուկ կարողությունը: Այս ֆիլմում դա առավել չափով հաստատվեց:

«Նաթելան» գրավում է նաև իր պատկերային լուծումներով: Այստեղ առանձնահատուկ տեղ ունի բնապատկերը, որով կարծես պայմանավորված է լեռնաբնակների պահվածքը: Ինչպես և «Հայրասպանը» ֆիլմում, այստեղ նույնպես նկատելի է Բեկնազարյանի հետաքրքրությունը կենցաղի նկատմամբ:

Կենցաղի կարևորումը և հավաստի ցուցադրումը ֆիլմից ֆիլմ կդառնա բեկնազարյանական ռեալիզմի հեղինակային տարբերանշաններից մեկը:

Եվս մի կարևոր տարբերանշան է առանձնահատուկ ուշադրությունը սովորույթների հանդեպ: Բերենք ֆիլմից մի դրվագ, որը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունից հեռու գտնվող այդ աշխարհում բոլորովին այլ` իռացիոնալ օրենքներ և սովորույթներ են գործում: Երբ Միկավան բռնում է պալատական այն իշխանին, որ սպանել է իր սիրելի աղջկան` Սիդուին, և բարձրացնում է սուրը, որպեսզի վրեժ լուծի, համայնքի տարեցները գլխի և ձեռքերի շարժումով կարգադրում են նրան, որ բաց թողնի դահճին:  Այսպես, «քաղաքակիրթ» աշխարհում ընդունված դատավարության մասին պատկերացում անգամ չունեցող այս միջավայրում որոշումներ կայացնողը, այսպես ասած, ծերերի խորհուրդն է, որին ականջալուր պիտի լինեն ավելի երիտասարդները: Եվ Միկավան ենթարկվում է: Սակայն որոշ ժամանակ անց իշխանը նենգաբար վերադառնում է իր ջոկատով և կոտորում բոլորին… Լեռնոտ այդ խառնվածքներում առաքինությունն ամենքին չէ, որ բնորոշ է:

Կովկասյան բարձր լեռների գրկում ծվարած մարդկանց աշխարհն իր յուրահատուկ վարքուբարքով, դարավոր ավանդույթներով կաշկանդված օրենքներով ժամանակին հետաքրքրել է ռուս և եվրոպացի ճանապարհորդներին ու գրողներին: XIX դարի կեսերին, այսինքն` հենց նույն այն ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում «Նաթելայի» իրադարձությունները, Կովկասում ճամփորդել է Ալեքսանդր Դյուման: Այդ ուղևորության արդյունքն է նրա «Կովկաս» աշխատությունը, որը ռոմանտիկ, բայց ոչ անկողմնակալ ոգեշնչմամբ գրված գեղարվեստական գրականություն լինելու հետ մեկտեղ, դարաշրջանի ուշագրավ փաստաթուղթ է նաև: Այս առումով, կարող ենք ասել, որ Բեկնազարյանի «Նաթելան», չնայած իր ողջ «արևելյան էկզոտիկային», նույնպես ժամանակի փաստաթուղթ է, դարաշրջանի կերպար, քանի որ այստեղ ներկայացվող ռոմանտիկ, տարաշխարհիկ սյուժեում տեղ են գտել նաև ռեալիստական գծեր` կովկասյան կենցաղն ու սովորույթները, լեռնաբնակներին բնորոշ կոշտ վարքագիծն ու կենսադրվածքը, վերջապես, նրանց պատվի առանձնահատուկ զգացումը:

Այս ամենը յուրովի կդրսևորվի ռեժիսորի հետագա գործերում, կախված տվյալ նյութից` համապատասխանելով ֆիլմի որոշակի բովանդակությանը, և կբնորոշվի իբրև Բեկնազարյանի կինեմատոգրաֆիկ ռեալիզմում առկա էթնոգրաֆիզմ, այսինքն` ազգագրական տարր:

Այսպիսով, Բեկնազարյանի բեմադրած առաջին ֆիլմը` «Հայրասպանը», որի հիմքում ընկած էր դասական գրականության պատմողական ազգային նյութը` Ալեքսանդր Ղազբեգիի վեպը, և հատկապես, «Նաթելա» կինոնկարը, որտեղ ավելի խորացված էր կովկասյան կենցաղի և սովորույթների, մարդկային հարաբերությունների, սոցիալ-քաղաքական բախումների պատկերումը, մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն ռեժիսորի ստեղծագործական ինքնատիպ ոճի ձևավորման համար, այլև մեծ ազդեցություն ունեցավ, առհասարակ, վրացական ազգային կինոյի կազմավորման և հետագա ընթացքի վրա:

Հավելենք, որ Համո Բեկնազարյանը մնաց վրացական պետկինոարտադրության առաջին տնօրենը և գեղարվեստական ղեկավարը մինչև 1926 թվականը ներառյալ:

Սիրանույշ  Գալստյան