Բեկնազարյանի վրացական շրջանը-3

Հարկ է նշել, որ Բեկնազարյանի օրոք աշխատած, նրա շնորհիվ կինոյի աշխարհ մուտք գործած վրաց կինոգործիչները ժամանակին երախտագիտությամբ են խոսել մեծ ռեժիսորի մարդկային և պրոֆեսիոնալ որակների և, իհարկե, վրացական ազգային կինեմատոգրաֆի կայացման գործում նրա անուրանալի դերի մասին: Դրա վկայությունն է Համո Բեկնազարյանի մասին ժամանակակիցների հուշերի ժողովածուն[1], որտեղ ներկայացված են նաև Նիկոլայ Սանիշվիլիի, Սեմյոն Դոլիձեի, Գեորգի Մդիվանիի և Վերիկո Անջափարիձեի գնահատանքի խոսքերը:

Այսպես օրինակ` Ն. Սանիշվիլին գրում է, որ ««կինոարտադրության փորձառու կազմակերպիչ» Բեկ-Նազարովի ստեղծագործությունը որոշակի ազդեցություն ունեցավ մի շարք հանրապետությունների ազգային կինոմատոգրաֆիայի զարգացման վրա, … Բեկ-Նազարով ռեժիսորի անմիջական բարերար ազդեցությունն արտահայտվեց շատ կինեմատոգրաֆիստների մասնագիտական զարգացման մեջ, որոշիչ դեր խաղաց նրանց ստեղծագործական ճակատագրում: … Համո Բեկ-Նազարովի թեթև ձեռքով ու բարի երթի խոսքով իմ առջև բացվեց ռեժիսուրայի ուղին»[2]: Արժե նշել նաև «Դարիկո» և այլ ֆիլմերի հեղինակ Սեմյոն Դոլիձեի խոսքը: Ռեժիսորն ընդգծում է. «Բեկ-Նազարովի «դպրոցի» և գործուն օժանդակության շնորհիվ իմ աշխատանքը խրոնիկայում ընթացավ հաջողությամբ…», այնուհետև ավելացնում, որ իր հետագա ֆիլմերի հաջողության համար նույնպես լիովին պարտական է Համո Բեկ-Նազարովին. «Նա էր ժամանակին ինձ սովորեցրել մոնտաժի արվեստը, իմ մեջ արմատավորել ժապավենի հետ ազատ վարվելու հմտությունը»[3]:

Անհրաժեշտ ենք համարում նաև մեջբերել մի հատված վրացի կինոդրամատուրգ Գեորգի Մդիվանիի[4] հուշերից. «1924 թվականին ինձ հետ միասին կինեմատոգրաֆ եկան գրականությամբ զբաղվող երիտասարդներ, որոնք հետագայում դարձան նշանավոր ռեժիսորներ… Եվ բոլորս Բեկ-Նազարովի հետ կապվեցինք ամենասերտ բարեկամությամբ: Այդ մարդը հսկայական ուշադրություն էր նվիրում յուրաքանչյուրիս և աշխատում էր, որ մենք հնարավորին չափ լայնորեն ուսումնասիրենք կինեմատոգրաֆիան: Հետաքրքրվում էր, թե ով կինոյի որ բնագավառում է ցանկանում աշխատել: Ամեն ինչով օգնեց, որ ռեժիսոր դառնան Լեո Էսակիան, Դավիթ Ռոնդելին, իսկույն նկատեց Միխայիլ Կալատոզովի օպերատորական տաղանդը»[5]:

Ինչ վերաբերում է անցյալի գնահատականներին, ապա բավական ուշագրավ են այն կինոգիտական դիտարկումները, որ Բեկնազարյանին նվիրված մենագրության մեջ ներկայացրել է Կարեն Քալանթարը.

«Հետաքրքիր է համեմատել էկրան դուրս գալուն պես ֆիլմին տրված ժամանակակիցների և հետագա տարիներին` կինոպատմաբանների գնահատականները: «Երեկոյան Մոսկվա» թերթում (մարտի 29, 1926) նշվում էր. «Վտանգ կար, որ պատկերելով Արևելքը, կարելի է գլորվել դեպի բուրժուական ֆիլմերի էժանագին էկզոտիկան: Այս վտանգը, չնչին բացառություններով, հաջողությամբ շրջանցված է»: Այնուհետև գրախոսը գտնում է, որ ֆիլմում կան «հոյակապ տեղեր»: Ահա և մեկ այլ քննադատի կարծիք. «Նաթելան» ցույց տվեց իսկական Արևելքը: Ոչ թե սալոնային ռեժիսորի ռոմանտիկ, համեմված արևելք, այլ` իսկական, գունեղ արևելք, բայց առանց փայլազարդերի: … Լավ է, որ գազանաբարո սպանությունների, ֆանտաստիկ հերոսապատումների փոխարեն մարդկային պայքարն է, սխրանքները…»[6]:

Այնուհետև կինոգետը նկատում է.

«Սակայն արդեն «Նամուսի» և «Զարեի» հայտնվելուց հետո, «Նաթելայի», ինչպես նաև Բեկ-Նազարովի նախորդ ֆիլմերի գնահատականը կտրականապես փոխվում է: «… Նյութի մատուցումը բեմականացված օպերայի ձևով,- գրել էին 1927 թվականին,- ճոխ հարեմների, բուտաֆորային օձերի, պարող հարճերի, արյունարբու հետապնդումների, սպանությունների և Նատո Վաչնաձեի շահեկան առաջին պլանների թատերայնությամբ` դրդել էր Բեկ-Նազարովի անունը գրանցել հին կինեմատոգրաֆիայի վետերանների ցուցակի մեջ»[7]: Իսկ Գրիգոր Չախիրյանի վերջին գնահատականներից մեկում ուղիղ հայտարարվում էր, որ այդ ֆիլմում Արևելքը ցույց է տրված «պարզապես աղավաղված… «Նաթելան» իր ոճով հիշեցնում է Կովկասի մասին նախահեղափոխական պսևդոպատմական ֆիլմերը»[8]: Հետաքրքրական է և Բեկ-Նազարովի վերաբերմունքի էվոլյուցիան սեփական ֆիլմի նկատմամբ: «Նաթելայի» վրա աշխատանքն ավարտելուց հետո նա գրել է իր հոդվածներից մեկում, որ ինքն ուզում էր, ի տարբերություն գերմանական փայլփլուն արևելյան բուտաֆորիայի, ցույց տալ իրական Արևելքը` չքավոր, անհրապույր: Տեքստի շարունակությունից կարելի է եզրակացնել, որ այդ խնդիրը նա համարում է կատարված: Բայց քառասուն տարի անց Բեկ-Նազարովը պնդում է հակառակ մի բան. «Ես հայտնվեցի Արևմուտքում այն ժամանակ նորաձև, այնուհետև ԱՄՆ և Գերմանիայից մեզ մոտ եկած այնպիսի պերճաշուք արևելյան ֆիլմերի ազդեցության տակ, ինչպիսիք էին «Շեյխը», «Հնդկական դամբարանը», «Աղջիկը Ստամբուլից»…[9]: Դժվար չէ բացատրել ինքնագնահատականի այս հակասականությունը: Ըստ էության, այն արտահայտում է հենց իր` Բեկ-Նազարովի ստեղծագործության էվոլյուցիան»[10]:

[1] Տե՛ս «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին», «Հայաստան», Եր., 2023: Գիրքը դեռևս 1980-ական թթ. կազմել է ԳԱԹ կինոարվեստի բաժնի հիմնադիր վարիչ Վիլենա Մելիք-Օհանջանյանը, սակայն լույս տեսավ չորս տասնամյակ անց:

[2] «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին», էջ 34-35:

[3] Նշվ. տեղում, էջ 39:

[4]Մասնակցել է «Նամուս»-ի դեկորացիաների պատրաստմանը, նաև նկարահանվել է դպրոցում Սեյրանին ձաղկող աշակերտի էպիզոդիկ դերում:

[5] Նշվ. տեղում, էջ 58-59:

[6] К. Калантар. Амо Бек-Назаров, Ер., 1973, стр. 15

[7] С. Вен. Амо Бек-Назаров. Кинопечать, М. – Л., 1927, стр. 9

[8] Г. Чахирьян. Очерк истории кино Армении, сб. «Кинематография Армении», М., 1962, стр. 14

[9] Режиссеры советского кино. А. Бек-Назаров.

[10] К. Калантар. Амо Бек-Назаров, стр. 15

(շարունակելի)

Սիրանույշ Գալստյան