Ռեժիսորի վրացական շրջանը-2

«Հայրասպանին» հաջորդում է «Կորսված գանձերը» (1924) արկածային դետեկտիվ կինոնկարը, որն ըստ Բեկնազարյանի, պիտի շարունակեր Պերեստիանիի «Կարմիր սատանի ճտերի» հեղափոխական ռոմանտիկայով տոգորված պաթոսը: Ակնհայտ է, որ իբրև փայլուն կինոկազմակերպիչ իրեն դրսևորած Բեկնազարյանը, հիմա արդեն ուժերը ռեժիսուրայում փորձելով, իր նոր ֆիլմով ներքուստ ձգտում էր մրցել գործընկերոջ շլացուցիչ հաջողություն ունեցած ֆիլմի հետ: Հետագայում, հրաժարվելով այդ մրցակցության գաղափարից, իրեն հատուկ անկեղծությամբ նա գրում է.

««Կորսված գանձերն» իհարկե չէին կարող ոտք գցել «Կարմիր սատանի ճտերի» հետ: Բայց ամեն դեպքում, կինոնկարը ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից, նաև մամուլը գնահատեց այն որպես Վրաստանի Պետկինոարդի նոր հաջողություն»[1]:

Ֆիլմը նկարված է ըստ Պյոտր Մորսկոյի համանուն վիպակի: Հեղինակը, ոգևորվելով իր գործի էկրանավորման փաստով, ցանկություն է հայտնում ֆիլմում նավաստու դերը խաղալ, որն իր համար ինքնակենսագրական էր: Գլխավոր հերոսների դերերը Բեկնազարյանն առաջարկում է «Կարմիր սատանի ճտերը» ֆիլմի դերակատարներին` Պավել Եսիկովսկիին և Սոֆյա Ժոզեֆիին, որ կրկեսի արտիստներ էին` ընդունակ գրեթե ամեն տեսակ հնարքների, որոնք անպակաս են արկածային ֆիլմում: Լրտեսուհու դերում բավական համոզիչ խաղով հանդես է գալիս Մարիա Առնազին: Երեք ժամ տևողությամբ ֆիլմը բաղկացած է եղել երեք մասից, սակայն ամբողջությամբ չի պահպանվել: Գործողությունը տեղի է ունենում քաղաքացիական պատերազմի տարիներին: Բանվորը և նրա հարսնացուն պատահաբար լսում են վանականների զրույցը և իմանում, որ հակահեղափոխականները մտադիր են իշխանություններից թաքուն երկրից դուրս տանել ինչ-որ գանձեր, որոնք պահված են մենաստանում: Երիտասարդ զույգն ընկերոջ` նավաստու օգնությամբ, ոչ միայն թեժ պայքարի մեջ է մտնում, ամեն կերպ խափանելով այդ ծրագիրը, այլև կարողանում է գտնել գանձերը և վերադարձնել պետությանը:

Այս ֆիլմի վրա աշխատելիս Բեկնազարյանն առաջին անգամ մարտական զանգվածային տեսարանների բեմադրման խնդրի հետ է առնչվում. թնդանոթներ, արկերի ու հրթիռների պայթյուններ, գործի է դրվում անգամ հրետանին: Եվ այս ամենի արանքում պետք էր կարողանալ հմուտ կառավարել մարդկային խմբերը, որպեսզի էկրանին քաոս կամ անհեթեթություն չստացվի, օրինակ` «սպանված» կարմիր բանակայինները, անշարժ պառկելու փոխարեն, հանկարծ չծիծաղեն` ինչ-որ մեկի անպատեհ կատակը լսելով: Նկարահանումներն անցնում են բավական լարված վիճակում. մարտերի ամենաթեժ պահերին հանկարծ ամպերը ծածկում են արևը, մինչև արևը դուրս է գալիս, թնդանոթն է չգիտես ինչու դադարում կրակել…

Մի օր, մոտ քսան ժամ տևած նկարահանումներից ուժասպառ եղած Բեկնազարյանը խոր քնից արթնանում է համառ մի հեռախոսազանգից և իմանում, որ որդի է ունեցել, սակայն քնաթաթախ լինելով, ի վիճակի չի լինում ընկալել կատարվածը և գիտակցել հայր դառնալու երջանկությունը…

Այնուհետև ֆիլմի ստեղծման հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարվում են և, ինչպես արդեն վերը նշել էինք, այն լավ ընդունելություն է գտնում:

Ականավոր կինոգետ, արվեստագիտության թեկնածու Կարեն Քալանթարը Համո Բեկնազարյանին նվիրված մենագրության մեջ, խոսելով «Կորսված գանձերի» մասին, արել է բավական կարևոր մի դիտարկում.

«Կյանքից հեռու այս ժապավենում մենք անսպասելիորեն բախվում ենք մի նշանակալի երևույթի հետ, որ որոշ չափով կանխորոշում է ռեժիսորի հետագա ֆիլմերը: Խոսքը համարյա «քրոնիկալ» էպիզոդների մասին է (պարկավոր սպեկուլյանտների դրվագը), որտեղ Բեկ-Նազարովը ճշտությամբ վերարտադրել է այն տեսարանները, որ տեսել էր կյանքում (1920 թվականին Մոսկվայից դեպի Կովկաս ուղևորվելիս): Հետագայում «Նամուս» և, հատկապես, «Զարե» ֆիլմում որպես կինոփաստաթուղթ մեկնաբանված գրեթե «անմշակ» կյանքի նյութի ներգրավումը կդառնա ռեժիսորի ստեղծագործական սկզբունքներից մեկը»[2]:

Այս ֆիլմի հայտնվելուց որոշ ժամանակ հետո վարձույթի գրասենյակներն ազգայնացվում են, և ստուդիան դադարում է մասնավորից կախում ունենալ: Արտադրված կինոնկարներն արդեն ուղիղ փոխանցվում էին պետական կինովարձույթ` ստուդիային բերելով որոշ տոկոսներ: Դա թույլ էր տալիս մտածել կինոարտադրությունն ընդլայնելու և նոր, մեծ կինոտաղավար կառուցելու մասին:

Հենց այդ օրերին ստուդիա է գալիս երիտասարդ լրագրող Շ. Շիշմարյովը և առաջարկում վրաց դքսություններից մեկի` Մինգրելիայի անցյալի մասին պատմող սցենարի լիբրետո: Բեկնազարյանն անմիջապես գլխի է ընկնում, որ տարաշխարհիկ, ռոմանտիկ սյուժեով այդ ֆիլմը կարող է մեծ եկամուտ բերել կինոստուդիային: Շիշմարյովի հետ համատեղ, Բեկնազարյանը գրում է իր ապագա ֆիլմի` «Նաթելայի» (1925) սցենարը և շուտով լծվում այն բեմադրելու գործին:

XIX դարի կեսերն են: Սառնասիրտ տիրուհու` Եկատերինա Դադիանիի համար, դաժան վերակացուների հսկողությամբ, առանց շունչ քաշելու իրավունքի, ապարանք են կառուցում ստրկացված գյուղացիները: Դարբնոցում երկու ընկեր` Միկավան (Ակակի Խորավա[3]) և Ջոնդոն (Միխեիլ Ճիաուրելի), ծանր մուրճերով համադաշն ու համերաշխ աշխատում են: Իսկ հարկահավաքները չքավոր, չարքաշ կյանքով ապրող ընտանիքներից խլում, արևելքի շուկաներ ստրկավաճառության են տանում նրանց աղջիկներին: Այդպիսի ճակատագիր է բաժին հասնում և Միկավայի քրոջը` Նաթելային (Նատո Վաչնաձե), որ Ջոնդոյի հարսնացուն է: Գործողությունը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, այնուհետև` Կահիրե: Ուղտերի քարավաններ, հարեմներ, պարուհիներ… Օմեր փաշայի հարեմի մատակարար Դուրսուն Բեյի (այս էպիզոդիկ դերը կատարել է Միքայել Գարագաշը[4]) միջոցով Նաթելան ընկնում է փաշայի ձեռքը` դառնալով նրա հարեմի գլխավոր զարդը և, տրվելով արևելյան շքեղ հրապույրներին, աստիճանաբար հոգու խորքն է քշում կարոտը և ընկնում մոռացության գիրկը: Այդ ընթացքում Նաթելայի ըմբոստ սիրեցյալին` Ջոնդոյին  բանտ են նետում: Շուտով զնդանում է հայտնվում նաև նրա ոչ պակաս ըմբոստ եղբայրը` Միկավան:

Որոշ ժամանակ անց Օմեր փաշան որոշում է նվաճել Մինգրելիան, ասելով Նաթելային, որ նա շուտով կտեսնի իր կարոտած հայրենիքը: Մոտալուտ ասպատակությունների մասին լուրը շտապում են պալատ հասցնել սուրհանդակները: Իշխանուհու նորակառույց ապարանքում սկսված խնջույքն ընդհատվում է. Դադիանին իր պալատականների հետ հեռանում է Մինգրելիայից: Մոռացությունից սթափված Նաթելան, հարեմի իր փոքրիկ սևամորթ ծառայի օգնությամբ, զնդանից ազատում է իր սիրելի Ջոնդոյին: Սիրող սրտերը նորից հանդիպում են: Թվում է, թե երջանիկ ավարտը մոտ է: Իր հերթին, Ջոնդոն շտապում է ստորգետնյա զնդան` ազատելու Միկավային և նրա օգնական Խիթիին: Սակայն բանտարկյալները, ինչ-որ ձայներ լսելով դռան հետևում, կարծում են, թե եկել են իրենց կառափնարան տանելու, և գերադասում են հատակում փորված անցքից նետվել գետը: Այդուհանդերձ, մեծ դժվարությամբ նրանց հաջողվում է դուրս պրծնել արագահոս ջրերից: Միկավայի ուժերը շուտով վերականգնվում են այդ կողմերում ապրող մի սիրունատես գեղջկուհու խնամքի շնորհիվ, որը հետագայում սպանվում է պալատական նենգ իշխանի ձեռքով…

Ընդսմին, Դադիանիի փախուստից հետո, Մինգրելիայում մնացած իշխանական զորախմբի ապօրինություններն ու կամայականությունները լցնում են հալածյալ ժողովրդի համբերության բաժակը` հանգեցնելով զինված ապստամբության, որը ղեկավարում է արժանապատիվ Միկավան: Դրան հաջորդում է դավաճանություն, որի արդյունքում ապստամբները զոհվում են: Վերջում Նաթելան վրեժ է լուծում` կրակելով դավաճանի վրա և, Խիթիի կարեկից ներկայությամբ, ողբում է եղբոր ու սիրեցյալի մահը նրանց դիակների վրա…

Այսպիսի ֆաբուլայով ֆիլմից պետք էր ակնկալել քաղցր-մեղցր «արևելյան» մի կինոնկար, որպիսին և Բեկնազարյանը որակել է այն իր հուշերում` նշելով, որ դա տուրք էր Արևելքի մասին արդեն նկարված ֆիլմերի «օրիենտալիստական էսթետիկային»` դրանց բնորոշ «շարբաթի և ռահաթ-լոխումի» համով[5]: Հավելենք, որ հազվադեպ կարելի է հանդիպել նման ինքնաքննադատական վերաբերմունքի, մանավանդ արվեստագետների շրջանում: Հենվելով հեղինակի կողմից «Նաթելային» տրված այս գնահատականի, ինչպես նաև` պատկառելի կինոգետ Գրիգոր Չախիրյանի խիստ քննադատության վրա[6], տողերիս հեղինակը մեր ազգային կինոյի պատմությանը նվիրված մենագրության մեջ նույնպես ժամանակին նշել է ֆիլմի մելոդրամատիկ տարերքը և այն, որ «Արևելքն այդտեղ ներկայացվել է մակերեսային, դեկորատիվ, այնպես, ինչպես դա արվում էր ամերիկյան, եվրոպական, մասնավորապես, գերմանական համր ֆիլմերում, ինչպես նաև նախահեղափոխական ռուսական կինոարտադրանքում` հրաշքներով լի արևելյան էկզոտիկային հատուկ ատրիբուտներով. հարեմներ, օձերով պարուհիներ, դաշույններ, ստորգետնյա զնդաններ…» («Հայացք մեր կինոյին. Պատմությունը և ներկան», էջ 10):

Այնինչ, ներկայումս արդեն ունենալով ֆիլմը դիտելու հնարավորություն, որքան էլ տարօրինակ հնչի` չենք կարող միանշանակ պնդել վերոհիշյալ կարծիքը:

Բեկնազարյանի «վրացական շրջանի» ֆիլմերը ժամանակին ուղղակի հաղթարշավել են խորհրդային ու ոչ միայն խորհրդային էկրաններով, իսկ ներկայումս հասանելի չեն համացանցում և ոչ էլ հիշատակված են վրացական «Պետկինոարդ» ստուդիայի պատմության վերաբերյալ կայքերում:

—————————————————————————-

[1] А. Бек-Назаров. Записки…, стр. 115

[2] К. Калантар. Амо Бек-Назаров, Ер., 1973, стр. 13

[3] Անվանի վրաց դերասանի առաջին դերն է կինոյում:

[4] Ֆիլմի լուսագրերում նշված է` Կարակաշ:

[5] А. Бек-Назаров. Записки…, стр. 115

[6] Տե՛ս Г. Чахирьян. Очерк истории кино Армении, сб. «Кинематография Армении», М., 1962, стр. 14

(շարունակելի)

Սիրանույշ Գալստյան